Առաջ (հենց ասում եմ՝ առաջ, թվում է՝ դար է անցել, ու ես էդ «անցած դարում» եմ թողել շատ կարևոր բաներ), այսինքն՝ առաջ, էլի՛ (ես էլ եմ արդեն մոռանում, թե դա իրականում երբ էր), ամեն ինչ մի քիչ ուրիշ էր։ Չէ՛, հին ու հնացած բաների մասին չէ խոսքս. դրանք՝ ի՞նչ. դե պիտի մնային, էլի… Խոսքս բաների մասին է, որոնք իրեր չեն, նյութական չեն, որ բացենք դարակները, տնտղենք ու ափսոսալ-չափսոսալով տնից հանենք ու դեն գցենք կամ մի տեղ դնենք տանողի համար։ Հաստատ, չէ՛: Խոսքս անփոփոխականի մասին է. գուցե սխալվում եմ, գուցե ոչ մի անփոփոխական էլ չկա: Գուցե։ Երևի ես եմ կառչել այն հայեցումից, թե մարդկանց ինքնօրինակ հանրությունը ազգ է կոչվում նաև իր դավանանքի հիմը պահող արքետիպային հոգևոր անփոփոխականներով։ Ասենք, օրինակ, ավանդական բարեմաղթանքները՝ սկսած բարև-բարիլույսից՝ իր «Աստծու բարին» պատասխանով, դուրս եկած (հատուկ չասացի՝ ավարտած) «բարի իրիկուն», «բարի գիշեր»-ով և հազար ու մի շնորհակալություններով, օրհնանքներով ու շնորհավորանքներով… Արժեքներ, որոնց ո՛չ գոյավորման սկիզբն ենք ժամանակավորում և ո՛չ էլ գոյատևման ընթացքը այս կամ այն դար ու չգիտեմ՝ ինչի հետ կապում։ Ընդունում ենք որպես մեր կյանքի անփոփոխ խոսքային իրողություններ և սրբորեն պահպանում որպես ապուպապոտ ժառանգության անգնահատելի, անսահմանելի հոգևոր մասունք-նշխարներ։
Փա՛ռք Աստծո, դեռ քիչ թե շատ պահվող, չմարող առիթներից մեկը ՆՈՐ ՏԱՐԻ շնորհավորելն է։ Առաջ շնորհավորանքի խոսք փնտրելու կարիք էլ չկար. իրար շնորհավորելը հոգու թելադրանքի նման մի բան էր, հեշտ էր. այսքան հոգս ու թախիծ չկար երկրում, տներում: Երանի չլիներ, հոգս ու թախիծ չլիներ, ու լիաբերան իրար շնորհավորանքի բառեր նվիրեինք…
Երանի լինի… Այս Նոր տարվա բարեմաղթությունների մեջ արցախցիներին մի բուռ լույս ու հավատի ներշնչում լինի, ու ականջս կանչի, ու կանչն այդ արցախաբարբառ տնականչ լինի։
Ձմռան ձյուների մեջ Արարատի լանջերն ի վար իջնող ձյունաշող լինի, արևագալի ճամփան բռունցքված Քիրսի գագաթով անցնի… Աշխարհի խիղճը մաքրող տեղատարափ լինի, հին դիրտը նոր կեղտին խառնի ու տանի… Գրողի ծոցը տանի, անհետ, անվերադարձ տանի, ու «Աստծու բարի»-ն շուրթին՝ լուսաբաց լինի։ Ժպիտների մեջ պտղունց-պտղունց արևներ լինեն. մաղձոտ ու թունոտ հեգնանք չլինի։ Կարոտյալին մեկնած կտոր հացի մեջ երեսին շպրտվող լեղի չլինի։ Հողի մեջ էլ ցավ, արցունք չլինի, սպանված երազի հառաչանք չլինի, նշխարված տղաների մայրերի ճիչում սպանվող հավատի հոգեվարք չլինի։
….Ու էդ բարեմաղթանքները Աստծո օրհնանքով լինեն։
