Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

2025-ի տոնական օրերին թարգմանվել և անգլերենով տպվել էր իմ «Գունդուչիկն ու հայելին» մանկական գիրքը, և Գունդուչիկի հետ կապված այս նոր ալիքն ինձ համար կարևոր եղավ, քանի որ գրված-պատրաստ էր գրքի երկրորդ մասը, բայց դեռ աշխատում էի մատիտանկարների վրա։ Տարին սովորականի պես թափ էր հավաքում, հասցրել էի «Իսահակյանի մրցանակ» ստանալ «Բառ ընդ ժամանակս» ժողովածուիս համար և գիտաժողովի մասնակցության հրավեր ստացա Տոլստոյի տուն-թանգարանից։ Զահրատն ամբողջ ընթացքում թանգարանի իմ գիտական մշակման նյութն էր, բայց ապրիլի սկզբից ուշադրությանս առարկան դարձավ ԳԱԹ-ի մի այլ հավաքածու, որը զեկույցիս թեման էր՝ կապված Վ. Բրյուսովի անվան, 1916-ին նրա կազմած «Հայաստանի պոեզիան» թարգմանական հատորի հետ։ Այդ օրերին ես առիթ ունեցա ԱՊՀ մասնակիցներին ներկայացնել հայ բանաստեղծության գանձերը՝ Վահագնի ծնունդից մինչև միջնադար և անտի՝ ռուսերենին զուգադիր հնչեցնելով որոշ բնագրեր, և մայիսի սկզբին «Յասնայա Պոլյանա» այցելությունս խոր հետք թողեց իմ մեջ՝ թե՛ որպես թանգարանային հետազոտողի, թե՛ որպես բանաստեղծի, որը հաղորդ դարձավ մեծ Տոլստոյի հոգու երկրային տարածքներին – անպարփակելի…
Գունդուչիկի 2-րդ ժողովածուս սեպտեմբերի 1-ին մանուկների սեղանին էր՝ «Գունդուչիկը դպրոցում» խորագրով։ Թանգարանում ավարտել էի Զահրատի արխիվի մշակումը, սակայն Զահրատին առնչվող մի կարևոր ձեռնարկ ինձ հանգիստ չէր տալիս։ Դասակարգում էի նոր արխիվ՝ հընթացս լուծելով Գերմանիայից ստացած հրավերի վիզայի հարցերը։ Սա 2024-ին սկսված թարգմանական ծրագրի շարունակությունն էր, հրատարակված անթոլոգիայի ընթերցումները Գերմանիայի քաղաքներում՝ Մայնց, Կոբլենզ, Տրիեր… Անմոռանալի և հարուստ փորձառության օրեր։ Իսկ երբ նոյեմբերի 6-ին Երևան վերադարձա՝ գիտեի անելիքս Զահրատի իմ կազմած գրքի առնչությամբ, որին հետամուտ էի ամիսներ շարունակ… Հենց նախախնամության կամքով էր, որ իմ սիրելի Սոնա Վանը Երևանից զանգեց ինձ, երբ ես դեռ Գերմանիայում էի, և մեր փոխադարձ ջերմության ու սիրո ալիքի վրա էլ ինձ ասես վերևից հուշեցին, որ գրքի տպագրության համար դիմեմ Սոնային։ Հետագա ընթացքը հայտնի է. առջևում Կաղանդ է, և Զահրատի նոր ժողովածուն՝ ընթերցողի սեղանին։ Զահրատի 51 ընտրովի բանաստեղծություններ՝ նկարիչ Սարգիս Հովհաննիսյանի հեղինակած անձեռակերտ կազմի ներքո, որպես տոնի իսկական նվեր։ Ինձ համար՝ կարևոր հանգրվան Զահրատի 100-ամյակի նախաշեմից սկսած՝ Զահրատին վկայելու, սիրո և խոնարհումի, որին այնքան ճշգրիտ ձևակերպում տվեց սիրելի Սոնա Վանը՝ շնորհանդեսին ասելով. «Երբ մեկ բանաստեղծ նվիրվում է մեկ ուրիշ բանաստեղծի, դա նրա խոնարհումն է Բանաստեղծության խորանի առաջ, քանի որ նա իր ստեղծագործական ժամանակն է ներդնում…». Թանկագին Սոնա, զտարյուն բանաստեղծ, և ուրիշ ո՜վ կարող էր այդպես ճշգրիտ ասել, եթե ոչ բանաստեղծն ինքը՝ բանաստեղծին։ Արդեն մեկնում ես.- բարի թռիչք քեզ, սիրելի՛ Սոնա… 2025-ն այս օրերին ասես քեզ հետ օդ է բարձրանում, որ վերևներից նայի աշխարհին։ Այնտեղից է գալու 2026-ը, ու թող «Կաղանդի տոպրակների» բարության լույսով ողողված գա Նոր տարին, ու բանաստեղծությունը դառնա աշխարհը միավորող ամենամարդկային լեզուն։