Ժամանակը, որ մեզ համար լոկ ժամանակագրական ինչ-որ ցուցիչ է կամ սահման, անվրդով շարունակում է իր հավիտենական պտույտը կյանքերի ու մահերի միջով: Այս 2025 թվականն էլ, որ Կանաչ Փայտե Օձի տարին էր, և հույս էր ներշնչում իր իմաստնությամբ, մտքի ճկունությամբ, համբերությամբ homo sapiens-ին տալ հնարավորություն` ապրելու էվոլուցիայի ևս մի փուլ, որ Երկիր մոլորակը շարունակի առաքելությունը հրաշքի ծիրում` փառաբանելով Աստծո նվիրապետությունը, ավաղ, հուսախաբ արեց դեռևս իր մանկության կեռմաններում կռիվ-կռիվ խաղացող մարդկությանը` բերելով նոր պատերազմներ, սահմանազատումներ, ատելության արհեստածին նոր տեսություններ և զոմբիացում՝ արհեստական բանականությամբ ծրագրավորված: Երիցս ճիշտ էին հինավուրց ժամանակների իմաստունները, որոնք գիտեին. աշխարհում ոչինչ նոր չէ, ամենն արդեն եղել է ու էլի կլինի նոր կրկնություններով…
Օձի խորհուրդը մնաց լոկ որպես սիմվոլ ու նշան, իսկ գալիք 2026 թվականը Հրեղեն Կարմիր Ձիու տարին է, և սա ոչ թե ամեն ինչ կրակի ճարակ դարձնելու ժամանակն է մատնանշում, այլ` մարդ արարածի ներսի բացասական կրքերի սանձման, այդ ամեն ինչ ոչնչացնող կրակը ստեղծագործական, արարչական ոլորտներ տեղափոխելու ժամանակ: Այսինքն՝ մարդու հոգևոր աշխարհի ուժերը պետք է գտնվեն նրա կամային ուժերի հսկողության տակ, որպեսզի ստորին, նյութական, բնազդային կրքերի էներգիան զսպվի և սուբլիմացիայի միջոցով վերափոխվի Ոգեղեն բարձրագույն ստեղծագործական էներգիաների:
Ես լավատես եմ և հույսով, որ 2026 թվականին հայ ժողովուրդը կազատագրվի նախանձի, ատելության, իրարից վրեժխնդիր լինելու մոլուցքից, այդ ցածրագույն, ինքնաոչնչացնող արատից և ճիշտ ընտրությամբ կփոխի պարտությունների, անորոշության այս ընթացքը և Հրեղեն Ձիու պես, որպես Քուռկիկ Ջալալին, ծառս կլինի անդունդի եզրին, ու մենք հոգևոր կրակով մաքրված` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ միասին կսկսենք վերականգնել կորցրածը Սիրո արարչական հրաշքով:
Սուրեն ԴԱՎԹՅԱՆ
