Սեպտեմբերի 21-ի առավոտյան 11-րդ դասարանցի թոռնիկս ինձ անակնկալ մատուցեց.
– Պապի՛կ, այսօր մեր Անկախության օրն է, շնորհավորում եմ:
Մինչ ես, զարմացած նրա բարեկիրթ վերաբերմունքից, փոխադարձելու բառեր էի փնտրում, նա շարունակեց.
– Գիտե՞ս, պապի՛կ, երեկ հայոց լեզվի ուսուցչուհին դասարանում մեզ բացատրեց, որ մեր անկախությունը ֆիկցիա է (այդպես էլ ասաց), որ մեր երկիրը իրականում բոլորովին էլ անկախ չէ և անցած երկուսուկես տասնամյակում առաջ է շարժվել Ռուսաստանի թելադրանքով` նրա շահերի շրջանակներում: Հետո ուսուցչուհիս ավելի վրդովված հիշեցրեց, որ վերջին շրջանում էլ Մոսկվան պարտադրում է մեր դպրոցներում ռուսաց լեզուն համարյա մեր մայրենիին հավասար ավանդելու գաղափարը:
Ես լսում էի թոռնիկիս «մեծական», բարձրահունչ դատողությունները և ակամա վերապրում այն մտահոգությունները, որ կապված էին հենց «վերջին շրջանում» հյուսիսից իրոք փչող վտանգավոր «քամիների» հետ, ինչը նոր տագնապների պատճառ է դարձել մեր հասարակությունում և քննարկումների ու բանավեճերի տեղիք տվել: Մենք` ավագ սերնդի մարդիկ, չենք մոռացել, որ խորհրդային ժամանակներում հայոց կրթարանների «ռուսաֆիկացումը» բարձր մակարդակի էր հասել: Ու հիմա ի՞նչ, «դա՞րձ ի շրջանս յուր», թե՞ ևս մի արգելապատնեշ մեր ազգային ինքնության պահպանման, իրական անկախության հասնելու ճանապարհին: Եվ թոռնիկս, որ ուզում է միջազգայնագետ դառնալ ու այնքան է տարված իր երազանքով և «գլուխ է հանում» միջազգային այս կամ այն հարցից ու սեփական կարծիքն է արտահայտում, մտահոգ ասաց.
– Չէ՜, պապի՛կ, թե այսպես գնա, մենք իրականում երբեք էլ անկախ չենք լինի, միշտ էլ Ռուսաստանը, դաշնակից-բարեկամ ձևանալով, մեզ իր ուզած ճանապահով կտանի,- հետո էլի մեծավարի ավելացրեց,- եթե մենք` ինքներս, ուշքի չգանք, չհաղթահարենք մեր մեջ նստած թշնամուն` ստրկամտությանը, և արժանապատիվ կեցվածքով չխոսենք մեծ տերությունների ու հենց Ռուսաստանի հետ, օտար քամիների հոսանքից երբեք դուրս չենք գա: Ճիշտ չե՞մ, պապի՛կ:
Ի՞նչ պատասխան տամ «միջազգայնագետ» թոռնիկիս: