Բարի օր ամեն օր

Սեպտեմբերի 28-ին ՀԲԸՄ-ի դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, մանկագիր Յուրի Սահակյանի 80-ամյակին նվիրված գրական հանդիսություն և «Տերևն ասաց տերևին» մանկական ընտրանու շնորհանդեսը:
Երեկոն սկսվեց Յուրի Սահակյանի «Ամեն օր բարի օր» տեսաուղերձով:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Յուրի Սահակյանը գրականություն մուտք գործեց 60-ականների սերնդի հետ, շեշտեց, որ առաջին իսկ գրքով երևաց, որ նա շնորհալի բանաստեղծ է: Մանկական թեմատիկան դարձավ նրա ստեղծագործական նկատելի դիմագիծը` բնորոշելով նրան իբրև ժամանակի լավագույն մանկագիրներից մեկին: «Պատահական չէ, որ Սահակյանի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով, հայ կոմպոզիտորները բազմաթիվ հրաշալի երգեր են գրել նրա տեքստերով»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հավելեց, որ նրա բանաստեղծություններն ընդգրկվել են դպրոցական դասագրքերում:
ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, անդրադառնալով Յուրի Սահակյանի մարդկային նկարագրին, գնահատեց նրա պարզությունն ու անկեղծությունը: «Մանկական գրականությունը հատուկ անկեղծություն է պահանջում, ինչն էլ հստակ արտահայտված է Յու. Սահակյանի գործերում»,- ասաց նա` գլխավոր գնահատականը համարելով տարբեր սերունդների ներկայությունը գրողի 80-ամյակի երեկոյին, ինչպես նաև այն երգերը, որոնք գրվել են նրա բառերի հիման վրա մեծ երաժիշտների կողմից: Այնուհետև գրականության մեջ ունեցած մեծ ավանդի համար ՀՀ մշակույթի նախարարի հրամանով Յու. Սահակյանին պարգևատրեց Մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով` Ոսկե մեդալով:
Բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը Յու. Սահակյանին բնորոշեց իբրև ազնվության ու բարության միասնության, որը հենց նրա ստեղծագործությունների ոգին ու էությունն է: «Յուրայի բանաստեղծությունները` գրված թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար, այնքան ազնվություն են պարունակում իրենց մեջ, այնքան պարզ են, շիտակ, բարոյապես ուսանելի, որ անվերջ կարդալով` մտորում ես, թե ինչ մեծ մարդու հետ գործ ունես»,- նկատեց Լ. Սարգսյանը և հիշեց հրատարակչությունում միասին աշխատած տարիները, Յու. Սահակյանի ջերմ վերաբերմունքը երիտասարդ հեղինակների հանդեպ:
«Բանաստեղծ, որը սնվում է հողից, հայոց արմատներից, և եզակի բանաստեղծ, որ հայրենիքի և հայրենասիրության մասին խոսում է ոչ թե ամպագոռգոռ բառերով, այլ խորունկ սիրով»,- ընդգծեց Խնկո-Ապոր անվան գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը, հավելելով, որ Յու. Սահակյանի մանկական բանաստեղծությունները, որոնք հայտնի են իրենց վճիտությամբ, զուլալությամբ, պարզությամբ ու անմիջականությամբ, նաև ուսուցողական բնույթ են կրում:
«Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ- տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանի շնորհավորական ուղերձը կարդաց Գայանե Սամվելյանը:
Գրականագետ Լյուդվիգ Կարապետյանի հավաստմամբ` Յուրի Սահակյանը անխոնջ պարտիզպանի նվիրվածությամբ «հայ մանկագրության այգում» բազում պտղաբեր ծառեր է աճեցրել, ամեն ծառը` մի նոր գիրք: «Երեխաների հոգեբանության ու մտածողության հրաշալի զգացողությամբ, պարզ, գրավիչ, զվարթ տարերքով, ժողովրդի բանահյուսվածքի ոգեղենությամբ շնչող նրա բանաստեղծություններով սերունդներ են կրթվում ու դաստիարակվում»,- ասաց Լ. Կարապետյանը և հավելեց, որ մանկական գրող լինելը նվիրական առաքելություն է ու բարդ կոչում, որ հպարտությամբ կրում է Յուրի Սահակյանը:
Ելույթ ունեցան նաև կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ստեփան Բաբաթորոսյանը, Մարտին Վարդազարյանը և ուրիշներ:
Յուրի Սահակյանի բանաստեղծություններից կարդացին Գայանե Սամվելյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ամիրան Գալստյանը, Խնկո-Ապոր անվան գրադարանի սաները:
Յուրի Սահակյանի խոսքերի հիման վրա գրված երաժշտական կատարումներով ելույթ ունեցան երաժշտական համույթներ և անհատ կատարողներ:
Երեկոյի հանդիսավարն էր ասմունքող Գայանե Սամվելյանը:
Հանդիսությունը կազմակերպվել էին ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀԳՄ-ն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։