Հավատալով խոսքի ուժին, որին ապավինում են աշխարհի բոլոր սրբազան գրքերը, իմ ազգին՝ ողջ երկրագնդի վրա, 2026-ին մաղթում եմ բարօրություն և խաղաղ կյանք: Թող «Գրական թերթի» էջերից մաղթանքներս թևեր առնեն ու գործնական ուժ ստանան: 2025 թվականը ինձ համար ուրախալի էր նրանով, որ շատ օժտված, երիտասարդ գրականագետ Կարեն Մանուչարյանը հաջողությամբ թեկնածուական ատենախոսություն պաշտպանեց՝ նվիրված մեծատաղանդ գրող Գուրգեն Խանջյանի ստեղծագործությանը: Մաղթում եմ, որ «Գրական թերթը» շարունակի լույս տեսնել թղթային տարբերակով, որն, իհարկե, մեծ առավելություն է: Մաղթում եմ, որ հայերը դառնան ավելի կարգապահ ու աշխատասեր, մտածեն ոչ միայն իրենց անձի, այլև ընդհանուրի մասին: Մաղթում եմ, որ հոգևորը հզորանա և մերժի աստվածային պատվիրաններից հեռացումը:
Մաղթում եմ՝ անկեղծ ու արժանապատիվ լինել ու երբեք չմոռանալ մեր մեծերի ավանդները, միաժամանակ համընթաց քայլել ներկա, տեխնիկապես խիստ հագեցած դարաշրջանի հետ:
