Բեղուն ընթացք / Սաթենիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ալեքսանդր Թոփչյան (4)

Հոբելյանները անցած ուղին արժևորող բարձրակետեր են: Ըստ թումանյանական կենսափիլիսոփայության՝ 40-ամյակը մարդու վերելքների գագաթն է, որին հաջորդում է մի երանելի ընթացք՝ ազատագրված հոգով և նյութազերծ կեցությամբ, իսկ վայրէջքը բացառապես մարմնի տարածքում է: Արարող ու արարվող հոգիների երթը անընդմեջ վերելք է, նրանք բաց համակարգեր են՝ մտահոսքի, գաղափարների, բանական կենսաուժի ընդունիչ-հաղորդիչներ: Թումանյանը 40-ամյակը համարում էր աշխարհայացքի կազմավորման և ինքնահաստատման մեծ շրջափուլի ավարտը, հետևաբար, ավելացող տարիները ավելի են բեռնավորվում իմաստությամբ, և ոգին նոր գյուտերի է պատրաստ: Ալեքսանդր Թոփչյանի 75-ամյա լեռան բարձունքից հստակորեն տեսանելի են արարված տարածքները. դրանք կարելի է կոչել բարեբեր գրական անդաստաններ, որտեղ արված ցանքսը առատ հունձք է ապահովել, առնվազն 50-ամյա գրական հունձք, որը հոգու և մարմնի ձույլ հաղթանակի վկայագիրն է:
Ալեքսանդր Թոփչյանի ոգեղեն ներկայությունը հայոց մշակութային կյանքի տարբեր շերտերում է. ի սկզբանե՝ իր գրական գործունեության ակունքներում, նա համարձակ գրականագետ-քննադատն է, ով շատ արագ դարձավ չափանիշներ սահմանող և գրական ընթացքը կարգավորող: Գրականագետի սուր հայացքը, վերլուծաբանի զորեղ միտքը տասնամյակներ շարունակ զատել ու արժևորել են դասական և արդի հայ գեղարվեստական գրականության լավագույն ստեղծագործողների վաստակը, տեսահորիզոնում պահել ընթացիկ գրականության զարգացման ծիրը և ակտիվորեն մասնակցել նրա համապատկերի ստեղծմանը:
Ինքնարարման անկասելի ջիղը պեղել ու զարգացրել է նորանոր հմտություներ՝ հայոց գրական դաշտը հարստացնելով Ալեքսանդր Թոփչյան թարգմանչի աշխատանքներով: Ֆրանսալեզու բազմաթիվ գործեր լավագույն հայերենով առ այսօր մատուցվում են հայ մտավոր աշխարհին՝ բացելով ուրիշ մտածողության ձևեր, նոր մեկնություններ ու գեղարվեստական անծանոթ իրականություններ:
Թոփչյան արվեստագետի հոգեմտավոր կարողությունների իրացման բարձրակետն, ըստ իս, արձակն է, մասնավորապես կարևորում ու արժևորում եմ վիպասան Թոփչյանի ներկայությունը արդի հայ արձակում: Տևականորեն հետազոտելով ու մանրակրկիտ քննության ենթարկելով Ռուբեն Սևակի կյանքն ու գործը՝ որպես գրականագետ, Թոփչյանը ստեղծեց նաև նրա կյանքի գեղարվեստական պատմությունը՝ ժամանակակից ընթերցողին նվիրելով մեր օրերի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Եվ անգամ մահից հետո» վեպը, որը կարող է իր բարձր արվեստով, շքեղ լեզվով և հմտորեն կերտված կերպարներով սերունդներ դաստիարակել, հայրենիքի, հայ տեսակի և նրա անցած ուղու ճիշտ ճանաչողություն ձևավորել: Առհասարակ կյանքի էպիկական հոսքերի պատկերագրումը արձակագիր Թոփչյանի մեծագույն շնորհն է, որին սպասարկում են գրականության պատմաբանն ու տեսաբանը:
Ակտիվ գործունեություն է ծավալում նաև հրապարակագիր Թոփչյանը, քաղաքացիական մարտնչող կեցվածքով նա արձագանքում է հայոց կյանքի բոլոր խոտելի դրսևորումներին՝ լեզվի աղավաղումներին, հաշմված գաղափարներին և գործողություններին, հայոց ինքնությանը ուղղված թշնամական ծրագրերին: Մեր գրական կյանքն այնքան լեցուն է Ալեքսանդր Թոփչյանով, որ դժվար է պարզել՝ նա երբ է Հայաստանում և երբ՝ ոչ: Թոփչյան ազգանունը հայոց նորագույն մշակույթի պատմության մեջ իր կայուն և արժեքավոր ավանդն ունի, այս տաղանդաշատ գերդաստանի զավակները շարունակում են նվաճել հոգևոր բարձունքներ:
Վերջին շրջանում «Գրական թերթը» տպագրում է Ալեքսանդր Թոփչյանի երգիծական մանրապատումները, որոնք պատմողի նրա անուրանալի ձիրքի վկայությունն են և մեզ ծանոթացնում են անցյալի գրական դեմքերի ուրախ անցուդարձին: Հիմա էլ իր հուշերով է լցնում մեր չիմացության ծալքերը և մեզնից ծիծաղ կորզում: Թող որ այս հարուստ և հարստացնող կենսագրությունը երկար տևի, Աստծո տված ժամանակը միայն վերելք լինի: Մաղթենք սիրելի Ալեքսանդր Թոփչյանին առողջ երկարակեցություն, պայծառ միտք և ոգեղեն նորանոր թռիչքներ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։