Հարյուրամյակներ շարունակ հայ ժողովուրդը զուրկ է եղել պետականությունից: Հեռու և մոտիկ ռազմատենչ հարևանների ագրեսիվ նկրտումներին կուլ չգնալու և ազգային նկարագիրը պահպանելու գործում նրան մեծապես ապավինել է հայրենի մշակույթը: Այն եղել է ոչ միայն հոգևոր արժեք, այլև աղբյուր ինքնության պահպանման, ինքնաճանաչման ու ինքնահաստատման: Երբ և որտեղ էլ ապրել է հայը, ներկայացել է որպես մշակութային բարձր արժեքների կրող, ինչը նրան բերել է ճանաչում և բարի համբավ: Դրա համար է, որ երբ ասում են հայ կամ Հայաստան, հասկացվում է մշակութային բարձր արժեքների կրող ժողովուրդ և երկիր: Դրա համար է, որ հայագիտության բնագավառում շատ մեծ է հայ մշակույթի կարևորումն ու ունկնդրումը:
Ստորև բերվող մեր խոսքը Վլադիմիր Բարխուդարյանի «Ուրվագիծ միջնադարյան հայկական մշակույթի պատմության» (Ե., 2016) աշխատության մասին է, որի անվանումը շատ համեստ է և քիչ բան է ասում նրա բարձր արժեքի ու կարևորության մասին:
Աշխատությունը վերաբերում է IXդ. վերջից մինչև XIVդ. վերջ` շուրջ հինգ դար ընդգրկող մի ժամանակահատվածի, երբ Հայաստանը նոր միայն թոթափել էր Արաբական խալիֆության 180-ամյա լուծը: Բնականորեն կարող է հարց առաջանալ. մի՞թե այդ դարաշրջանի մշակույթը մինչև այժմ չէր ուսումնասիրված: Իհարկե, ուսումնասիրված էր. հայ մշակութաբանության մեջ ներկայացված են միջնադարյան Հայաստանի բոլոր ժամանակների մշակույթի բնագավառները, սակայն դրանք միմյանցից մեկուսի են, յուրաքանչյուրն իր նեղ մասնագիտական ուղղվածությամբ: «Նման մոտեցման հետևանքով,- ինչպես գրում է Վ. Բարխուդարյանը,- ակամա ինչ-որ չափով ստվերվել են մշակույթի առանձին ճյուղերի միջև եղած աղերսները, դրանց փոխադարձ կապն ու փոխներգործությունը… Սերտ կապեր գոյություն ունեին արվեստի ճյուղերի միջև, և դրանցից մեկի առաջադիմությունը խթան է հանդիսացել մյուսի համար» (էջ 4): Այսինքն՝ խնդիրը եղել է ոչ թե մշակույթի առանձին բնագավառների ուսումնասիրությունը, այլ դարաշրջանի պատմամշակութային ընդհանուր պատկերի խորացումն ու հստակեցումը, նրա տեղը և կարևորությունը համաշխարհային մշակույթի գանձարանում` խնդրին նայելով քննական-պատմագիտական տեսանկյունից, պատմաբան-հանրագիտակի աչքերով:
VIII դարից մինչև IXդ. 80-ական թվականները` մինչև Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումը, երկիրը հիմնականում գտնվում էր Արաբական խալիֆության տիրապետության տակ: Այդ շրջանը, մշակութային առումով բնութագրվելով որպես «մեռյալ վիճակ», հայ ժողովրդի պատմության մեջ չի ներկայացվում: Այդ դեպքում ինչպե՞ս կարող էր X-XI դարերում` շուրջ 200 տարվա նման վիճակից հետո, Հայաստանում մշակութային կյանքը բուռն վերելք ապրել. նշանակում է, ինչ-որ բան այնպես չէ, ինչպես ներկայացվում է (իրոք որ, վերջին տարիների ուսումնասիրության արդյունքները հիմք են տալիս և աղբյուր հանդիսանում վերանայելու կարծիքը` VIII-IX դարերում Հայաստանում մշակութային կյանքի մահացման վերաբերյալ):
Ասվածը վերաբերում է նաև սելջուկների, ապա թաթար-մոնղոլների արշավանքների շրջանին, որն այնքան ավերիչ ու կործանարար եղավ Հայաստանի համար, որ Բագրատունյաց թագավորության անկումից հետո (1045թ.) այլևս հնարավոր չեղավ հայկական միասնական պետության վերականգնումը:
Պատմական ծանր միջավայրում, դաժան և աննպաստ պայմաններում էր, որ գոյատևեցին, վերելքներ ու վայրէջքներ ապրեցին Հայաստան աշխարհն ու նրա մշակույթը:
Վ. Բարխուդարյանը ամենայն խորությամբ և համակողմանիորեն քննում է զարգացած միջնադարի հայ մշակութային կյանքի կարևոր բոլոր բնագավառները` Բանասիրությունը (Հայ ժողովրդի հերոսական էպոս և Գրականություն բաժիններով), Կրթությունը և գիտությունը (Պատմագրություն, Իրավունք և Փիլիսոփայություն), Բնական գիտությունները (Բնագիտություն և Բժշկագիտություն), Արվեստը (Երաժշտություն, Կերպարվեստ, Ճարտարապետություն և Կիրառական արվեստ):
Դրանցում ուրվագծված են դարաշրջանի հայ մշակույթի հիմնական բնութագրական հատկանիշները` իրար հետ սերտորեն կապված, փոխհարստացված մոտեցումներով, որոնցում դրսևորվում են միմյանց հետ ունեցած աղերսները և փոխներգործությունները: Հեղինակը հստակորեն պատասխանում է, թե ինչն է խթան հանդիսացել դրանց զարգացմանը, յուրաքանչյուրն ինչ չափով է նպաստել մշակույթի այլ բնագավառների առաջադիմությանը: Պարզվում է նաև, որ դարաշրջանի մշակույթի բոլոր բնագավառները չէ, որ բավարար չափով դիտարկվել են համաշխարհային քաղաքակրթության ընդհանուր շղթայում:
Յուրաքանչյուր բաժին քննվում է պատմամատենագրական, փաստական, տեսական, վերլուծական, անծայր և անսահման տարածվող հենքի վրա. որքան ջանք ու ներդրում, համակողմանի և ջանադիր աշխատանք է կատարված նյութերի հայտնաբերման, վերծանման և ուսումնասիրման վրա: Հիրավի` տիտանական աշխատանք, որ տարիների հետ ուղեկցել է հեղինակի պատկառելի վաստակի և գիտահետազոտական տքնանքի ճանապարհին:
Նման ծրագրային նպատակադրմամբ խնդիրը լուծելու համար պետք էր ուսումնասիրել մշակույթի յուրաքանչյուր բնագավառի հետ առնչվող բազմաբնույթ սկզբնաղբյուրներ, առնչվել հարակից մասնագիտություններին, ժամանակագրություններին, մատենագիտական, ձեռագրային հիշատակարաններին և բազում ու բազմաբնույթ այլ աղբյուրների, ինչը հեղինակի կողմից կատարված է բարձր մակարդակով և բծախնդրորեն:
Էական, հիմնավոր և ընդհանրացնող են հեղինակի եզրահանգումները: Զարգացած միջնադարի մշակույթի ընթացքը ոչ միայն նախորդ դարաշրջանից ժառանգություն ստացած ձեռքբերումների շարունակությունն էր, այլև նոր բնագծեր նվաճելը, աննախադեպ վերելքը, որի շնորհիվ միջնադարյան հայ մշակույթը կարողացավ ոչ միայն պահպանել Բագրատունիների ժամանակաշրջանի մշակութային ձեռքբերումները, այլև հասնել նոր նվաճումների, զարգացման բարձրագույն աստիճանի:
Համակողմանի քննելով Արևելքում անտիկ ավանդույթների դրսևորման խնդիրը՝ Վ. Բարխուդարյանը հանգում է արդյունքի, որ Արևելքում, մասնավորապես նախկին ԽՍՀՄ հանրապետու-թյուններում վերածնության գաղափարը քաղաքական միտումով ծնված տեսություն է և ոչ թե մշակութային խոր բացահայտումների հետևանք, և այն կապ ունի միմիայն Իտալիայի ու Եվրոպայի հետ: (Հայ իրականության մեջ վերածնության գաղափարը կապվում է նաև վաղմիջնադարյան հայրենի ավանդույթները զարգացած միջնադարում դրսևորվելու խնդրի հետ, ինչն առանձին քննության նյութ է):
Ջերմագին շնորհավորելով Վլադիմիր Բարխուդարյանին արժեքավոր գրքի հրատարակման առթիվ, կարծում ենք, որ կշարունակվի աշխատանքը` լրացնելով վաղ միջնադարով և ամբողջացնելով այն, ինչը կլինի հիանալի նվեր գիտնականի ծննդյան 90-ամյակի շեմին:
Մաղթենք քաջառողջություն, եռանդի ու նվիրումի հարատևում: