Նոր տարին ողջունելուց առաջ մենք սովորաբար ամփոփում ենք անցնող տարվա արդյունքները: Այլապես չենք էլ կարող հասկանալ, թե ինչ սպասենք Նոր տարուց:
Անցնող տարում լավ բան մենք քիչ ունեցանք: Վատ բաներ՝ ինչքան ուզեք: Միայն ամենաբարձր մակարդակով ասված՝ Ղարաբաղի հարցը փակված է, այսինքն՝ Ղարաբաղը այլևս հայկական չէ, արձանագրումը բավական է, որպեսզի Նոր տարվա մեր սպասումները թունավորված լինեն: Եթե անգամ մեզ ասում են, որ ղարաբաղցիներն այժմ իրենց պետք է զգան իբրև ՀՀ հպարտ քաղաքացիներ, քիչ է մնում ասենք. մենք՝ Հայաստանում ծնված ու մեծացածներս, արդյոք մեզ զգո՞ւմ ենք իբրև ՀՀ հպարտ քաղաքացիներ: Դժբախտաբար՝ ոչ: Պատերազմի պարտությունը, բուն Արցախի կորուստը, Արցախի նախկին ղեկավարների դատը Բաքվում, հայկական հուշարձանների ավերումները Արցախում մեզ զրկում են մեր պետության հպարտ քաղաքացիներ զգալու իրավունքից:
Մեր հպարտությունը չի ավելանում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության հանդեպ մեր անվերջ խոնարհումներից: Մանավանդ Էրդողանի հայտարարությունից հետո, որը Ադրբեջանի հաղթանակը և Արցախի անկումը համարեց թուրքական աշխարհի հաղթանակը: Եթե Էրդողանը Հայաստան էլ գա (Ալիևն արդեն մերժել է հրավերը), փաթաթվի և ջերմորեն համբուրի մեր վարչապետին, դրանից մեր ազգային արժանապատվությունը չի ավելանա: Ես կարծում եմ՝ խիստ կպակասի:
Այս ասածները չեն նշանակում, որ մենք նոր տարում պիտի փորձենք սուր թափ տալ մեր հարևանների վրա: Այդպիսի արկածախնդրությունը ծիծաղելի և վտանգավոր կլիներ: Բայց փորձել խաղաղություն և բարեկամություն հաստատել՝ չկորցնելով արժանապատվությունը – դա մեզ անհրաժեշտ է, և հենց դա պետք է պահանջենք մեր կառավարությունից, ով էլ լինի դրա ղեկավարը: Ի վերջո, արժանապատվություն ասածը միայն բարոյականության խնդիր չէ, դա անկախ, թեկուզ փոքրիկ պետության իրական գոյության պարտադիր պայման է: Չենք փորձում աշխարհը ղեկավարել, բայց մերժում ենք նաև խեղճուկրակ, Ալիևների և Էրդողանների ձեռքին նայող ժողովուրդ դառնալը, ինչին մենք գնում ենք այսօր:
Էլ չեմ խոսում Կաթողիկոսի, Սամվել Կարապետյանի դեմ սկսված ամոթալի արշավանքի մասին: Սա, իհարկե, չի նշանակում Կաթողիկոսին դարձնել հրեշտակ, իսկ Սամվել Կարապետյանին՝ հայ ազգի փրկիչ: Ես ասում եմ միայն, որ պետական մակարդակով վրեժ լուծելը և ժողովրդին երկու ճամբարի բաժանելը մեզ համար կործանարար է:
Եվ, վերջապես, նոր տարում մենք պետք է հրաժարվենք իրական Հայաստանի պես օրապակաս, երբեմն շատ վնասակար տեսություններ ստեղծելուց:
