Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Աշխարհաքաղաքականությունը հորձանք է տալիս երկիր մոլորակում, մենք էլ նրա ծառս լինող ալիքի խաբկանքին տրված՝ տվայտվեցինք: Մեկ տարին գլորվեց ներհայաստանյան «խաղաղության» ծիրում, որտեղ «ան» նախածանցը համառորեն կպել է «արդարությանը», պոկ չի գալիս: Ցավոք, տեղական նշանակության աթոռապայքարում կռվավարի անդուլ անհանդուրժողականությամբ ազգային ինքնությունը (գիտակցաբար, թե անգիտակցաբար) հետևողականորեն մաշում ենք՝ մոռանալով պարզ ճշմարտությունը, որ գեղեցիկ է ձևակերպել բանաստեղծ Մ. Պեշիկթաշլյանը. «Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,//Քան զանձկալի եղբայր անուն»:
Այսօր, քան երբևէ, հրամայական է դառնում առաջին հերթին հավատը՝ ինքներս մեր հանդեպ ու մեր հավերժության գրավական երկնատու պարգևին, որը դեպի բարեբախտություն տանող, մեր ձեռքով կերտվող ճակատագիրն է՝ հայրենիքի շեմադուռը զարդարած չարազարկ փուշը, արևի տակ իր ներկայությունը հաստատող սրտի զարկը: Նոր տարում Հայոց աշխարհին ցանկանում եմ անսասան կամք ու նպատակամետ խիզախություն հանուն պետության հզորացման, որն ապահովելու է փառաց ճամփան մեր հայրենիքի:
Յուրաքանչյուրիս մաղթում եմ ուժ, կարողություն և առողջ միտք, քանի որ մենք դեռ շատ բան ուենք տալու ինքներս մեզ ու քաղաքակիրթ աշխարհին՝ որպես մարդկայինին նվիրյալ առաքյալներ: Թող Աստծո Աջն անպակաս լինի մեր տրամաբանված համբերանքից, որը մեր կենսավաղվան համ բերողը պիտի լինի:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ, ՀԱՅԱՍՏԱՆՍ: