Քանի՞ ժամից է բաղկացած Ալեքսանդր Թոփչյանի օրը / Սուրեն Դանիելյան

Ալեքսանդր Թոփչյան (7)

Ալեքսանդր Թոփչյանի կյանքը և գործունեությունը ներկայացնում է անցյալ դարի 60-ական թվականներից գրամշակութային կյանք ներխուժած մարդու կենսագրությունը: Մեր առջև անհատն է, որը սակայն իր մեջ կրում է մի ամբողջ սերնդի հավաքական կենսագրության տարրերը: Երբեմն զարմանում ես, թե ինչպես է կարողացել իր մեջ ամբողջացնել գրաքննադատը, թարգմանիչը, արձակագիրը, թատերագիրը: Այդ զարմանքի մեջ ավելի լավ է նույնիսկ չխորանալ, քանի որ սա Ալ. Թոփչյանի տեսակն է:
Այդպես ժամանակին Ղևոնդ Ալիշանի, Արշակ Չոպանյանի, Ռոպեր Հատտեճյանի՝ աշխատանքի մեջ մոլեգին նվիրումի հասած մտավորականների առիթով հաստատում էինք, որ նրանց օրը ավելին է, քան 24 ժամը:
Երանելի 60-ական թթ. Ալ. Թոփչյանը աշխատում էր «Գարուն» ամսագրում, և անտարակույս «Գարունը» ձևավորեց նոր աշխարհայացք, բերեց ստեղծագործական ազատության պոռթկումը, ինչը հետագայում դարձավ ապրելակերպ: Այդ ճանապարհին է, որ նա ստանձնեց 60-ականների բանաստեղծական սերնդի՝ Հովհաննես Գրիգորյան, Դավիթ Հովհաննես, Արմեն Մարտիրոսյան, Արտեմ Հարությունյան, Հենրիկ Էդոյան և ուրիշներ, կենսագրի ծանր ու առինքնող թիկնոցը՝ պաշտպանելով նրանց գեղարվեստական մտածողությունը նրանց մուտքի հանդեպ ներքին դիմադրական հզոր շարժման օրերին:
Ալ. Թոփչյանը հետևում էր ժամանակի գրական ընթացքներին, ելևէջներին, անկումներին, բայց 60-ականներից ընդլայնվեց ոչ միայն բառի տարողության սահմանը, այլև առաջին հերթին մտավորականն ապրեց գրական հայացքի հեղաբեկում. համարձակ ձևով մերժեց ավանդապաշտ ու «անվնաս» գրական մեծության ներկայացուցիչների այն գործերը, որոնցում տեսնում էր իր համար աններելի համակերպվածությունը: Նա որոնում էր նորի մեջ ընդվզող ոգին, գրական ազնվության տրոփը, որը ոչ մի բանի հետ երբեք չփոխեց:
Իմ հիշատակած ընդլայնումը կապված է նաև գրական աշխարհագրության փաստի հետ: Նա փշրեց խորհրդային կանոնիկ բոլոր պատուհանները և ընդառաջ գնաց Շահան Շահնուրի, Վազգեն Շուշանյանի նորատիպ արձակին, Նիկողոս Սարաֆյանի, Հարութ Կոստանդյանի, մի փոքր ավելի ուշ՝ Զահրատի, Զարեհ Խրախունու մեզ համար անսովոր բանաստեղծական, իրականում «անբանաստեղծական» աշխարհներին: Առաջիններից մեկն էր Ալեքսանդր Թոփչյանը, որ ընդհանրության զուգահեռ բերեց իր ընտրած հայրենական և Սփյուռքի գրական երևելիների միջև, բարձրացրեց Շ. Շահնուրի դերակատարությունը ազգային տեսադաշտում և մոտեցրեց նրան համաշխարհային գրական ընթացքներին, Վ. Շուշանյանի մեջ տեսավ ամենից քնարական գրական ոճը:
1987 թ. Ալ. Թոփչյանը հրատարակեց «Ապագայի ներկայությամբ» ժողովածուն: Ես մի փոքր ավելին եմ տեսնում խորագրի մեջ, քան Պ. Սևակի, Վ. Շուշանյանի, Շ. Շահնուրի, Ռ. Սևակի գրական հարթություններում: Մի առիթով ունի մուրացանյան «Մի ծաղկով էլ գարուն կգա» բնութագրումը՝ իբրև հոդվածի խորագիր: Իրականում ինքը իբրև մեկ անհատ «գարուններ» բերեց իր տեսողությամբ: Հայկական գրանցում ստացան ֆրանսիական գրականության այնպիսի շենշող հսկաներ, ինչպիսիք են Գ. Ապոլիները, Ժ. Կոկտոն, Ժ. Պրևերը, Ֆ. Սագանը, Ժ. Անույը, Ժիրոդուն և ուրիշներ:
Ալ. Թոփչյանը գեղարվեստական ստեղծագործության նկատմամբ չէր կարող խանդով չապրել: Դեռևս 20 տարի առաջ նա դարձավ աղմկահարույց «Արտագերսի» հեղինակը, իսկ 21-րդ դարասկզբին նրան արդեն հետաքրքրում էր կյանքի և մահվան փոխհարաբերությունը Ռ. Սևակի գեղարվեստական լիարյուն կերպարի գնահատությամբ .«Եվ անգամ մահից հետո», 2005թ , որի համար արժանացավ պետական մրցանակի: Ուշադրության կենտրոն եկավ նաև հայ ազատագրական պայքարի առեղծվածային պատմություններից մեկը՝ «Բանկ Օտոմանը»:
«Եվ անգամ մահից հետո» վեպը սկսվում է խորհրդանշական փաստով. «Ռուբեն Սևակը նստել էր արևելյան ճեպընթացը և գնում էր դեպի Եվրոպա»: Հայ գրականության արևելյան ճեպընթացը Ալ. Թոփչյանն իր տեսողությամբ հասցնում է նոր սահմանների: 75-րդ կայարանն է, որ հատում է նա, բայց մենք հավատում ենք, որ մեր գրականության գնահատությունների ու գեղարվեստական արժևորումների ճանապարհին նա մեզ հրամցնելու է դեռ նոր «լուսնապարտեզներ»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։