ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՄ ԵՎ ԳՐՔԻ ՄԻՋԵՎ

ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
բանաստեղծ, թարգմանիչ, երգիծաբան ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Հատվածներ Գևորգ Խաչատուրի «Երես առ երես»
գրքի գրախոսությունից

…Կարող եմ ճակատ առ ճակատ ասել, որ Ձեր խոսքի բնավորությունը անզիջող է, աշխարհն ու մարդուն կիսաբաց կամ կիսափակ պատուհանից դիտող չեք, Ձեզ չի կարող մոլորեցնել այն ուղին, որով կողք կողքի քայլում են հավատացյալն ու անհավատը: Այդ խաբուսիկ, երբեմն էլ դավադիր մոտիկության մեջ դժվար է տեսնել, զգալ երկուսի միջև եղած անչափելի հեռավորությունը, դատապարտել այն, ինչ դեմ է կյանքին և պաշտպանել մաքառող ճշմարտությունը, որ երբեմն նաև զոհեր է պահանջում: Ձեր մտքի, խոհի, մանավանդ հավատի բնավորությունն այդպիսին է: Դուք չեք կարող անտարբեր մնալ, երբ «շատանում են վիրավոր ու հենակավոր», «օրվա հացի կարոտ, թշվառադեմ ու մոլորյալ մարդիկ»: Դուք չեք կարող հանդուրժել այն օրենքները, որոնցում խոր արմատներ են ձգել անտարբերությունը մարդու անտանելի հոգսերի, անամոք վշտերի և ալեկոծված սրտերի նկատմամբ: Չէ, Դուք պարտավոր էիք գտնել այդ ամենը գոնե մեղմելու հնարը, մերժելով այն խոսքը, որից «իսպառ քամված է մտքի սերուցքը», Դուք չեք կարող նաև մեկ մուրճ լինել, մեկ էլ՝ զնդան: Դուք սիրով, խղճով, հավատով ապրող և մահվան դեմ մոլեգնած բնավորություն եք:
…Ինչպես Դուք, այնպես էլ ես եմ համոզված, որ այդ լկտի ու փողասեր մարդիկ, որ մահն անցողիկ, իսկ իրենց «անանց են համարում», ո՛չ ազգ, ո՛չ էլ հայրենիք ունեն: Այս թրատող ճշմարտությունը Դուք ասում եք երես առ երես, իսկ հաճախ էլ ճակատ առ ճակատ, որովհետև ճակատը մեկն է լինում` հպարտ կամ ամոթալի, իսկ երեսը կարող է նաև երկերեսանի լինել: Այդպիսիներին հեշտ չէ ճանաչել, որովհետև ամբողջ կյանքում ապրելով շռայլության մեջ, երբեմն այնպես են փառաբանում աղքատությունը, որ քիչ է մնում կարեկցես նրանց, որ հարուստ են.
Ինչո՞ւ ես նորից կարեկցում նրանց, // Ովքեր ողջ կյանքում հարուստ ապրելով // Փառաբանում են աղքատությունը:
…Իսկական բանաստեղծը ոչ թե մոտենում է գրասեղանին, նոր միայն մտածում ինչ և ինչպես գրելու մասին, այլ օրերով, երբեմն էլ ամիսներով կուտակված մտքերն են գրիչը նրա ձեռքը տալիս և հրամայում` գրիր: Այլապես Խաչատուրը չէր կարող, առանց նախնական որոնումների, միանգամից գտնել դաժան սարսափի հետևյալ արտահայտությունները. «խավարի լռություն», «չար օձի նման փաթաթվող մտերմություն», «շանթի նման հարվածող աննկատ վիշտ»: Չէ, պետք է այնքան անգամ վրեժխնդիր լինել, // Որքան անգամ նրանք երկրիս, // Վիշտ են բերել ու լաց: Արժե՞ արդյոք ապացուցել, որ զայրույթի այս ձայնը տարբերվում է «Հիմի է՞լ լռենք»-ից, թեև նաև Պատկանյանի թրի շաղափն ունի վրան:
Եվ տեսեք, թե Խաչատուրը որքան է անզիջող սեփական սխալի նկատմամբ: Նաև երազում է նրան իրավունք տրվել պատժել կարգազանցներին: Եվ նա առաջինը պատժում է իրեն, կտրելով իր աջ ցուցամատը.
Որ իմ իմացած հանցագործներից, // Ես մատնացույց չեմ արել ոչ մեկին…
Խորապես իրավացի է հեղինակը, երբ պնդում է, որ մեր չնկատելու պատճառով են հավատարմության ճյուղերին թառել անհավատները, և դրա անունից են անարգել ճառում կեղծավորները, ճշմարտության հարսանիքին քավոր է կարգվում ստախոսը: Ուստի չարի նկատմամբ ոչ թե գթասիրտ, այլ ավելի չար պետք է լինել, որովհետև չարը բարության դասերից ավելի է եղկելի ու անվախ դառնում, քանզի «Մարդասպան է նա նույնիսկ բարուրում»: Նա` այն հավաքական դահիճը, որ տասնամյակներ շարունակ սովոր է համտեսել հայերի անմեղ արյունը, այսօր արդեն, թեև դժվարությամբ, բայց հաստատորեն համոզվում է, որ փոխվել է հայոց մեծ ազգի դարը (Խ. Աբովյան) և անշեղորեն ընթանում է դեպի լույսը: Դրա փառահեղ վկան ու լույսի հավատարիմ զինակիցը Արցախն է, այն հայկական հողը, որի երբվանից և ում լինելն այլևս չի կարող վեճի առարկա դառնալ ո՛չ երկրի վրա, ո՛չ էլ տիեզերքում: Այդ հողը հայինն է` Հայաստանի անպարտելիության ու անկախության կնիքը վրան: Ձեր էջերում սիրո և հպարտության բանաստեղծություններ կան՝ նվիրված Ղարաբաղին և նրա անմահներին: Ձեր էջերում անթիվ են համարձակ տողերը, բայց ուզում եմ խոսել հատկապես երկուսի մասին.
Մեր հնությունը ոչ մեկը չունի, // Ոչ մեկը չունի մեր գրչությունը:
Ոչ միայն երեկ (իսկ դա գրվել է երեկ), այլև այսօր այդպես դատողին թաքուն թե աշկարա հետևում է ազգայնականության, անցյալի իդեալականացման ժխտողականության ուրվականը. սովորաբար նա է հեշտ ու խաղաղ ապրում, ով պաշտում է օտարների ստվերում ծվարած խեղճությունը, կեսբերան ճշմարտությունը և լայնաբերան քծնությունը: Խաչատուրը փոթորկուն ճշմարտության ոչ թե րոպեական հյուրն է, այլ՝ մշտական քաղաքացին: Դրա համար էլ հպարտ, բացճակատ է ապրում և՛ կյանքում, և՛ պոեզիայում: Նա, ով դիմակներ է պատռում, չի կարող դիմակ ունենալ: Հիշո՞ւմ եք Պարույր Սևակի` միակ մեղքի մասին ասվածը.
Եվ այն էր գուցե միակ մեղքը քո, // Որ քեզ չսազեց և ոչ մի դիմակ:
…Գևորգ Խաչատուրը, պնդելով, որ չարը ծաղկում է անարգել, և շողոմախոս այս խաբուսիկ դարում դժվար, երբեմն էլ անհնար է իմանալ, թե ով է քեզ կողմ կամ դեմ, միաժամանակ խոստովանում է, որ ամեն ինչ չի կարող ասել ու վկայել: Արդյոք հնարավո՞ր է ասել ամեն ինչ մեր ապրած ժամանակի մասին:
Եթե խոսքը սպառելու մասին է, ապա անհնար է: Սպառվել կարող է նույնիսկ հանճարը, իսկ ժամանակը` երբեք: Ասեմ նաև, որ այն օրվանից, երբ հնարավոր լինի բարու և չարի մասին ասել ամեն ինչ, այսինքն՝ հասնել երանելի ճշմարտության անտիղմ հատակը, նշանակում է կյանքն արդեն եթե մեռած չէ, ապա անպայման քարացած է, այսինքն՝ միայն անցյալ լինի:
Պոեզիայի ճանապարհին Գևորգ Խաչատուրը ո՛չ հին ճամփորդ է, ո՛չ էլ նոր, պարզապես, ինչպես ասում են, իր ուսին մի պարկ ցորեն տանող մաճկալ է: Նրան ևս երկար տարիներ թույլ չեն տվել վար անել ու սերմ ցանել իր հոգևոր դաշտում: Հիմա եկել են վար անելու, ցանելու և հնձելու նրա ժամանակները: Դա նրա վաղեմի երազանքն էր: Հավատացած եմ, որ նա այսուհետ միայն ստեղծագործական Տառապանք է ունենալու:

Վազգեն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
1997 թ.
Ծաղկաձոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։