Ես մտադիր չեմ մեկ առ մեկ վերլուծելու Միքայել Շաթիրյանի ստեղծագործությունները: Դրանք ժամանակին գնահատվել են հայ և ռուսական պարբերական մամուլում, նրա մասին ջերմ խոսքեր են ասել ավագ սերնդի շատ նշանավոր ներկայացուցիչներ: Կգա ժամանակը, երբ կխաղաղվի աշխարհը, իսկական գրական արժեքները կստանան իրենց արժանի գնահատականները, և Միքայել Շաթիրյանի մասին, հավատացած եմ, գրականագիտական լուրջ ուսումնասիրություններ էլ կգրվեն:
Շաթիրյանի «Արծաթե դար» պատմավեպում բոլոր «ոչ պատմական» դեպքերը միանգամայն պատմական են, բոլոր «ոչ պատմական» գործող անձինք ավելի շատ են ներկայացնում ժամանակի պատմությունը, քան գահակալական կռիվներով տարված իշխանավորները: Ստացվող առաջին տպավորություններից մեկն այն է, որ հեղինակը քնել-արթնացել, սիրել, ատել, զայրացել, գորովանքով լցվել է նրանց հետ: Նա քաջ գիտե նրանց կենցաղը, սովորությունները, նախապաշարմունքն ու սնահավատքը: Գիտե, թե ինչ են հագել նրանք, ինչով են հագեցրել քաղցն ու ծարավը, ինչպես են ընկերացել իրենց երիվարների հետ, գիտե, թե ինչ տվայտանքներ են ունեցել քաղաքական հաշիվներով ամուսնացած կանայք: Այս բոլորը դժվար, սարսափելի դժվար է ձեռք բերվում, և մի՛ զարմացեք, որ տաղանդավոր գրողը տարիներ է աշխատել այս և սրանց նման բաների հասու լինելու համար: Այս տեսակետից կարելի է ասել, որ Շաթիրյանը այն ժամանակներում ապրող մարդ էր:
Խաժակ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ
***
Շաթիրյանը բեղմնավոր էր ու մտահղացումներով հարուստ: Նրա թեմատիկան բազմազան էր ու լայն, մեծ էին նրա ժանրային հնարավորությունները` հրապարակախոսական հոդվածներ ու էսսեներ, պիեսներ ու կինոսցենարներ, վավերական լայնաշունչ վեպեր, որոնք վավերական հիմք ունենալով, բարձր գեղարվեստականություն ունեն: Գրում էր պատմվածքներ, վիպակներ ու վեպեր: Եվ ինչի էլ որ ձեռք էր զարկում` ստացվում էր:
Սաղաթել
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
***
Միքայել Շաթիրյանի «Արծաթե դար» պատմավեպը լուրջ և հասուն ստեղծագործություն է: Հեղինակն ասելիք ունի, ցավ ունի և, ամենակարևորը, պատմության փիլիսոփայական ընկալում: Վեպում պատմաբանն ու գեղագետը հանդես են գալիս օրգանական միասնությամբ, մեկը լրացնում և ճշտում է մյուսին: Սա այն դեպքն է, երբ գրողը հավատարիմ է մնացել պատմության թե՛ փաստին, թե՛ ոգուն: Հայրենասիրությունը, որ այս վեպի հերոսների էությունն է, ծնծղանային բնույթ չունի, ու երևի դրա համար էլ նրանք քիչ են խոսում հայրենիքի հանդեպ տածած իրենց սիրո մասին, հայտարարություններ չեն անում, չեն ցուցադրում, այլ ամեն մեկն այդ զգացումը ապրում է յուրովի, յուրովի է հասկանում և հայրենիքի փրկության յուրովի ճանապարհ է փնտրում:
«Արծաթե դարը» իր շոշափած լուրջ խնդիրներով, պատմության ու արդիականության նուրբ աղերսներով, ժամանակն ու մարդկային հոգեբանությունը փոխադարձ սերտ կապերի մեջ դիտելու հմտությամբ և իր այլ արժանիքների շնորհիվ ոչ միայն էլ ավելի է ամրապնդում գրողի «դիրքերը» ժամանակակից արձակում, այլև հարստացնում է մեր արձակը նշանակալի մի ստեղծագործությամբ:
Պերճ
ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ
***
Կիլիկիո Հայոց տան պատմությունը, որ ընթերցողական մեծ լսարանի համար գրեթե անծանոթ, անմեկնելի մի առեղծված էր (չմոռանանք, իհարկե, ծերենցյան փորձը), Միքայել Շաթիրյանի «Արծաթե դար» վեպով դարձավ սիստեմավորված, որոշակի կենսափիլիսոփայական հայեցակետով դիտարկված ու գնահատված ու նաև հարազատ, մեր ժողովրդի ճակատագրի անբեկանելի, վսեմ, ողբերգական պատումներից մեկը, որը չի կարելի չգիտենալ և չի կարելի մոռանալ:
Ալվարդ
ՊԵՏՐՈՍՅԱՆ
***
Արվեստի ու արվեստի մարդկանց հետ իմ այս օրերի խառնիխուռն շփումների, մեծ ու փոքր կրքերի թոհուբոհի մեջ ավելի ու ավելի հաճախ է հառնում Միքայել Շաթիրյանի լուսավոր կերպարը:
Մեր մշակույթի իսկապես որ քրտնաջան մի մշակ, որ, թվում է, եղավ ամեն ինչ և արեց ամեն ինչ, «հլա մի բան էլ ավելի», ինչպես կասեր «Նվագախմբի տղաներ»-ից մեկը…
Երբ 50-ական թվականներին ես եկա «Հայֆիլմ», նա կինոյի պետերից էր, և ահա այս տողերը գրելիս հայտնաբերում եմ, որ չգիտեմ էլ, թե ինչ պաշտոն էր վարում (հիմա պաշտոնավորների չափը երբեմն երևում է, նույնիսկ երբ իրենք չեն երևում): Այդպիսին էր Շաթիրյանը` ուղղակի մարդ, միայն մարդ, մշտապես մարդ՝ հանդարտ, ինքնավստահ, կիրթ…
Այդպիսին էր նա թե՛ իր վերընթաց ուղու ժամանակ գրական ասպարեզում, թե՛ իր վարչական աշխատանքի տարիներին, թե՛ նախանձելի հաջողությունների և թե՛ աննախանձելի բարդությունների և դժվարությունների օրերին, տարիներին…
***
1958 թվականին իմ համակուրսեցի Հենրիկ Մարգարյանի հետ համատեղ սկսեցինք աշխատանքները Միքայել Շաթիրյանի սցենարով «Նվագախմբի տղաները» ֆիլմի վրա… Յուրաքանչյուր ֆիլմ ունի իր անկրկնելի մթնոլորտը, այդ ֆիլմը նկարահանվել է մի շնչով, տոնական համընդհանուր տրամադրությամբ, նկարահանման ողջ խմբի միասնական ջանքերով, երբ միանգամից հայկական կինո «ներխուժեց» դերասանական մի նոր, թարմ ու կենսախինդ ջոկատ… Այսօր գուցեև ֆիլմի ինչ-ինչ մանրամասներ մի փոքր պարզունակ թվան, բայց մեր կինոդիտողը սիրեց այդ ֆիլմը, սիրեց նրա անսովոր հերոսներին, թևավոր դարձան շատ ու շատ ռեպլիկներ ու արտահայտություններ: Եվ, իհարկե, այդ հաջողությամբ մենք` կինոյի երկու սկսնակ ռեժիսորներս, պարտական էինք նախևառաջ Միքայել Շաթիրյանին: Հարցը միայն այն չէր, որ աշխատանքային և ոչ մի պահի նա զգալ չտվեց, որ մենք անփորձ ու սկսնակ կինոբեմադրիչներ էինք միայն, իսկ ինքը փորձված գրող ու դրամատուրգ, հարցը այն չէր, որ մենք երբեմն-երբեմն բռնանում էինք նրա հեղինակային իրավունքների վրա, դե, «մենք երկուսով էինք», իսկ նա «մեն-մենակ էր»: Ուղղակի, ինչպես բոլորովին վերջերս պարզվեց, Միքայել Շաթիրյանն էր եղել հիմնական պատճառը, որ մեզ վստահվեց առաջնակարգ ռեժիսորների` Համասի Մարտիրոսյանի, Ստեփան Կևորկովի, Էրազմ Մելիք-Քարամյանի, Արտաշես Հայարտյանի, Լաերտ Վաղարշյանի, Գրիգոր Մելիք-Ավագյանի կողքին ստանալ ինքնուրույն նկարահանելու իրավունք, տեղ գրավել նրանց պատվավոր շարքում… Եվ Շաթիրյանը ոչ մի պահ, նույնիսկ տասնյակ տարիներ հետո, ոչ մի հեռավոր ակնարկով անգամ մեզ այդ զգալ չտվեց…
Այդ համեստ, մի փոքր կռացած, բոլորովին էլ ոչ հերոսական արտաքինով մարդու նիհարավուն կրծքի տակ բաբախում էր մի ազնիվ, անհաշտ ու առնական սիրտ:
Հենրիկ ՄԱԼՅԱՆ
***
Ռազմաճակատային թերթերում հրապարակված առաջին պատմվածքներից մինչև հայոց այրուձիի մասին պատմական հետազոտություն-էսսեի գլուխները, որոնք, ավաղ, մնացին նրա գրասեղանին, Միքայել Շաթիրյանը հավատարիմ էր գրողի իր կոչմանը, իր գլխավոր թեմային` հայ ժողովուրդը և Հայաստանի պատմությունը, պատմությունը և մարդը պատմության մեջ` իբրև նրա նպատակն ու շարժիչ ուժը…
Միքայել Շաթիրյանի գրողական ճակատագիրը դասավորվեց այնպես, որ մինչև «Արծաթե դար» վեպը, Հայաստանի ընթերցողական շրջաններում նրան` ժամանակին հանրապետական ու միութենական պարբերականներում արձագանք գտած բազմաթիվ պատմվածքների, ծանրակշիռ վեպերի ու վիպակների հեղինակին գիտեին, հիմնականում, իբրև «Երաժշտախումբը» վիպակի, իսկ ավելի ճիշտ` որպես ահա քառորդ դար էկրանում աշխուժորեն ապրող «Նվագախմբի տղաները» ֆիլմի սցենարի հեղինակ: Միքայել Շաթիրյանը երբեմն ինքն էլ էր ձեռք առնում մեր հեռուստատեսային դարի այդ պարադոքսը, իսկ հետո արդեն լրջորեն տրտնջում, որ անիմանալի են գրքի` ընթերցողին հասնելու ուղիները, և հազվադեպ է գրողը կարողանում կանխագուշակել, թե իր խոսքն ինչ արձագանք է գտնելու…
«Արծաթե դար» վեպը, դառնալով գրողի հանրագումարային գիրքը, ընթերցողներին ու քննադատներին ասես հարկադրեց նորովի հայացք ձգելու Միքայել Շաթիրյանի ամբողջ ստեղծագործությանը: Մինչ այդ պատմավեպը, նրա բոլոր գրվածքները, կրկնում եմ, արժանացել էին մամուլի երբեմն ցնծալից, երբեմն շրջահայաց զգուշավորությամբ ուղեկցվող զուսպ վերաբերմունքին, այդուհանդերձ, այդ գրքերի և՛ գնահատականները, և՛ արձագանքները ասես կանխորոշված էին գրականության մեջ ըստ այն տեղի, որը հայտնի չէր, թե երբ է մեկընդմիշտ վերապահվել վիպասանին: Մինչդեռ, եթե արձակագիր Միքայել Շաթիրյանի` մինչ «Արծաթե դարն» ընկած ամբողջ ստեղծագործությունը դիտենք այս պատմավեպի պրիզմայով, ապա անկանխակալ վերաբերմունքի դեպքում, իսկ «Արծաթե դարը» մեզ հեռու է պահում հենց կանխակալ մոտեցումից, կպարզվի, որ այդ գրքերից յուրաքանչյուրը կարելի է համարել գրողի անուրանալի և լիակատար արժանի ներդրումը հետպատերազմյան հայ գրականության մեջ, առավել ևս, կպարզվի, որ Միքայել Շաթիրյանը պատմահրապարակախոսական պրոբլեմային վեպի սկզբնավորողն է ժամանակակից հայ արձակում:
Հարություն
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ