Իր սկզբնավորման օրից՝ 1934 թվականից, Հայաստանի գրողների միությանը կից գործող Գրական ֆոնդը, որ ֆինանսավորվում էր ԽՍՀՄ Գրական ֆոնդից, կոչված էր լուծելու գրողների սոցիալ-կենցաղային հարցերը (առողջապահական, հանգստի և այլն), ինչպես նաև կազմակերպելու գրողների ստեղծագործական գործուղումներ ոչ միայն իրեն պատկանող Ծաղկաձորի և Սևանի՝ գրողների ստեղծագործական տներ, այլև Խորհրդային Միության տարբեր վայրերում գտնվող նույնատիպ տներ: Գրական ֆոնդի գործառույթներից մեկն էլ գրողների մշակութային կյանքի կազմակերպումն էր: Եվ այդ նպատակով նրա ենթակայության տակ ստեղծվում է Հայաստանի Գրողների տունը (անվանվել է նաև ակումբ), որը, համագործակցելով Հայաստանի գրողների միության հետ, գործել է մինչև 1991 թ. նոյեմբերի 20-ը:
Գրողների տունը Գրողների միության հետ համատեղ նրա մեծ և փոքր դահլիճներում կազմակերպում էր Գրողների միության գրական բաժանմունքների՝ արձակի, պոեզիայի, դրամատուրգիայի, թարգմանական և մանկական գրականության քննարկումներ (նաև նոր լույս տեսած գրքերի), բազմազան գրական երեկոներ, հանդիպումներ գրողների, գիտության, մշակույթի գործիչների հետ (ոչ միայն հայ): ՀԳՄ մեծ դահլիճում տեղի էին ունենում նաև կինոֆիլմերի ցուցադրություններ, համերգներ: Այն կազմակերպում էր նաև հայ դասական գրողներին նվիրված գրական մեծ երեկոներ մայրաքաղաքի մշակութային հաստատություններում (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հայֆիլհարմոնիայի մեծ և փոքր դահլիճներ, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն և այլն): Հաճախ ՀԳՄ-ն հյուրընկալում էր ոչ միայն հանրապետության քաղաքներում և շրջաններում ապրող, այլև արտերկրյա և ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից ժամանած օտարազգի գրողների, որոնց հետ հանդիպումները (հատկապես Թարգմանչաց տոնի օրերին) նույնպես Գրողների տունն էր կազմակերպում:
Հայաստանի Գրողների տունը, ինչպես Գրական ֆոնդին պատկանող Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տները, ուներ իրավաբանորեն իրեն հատկացված կնիք, ուներ տնօրեն՝ սպասարկող մեքենայով, հաշվապահ, գրական միջոցառումների ռեժիսոր, բեմը ձևավորող նկարիչ, մի քանի մեթոդիստներ[1] (միջոցառումների կազմակերպիչներ և պատասխանատուներ), հնչյունային օպերատոր, կինոֆիլմեր ցուցադրող մասնագետ (հրավիրվում էր դրսից), մաքրուհիներ: Յուրաքանչյուր միջոցառման համար տպվում էին հրավիրատոմսեր, ամենամսյա միջոցառումների գրքույկներ, որոնք ամեն ամսվա սկզբին փոստով առաքվում էին գրողներին՝ մասնակցության հրավերով:
Գրողների տունը տեղավորված էր գրողների միության շենքի առաջին հարկի աջ թևում գտնվող երեք առանձնասենյակներում: Գրողների տան աշխատակազմի աշխատավարձը վճարում էր Գրական ֆոնդը:
1988 թ. գարնանը՝ Հայաստանում արցախյան շարժման սկզբնավորման օրերին, Հայաստանի գրողների միությունը և Գրողների տունը աշխատասենյակներ են տրամադրում «Ղարաբաղ» կոմիտեին, իսկ 1990 թ. սեպտեմբերին Հայաստանի Գրողների տունը ժամանակավորապես դառնում է «Երկրապահ» կամավորական ջոկատի շտաբը:
«1990 թ. հունիսի 15-ին ՀԳՄ նախագահությունը հրապարակեց հայ գրողների ինքնուրույն կազմակերպություն դառնալու նախագիծը»[2], և մի քանի ամսից՝ սեպտեմբերի 28-ին և 1991 թ. փետրվարի 14-ին, երկու փուլով կայացավ ՀԳՄ 10-րդ համագումարը: 1991 թ. նոյեմբերի 20-ին Հայաստանի Գրողների տունը լուծարվեց և նույն թվականի դեկտեմբերի 1-ից անցավ ՀԳՄ (Հայաստանի գրողների միություն) համակարգի մեջ որպես Հայաստանի գրողների ակումբ՝ պահպանելով իր կարգավիճակը: 2001 թ. մայիսի 17-18-ին տեղի ունեցած ՀԳՄ 13-րդ համագումարից հետո ՀԳՄ ակումբը դարձավ ՀԳՄ մշակութային բաժին, որը գործում է մինչ օրս՝ կատարելով իր նույն գործառույթը:
Հ.Գ. Արդեն ամիսներ է, ինչ դատական ատյաններում քննարկվում է Հայաստանի գրողների միության շենքի պատկանելիության հարցը: Այս առումով, ի դեպ, տեղին է հիշատակել 1998 թ. օգոստոսի 3-ին ՀՀ Գլխավոր Պետարբիտրի պաշտոնակատար Ս. Մամիկոնյանին ուղղված մեծ գրող, այդ ժամանակաշրջանում՝ 1996-2001 թթ.-ին ՀԳՄ նախագահ Հրանտ Մաթևոսյանի գրությունից հետևյալ հատվածը.
«Երևան, Մարշալ Բաղրամյան 3 շենքը Հայաստանի գրողների միության սեփականությունն է՝ կառուցված նաև Միության միջոցներով: Այդ շենքը տրոհելու կամ օտարելու իրավունքը չի տրվում այս Հանրապետությունում ոչ մեկին, այն տրոհելու կամ օտարելու իրավունքը պատկանում է բացառորեն միայն Հայաստանի գրողների միության ընդհանուր ժողովին… Գրողների միության շենքի միակ սեփականատերը՝ Գրողների միության ընդհանուր ժողովը, ինձ չի լիազորում ճանաչել իր ունեցվածքի որևէ տրոհում կամ օտարման իրավունք»:
[1] Մեթոդիստներից էր տողերիս հեղինակը, որ Հայաստանի Գրողների տանն աշխատանքի էր ընդունվել 1986 թ. հունվարից:
[2] «Հայաստանի Գրողների Միություն. 70-րդ հանգրվան» (ժամանակագրություն), 1990 թ., Երևան, էջ 138-139:
