«ԼՈՒՌուՄՈՒՆՋ» շարք
Գրիր…
Գրիր` խոսենք…
Խոսենք, մինչև արևը կորոշի արթնանալ,
մինչև իր մանր, բայց ծակող շողերով կփորձի միջամտել մեր խոսակցությանը,
մինչև կգա ու իր ներկայությամբ չի թողնի, որ մենք մենակ մնանք…
Կգա ու քեզ էլի կտանի ինձանից,
իր թարմ ջերմությունը քեզ կտա
ու դու նորից կարթնանաս…
ու նորից ե՛ս չեմ լինի քեզ արթնացնողը:
Գրիր:
Գրիր` խոսենք…
Խոսենք, քանի դեռ ժամանակ ունենք,
քանի դեռ մենք ենք` երկուսով…
Քանի դեռ ոչ ոք չի որոշել քեզ տանել ինձնից:
Դու միայն գրիր:
Գրիր` խոսենք…
խոսենք առանց տառ, առանց բառ,
լռությամբ խոսենք
միմյանց հպված
մի շնչով
մի շարժումով`
այդպես կխոսենք:
Գրիր, որ խոսենք:
***
Էջերը մնացին սպիտակ.
Ձեռագիրդ չդաջվեց…
***
Խոսիր,
Չլռես այլևս,
Չեմ թողնելու,
Չեմ սփոփելու,
Փայփայելու…
Նայիր,
Չփակես աչքերդ,
Արգելում եմ,
Խանգարում եմ,
Սիրիր,
Ես թողնում եմ,
Գրկում
ու համբուրում եմ…
Նվիրիր
ինձ`
քեզ…
***
Ուզում էի կյանքումս մի բան փոխել:
Դու չեկար…
Իսկ ես փոխեցի վարսերիս գույնը:
***
Հիմա չգիտեմ` դու ուր ես:
Չգիտեմ` դու ումն ես:
Դու ինձ լսու՞մ ես, տեսնու՞մ…
կարոտու՞մ ես:
Ես չգիտեմ` դու ուր ես,
ո՞նց ես, ո՞նց չես…
Կարոտում եմ, բայց չէ՛,
դա քեզ համար չափից դուրս շատ է:
Դու էլ իմը չես… ինձ հետ չես… ինձ մոտ չես…
Դու այնտեղ ես, որտեղ քեզ լավ է…
երևի…
Դու այնտեղ ես, որտեղ քեզ սպասել են…
երևի…
Դու այնտեղ ես…
Հաստատ:
Կար ժամանակ, գիտեի` դու ուր ես,
ես գիտեի` դու ումն ես,
ես էի քեզ սպասողը:
Իսկ հիմա…
գոնե այնտեղ քեզ սիրու՞մ են…
***
Բառերս մնացել են օդում,
Նրանք չգիտեն` ինչպես գրկել քեզ…
***
Երբեք չեմ եղել և չեմ լինի միակդ,
Գիտեմ, զգացել եմ, կարող ես լուռ մնալ հիմա:
Սիրել եմ, փոխարենն ատել չեմ կարողացել
Ու քեզնից հեռու շատ եմ մնացել:
Հերիք է, գրել ես, ու ամեն ինչ փոխվել է,
Նամակդ գլխիվայր ամեն ինչ փոխելէ,
Ու հիմա ցավում է հերթական անգամ
Իմ մեջ մնացած կարոտն իսկական…
***
Մեքենան կանգ առավ:
Կանգ առավ ճանապարհի ամենահետաքրքիր
հատվածում, ամենահետաքրքիր պահին,
ամենահետաքրքիր ժամանակ:
Կանգ առավ ու չցանկացավ էլ ընթանալ:
Ես իջա մեքենայից:
***
Դու չկաս, այստեղ չես,
Միշտ էլ քիչ ես եղել.
Թե հանկարծ անգամ եկել ես,
Մեկ է, դու ինձ չես հերիքել…
***
Ու դու կարևոր դարձար,
Քեզ սիրելու համար չափից
շատ ուժ չպահանջվեց,
Դու արդեն ունեիր քո տեղը, այն պետք էր ուղղակի զբաղեցնել:
Քեզ կորցնելու վախից ես դադարել էի նայել կողքերս,
Որ հանկարծ չտեսնեմ, թե ինչպես ես հեռանում:
Ձայներ չկային, լռությունն էր խոսում մեզ հետ,
Մեր մտքերն էին փարվում… կարծես,
Բայց ուշ էր, լռությունն էր արդեն քեզ հետ…