Դատարկ, ամայի փողոցներ, ուրվականներ հիշեցնող մի քանի դիմակավոր անցորդներ, խորհրդավոր լռություն… Առաջին հայացքից կարող է թվալ` հոլիվուդյան հերթական ֆանտաստիկ ֆիլմերից մեկի ականատեսն ենք, որին սովորաբար հաջորդում է, իրավիճակի անսպասելի փոփոխություններով պայմանավորված, վտանգի հետ անմիջական հանդիպման վախի զգացումը: Երանի միայն այդպես լիներ: Անգամ ամենասարսափելի դրվագներով ֆիլմը մի քանի ժամով է կտրում մեզ հարազատ և ճանաչելի միջավայրից, սովորական թվացող աշխատանքային և կենցաղային սովորույթներից: Մինչդեռ վերը նշված պատկերը թվում է անվերջանալի, արդեն շաբաթներ շարունակվող, և հայտնի չէ` վերջը որտե՛ղ և ե՛րբ կլինի:
Մեղավորը թագախտ, թագաժահր, թագավարակ կամ շատերին ավելի ծանոթ կորոնավիրուսն է, որն ստիպել է բոլորին ինքնամեկուսանալ, հրաժարվել կյանքի առօրյա ռիթմից: Ասես հօդս է ցնդել նախկին հանգստությունն ու ապահովությունը` տեղը զիջելով խուճապին ու անորոշ տագնապին: Սոցցանցերում ուշագրավ լուսանկարներ են հայտնվել վարակի հետևանքով ամայացած քաղաքով անարգել շրջող կենդանիների տեսարաններով:
Ծնունդ առնելով Չինաստանից` անտեսանելի «փոքրիկը» ամենակարճ ժամանակում այնպիսի արագությամբ հասցրեց իր ներկայությունը հաստատել աշխարհում և հազարավոր մարդկանց կյանք խլել, որ սկզբնական շրջանում շատ երկրների կառավարություններ, հանկարծակիի եկած, այնքան էլ պատրաստ չէին չարիքի դեմն առնելու: Միայն հետո, ժողովրդական լեզվով ասած, երբ դանակը ոսկորին հասավ, հետևեցին արտակարգ դրությունները, պարետային ժամերը, կարանտինները և պատվաստանյութի ուշացած փնտրտուքը: Ոմանք շտապեցին վիրուսը կենսաբանական զենքի շարքում դիտարկել` մեղադրելով Չինաստանին, երբ Չինաստանն արդեն շրջանառել էր մեղքի ամերիկյան տարբերակը, տեսակետներ, ինչը, գոնե հիմա, հնարավոր չէ հաստատել կամ ժխտել: Սակայն երևույթը հեղինակավոր շատերի կողմից որակվեց որպես երրորդ համաշխարհային պատերազմ` այս անգամ առանց հրանոթների ու կործանիչների:
Պարզ դարձավ, որ գիտության թռիչքային զարգացումներն անգամ ի վիճակի չեն վնասազերծել մարդկությանը պանդեմիաներից և նմանատիպ այլ աղետներից, որ կենսաբանական հարձակումները պակաս աղետալի չեն, քան ատոմային ռումբը: Մեղավորը մարդկությունն ինքն է` բնության նկատմամբ իր քմահաճ, գազանաբարո վերաբերմունքով: Մեղավորը գերտերությունների` մյուսների հաշվին բարգավաճելու չնվազող ախորժակն է, ինչն ստիպում է մարդկությանը սպառնացող այլ սպառազինության հետ նաև քիմիական ու կենսաբանական զենքերի առավել զարհուրելի տարբերակներ հորինել:
Թագավարակը փաստացի հասկացնել տվեց, որ եկել է արժեհամակարգերը վերանայելու ժամանակը, կործանարար մրցակցություններից հրաժարվելու և ժողովուրդներին աղետներից ապահովագրող այլ մոտեցումներ մշակելու ժամանակը: Անտեսանելի վիրուսը, բոլորի համար անսպասելի, կարողացավ տարբեր ազգերի, առանց հաշվի առնելու` ինչ ռասայի են պատկանում, քաղաքակրթության զարգացման ինչ փուլում են և ինչ կրոն են դավանում, ճակատագրի նույն տանիքի տակ հավաքել` հասկացնելով, որ նրանք պարտադրված են միասնական լինել, քանզի բոլորի համար թշնամին ընդհանուր է:
Ցավոք, ընդհանուր թշնամու` թագավարակի դեմ պայքարը ինչով էլ ավարտվի, հնարավոր չի լինի այն որպես հաղթանակ ամրագրել. արդեն չափից դուրս շատ են կորուստները, և դժվար է հետագա կորուստների չափն ամրագրել: Միակ լավատեսականն այն է, որ իր պատմության ընթացքում մարդկությանը հաջողվել է նման շատ աղետներ` Էբոլա, H1N1, ՁԻԱՀ և այլն, հաղթահարել և, բնականաբար, այս անգամ էլ կկարողանա, բայց մի բան անառարկելի է, որ աշխարհը և մարդկությունը այլևս նույնը չեն լինի: Ժամանակը ցույց կտա` ինչքանով դրական կամ բացասական կլինի փոփոխությունը, քանի որ «մարտական» գործողությունների ընթացքում դժվար է որևէ բան կանխագուշակել:
Ինչ խոսք, Հայաստանը չէր կարող պանդեմիայի այս շղթայից դուրս մնալ: Եթե մեկ ամիս առաջ կորոնավիրուսը մեզ համար էկզոտիկա էր, այսօր վարակվածների և կարանտինի մեջ գտնվողների մե՛ր թվաբանությունն ունենք: Հայաստանը նույնպես ստիպված էր արտակարգ դրություն սահմանել, համաճարակի կանխարգելման կոշտ միջոցների դիմել, մյուս երկրների նման նույնիսկ ելումուտը սահմանափակել:
Իրականացվող միջոցառումների արդյունավետության գնահատականը կարելի է գտնել փարիզաբնակ մեր հայրենակցուհու` Աննա Մաճկալյանի ֆեսբուքյան գրառման մեջ: «Հեռվից հետևում եմ և հիանում, թե Հայաստանում ինչ սրտացավությամբ և կազմակերպված են անում հնարավորը` պայքարելով համաճարակի դեմ: Իհարկե, կարող են ասել. «Բայց որ շուտ ձեռնարկվեր կամ այսպես չարվեր, այնպես արվեր, ավելի լավ կլիներ և այլն» (մեկն էլ` ես…): Փաստն այն է, որ այսօրվա աշխատանքն աչքերիս առաջ է: Ասեմ ավելին, ոչ մի եվրոպական երկրում այսպիսի հիգիենա և օպերատիվ աշխատանք չի արվում: Ոչ մի եվրոպական երկիր այսքան շուտ (համեմատական) չանցավ գործողությունների, ինչպես Հայաստանը: Գրկում եմ նվիրյալ, սրտացավ հայերիս, առանձնահատուկ` առողջապահական ողջ անձնակազմին»:
Ինչպես ասում են, հեռվից ամեն ինչ ավելի լավ է երևում: Այժմ մեզանից յուրաքանչյուրիս պատասխանատվության աստիճանից և միասնականությունից է կախված, թե Հայաստանում որքան արագ և նվազագույն կորուստներով կհաջողվի ստիպել «անկոչ հյուրին» նահանջել: Պարզապես պարտավոր ենք պարտադրել այդ նահանջը, քանի որ մեր պարագայում այլ տարբերակը բացառվում է, որովհետև… մեր տարածքը նահանջի համար չափազանց սահմանափակ է:
One thought on “ԹԱԳԱԽՏ, ԹԱԳԱԺԱՀՐ, ՆՈՒՅՆ ԻՆՔԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ / Սամվել ԿՈՍՅԱՆ”