ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Մենք տարեկիցներ չէինք։
Ժամանակակիցներ էինք։
Նախորդ դարի 90-ականների վերելքի, կերպափոխության ու անկման մղձավանջն էր մեր ճակատագրի տերը, ու մենք պետք է մաքառեինք՝ վերստեղծելու նոր ժամանակը, կրելու մեր ուսերին անորոշության անծանոթ ու ծանր մի բեռ, որ այսօր լեռը բարձրանալու պես անհավանական է թվում… Գրական այսպիսի սկիզբը և՛ խոստումնալից էր, և՛ անշարժ՝ ավանդույթի և նորության միջև խորը մի անդունդ. գրական պրոցեսում՝ պաթոսով լեցուն, գաղափարախառը, ռոմանտիզմով վարակված ու ռեալապատկեր, քննադատության մեջ՝ օրվա շփոթին խառնված բանասիրական ծեքծեքումներ, որի հասակը բարոյախոսությունն էր, անունը՝ գրական ֆոլկլոր, ուր ժամանակն ասես, իբրև շրջված հայելի, մի պատկերի վրա կանգ էր առել:
Ժամանակն, ինչպես կասեին, շրջանակի մեջ էր թաղվել, լճացել հավերժ։ Եվ, ինչպես բանաստեղծը կասեր, կարիքից ծնվեց մի գրական սերունդ, որ այդ ճահիճը շարժեր։ Յուրաքանչյուրը՝ տարբեր իր կենսափորձով, անհատականությամբ ու գրական նախասկզբով… Եվ ահա նա՝ Գուրգեն Խանջյանը՝ կանչվածներից մեկը… տասնամյակների իր գրական ժառանգությամբ, արդեն առասպելացող անուն, որի հետ գրական մեր երկխոսությունը սկսվել է նախորդ դարից, շարունակվում է և, երևի, ավարտ չունենա։ Ինչո՞ւ։ Որովհետև ոչ մի մշակութային շրջան չի ավարտվում ինքնիրենով, ինչպես որ չէր սկսվել այն նախորդ դարի 90-ականներին, այլ՝ իր նախասկիզբն ուներ արդեն 60-80-ականներին։ Մշակույթն, ուստի, ինչ էլ ասեն, անհայր չի լինում. այն փոխակերպվում է։ Խանջյանի արձակը ահա ինչու փոխակերպության շրջանի արձակ էր, որ մեկնաբանության այլ ելակետ ուներ, գրապատմական հայեցության այլ հիմունք, որն անվանել էի «վիպական փիլիսոփայություն»։ Խանջյանի արձակը իր այս հիմքով նորաստեղծ էր, որ ծնվել էր ժամանակակից աշխարհի, մարդու մտավոր լճացման, ինքնության երկփեղկման ու անորոշության մեջ։ Ավելին, օտարվել էր մարդը իր ինքնությունից, հասարակական շարժումները, քաղաքականությունը օտարել էին անհատին, թեև անհատը դրա հիմքում է կայանում։ Հասարակական ես-ը, հետևաբար, քողարկել է անհատին, որ աշխարհի մեկ «միլիոներորդ» մասնիկն է, որի ինքնությունը տրոհված է այդքան չափով։ Հասարակական իդեան, ուրեմն, «ոչինչն» է, անհատի լինելությունը, Կիերկեգորի ասած, «ոչ ոք» (man) հասկացության փոխաբերությունը։ Ուստի, Խանջյանի արձակի կերպարը դեպրեսիվ անհատն է, որ հոգու մեղքը ընկալում է իբրև մարմնի մեղք, փոխատեղում ու փոխակերպում միմյանցով, զուգահեռ-արարչական աշխարհներին հանդիպադրում անհատին, ներսից և դրսից քննում էքզիստենցիայի աշխարհը, հոգին՝ ազատագրելու, քննելու և ճանաչելու ինքն իրեն, գոյության հենարան փնտրելու ազատության մի ոլորտում, ուր անհատը կարող է հասնել ինքնաճանաչողության և պատասխանատվության վերապրման միջոցով։ Ահա ինչու Խանջյանի արձակի նախասկիզբը սկսվում է «Հիվադանոց» (1994) վեպով, Գրիգորի կերպարում, շարունակվում «Ստվերներ խամաճիկների փողոցում» (1998), հաջորդում «Սպանել փրկչին» (2001), «Մարդկանց տուն ուղարկիր» (2004), «Լուր չկա» (2006), «Ենոքի աչքը» (2011) գրքերի վեպերում ու վիպակներում, ամբողջանում վիպական մի գլուխգործոցում, ինչպիսին «Տուր ձեռքդ, պստլո» (2017) վեպն է։ Սա արդեն քննության այլ ոլորտ է, ուր համաձուլված է վիպականը փիլիսոփայականին, փիլիսոփայականը՝ վիպականին։ Եվ թեև կերպարների պատկերասրահը լայն է Խանջյանի արձակում, բայց փիլիսոփայական նախահիմքը ձևավորվում է «Հիստերիաներ» վիպակում, կեցությունը տրոհում ժամանակի երկու՝ կյանքի և մահվան ոլորտում, ուր անհատի ողբերգական էությունը տրոհված է կյանքի և մահվան ժամանակի ընկալմամբ, այսինքն՝ անհատի կենսաբանական և բնազանցական նախահիմքերի գոյությամբ։ Խանջյանի կերպարներն, ուստի, գոյության իրենց իմաստին հանգում են նախակերպարի ներկայությամբ. «Հիստերիաներում»՝ իբրև «տարանցիկ մասնիկ», «Մարդկանց տուն ուղարկիր» վիպակում՝ տան փոխաբերությունը ընկալում իբրև խոսքի/լեզվի ոլորտ, որ գոյության միակ խարիսխն է՝ փոխակերպված արվեստի, ասել է՝ գրականության։ Իսկ «գոյության կենտրոնը», որ Խանջյանի կերպարը գոյության և ժամանակի ոլորտներում «թափառելուց» հետո որոնում է, տեսնում է իր «ներսում»՝ ինքնաճանաչողության մեջ, երբ արդեն անցել է ազատության և պատասխանատվության փորձարկման միջով, ինչպես Գրոֆոն «Ենոքի» աչքը» վեպում, ճանաչել մեղքը և սիրո կիրքը, ձեռքը մեկնել «պստլոյին», եկեղեցու տեսիլքը տեսնել «Տուր ձեռքդ, պստլո» վեպում, որ հայտնության դոստոևսկիական ըմբռնում է։ Խանջյանի արձակն էլ անհատի ազատագրության և հայտնության իր ճանապարհն է անցնում, որ վիպական և փիլիսոփայական իր կենսափորձն ունի, որ մեր լեզվի մեջ է ու նրա նախահիմքի արտահայտությանն է առնչվում, ուստի այն մեր գոյության կենսագրությունն է, ճանաչողության մատյանը։ Այն քննելու և արժևորելու հաճույքը և տանջանքը վերապրել եմ նաև ես, նախորդ դարի վերջից սկսած՝ գուցե և հիմք դրել Խանջյանի և մեր նոր արձակի մշակութային հիմքերի տեսական, գրական վերլուծությանը գրապատմական պրոցեսում, և այժմ, տասնամյակ անց, «երկրորդ աչքի» տեսնելու ժամանակն է, որ Խանջյանի արձակը քննի գրական գալիքի հայեցությամբ։ Եվ եթե ինձ էր վիճակված նաև լինելու այդ շրջանի քննադատը, մշակութային նոր որոնումների տեսաբանը ինչ-որ առումով, գրական այս սերունդը բերելու հրապարակ, ապա պարտքն է իմ ձեռք մեկնել «պստլոյին»՝ արժևորելու արդի հայ վեպի գլուխգործոցներից մեկը՝ «Տուր ձեռքդ, պստլո» վեպը, որ ոչ միայն Գուրգեն Խանջյանի արձակի, այլ նաև հայ վեպի նվաճումներից մեկն է։ Սա կլինի Խանջյանի տասնամյակների տքնության երախտագիտության պատասխանը, բայց նաև իմ պարտքի հատուցումը…
Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մշտաժամանակյա Խանջյանը
Մեկ անկթարթի պես անցավ հինգ տարին։ Կարծես երեկ լիներ, որ շնորհավորանքի տեքստ էի գրում Գուրգեն Խանջյանի յոթանասունամյակի կապակցությամբ։ Այդ առիթով հանդիպում կազմակերպվեց նաև Լոռու մարզային գրադարանում։ Որպես գրադարանի աշխատակից՝ ինքս էի նախաձեռնել միջոցառումը։ Վանաձորի գրասեր հանրությունը բարձր գնահատեց Խանջյանի բազմաժանր գրականությունը, հնչեցին մասնագիտական վերլուծություններ։ Վանաձորը սիրեց և ընդունեց Խանջյանին։ Գրողը հանդես եկավ շնորհակալական խոսքով՝ նշելով, որ դեռևս անսովոր է հնչում «յոթանասունամյակ» բառը։
Այսօր Խանջյանը յոթանասունհինգ տարեկան է, և այդ թիվն ինձ համար էլ նույնքան անսովոր է։ Գրականության պատմության մեջ տարիքը մատնանշող թվերն ավելի քան պայմանական են։ Խանջյանի վեպերից մեկի հերոսն ասում է. «Ես ի՞նչ ավագ։ Ես ամենաջահելից էլ ջահել եմ, ամենատարեցից էլ՝ տարեց։ Ես անժամանակ եմ»։ «Անժամանակ»… Այսինքն՝ մշտաժամանակյա։ Տարիքը Խանջյանի համար պարզապես պայմանական «թվային» հանգրվան է, որ ստեղծում է անցածն ամփոփելու առիթ ոչ միայն իր՝ հեղինակի, այլև մեզ՝ նրա գրականության ընթերցողների և հետազոտողների համար։
Խանջյանի գրականությամբ տարվելու, նրա մարդկային կերպարով հիանալու նախնական ազդակներս նման էին հենց Խանջյանի՝ Քոլթրեյնի ջազով հմայվելու սկզբնական շրջանին։ Ջազի մեծ երկրպագու Խանջյանն էսսեներից մեկում գրում է, որ նախքան Քոլթրեյնի երաժշտությունների ձայնագրություններ ձեռք բերելը հիանում էր նրա ազգանվամբ, որ յուրօրինակ երաժշտականություն էր կրում։ Ինքս էլ նախքան Խանջյանի գրականությանը ծանոթանալը մտքումս բազմիցս արտասանում էի նրա անուն-ազգանունը՝ «Գուրգեն Խանջյան»։ Եվ «գ»-երի, «խ»-ի ու «ջ»-ի համադրությունը թվում էր այնքան ներդաշնակ, որ ժամանակավորապես փոխարինում էր նրա գրականությանը։ Ու հետո սկսվեց ակտիվ ընթերցանության շրջանը։ «Հիվանդանոց»։ Վեպի առաջին նախադասությունը. «Տարօրինակ է»։ Վեպի հետագա էջերը, հիացմունքս Խանջյանի բացառիկ պատկերամտածողությամբ, սարսափի ու հիացմունքի համադրությունը, որ ճառագում էր գրքի էջերից։ Ու հետո արդեն բոլոր վեպերն ու վիպակները, պատմվածքներն ու պիեսներն անհագ կլանելուս շրջանը…
Ու Խանջյանի գրականությամբ զբաղվելու դեռևս վախվորած ու մի քիչ անվստահ որոշումս, գիտական ղեկավարիս՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի ոգևորող խոսքերը և Խանջյանի ստեղծագործական դիմանկարն ամբողջացնելու մեր համատեղ ջանքերը…
Գուրգեն Խանջյանն առաջին իսկ գրքերով ապահովել է իր կայուն ներկայությունը ժամանակակից հայ գրականության համաբնագրում։ Նրա գիրը մերօրյա կյանքի անմիջական արձագանքներից է՝ կերտված բարձր արվեստով և միջազգային չափանիշներին համապատասխան։ Մեր օրերի նյութապաշտ աշխարհում Խանջյանն այն քչերից է, որ առաջնորդվում է հոգևոր արժեքներով, կարևորում է այն, ինչ մնայուն է և մշտաժամանակյա։
Շնորհավորում եմ դասականության ճանապարհը բռնած արձակագրին և իմ ավագ ընկերոջը 75-ամյակի կապակցությամբ։ Մաղթում եմ գրական նորանոր նվաճումներ, ներքին ամրություն, ուժ ու եռանդ։
Պարո՛ն Խանջյան, Ձեր գրական ներկայությունը մեծագույն առհավատչյան է, որ մենք այսօր էլ ստեղծում ենք բարձր գրականություն։ Եղե՛ք առողջ ու երջանիկ, պահպանե՛ք Ձեր մեծ կամքը, շարունակե՛ք հավատարիմ մնալ հոգևոր բարձր արժեքներին։
Հ. Գ. Հուսով եմ՝ այս տարի Ձեզ կմատուցեմ իմ փոքրիկ նվերը. ավարտին կհասցնեմ Ձեր ստեղծագործությանը նվիրված ատենախոսությունս։
Կարեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ՝ ՄԵԾԱՏԱՂԱՆԴԸ
Այսօրվա հայ արձակի ու դրամատուրգիայի երևելի դեմքերից մեկն է Գուրգեն Խանջյանը: Նա հավասարի իրավունքով քայլում է մեր օրերի առաջադեմ երկրների նշանավոր գրողներին համընթաց:
Պատահական չէ, որ նրա բազմաթիվ մրցանակների շարքում առանձնանում են երկու պետական մրցանակները:
Հիանալի վեպերի, պատմվածքների հեղինակը իր բարձրագույն կրթությամբ գյուղատնտես է, ինչպես գյուղատնտես էին իմ սիրելի գրողներ Ակսել Բակունցն ու Մուշեղ Գալշոյանը:
Գուրգեն Խանջյանի ստեղծագործության գրական մեթոդը սյուրռեալիստ-ռեալիզմն է: Նուրբ հոգեբանական գյուտեր կան նրա «Հիվանդանոց», «Ենոքի աչքը», «Լուր չկա», «Տուր ձեռքդ, պստլո», «Ներսուդուրս» վեպերում և այլ գործերում:
Պետք է շեշտեմ սիրելի գրողի համեստությունը, որը նա դրսևորեց Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետի ուսանողության հետ հանդիպման ժամանակ: Ըստ ամենայնի ներկայացվեցին «Տուր ձեռքդ, պստլո» վեպի գրական արժանիքները, որի համար Գուրգեն Խանջյանը ստացել էր պետական բարձրագույն մրցանակը: Նա այնքան համեստ ներկայացրեց իր հիանալի վեպը, որ ես անմիջապես հիշեցի նշանավոր գրականագետ, բազմագիտակ Տիգրան Հախումյանի՝ Դերենիկ Դեմիրճյանի 50-ամյա գրական հոբելյանի մասին պատմող հուշերից մի դրվագ: Հոբելյանի վերջում՝ իր պատասխան խոսքում, մեծ դասականն ասել է. «Ես իմ ժողովրդին ոչ թե անչափ մեծ բան տվեցի, այլ անչափ ցանկացա մի ինչ-որ բան տալ» (Տե՛ս Տ. Հախումյան, Հուշեր, Երևան, 1987, էջ 70): Ահա այդպիսին է նաև Գուրգեն Խանջյանը, որի գրվածքներով ճանաչում ենք մեր օրերի կյանքի լուսավոր ու ստվերոտ կողմերը, տեսնում ենք չարի ու բարու՝ մարդկությանը հավերժորեն ուղեկցող պայքարի նոր դրվագները:
Երջանիկ եմ, որ Գուրգեն Խանջյանի ստեղծագործության մասին իմ հայցորդ Կարեն Մանուչարյանը գրականագիտական հմուտ վերլուծությամբ ատենախոսություն է պատրաստել: Սա ավելի քան արդիական անհրաժեշտություն է հայ գրականագիտության համար:
Մաղթում եմ սիրելի գրողին նորանոր ստեղծագործական հաջողություններ ու նրա հիանալի երկերի օտարալեզու թարգմանություններ:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ՀՈԳԱՏԱՐԸ
Եթե փորձեմ մեկ բառով բնորոշել Գուրգեն Խանջյան գրողին ու մարդուն, ապա պետք է ասեմ՝ հոգատարը։ 75 տարվա նրա հոբելյանական բարձունքի արդեն 40 տարին զուտ գրականությանն է՝ ստեղծումի՝ իր դեպքում արարքով, որովհետև Խանջյանը պարզապես գրող չէ կամ գրող չէ, որ միայն գրականություն է ստեղծում։ Նրա գրական առաջին իսկ երևումները, հետագայում նաև բազմաժանր իրացումները՝ պատմվածքի, վիպակի, վեպի, պիեսի, կոլաժի, էսսեի տեսքով, հոգատարության ցուցիչ են նախ՝ մեր գրականությանը. լրացնել պակաս տեղերը, բերել հերոսներ, որ չեն հանդիպում, քննել հարցեր, որոնցից խուսափում են, ստեղծել վիպական մոդելներ, որոնք անհրաժեշտ են, դիմել փորձարարությունների, առանց որոնց զարգացումն անհնար է… Ու այսօր փաստ է, որ առանց Գուրգեն Խանջյանի հոգատարության, այս դեպքում նույնն է, թե՝ ստեղծած գրականության՝ անկախության շրջանի մեր արձակի համապատկերը նույնքան հարուստ ու բազմաշերտ չէր լինի, հերոսներն ու թեմաները՝ այդքան հարազատ ու տարբերվող, բարձրացված խնդիրներն այդքան համարձակ ու նոր չէին լինի։
Նույնիսկ թարգմանական, ցավոք, ոչ շատ հաճախադեպ, ձեռնարկումներում Գուրգեն Խանջյանի հոգատարությունն ակնառու է։ Ճապոնացի մեծ գրող Կենձաբուրո Օեն, փաստորեն, հայերեն հնչեց հենց նրա շնորհիվ, և հայ ընթերցողը բացահայտեց մի նոր տաղանդավոր գրողի, հայ գրողը ծանոթացավ պատմվածքի վարպետության մեկ այլ աստիճանի։ Իսկ 19-րդ դարի ռուս գրող Վլադիմիր Օդոևսկու ընտիր պատմվածքների թարգմանությունը, այն դեպքում, երբ նույնիսկ ռուս ընթերցողներից քչերը գիտեն նրան, Խանջյանի հոգատար ջանքն էր մի կողմից՝ մոռացությունից վերհանել ևս մեկ տաղանդավոր գրողի, նաև՝ վերջին տարիներին ֆանտաստիկայով ու ֆենթըզիով տարված հայ, հատկապես երիտասարդ գրողներին ի ցույց դնելու ժանրի օգտակար ու հրաշալի նմուշներ։
Հոգատարության կարևորագույն ցուցիչ է «Գրեթերթի» ստեղծումը Գուրգեն Խանջյանի կողմից։ Տարբեր թերթերում, ամսագրերում ու կայքերում ցաքուցրիվ ու անհամակարգ երևումներով դրսևորվել փորձող երիտասարդ գրողների համար Խանջյանն ու «Գրեթերթը» արդեն մոտ 20 տարի իսկապես դարձան և՛ հարթակ, և՛ տուն, և նրանց կենսագրության անբաժանելի մասն են։
Ու միշտ ու առավել ևս հիմա՝ Գուրգեն Խանջյանին պետք է շրջապատել հոգատարությամբ, որպեսզի նրա՝ մեզ այնքան անհրաժեշտ հոգատարությունը շարունակվի երկար, թեպետ, անկախ դրանից, նա շարունակում է մեծ ներշնչանքով ստեղծագործել՝ նոր վեպի սպասումը կա արդեն, «Գրեթերթն» է շարունակում իր անխափան ընթացքը՝ գրականություն բերելով նորանոր երիտասարդների, ու ավելին՝ Գուրգեն Խանջյան քաղաքացին է առավել քան երբեք ակտիվ ու հոգատար հիմա՝ մեր պետության համար դժվար ժամանակներում ամենատարբեր հարթակներից իր խոսքը հնչեցնելով։
Ու նաև այդ պատճառով է նա թանկ, ու նաև այդ պատճառով է նա միշտ սիրելի։
Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ