Հոկտեմբերի 2-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Իրինա Գյուլնազարյանի անվան մրցանակների հանձնման արարողությունը:
Իրինա Գյուլնազարյանի անվան մրցանակաբաշխությունն անցկացնում է Իրինա Գյուլնազարյանի անվան հիմնադրամը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում` երիտասարդ բանաստեղծուհու վաղաժամ մահվանից հետո:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խոսելով արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխության մասին, նշեց, որ պոեզիայի այս մրցույթով վառ է պահվում բանաստեղծուհու հիշատակը: Ապա տեղեկացրեց, որ երիտասարդ գրողները հնարավորություն են ունենում տարվա ընթացքում Գրողների միության շրջանակում մի քանի մրցանակաբաշխությունների ներկայացնել իրենց գործերը` Նաթելլա Լալաբեկյանի, ՀՀ Նախագահի մրցանակը երիտասարդների համար և այլն: «Կցանկանայի, որ երիտասարդները լավ ծանոթ լինեին դասական հայ պոեզիային` Մեծարենցին, Իսահակյանին, Տերյանին, Չարենցին, Վարուժանին, Սիամանթոյին և այլն, որովհետև նրանք իսկապես մեծ լիցք են հաղորդում հայ գրողին: Հայոց լեզուն անպայմանորեն թրծվել է հայ պոեզիայի մեջ»,- ամփոփեց նա` հորդորելով սիրել մեր մշակույթը, մեր գրականությունը:
Ռոզա Եղիազարյանը իր դժգոհությունը հայտնեց երիտասարդ գրողների անփութության հանդեպ. «Այնպիսի տպավորություն է, թե ոչ միայն հայ պոեզիա չեն կարդացել, այլև` առհասարակ չեն կարդացել: Գրական պաշար չունեն, և դա զգացվում է նրանց գործերից, անգամ մրցանակներ ստացած երիտասարդները անփութորեն են վերաբերվում իրենց գրածին»,- ասաց նա, միաժամանակ փաստելով, որ կան նաև շատ շնորհալի երիտասարդներ, որոնց, բուռն քննարկումներից հետո, շնորհվեցին մրցանակները:
Սամվել Կոսյանն առաջարկեց ուշադիր լինել լեզվազգացողության նկատմամբ, որովհետև երբեմն հանդիպում են բառեր, որոնք անհարիր են տեքստին կամ տրամադրությանը: «Այս մրցանակաբաշխությունը երիտասարդ գրողների գնահատականը չէ, այլ կանխավճար է նրանց ապագա ստեղծագործությունների համար»,- ամփոփեց նա:
Մրցանակակիրները ելույթ ունեցան շնորհակալական խոսքով և կարդացին իրենց բանաստեղծություններից:
Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է 18 հեղինակ: Ժյուրիի կազմում ընդգրկված էին մրցանակաբաշխության աշխատանքների կազմակերպիչ-նախագահ Ռոզա Եղիազարյանը, բանաստեղծներ Սամվել Կոսյանը և Էդուարդ Հարենցը: Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև Իրինա Գյուլնազարյանի անվան հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամներ Մարիամ Մանուկյանը, Գայանե Օհանջանյանը և Սեդրակ Սարգսյանը: