Մշակույթի խոնարհ ծառան

Ապրիլի 10-ին ՀԳՄ Մեծ դահլիճում, ՀԳՄ-ի, ՀՀ մշակույթի նախարարության և Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի հետ համատեղ, տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված գրական հանդիսություն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գնահատելով հոբելյարի մարդկային էությունը, գրականության ու գրողի հանդեպ նրա վերաբերմունքը, ՀԳՄ-ի բոլոր անդամների անունից շնորհավորեց գրողին և նշեց, որ իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում Լ. Սարգսյանը հեղինակել է ավելի քան չորս տասնյակ չափածո և արձակ ժողովածու՝ հասցեագրված մեծահասակներին, պատանիներին ու մանուկներին, որոնք գնահատվել ու սիրվել են նրանց կողմից, թարգմանվել տարբեր ժողովուրդների լեզուներով: Այնուհետև «Լոռի» հայրենակցական միության և ՀԳՄ-ի հետ համատեղ սահմանված Հովհաննես Թումանյանի 2018 թվականի մրցանակը հանձնեց Լիպարիտ Սարգսյանին՝ ընդգծելով, որ նա Թումանյանի և՛ երկրացին է, և՛ ժառանգը՝ գրողական իմաստով:
Ավ. Իսահակյանի անվան ԿԳ տնօրեն Հասմիկ Կարապետյանը «Մշակույթի խոնարհ ծառա» բառերով բնութագրեց գրողին՝ նկատելով, որ բանաստեղծի կյանքի ճանապարհի շատ դրվագներ, էջեր կապված են գրադարանի հետ՝ գրականություն մուտք գործելիս Վարպետի օրհնանքը, վերջին 20 տարին գրադարանի «Բողբոջներ» ստուդիան ղեկավարելը: «Ձեր բանաստեղծությունները արժանապատիվ ապրելու օրինակներ են՝ մեղմ, հանդուրժող, փայփայող, միշտ ներող, որոնք ընթերցելիս փորձում ենք գտնել կախարդական բառերի խորհուրդը, պոետի գաղտնի ցանկությունները»,- ամփոփեց Հ. Կարապետյանը:
«Նա արմատներով իր գյուղին, բնակավայրի հողին ու ջրին կառչած անձնավորություն է»,- ասաց ՀՀ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը և նկատեց, որ շարունակելով մեծ գրողի՝ Հովհ. Թումանյանի ավանդույթները, Լ. Սարգսյանը ձգտում է Լոռվա աշխարհի «աղը» ամփոփել իր տարբեր գրքերում:
«Տեսել եմ, թե յուրաքանչյուր գրքի հետ ի՛նչ ապրումներ է ունենում, ինչպե՛ս է տառապում բանաստեղծությունը ձեռագրից գրքի վերածելու ճանապարհին»,- ասաց Հայկական հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանը՝ վստահեցնելով, որ Լ. Սարգսյանի բանաստեղծություններում թվացյալ մեղմության ներքո փոթորիկ կա անարդարությունների դեմ:
Լրագրող, արձակագիր Վրեժ Սարուխանյանի կարծիքով, Լ. Սարգսյանի ստեղծագործության համար կարելի է ընտրել մեկ խորագիր՝ «Մի բուռ ցորեն», որը խորհրդանշում է նրա պոեզիայի բարությունը: «Ազնիվ մշակի նման է Լիպարիտ Սարգսյանը, որ համեստորեն տանում է պոեզիայի ծանրությունը»,- հավելեց նա:
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտական գծով քարտուղար Մադլեն Հովսեփյանը փոխանցեց գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասված էր. «Ժառանգելով Լոռվա չքնաղ բնության խորիմաստությունը, բարությունն ու սերը՝ Դուք ստեղծել եք գրական հարուստ մի գանձարան, որից օգտվում են թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները: Ձեր ստեղծագործություններում հարազատ բնաշխարհն է ու ժամանակը, և մարդը՝ պարուրված հույսով ու լավատեսությամբ»:
Ելույթ ունեցան նաև Սուրեն Մուրադյանը, Թաթուլ Մանասերյանը և ուրիշներ: Երաժշտական կատարումներով ելույթ ունեցան «Զատիկ» մանկական համույթը (գեղ. ղեկ.՝ Լիլիթ Համբարձումյան), Արսեն Համբարյանը: Լ. Սարգսյանի ստեղծագործություններից կարդացին Գայանե Սամվելյանը և Ամիրան Գալստյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։