Կան տարիներ, որ պարզապես անցնում են, և կան տարիներ, որոնք կատարվում են։ Տարիներ, որոնք չեն սահմանափակվում օրացույցում հոսելով, այլ` գրվում են հավաքական հիշողության մեջ, ինչպես ճիշտ, երկար սպասված մի նախադասություն։ Մեր առջև բացվող տարին իր մեջ կրում է հենց այդ խոստումը։
Այս տարին հարուստ էր։ Հարուստ՝ իմաստով, հարուստ՝ աշխատանքով, հարուստ՝ Բանին հավատարմությամբ։ Այն ականատես եղավ հայ ժամանակակից գրականության մեծագույն գործերից մեկի ծնունդին՝ Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի ֆրանսերեն թարգմանության հրատարակությանը` Ժան-Պիեռ Մահեի բարձրարժեք նախաբանով, և արժանացավ երկու շնորհանդեսների՝ Փարիզում և Մարսելում, այնպիսի պայմաններում, որոնք վայել են մեծ գրական գործերին, այնտեղ, որտեղ գրականությունը վերագտնում է իր իրավունքներն ու իր ուղղահայաց արժանապատվությունը։
Հիրավի, այս գիրքը և, առհասարակ, բոլոր թարգմանական գրքերը պարզապես ընթերցանության առարկա չեն։ Դրանք կամուրջներ են Հայաստանի և սփյուռքի, հիշողության և ապագայի, հայոց լեզվի և աշխարհի միջև։ Ապրել Ֆրանսիայում, խորապես սիրել Հայաստանը և անդադար գործել հայոց լեզվի տարածման ու պահպանման համար նշանակում է ընդունել մի պայքար, որի համար հարկավոր է անսասան ոգի։ Պայքար՝ մոռացության դեմ, հեշտության, լռության դեմ ու անտարբերության։ Դա նշանակում է հավատալ, Հրանտ Մաթևոսյանի հետ միասին, որ «լեզուն հոգու տունն է»։ Այս տարին նաև անտեսանելի սերմերի տարին էր։ Քանի որ ստվերում, հեռու լույսերից ու բեմերից, կանայք ու տղամարդիկ գրում են։ Գրում են անաղմուկ, առանց հաշվարկի, երբեմն՝ առանց անմիջական ընթերցողների։ Բայց ինչպես հիշեցնում էր Կաֆկան, «Գիրքը պետք է լինի այն կացինը, որը կոտրում է մեր ներսում սառած ծովը»։
Ձեզ՝ ստվերի մեջ աշխատող գրողներ, լռակյաց բանաստեղծներ, համբերատար թարգմանիչներ, խոսքի վարպետներ, թող գալիք տարին ձեր գրերի ընթերցման տարի լինի, ձեր ճանաչման, հանրահռչակման ու վերելքի։ Մաղթում եմ հարուստ տարի թարգմանություններով, որովհետև թարգմանել նշանակում է սիրել միաժամանակ երկու լեզու։ Հարուստ ստեղծագործությունների արարումներով, որովհետև ստեղծել նշանակում է դիմադրել։ Հարուստ գրերով, որովհետև գրել նշանակում է հրաժարվել ընդունելու աշխարհը միայն այնպիսին, ինչպիսին կա։ Գրքից հեռացած հասարակությանը մաղթում եմ հաշտություն գրքի և լուսավորության հետ։ Թող այն ձեռքերը, որոնք մոռացել են գրքի ծանրությունը, կրկին զգան նրա անբեկումնալի արժեքը։ Թող անցողիկից հոգնած աչքերը վերագտնեն էջի պտղաբեր հունը։ Թող այն լույսը, որ դուք սերմանում եք գրականության միջոցով, ծնի մի նոր հասարակություն. ճիշտ Բանի հասարակություն, ազատ մտքի հասարակություն, կենդանի հիշողության հասարակություն։
Թող Հայաստանը և բոլոր հայերը՝ որտեղ էլ որ լինեն՝ Ֆրանսիայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Ամերիկայում, Արցախն ու Հայաստանը սրտում կրելով, իրենց վերգտնեն թեև հեռու, բայց միասնական խոսքի մեջ։
Մաղթում եմ ձեզ գրքերով բնակեցված տարի, մի տարի, որտեղ բառերն են բուժում, կապում սրտերն ու վեր բարձրացնում, մի տարի, որտեղ հայ գրականությունը շարունակում է ճառագել՝ հավատարիմ իր պատմությանը, բաց համամարդկային արժեքներին։
Թող նոր տարին գրվի քաջությամբ, կարդացվի սիրով և փոխանցվի հույսով…
Կարեն ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
