Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ / ԿՈԽԿՐՏՎԱԾ ՕՐԵՐԻ ՆՍՏՎԱԾՔՈՒՄ

ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ԽԱՂ
Երկի՛րս, էս ի՞նչ մարդ ես,
որ տառապում ես մեզ պես զավակների
շարվեշառոտ գոյությունից`
դառնալով տեսիլված ուրվական`
քամե սանձով Անգլուխ ձիավոր,
որից վախեցած ժողովուրդդ,
գլխից բռնված ձկան պես,
պոչն ավազներին է զարկում
ու անկոպ աչքերը չռում
մեկ` երկնքին, մեկ էլ` հողին:
…Եվ Հոր,
և Որդու,
և Հոգու առջև
անհավատներ են վխտում
խեղկատակ չինովնիկների կերպարանքներով,
որոնք թաքցրել են ֆեսերն ու
քրտնած մատների արանքում
ճերմակ թուղթ են օրորում
տերողորմյայի փոխարեն,
իսկ թղթին գիր է` արձանագրություն,
ինչ-որ պատանյակի հայրենափրկիչ երազ`
ի հեճուկս անզոր «պոչախաղի»:

ԱՆՄԵԿՆԵԼԻ
Մեն-ակ եմ
ճշմարտությունների մեջ տարատեսակ:
Առաջին իսկ բառիս հետ եմ ընդունել
ԱՍՏՎԱԾՆԵՐԻ գոյությունն
իբրև աշխարհի բազմակարծություն:
Խիղճս այդպես էլ ո՛չ պակասեց ու ո՛չ շատացավ,
իսկ հուսախաբվածները երեսիս նետեցին`
ի՜նչ խեղճ ես, որ չես տեսնում դժբախտությունդ…
Նայեցի երկնքից ընկած հացին,
որն ամեն կողմից պոկոտում էին,
ու ինձ բան չհասավ,
ինչպես հեքիաթների վերջում`
խնձորներից և ոչ մեկը:
Շրթունքներս պրկվում են.
ինքնասածներն այսպես են ժպտում`
հանդուրժելով աշխարհի բազմաժանրությունը…
Մեն-ակ եմ…

ԱՆԿՈՒՄ
Կար ժամանակ` գրողը հերոս էր,
կանայք կուրորեն սիրում էին նրան,
տղամարդիկ` պատկառում,
երեխաները` սիրով ընդօրինակում,
իսկ պետությունը պաչում, դնում էր գլխին`
մեկ` որպես լայնեզր գլխարկ,
մեկ էլ` ապարոշ, փափախ ու կեպի,
նույնիսկ զինվորի գլխարկ ու վեղար…
…հիմա այդ ամենը թանգարանի նկուղում է,
իսկ հերոսատեղ-պատվանդանը
փողով է ծածկված,
ու նրա վրա հաբռգած ճեմում են
պատվեր կատարող լրագրողները…

ԳԱՌՆԱՐՈՏ
Կյանքս քայլեցի մարդաստվածներից հեռու,
քայլեցի, քայլեցի,
բայց մենակ չէի.
իմ կողքից, ետևից ու առջևից
այլք էլ էին քայլում:
Օրեցօր մաշվեց կայտառությունս,
հիմա ետ եմ ընկել,
շուրջս ամա է…
Աստվա՜ծ իմ, որքան ուշ հասկացա,
որ ամբողջ կյանքս տանուլ եմ տվել սուրուի մեջ:

ՀԱՅՐԵՆԻՔ ԻՄ
Մեկ օդից ես փախչում,
մեկ` ջրից,
թռիչքիդ թևերը թաց են,
սկալողդ` անխռիկ,
արյանդ կարմիր գնդիկները թափանցիկ են դարձել.
ով ասես` գալիս, անցնում է միջով…
է՜, Հայրենիք…
քեզ ով ասես` բռնաբարում է այլախոհությամբ,
իսկ դու համբերում ես կրկեսի արտիստի պես,
ցատկոտում ապակու ջարդոնի
ու մարմրող ածուխի վրա,
լողում տղմոտ ջրերում ու… էլի դիմանում:

ԱՆՀԵՂԼԻ ՏԱԳՆԱՊ
Թավշե տենորի
հաշվեկշռված ձայնի տիրույթում,
ավա՜ղ, խեղվում են վեհ գաղափարներ`
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱՎՈՒՆՔ, ՎՐԵԺ,
և տարրալուծվում
օտարին վայել, անհոգ «ԳՈՒԼՅԱՆԿՈՒՄ»,
ուր բարձր ու խրոխտ
թմբուկ է զարկում
հայի տականքը`
գլուխը դարձած հինգերորդ կոչվող
մի մեծ շարասյան…
սովետականը չոր մատն է տնկել սորոսականին
ու հարցնում է ինձ.
«Ա՛յ աչոք տկար, ո՞րերորդ հինգի…»:
Պապանձվում եմ ես:
…Եվ մոլորված է շատ հին մի երկիր`
իբր թե ազատ,
իբր թե անկախ,
իբր թե տենչող… ամբողջացմանը:

ԵՐԿԸՆՏՐԱՆՔ
Սահմանի վիճակ.
հատնում ենք հատ-հատ,
մթնում ենք լույս-լույս…
կոչնակի զանգը վաղուց խեղդել ենք խափշիկի ռեփով
ու ստորադասվել վաղանցիկության քմայքների մեջ,
չենք նկատում, որ փշուրը հացի կաթիլն է լացի:
Սահմանի վիճակ.
տարագրվում ենք`
գույն-գույն ներկվելով մեր իսկ մարմնում,
ու շատ օտար է շունչը օդ դարձած.
տոթ է հոգևոր…
տապ է, հորն է խոր…
Սահմանի վիճակ.
հեգնոտ երկինքը
մեջքով հպվել է դիտապաստ երկրին
ու գլորում է տիեզերքն ի վար
հյուլեն պայթուցիկ`
չգիտակցված Հայրենյաց ցավի
երկփեղկված մաղձին:

ԵՐԿԳՈՒՅՆԻ ՍՏՎԵՐՈՒՄ
Ես` հոգս,
փլվել եմ փեշոլոր փայտին նստարանի
և թանձրածոր ալիք տվել`
ծուռումուռ, անդուր…
հոգիս` մշուշ-գոլորշի աչքերս մարող,
գլխիցս վեր սև-սպիտակ կաչաղակն է կչկչում անդուլ`
ծառի ճյուղը հարազատ ամբիոն դարձրած…
ո՜նց է կչկչում պղպեղ կերած պատգամավորի պես:
Սուլեցի ուժգին…
չկտրեց ձայնն այդ հոգեառը` իշխանական ոգով տոգորված.
քարով խփեցի…
վրա տվեցին պահապանները կենդանիների
ու ներարկեցին երակներիս մեջ իբր պակասող
խղճի… շիճուկը,
որ համբերությունս չունենա սահման…
որ ես հասկանամ` հոգսով ապրելն է երջանկությունը
սպիտակ ու սև գունամամլիչում:

Ի ԴԵՊ ՀԱՅՐԵՆԻՔ
Մինչ փափկասուն տիկնայք Հայոց աշխարհի,
ազգային ժողովի ամբիոնը գրկած,
օրգազմ են ապրում,
հոգսից ծանրացած հայուհիները
հարճեր են դառնում «սիվտակ սոմի» զխկրտված
գեր առնետների հարբած տռփանքում…
…սոդոմ-գոմորը հեռու չէ այնքան…
ՆԵՐԿԱՅԻ ՄՈՒԺՈՒՄ
Այս քանի դար է`
արյանս երկրում կյանքը թերթվում է
Նիկոլի թվից կախ ընկած,
անտես օրացուցանքով:
Հոգի է մաշում
քաղաքակրթված հավախմբերի
երգը կչկչան,
որոնք, հիացած փոփոլ աքլորի կարմիր վզկախով,
երկինքներ շանթող վեհ արծիվների
ճախրն են փնովում…
համատարած է. կույր թե աչքաբաց,
ով լեզու ունի,
«սուրբ» մարգարե է իրեն համարում,
պայծառատեսի համոզվածությամբ
քրթմնջում անվերջ.
«Ախր ասողին լավ լսող է պետք»:
Կյանքը և մահը ամբողջություն է,
ու երբ որ մահին ուզում ես խաբել,
դու ես հենց խաբվում…
…այսահարից ու չորաշունչ թվից ես այս ո՞ւր հասա,
երբ որ տեսածս մոռացություն է`
Հայկյան տոմարի բռնաբարություն,
իսկ լսածս` զավեշտից եկող անտարբեր ծիծաղ:
…Թթվաշ խոտդ կեր,
թթվաշ խոտդ… կեր:

ՀԱՅԱՍՏԱՆ, ՄԱՅԻՍ, 2018 թ.
Բռնաբարված, բայց… զուլալ հայրենիք,
երեխայի կամ տարփուհու նման գրկից գիրկ անցել,
մեկ ծծել սև կաթ,
մեկ էլ` ի՜նչ ամոթ.
բեղմնավորվել ես մթնախորշանքից
ու եկել, հասել Նիկոլի նոր թիվ`
ինքնամաքրումի հավատը պահած,
թե կգա օրը` բերելով բարին,
և զորությունդ, լույս-հոգի դարձած,
քամեզարկ կանի երկկացության օդը հայադավ,
որ արտաշունչն է բարեկամներիդ:
Սակայն…
օրվա փոխարեն բացվեց մի նոր դար
և նորածնի պես ձեռքը նետելով`
իր պորտալարը շա՜տ ամուր բռնեց,
ինքնաբուխ ճչաց`
օն անդր, առաջ…

ԳԱՅԹԱԾ ԺԱՄԱՆԱԿ
Քոր տվող ցանի պես
հայ գաղթօջախները սփռված են աշխարհով մեկ,
իսկ ամենամեղքը, որ լացի չափ ցավոտ է,
իմ Հայաստանն է,
որովհետև անհայրենիք ՊՈԼԻՑԱՅՆԵՐՆ
այստեղ այնքան շատ են ու ամենուր,
որ օր օրի, ազգի «փրկիչներին» հակառակ,
պակասում են ազգայինները,
ու նրանց մե՛կ ռուսի օրհնված ոտքն է տրորում,
մե՛կ` սորոսի ալեծածան գույնը,
մե՛կ էլ` ինչ իմանամ` ո՛ւմ…
(տեսնես մի օր կբացվե՞ն ԿԳԲ-ի արխիվները),
…առեղծված Հայաստան…
բա բանաստեղծնե՜րդ…
բանաստեղծները թլոր Դավիթի մասին
կարծես էլ չեն գրում.
օրվա հերոսը Փոքր Մհերն է`
ազգուտակի հետ հայրենիքը լքած:

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ
Այս հողը ծարավ թե երկինք չունի,
Ծառն ինչպե՞ս պիտի կանաչներ հագնի,
Արմատ ու սաղարթ ճյուղերով պատի,
Հավերժի ճամփան մեղմիվ հովհարի:

Այս ջուրը հոսող թե չունի երկինք,
Հոգին ինչպե՞ս պիտ երգի հայրենիք,
Կյանքի բաբախը դառնա խենթ ալիք,
Սրբի չար ու դավ, շենացնի տանիք:

Այս հողը, ջուրը երկինք չունեն թե,
Դավաճանության սարսուռով խեթե
Ո՞վ է մոլորվում ունայնում մութե,
Մոռանում կենաց լույս-սերը կաթե:

Այս հո՞ղը երկինք չունի, թե՞ ջուրը…
Ամբողջ երկնքի արցունքացողը
Ո՞վ է հավաքում, լցնում իր սիրտը,
Որպես հոր արյուն, ինչպես մոր… կաթը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։