ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: Արձակագիր Ալիս Հովհաննիսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորելուց հետո ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն անդրադարձավ օրակարգային հարցերին: Նախ քննարկվեց Մոսկվայի միջազգային գրողների միությունից (ՄՄԳՄ) ստացված՝ սեպտեմբերի 19-ին ՄՄԳՄ 14-րդ հերթական հաշվետու համաժողովին մասնակցելու համար պատվիրակ ուղարկելու հարցը: Որոշվեց ՀԳՄ նախագահության անդամ, բանաստեղծ Լևոն Բլբուլյանին գործուղել Մոսկվա՝ մասնակցելու այդ համաժողովին: Ի դեպ, ՄՄԳՄ-ի հետ ՀԳՄ-ի համագործակցությունն սկսվել է դեռևս 2008 թվականից:
Երկրորդ հարցը վերաբերում էր հոկտեմբերին ավանդաբար կազմակերպվող Թարգմանչաց տոնին, որն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 10-15-ը և առաջին անգամ կրելու է միջազգային բնույթ, քանի որ հրավիրվել է տասը թարգմանիչ տարբեր երկրներից՝ Կալինա Զիոլա, Մաղվալա Գոնաշվիլի, Բաղաթեր Արաբուլի, Մանանա Գոգիաշվիլի, Ղավամեդդին Ռազավիզադե, Վարանդ, Օլեքսանդր Բոժկո, Ալան Ուայթհորն, Վահիդ Նադիր, Նինա Գաբրիելյան: ՀԳՄ-ն տարիներ շարունակ «Թարգմանչաց տոնն» անցկացնելու համար գործակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, այս տարի համագործակցում է նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ: «Կարծում եմ՝ առաջին անգամ միջազգայնացված Թարգմանչաց տոնը մեծ արձագանք կգտնի և լայն հնարավորություններ կստեղծի հայ գրականությամբ հետաքրքրվող թարգմանիչների համար»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և ներկայացրեց «Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնի ծրագիրը: Ըստ այդ ծրագրի՝ կլինեն բազմազան ու բազմաթիվ գրական-մշակութային միջոցառումներ Երևանում, Գյումրիում, Օշականում, հյուրերը կայցելեն թանգարաններ, Մատենադարան, Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր և այլն: Էդ. Միլիտոնյանն առաջարկեց թարգմանության ոլորտում որոշակի ներդրում ունեցող հյուրերից մի քանիսին պարգևատրել «Կանթեղ» մրցանակով և ՀԳՄ «Նարեկացի» հուշամեդալով, ընդ որում՝ նման պարգևատրությունը ևս կլինի առաջին անգամ:
Երրորդ հարցը վերաբերում էր ՀԳՄ 85-ամյակի տոնակատարությանը: Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ այն նախատեսվում է անցկացնել նոյեմբերին, որի շրջանակներում, հանդիսավոր նիստից բացի, միջոցառումներ կանցկացվեն թանգարաններում, գրախանութներում, գրադարաններում և այլուր:
Այնուհետև ՀԳՄ նախագահությունը որոշեց արտերկրում ապրող և գործող որոշ գրական-մշակութային գործիչների, որոնք որոշակի ավանդ են ներդնում տարբեր երկրների գրական կազմակերպությունների, հայկական համայնքների գրական-մշակութային միջավայրի հետ ՀԳՄ կապերի հաստատման ու ամրապնդման գործում, տալ ՀԳՄ պատվավոր անդամի կարգավիճակ:
Մյուս հարցը, որը բուռն քննարկվեց, վերաբերում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վարվող մշակութային քաղաքականությանը: Մասնավորապես՝ «Բուքֆեստ» Գրքի երևանյան փառատոնի կազմակերպման մրցույթ չի հայտարարվել, այլ որպես դրամաշնորհ տրվել է կոնկրետ կազմակերպության: ՀԳՄ նախագահությունը Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպման ընթացքում մի շարք հարցերի հետ քննարկել էր նաև գրահրատարակչական մրցանակաբաշխությունների, դրամաշնորհային ծրագրերի հանձնաժողովների ձևավորման հարցը, բայց նախարարի փոփոխությունից հետո մինչ օրս հայտնի չէ, թե ինչ սկզբունքով ու չափանիշներով են ձևավորվում այդ հանձնաժողովները, և արդյոք դրանց որոշ անդամներ իրենց վաստակով, մասնագիտական հմտություններով իրավունք ունե՞ն մերժելու գրողների գրքերի հրատարակումը: «Հրատարակչության աշխատակիցները չպետք է ընդգրկվեն հանձնաժողովի կազմում, եթե խնդիրը հրատարակչական դրամաշնորհին է վերաբերում»,- շեշտեցին նախագահության անդամները՝ հավելելով, որ նաև նախարարության աշխատակիցների առկայությունն է վիճարկելի (փոքրաթիվ հանձնաժողովում երեք աշխատակցի մասնակցություն)՝ նրանց գործառույթների մեջ որքանով է ընդգրկվում գեղարվեստական գրականության արժևորման և ընտրության հարցը: Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ գրողների մտահոգությունը փոխանցել է փոխնախարարներ Նարինե Թուխիկյանին և Արա Խզմալյանին` նրանց հետ հանդիպման ժամանակ: Ընդգծվեց նաև այն փաստը, որ դրամաշնորհային ծրագրի հայտարարության մեջ նշված է, որ նախապատվությունը կտրվի երիտասարդ գրողներին: Մինչդեռ դա կարող էր անվանակարգ լինել, կամ էլ առանձին ծրագրով որոշակի տարիքի հեղինակների համար ինչ-որ բան առաջարկվեր: Կշեռքի նժարներին դնել ահել ու ջահել գրողներին և հակադրել միմյանց, թերևս, ճիշտ չէ: Նաև նշվեց, որ նախկինում դրամաշնորհ ստացած հեղինակների գրքերը հիմնականում հրատարակվում են հանձնաժողովի անդամ-հրատարակչության աշխատակիցների հրատարակչություններում: Սա ևս կասկածների տեղիք է տալիս: Մերժվել են շատ հայտնի գրողներ, և չի հայտարարվել, թե ովքեր են շահողները: ՀԳՄ նախագահության անդամներն այս գործելաձևը անընդունելի և հակագրական են համարում և դիմում են նախարարության նորանշանակ ղեկավարներին՝ չեղարկել դրամաշնորհի մրցույթի արդյունքները:
Հարցի վերաբերյալ կարծիքներ հայտնեցին Կ. Խոդիկյանը, Ա. Ավանեսյանը, Ս. Հարությունյանը: Վերջինս մասնավորապես նկատեց, որ պետական բարձրագույն մրցանակներ (ՀՀ Նախագահի և Պետական) ստացած հեղինակները պետք է գիրքը ոչ թե սկսնակների հետ հավասար հարթության վրա ներկայացնեն, այլ առանց քննարկման ֆինանսավորվեն՝ որպես մասնագիտորեն ու պետականորեն գնահատված գործ: Մյուս խնդիրը, որին անդրադարձավ Սուսաննա Հարությունյանը, գրականագիտությունը, թարգմանությունը, գեղարվեստական գրականությունը միևնույն հանձնաժողովին ներկայացնելն է, մինչդեռ պետք է լինեն տարբեր հանձնաժողովներ՝ կազմված համապատասխան մասնագետներից:
ՀԳՄ նախագահության նիստի ավարտին որոշվեց առաջարկություններն ամփոփելուց հետո ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։