ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ, թարգմանիչ
ՀՐԱՉՅԱ ԲԱՅՐԱՄՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Գիտության ու գրականության ճանաչված գործիչ` գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչյա Բայրամյանը բոլորեց յոթանասուն տարին: Ծնվել է 1945 թ. հունիսի 18-ին Տավուշի մարզի Բաղանիս գյուղում: Նախնական կրթությունն ստացել է տեղի ութամյա, ապա՝ Ոսկեվանի միջնակարգ դպրոցներում: 1963-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության (պարսից լեզվի և գրականության) բաժինը: Չորրորդ կուրսում ուսանողների փոխանակության կարգով գործուղվել է Թբիլիսիի պետական համալսարան՝ վրացերեն սովորելու: 1969 թ. ավարտելով երկու բուհերի դասընթացները և ստանալով արևելագետ-բանասերի որակավորում՝ աշխատանքի է նշանակվել ԵՊՀ հայ-վրացական բանասիրության նորաբաց ուսումնական կաբինետում: 1970-1974 թթ. վերստին գործուղվել է ԹՊՀ` նպատակային ասպիրանտուրա: 1975-ին «Վրաց գրականությունը հայ քննադատության մեջ. 1846-1916 թթ.» թեմայով տեղում վրացերեն պաշտպանել է ատենախոսություն, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1975-2006 թթ. եղել է ԵՊՀ հայագիտության կենտրոնի գիտաշխատող, 1977-2001 թթ.՝ հիշյալ կենտրոնի խորհրդի քարտուղար, 1981–ից՝ գիտահետազոտական խմբի ղեկավար: 2006-2013 թթ. ԵՊՀ ՀՀԻ վրացագիտության հայկական կենտրոնի տնօրեն, 2014-ից հայ-վրացական հարաբերությունների բաժնի վարիչն է, միաժամանակ վրացագիտական առարկաներ է դասավանդում մայր բուհում:
Տակավին ուսանողական տարիներից Հրաչյա Բայրամյանն զբաղվել է թարգմանական գործունեությամբ. նվիրյալ մտավորականը վրացերենից թարգմանել և առանձին գրքերով լույս է ընծայել Ռևազ Ինանիշվիլու «Լռություն ճանապարհին» պատմվածքների ժողովածուն (1979), Լադո Մրելաշվիլու «Իղալթոեցի տղաները» (1981), Գուրամ Փանջիկիձեի «Ակնաքար» (1982), Նոդար Դումբաձեի «Հավերժության օրենքը» (1983) վեպերը, վերջինիս Ընտիր երկերը՝ երկու հատորով (1987), ապա և պատմվածքների ժողովածուն ու «Կուկարաչա» վիպակը (1990), Իոսեբ Գրիշաշվիլու «Հին Թիֆլիսի գրական բոհեմը» (1989), «Հայ-վրաց գրական, պատմամշակութային հարցերը վրաց ընթացիկ մամուլում» (2001), Ռևազ Միշվելաձեի նովելների ժողովածուն (2001, 2005):
Վերոհիշյալ գրքերից բացի, Հրաչյա Բայրամյանի թարգմանությամբ մեր գրական հանդեսներում, ալմանախներում, քրեստոմատիական ժողովածուներում, ամսագրերում ու թերթերում տպագրված վրաց դասական և ժամանակակից խոշորագույն գրողներից Ակակի Ծերեթելու, Ալեքսանդրե Ղազբեգիի, Գեորգի Լեոնիձեի, Սերգո Կլդիաշվիլու, Թամազ Ճիլաձեի, Արչիլ Սուլակաուրիի, Օտիա Իոսելիանիի, Շալվա Ամինաշվիլու, Գիվի Սիխարուլիձեի, Ռևազ Գաբրիաձեի, Մաղվալա Գոնաշվիլու, Ակա Մորչիլաձեի, Դաթո Տուրաշվիլու և տասնյակ այլոց ավելի քան հարյուր լավագույն ստեղծագործություններին ծանոթանալու համար հայ գրասերը պարտական է Հրաչյա Բայրամյանին: Նշենք, որ թարգմանություններ կատարել է նաև չափածոյից, որոնք բնավ չեն զիջում արձակից արված թարգմանություններին:
Հրաչյա Բայրամյանը անձնական, ստեղծագործական, գրական- բարեկամական կապեր ուներ և ունի թվարկված գրողներից շատ-շատերի հետ: Ահա ինչ է գրել Նոդար Դումբաձեն իր երկերի հայ թարգմանչին հղած նամակներից մեկում. «…Ես անչափ ուրախ եմ, որ ինձ մոտ ու հարազատ հայ ընթերցողը հնարավորություն է ստացել կարդալու իմ վեպը իր մայրենի լեզվով: Սրտանց ցանկանում եմ Ձեզ՝ ստեղծագործական մեծ ուրախություններ ու հաջողություններ Ձեր գիտահետազոտական և գրական աշխատանքում, որը, հուսով եմ, նոր փայլուն ներդրում կլինի մեր եղբայրական ժողովուրդների բարեկամության, փոխհարաբերությունների տարեգրության և մեր մշակույթների պատմության մեջ…»:
Հրաչյա Բայրամյանի գրած սցենարներով նկարահանվել և հայկական հեռուստատեսությամբ պատկերասփռվել են «Իրակլի Աբաշիձե» (1984), «Նոդար Դումբաձե» (1985. այս ֆիլմը թարգմանվել և բազմիցս ցուցադրվել է նաև վրացական հեռուստատեսությամբ), «Սայաթ-Նովա» (1987), «Գալաքտիոն Տաբիձե» (1987), «Գաբրիել Սունդուկյան» (1988), «Շոթա Ռուսթավելի» (1990) գիտահանրամատչելի և ուսումնափաստավավերագրական ֆիլմերը: Վաստակաշատ վրացագետը հայկական հեռուստատեսությամբ վարել է դասախոսությունների շարք՝ նվիրված վրաց գրականության երևելի այլ դեմքերի կյանքին ու գործունեությանը:
Արգասավոր է նաև Բայրամյան գիտնականի ուղին. հեղինակել է ավելի քան հարյուր հիսուն գիտահետազոտական աշխատանք, գիտական, գրական-քննադատական հոդված, գրախոսություն, վրաց գրողների դիմանկարներ, որոնք հայերեն, ռուսերեն, վրացերեն հրապարակվել են Հայաստանի և արտերկրի ամսագրերում ու հանդեսներում, պարբերական մամուլում, Հայաստանում հրատարակված հանրագիտարաններում և վերաբերում են վրաց հին, նոր ու նորագույն գրականությանը, հայ-վրացական գրական-պատմամշակութային առնչություններին, տեսական և գործնական թարգմանության հարցերին:
Հրաչյա Բայրամյանը զեկուցումներով պարբերաբար հանդես է գալիս վրաց և հայ մեծանուն գրողների, դրամատուրգների, գրականագետների հոբելյանների առթիվ կազմակերպված նստաշրջաններում ու հանդիսավոր նիստերին, ինչպես նաև հայագիտությանն ու վրացագիտությանը նվիրված միջազգային գիտաժողովներում՝ Երևանում և Թբիլիսիում:
Գիտնականը հեղինակել է «Ակնարկներ վրաց նոր գրականության պատմության (1800-1890)», «Վրաց գրականությունը V-XIX դարերում», «Վրաց լեզու», «Էջեր հայ-վրացական գրական կապերի պատմությունից» ձեռնարկները (Հայաստանի միջնակարգ և բարձրագույն մի շարք ուսումնական հաստատությունների ուսանողները և վրացագիտական առարկաներ անցնող դպրոցների սաները նրա հեղինակած դասագրքերով են վրացագիտության գիտելիքներ ստանում): Կազմել, խմբագրել, առաջաբաններով և ծանոթագրություններով հրատարակել է «Ձայն բարեկամության», որ եզակի է իր տեսակի մեջ, «Վրացական պոեզիա» («Ուսանողի գրադարան» մատենաշար), «Հայ գրողները վրաց գրականության մասին», «Վրաց երկինք» («Համաշխարհային գրականություն պատանիների համար» մատենաշար), «Հայ-վրաց գրական, պատմամշակութային հարցերը վրաց մամուլում», «Ուղեցույց աստղը» ժողովածուները, որի մեջ ի մի են բերված Հովհ. Թումանյանի ստեղծագործությունները՝ նվիրված Վրաստանին ու վրաց ժողովրդին, ինչպես նաև վրաց նշանավոր գրողների գնահատանքի խոսքերը Ամենայն հայոց բանաստեղծի մասին, լույս է ընծայել «Հայերեն-վրացերեն զրուցարանը», որի հիման վրա նաև «Русско-грузинский разговорник»-ը՝ ռուսախոսների համար:
Վրաց լեզվին փայլուն տիրապետելու լավագույն վկայություններից մեկն էլ այն է, որ օտարազգի այնպիսի նշանավոր հայագետ-վրացագետներ, որպիսիք են ֆրանսիացի Ժան Պիեռ Մահեն, շոտլանդացի Փիթեր Քաուեն, սլովակ թարգմանչուհի Օլգա Ռովենսկայան, վրացերենի իրենց նախնական գիտելիքներն ստացել են հենց Հրաչյա Բայրամյանի շնորհիվ:
Մայր բուհում նրա ղեկավարած հայ-վրացական հարաբերությունների բաժինը արդյունավետ գիտամանկավարժական գործունեություն է ծավալում վրաց գրականության պատմության, հայ-վրացական լեզվական առնչությունների, հայ-վրացական գրական և պատմամշակութային կապերի, վրացերեն լույս տեսած հայագիտական աշխատություններից լավագույնների հայերեն թարգմանության ու հրատարակության ուղղությամբ:
Հրաչյա Բայրամյանը հանդես է եկել նաև հրապարակախոսական հոդվածներով ու ելույթներով:
Հայ-վրաց գրական-մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, վրաց դասական և ժամանակակից գրողների երկերի բարձրորակ թարգմանությունների և հայ-վրացական բանասիրությանը նվիրված ուսումնասիրությունների համար Հրաչյա Բայրամյանը պարգևատրվել է Վրաստանի գրողների ստեղծագործական միության Իվանե Մաչաբելու անվան մրցանակով, Թբիլիսիի քաղաքապետարանի «Վրացական մշակույթի բարեկամ» մեդալով և «Պատվո դիպլոմ»-ով: Նա 1985-ից՝ ԽՍՀՄ, ապա՝ Հայաստանի գրողների միության, իսկ 1990-ից՝ Հայաստան – Վրաստան ընկերության վարչության անդամ է:
Բազմավաստակ մտավորականը իր ուժերն ու հնարավորությունները նվիրաբերել է այն հանրաշահ գործին, որ կոչվում է հայ և վրաց ժողովուրդների բարեկամություն: Գաղտնիք չէ, որ բարեկամությունը կայուն, հաստատուն է նախ և առաջ տվյալ ժողովրդի պատմության, գրականության և արվեստի իմացությամբ, ինչը մերձեցնում և հարստացնում է ժողովուրդների հոգևոր կյանքն առհասարակ:
Ծավալած մանկավարժական, գրականագիտական և թարգմանչական աշխատանքները պայմանավորված են այդ գործոնով, մեր նախնիներից եկող ուսանելի ավանդներով, ներկա և ապագա սերունդների ապագայի մտահոգությամբ: Ձգտում է ավելի բովանդակալից դարձնել հայ-վրաց գրական-մշակութային և բարի-դրացիական կապերի անդաստանը:
Հրաչյա Բայրամյանը այսօր էլ նվիրումով ծառայում է հայ-վրացական գրական-պատմամշակութային շփումների ծավալմանն ու Հայաստանում վրացագիտության զարգացմանը՝ իր նպաստը բերելով սեփական ժողովրդի հոգևոր գանձարանի հարստացմանը: Պետք է խոստովանել, որ նա դա անում է իրեն բնորոշ համեստությամբ, առանց թմբկահարելու, առանց աղմուկի, առանց դրվատանքի, գնահատանքի ապասելու կամ ակնկալելու…
Սիրելի հոբելյար, տողերիս հեղինակը սրտանց շնորհավորում է Ձեզ՝ ծննդյան յոթանասունամյակի առթիվ, մաղթում ամենալավը, բարին ու լուսավորը: Վստահաբար այս բարեմաղթանքներին միանում են Ձեր բոլոր բարեկամները, ընկերները, նախկին ու ներկա ուսանողները, բոլոր նրանք, ովքեր թեկուզ կարճատև առնչություն են ունեցել Ձեզ հետ: Մեր ազգը Ձեզ նման անհատների կարիք շատ ունի, մանավանդ այս հոգեզուրկ ժամանակներում: