Սերբական Սրեմսկա Միտրովիցա քաղաքում օրերս տեղի է ունեցել «Ապոլոն» միջազգային գրական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողություն: Մրցանակակիրը մեր հայրենակից, բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանն է: Այդ մրցանակին նա արժանացել է իր ավելի քան քառասունամյա գրական և թարգմանական գործունեության համար:
«Ապոլոնը» ամենամյա մրցանակ է և շնորհվում է 1989 թվականից, իսկ 2011-ից այն կրում է միջազգային բնույթ: Առ այսօր «Ապոլոնի» մրցանակակիրներ են եղել բանաստեղծներ Կանադայից, Ֆրանսիայից, Ավստրիայիս, Գերմանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Մակեդոնիայից, Հունգարիայից և Սերբիայից:
«Ապոլոն» մրցանակը շնորհվում է գրական խոսքի տարածման գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար, այն բաղկացած է դիպլոմից և Սիրմիում անտիկ քաղաքի պարիսպների մոտ հայտնաբերված Ապոլոնի բնօրինակից պատճենած բրոնզակերտ կիսանդրուց:
Մրցանակը երախտագիտությամբ ընդունելիս Բաբկեն Սիմոնյանը կարդացել է իր «Սիրմիում» բանաստեղծությունը, որ նվիրված է հռոմեական կայսր Կոնստանտին Մեծին, ով ապրել է պատմական Սիրմիում՝ ներկայիս սերբական Սրեմսկա Միտրովիցա քաղաքում: Նա այցելել է նաև «Արքայական պալատի» թանգարան, ուր պահպանվել են Սիրմիումի ավերակները, և որը եղել է Կոնստանտին Մեծի նստավայրը: Մրցանակը հանձնել է Սրեմսկա Միտրովիցայի քաղաքապետ Տոմիսլավ Յանկովիչը: «Ապոլոն» մրցանակից զատ, Բաբկեն Սիմոնյանին շնորհվել է նաև Սիրմիում արքայական քաղաքի պատվավոր քաղաքացու դիպլոմ:
Մրցանակաբաշխությունից հետո սերբական Շիդ քաղաքում տեղի ունեցած գրական երեկոյի ընթացքում Բ. Սիմոնյանը ներկայացրել է բանաստեղծություններ՝ վերջերս լույս տեսած «Ես գիտեմ՝ ով եմ» իր նոր ժողովածուից, խոսել է հայ-սերբական գրական և թարգմանական կապերի մասին:
Դրանից զատ, Սերբիայի գրողների միությունում տեղի է ունեցել Բաբկեն Սիմոնյանի սերբերենով լույս տեսած «Մի պտղունց սերբական հող» գրքի շնորհանդեսը, որը, ըստ հեղինակի, հայ-սերբական բարեկամությունը խորհրդանշող գրական հուշարձան է, որով նա իր ջերմ ու անկեղծ վերաբերմունքն է արտահայտել մեզ բախտակից սերբերի հանդեպ: Խոսելով գրքի մասին՝ անվանի արևելագետ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Սերբիայի Հանրապետության դեսպան Դարկո Տանասկովիչը, որը նաև գրքի առաջաբանի հեղինակն է, բարձր է գնահատել Բաբկեն Սիմոնյանի գրական վաստակը՝ նշելով, որ նա պատվախնդրորեն և բարձր մակարդակով է ներկայացնում Սերբիայի Հանրապետությունը ոչ միայն որպես գրող, այլև պատվո հյուպատոս, անդրադարձել է նաև նրա հյուպատոսական գործունեությանը:
Սերբական երկու հեռուստաընկերությունների հրավերով նա հյուրընկալվել և խոսել է իր հյուպատոսական գործունեության, ներկայիս աշխարհաքաղաքական, ինչպես նաև արցախյան հիմնահարցի մասին:
«Ապոլոնի» մրցանակաբաշխությանը և նրա գրական երեկոյին լայնորեն անդրադարձել են սերբական զանգվածային լրատվամիջոցները: