Ես ուզում եմ գնալ այստեղից: Ցանկալի է՝ ընդմիշտ:
Ուզում եմ գնալ լավ երկիր, որն ունի ապագա, որտեղ մարդիկ իրար ժպտում են, եթե նույնիսկ միայնակ են կամ ցավ ունեն: Երկիր, որտեղ մարդիկ միացյալ ճակատագիր ունեն, որտեղ հարգում են իրար, օգնում են ու չեն ինքնահաստատվում ուրիշի սխալի հաշվին: Այնտեղ, ուր չեն զանգում հանդիպելու համար, այլ պարզապես գնում են հյուր: Որտեղ մարդիկ բարյացակամ են ոչ թե խոսքերով, այլ գործով:
Մենք խեղդվում ենք բացասականի մեջ: Աշխարհի ոչ մի այլ լեզվում սիրո խոստովանության մեջ չկա «մահ» բառը: «Я буду любить тебя до конца жизни!», «I will love you till the end of my life», «Я буду любити тебе до кінця мого життя», «Je vous aimerai jusqu’Ո la fin de ma vie»… Ու միայն մենք՝ «Ես քեզ կսիրեմ մինչև մահս»:
Մոսկվայում տաքսի եմ նստում. «Բարի եղեք, Մեծ Չերկիզովյան փողոց, տուն 42, կորպուս 2»: Տաքսու վարորդը. «Դա որտե՞ղ է… թատրոնի՞, թե՞ ցուցասրահի մոտ: Հա՛, հիշեցի, մոտակայքում թեթև ատլետիկայի աշխարհի չեմպիոնն է ապրում»:
Երևան: Տաքսում. «Բարի եղեք, Բաբայանի փողոց, 22»: Տաքսու վարորդը. «Էդ… աղբանոցի՞, թե՞ քանդված տան կողքինն է: Չէ՛, հիշեցի, էն կամրջի մոտ, որտեղից երկու սիրահարներ էին իրենց ցած գցել»:
Ինչո՞ւ: Որտեղի՞ց է բացասականի նկատմամբ նման կողմնորոշումը: Ինչո՞ւ ենք մենք սնվում «մեռելաթեմայով»: Որտեղի՞ց է այս հոգեկան կաննիբալիզմ-նեկրոֆիլիան: Աշխարհի ցանկացած մի այլ երկրում, սեղանի շուրջ եթե հանկարծ բառը սխալ կամ ոչ տեղին ասես, քեզ չեն ուղղի: Իսկ մեզանում՝ այն էլ ինչպե՜ս… Հաճելի՛ զոհ ես: Քեզ կուղղեն, հետո կուղղորդեն: Իսկ եթե փորձես հակադարձել՝ վիճակդ ավելի կվատթարացնես:
Կասեք՝ մեր ճակատագի՞րն է այդպիսին՝ արյունոտ: Բազմաչարչար պատմություն ունենք, դրա համար ենք տխուր, ուրախանալ չենք կարողանում: Դրա համար են մեր տոները հոգեհանգիստ հիշեցնում, իսկ տոնական զարդարված բնակավայրերը խղճուկ են անհնարինության աստիճան:
Այնպես որ, ես ուզում եմ գնալ մի երկիր, որտեղ մարդիկ, անկախ ամեն ինչից, ապագայի հույով են ապրում, օգնում են իրար, անկեղծ են սիրում, հարգում: Որտեղ ջահելները տեղ են զիջում ոչ թե, որ այդպես նորաձև է, այլ որովհետև այլ կերպ չեն կարող: Որտեղ բարևում ու խոնարհվում են Մեծ հայրենականի ու Արցախյան ազատամարտի զինվորներին: Որտեղ այդ նույն ազատարարները տնանկ ու մուրացիկ չեն, ու նրանց նկատմամբ վերաբերմունքը չի նսեմացված մինչև ողորմության աստիճան: Որտեղ կա պատիվ, արժանապատվություն, հպարտություն հասկացությունները:
Ես այստեղից ուզում եմ գնալ 1993 թվականի Երևանը: Թո՛ղ որ շրջափակում, լույս չկա, ցուրտ է ու սով: Այդ տարիներին ես ծառայում էի Կամերային թատրոնում: Ձեռքներս կծկվում էին ցրտից, բայց տաքանում էինք ընկերոջս հոր պատրաստած մանանեխով, բոլորս միասին տաքանում էինք մի պստիկ էլեկտրական տաքացուցիչով ու ԵՐՋԱՆԻԿ ԷԻՆՔ: Նիհարել էինք թերսնումից, բայց գեղեցիկ էինք և ուժեղ, որովհետև հավատում էինք հաղթանակին: Ներկայացման ժամանակ լույսն անջատում էին՝ բեմը լուսավորվում էր հանդիսատեսի հայացքների ջերմությամբ, ու մենք ԵՐՋԱՆԻԿ ԷԻՆՔ:
Ուզում եմ վերադառնալ 1993-ի Երևանը: Գավառական ագահությամբ ու նույնքան գռեհիկ ճաշակով չփչացած իմ քաղաքը: Այն Երևանը, որտեղ ես ինչ-որ ժամանակ լռեցի, և ինձ հետ՝ ուրիշները, ու մեր համր անտարբերություն-համաձայնությամբ իշխանության եկան մարդիկ, որոնք երբեք չէին սիրել ու այդպես էլ չսիրեցին այս երկիրը, այս հիասքանչ քաղաքը: Ես ուրախ կլինեի վերադառնալ 93-ի Երևանը: Եվ այնտեղից ԵՐԲԵՔ չվերադառնալ:
…Բայց ես շարունակում եմ ապրել: Երկրում, որը կռվել է, երբ ես սովորում էի: Շրջափակում, սառնամանիք, ջարդված ապակիներ, իսկ ուսուցիչները գալիս ու ցրտից դողալով՝ մեզ սովորեցնում էին: Իսկ մենք՝ ապագա ինժեներներս, ցրտից ճաքած ու արնահոսող մատներով գծագրում ու քննություն էինք հանձնում: Կամ չէինք հանձնում: Նույնիսկ «լիկվիդ» էինք ունենում…
Ես շարունակում եմ ապրել երկրում, որն ինձ ընտրություն տվեց: Բայց ես նախընտրում էի դեռևս դպրոցի դասերից փախչել միտինգների, գոռալով «Այո՛», որն այսօրվա թարգմանությամբ նշանակում է «Ո՛չ», հետո փորձեցի «ազատվել» բանակից, բայց (փառք Աստծու) չստացվեց, և այլն, և այլն… Եվ իմ և ուրիշ «ակտիվ երևանցիների» անտարբեր լռության արդյունքում կատարվեց այն, ինչին այսօր դիմադրել, ավաղ, անհնար է: Որովհետև այս հիդրան ծնվել է ոչ թե հեղափոխությամբ, այլ դարաշրջանների ճեղքվածքից, որտեղ սերունդներ են կորնչել:
Ես շարունակում եմ ապրել երկրում ու հպարտանալ, որ չեմ գնում այստեղից: Բրա՛վո: Բի՜ս: Պարծենում եմ, քանզի ընտրությունը մեծ չէ: Մեջբերելով Ջոնսոնի խոսքերը՝ «Հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է», հրաշալի գիտակցում եմ, որ իմ հնարավորությունները բառերով իրապես սահմանափակված են: Փորձում եմ մեդիտացիա անել… բացասականի մեջ: Երբեմն օգնում է:
Ես շարունակում եմ ապրել երկրում, որտեղ ինձ այսօր օտար եմ զգում ու ոչինչ չեմ անում «հայրենիք վերադառնալուս» համար: Շարունակում եմ հավատալ ժողովրդի լեգիտիմությանը և իշխանությունների մարդկայնությանը:
Ես շարունակում եմ ապրել երկրում, որտեղ, ունենալով նրա իսկ տված, նույնիսկ մեկից ավելի, բարձրագույն կրթությունը, ինձ թույլ եմ տալիս գոյատևել խղճուկ աշխատավարձով: Որտեղ, ստիպված մասնագիտանալով լրիվ այլ ոլորտում՝ ժուռնալիստիկայում, թույլ եմ տալիս ինձ դասավանդել իմ իսկ երկրում, որտեղ դասախոսության արժեքը հավասար է մեկ լուլաքաբաբի գնին: Այո՛, հենց այդ կերակրատեսակին, օտար ու օտարահնչուն:
Ես շարունակում եմ ապրել երկրում, որտեղ չեն դադարել «լաց լինել»: Որտեղ ամռանը սրճարաններում ասեղ գցելու տեղ չկա, որտեղ փողոցներում այնպիսի մեքենաների կհանդիպես, որոնց միայն ամենաթանկ ամսագրերում կարելի է տեսնել, որտեղ մարդիկ երջանիկ են, ժպտերես, բարյացակամ, բայց ամբողջության մեջ՝ «զրկված ենք, տառապում ենք, օգնե՛ք»:
Ես շարունակում եմ ապրել երկրում, որտեղ ամոթ է թերթել ընտանեկան ալբոմները, նայել ծնողների աչքերին: Որտեղ չկա աշխատելու ցանկություն, այլ միայն տառապել, պահանջել, հուսալ ու հավատալ նրան, ինչի մասին նույնիսկ մոտավորապես պատկերացում չունես:
Ես շարունակում եմ ապրել երկրում, որի համար համարյա ոչինչ չեմ արել: Ու դեռ համարձակվում եմ ինչ-որ բան պահանջել:
Ամո՛թ:
«Գրական թերթը» հայտարարում է մրցանակաբաշխություն` «Մեր անկախության 25 տարիները» թեմայով, հրապարակագրության և գրաքննադատության անվանակարգերում:
Հրապարակագրական հոդվածները պետք է լինեն մինչև 5 համակարգչային էջ, գրաքննադատականը` մինչև 8 էջ:
Հոդվածներն ընդունվում են մրցանակաբաշխության հայտարարության հրապարակման օրից և տպագրվելու են «Գրական թերթում»՝ «Ներկայացված է մրցանակաբաշխության» խորագրով:
Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված է երեքական մրցանակ.
Առաջին մրցանակ` 100.000 դրամ:
Երկրորդ մրցանակ` 75.000 դրամ:
Երրորդ մրցանակ` 50.000 դրամ:
Հոդվածներն ընդունվում են մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը:
Մրցանակաբաշխության արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 21-ին: