ՎԵՐԱԴԱՐՁ ԱՅՍՕՐ ԵՎ… ԸՆԴՄԻՇՏ / ՆԱՆԵ

Ես տանն եմ…
Ոչ ոք ինձ չի կարող համոզել, թե սահմաններ եմ կտրել ու հեռու եմ իմ երկրից: Հոգիս այլ բան է ասում, ես գիտեմ, որ ճիշտը նա է: Ես տանն եմ: Խորթության և օտարության զգացում չկա, թվում է` տարիներով կարող եմ մնալ այստեղ ու չկարոտել տունուտեղս: Ասես լսում եմ հողի շշունջը` ինչո՞վ քոնը չեմ. ամեն թուփ ու ամեն քար սիրո ալիքներով պարուրում են ինձ, իսկ Վանա ծո՜վը…
Բայց… ամեն բան հերթով:
Երբ խոսք էր բացվում Արևմտյան Հայաստան գնալու մասին, իմ դիրքորոշումը մեկն էր` երբեք չեմ գնա որպես հյուր, քանի ես չեմ տերը իմ հող ու ջրի: Բայց ահա, ասես խորհրդավոր մի ուժի տնօրինությամբ, հայտնվում եմ Արևմտյան Հայաստան մեկնող ուխտավորների շարքում: Գայթակղությունը մեծ է` ուխտագնացության ամենակարևոր նպատակը սեպտեմբերի առաջին կիրակի օրը, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցվող պատարագին մասնակցելն է: Այս անգամ դա աշնան յոթերորդ օրն է: Իմ ծննդյան օրը: Եվ ներքին մի մղում ինձնից առաջ է ընկնում: Ու եթե արդեն գնում եմ, ուրեմն հյուր չեմ: Ուրեմն` ժամանակն է ու… տեր եմ: Սա հենց այնպես չեմ ասում, ես դա զգում էի. այնտեղ ամեն պահ անհնար էր չզգալ հողի կենդանի ներկայությունը, հողի շշունջը… Վերջին շրջանում գիտնականները հաճախ են պնդում, որ մոլորակը կենդանի մարմին է և ընկալում է ու նաև արձագանքում է մեր ամեն արարքին: Համաձայնը` համաձայն էի, բայց իրապես դա զգացի այնտեղ: Զգացի, որ հողը կենդանի է, որ քարը, որ թուփը, որ ջուրը նույնքան զգայուն են, նույնքան ապրումների ու տվայտանքների գերի, որքան մարդ-բանականը:
Բայց` ամեն բան հերթով:
Ուխտագնացության մասնակիցները` մոտ 150 հոգի, հավաքվում են Սուրբ Զորավոր եկեղեցու բակում` Անանիայի մատուռի մուտքի մոտ: Գիշեր է ու գիշերվա երրորդ ժամի ժամերգությունը խորհրդավոր է աստղացոլ երկնքի ներքո: Աղոթք ենք հղում առ Բարձրյալը և ճանապարհ ընկնում:
Սահմանից սահման ենք անցնում. Հայաստանի սահման, Վրաստանի սահման… վազք… սպասում… նորից վազք… նորից սպասում…
Ահա և կարոտիս երկիրը: Քայլ եմ անում…
Ես ու հողս կանգնում ենք դեմ առ դեմ, ու մեր հոգիները իրար են փարվում հարազատի պես: Հողս ճանաչեց ինձ: Հողս սպասում էր ինձ: Հողի կարո՜տը…
Ես այն զգալու եմ ամեն պահ, ամեն քայլիս ու տանելու եմ ինձ հետ որպես կտակ, որպես ծանր պատգամ, որպես վերադարձի աղերս: Գալուց առաջ միայն մղձավանջ ու արյուն էր երկրիս լուսե ճակատին կնիքված: Իսկ երազներիս մեջ կապույտի գույներ էին օրորվում` աննյութեղեն ու թափանցիկ: Հիմա գույների հեղեղ է` լազուր ու ծիրանի, ոսկեհուր ու փիրուզ, նրբերանգներ են` ամեն կողմից ալիքվող: Երկիրս ջանում է հմայել ինձ մինչ վերջ, որ մեկընդմիշտ իր գերին դառնամ, որ… «Հիմա տեսա՞ր, որ կենդանի եմ: Ես գերեզման չեմ միայն, ես երկիր եմ` իր տիրոջը հավատարիմ սպասող ու կարոտից այրվող երկիր»:
Արդեն գիտեմ, որ վերադառնալու եմ լրիվ փոխված` մտածումների ու հույզերի նոր կերպով, ինչպես Նոյի ժամանակների մասին են ասում` ընթացքս երկու մասի բաժանված` «ջրերից առաջ և ջրերից հետո»:
Բայց… չշեղվեմ, ամեն բան հերթով:
Անցակետից հետո կուսական լեռներ են ու դաշտեր: Ոչ ոք չի խանգարում իմ ու երկրիս զրույցին: Բայց շուտով երևում են լեռնափեշերին աղբակույտերի պես աչք ծակող ու չքնաղ բնապատկերը աղտոտող քրդակա՞ն, թե՞ թրքական գյուղերը` աթարների մեջ կորած տներով ու մզկիթ-մինարեթներով…
Կարսում ենք: Ավտոբուսները կանգ են առնում անշուք մի վայրում, մոտենում ենք նույնքան անշուք մի վագոնի: Այդ վագոնում ստորագրվել է Կարսի պայմանագիրը: Եվ այդպես, վագոններում թե շքեղ գրասենյակներում, Հայոց հարցը գնդակի պես այս ու այնտեղ գլորելով` այդ ցեղը տեր է դարձել մեր երկրի մեծ մասին: Իհարկե, դժվար է ետ նայել սխալներ փնտրելու համար, բայց պետք է: Որքան էլ աշխարհի հզորների ծրագրերով ազգիս մեծամասնությունը դատապարտված էր, միևնույն է, չափազանց սթափ լինելու դեպքում գեթ մի փոքր գուցե կորուստները պակաս լինեին: Բայց, ի՜նչ եմ ասում… Այսօր, երբ, ի տարբերություն երկրիս արևմտյան հատվածի, պետականություն ունենք, դարձյալ ազգին ու երկրին աշխարհի թատերաբեմում դժվար կացություն է բաժին ընկել: Ի՞նչ ենք անում մենք և առաջին հերթին` մտավորականներս: Այնտեղ գնալուց առաջ մեղքի զգացումը գալուց հետո ավելի է հսկայացել: Նրանք գուցե ոչինչ անել չէին կարող, բայց մենք կարող ենք, պարտավոր ենք և… չենք անում:
Անցնում ենք Կարսով: Քաղաքում եռուզեռ է` սև չադրաների մեջ կամ միայն գլխաշորերով, անճաշակ գույների ու հանդերձների մեջ թրքուհիներն ստվերների պես սահում են փողոցներով: Մայթի սրճարանում` փոքրիկ սեղանիկների շուրջ նստոտած տղամարդիկ ծաղրանկարային ֆիլմի պատկեր են ներկայացնում: Այսօրվա Կարսը կեղտոտ, տգեղ քաղաք է, իսկ «բնակիչներին» ընկալում և չեմ ընկալում: Ամեն բան այնքան է սխալ, որ ավելի հեշտ է խանգարող ճանճերի պես ողջն այդ մի կողմ քշել և տեսնել միայն հարազատը: Կարսի հայաշեն տները, որ քիչ, բայց դեռ կան… Մնացածը` ճարտարապետությունից զուրկ, կոնֆետի թղթերի պես գունավորած, միատեսք շինություններ են: Մյուս քաղաքներում էլ նույնն եմ տեսնելու:
Վարդանի կամրջով գնում ենք Կարսի բերդ: Բարձունքի վրա ձգվող բերդապարիսպը առինքնող է իր ամրակուռ շինվածքով: Քայլում եմ կիսականգուն շինություններով: Շոյում եմ քարերը… Բերդից ոտքով իջնում ենք Առաքելոց եկեղեցի: Հետքերս կնիքի պես դաջում եմ հողիս: Կարսի ամրոցի մոտակայքում գտնվող մեր հրաշք, չքնաղ, 932-937-ին Աբաս Բագրատունի արքայի կողմից կառուցված Սուրբ Առաքելոց եկեղեցին 1994-ին վերածվել է մզկիթի: Բաց է միայն նամազի ժամերին… Եվ այդ նամազ կոչվողը չի ուշացնում իրեն հիշեցնել: Հանկարծ ամենուր բարձր սկսում է այդ վայրամուղամը… Փակում եմ ականջներս: Բայց ապրե՛ն մեր աղջիկները. նրանք եկեղեցու առաջ ծնկած «Տեր ողորմյա» են երգում… Բայց լաց լինել պետք չէ, պահանջել է պետք իրավունքով՝ որպես տեր: Ոտքերս ավելի ամուր եմ դնում հողիս…
Արդեն մութ է, երբ կանգ ենք առնում Չարենցի տան մոտ: Խղճուկ, ավերակված հյուղակի սև պատուհաններին հայացքս հառած` փորձում եմ ներսում պատկերացնել վազվզող մանուկ, չարաճճի երեխային:
Բայազետում ենք: Բայազետ կամ Արշակավան… Առաջին գիշերը Էրգրումս: Կարծում էի` մղձավանջների մեջ եմ լինելու, բայց չէ` այնքան խաղաղ էր քունս, ինչպես միայն սեփական տանն են քնում. երկիրս օրորում էր ինձ իր գրկում…
Առավոտ է: Դուրս ենք գալիս պատշգամբ, նայում մեր առջև փռված օտար շեներով հարազատ քաղաքին: «Վա՜յ, Մասիսը»,- ձայնում է ինչ-որ մեկը, շրջվում ենք` հուզմունքի և շփոթմունքի բացականչություններ. «Մասիսը, Մասի՜սը» և… հակառակ կողմից: Իմ կապույտ Լեռը, որ միշտ միայն մեկ դեմք ուներ, մեկ գծագրություն ու մեկ գույն, հիմա, ասես լուսանկարային այդ միօրինակությունից դուրս եկած, մեր աչքն էր շոյում իր` այլևս ամբողջական տեսքով: Ո՞վ է ասում, թե այն կողմից Լեռը գեղեցիկ չէ: Ինչպե՞ս կարող է մեր սրբազան լեռը գեղեցիկ չլինել: Երբեք այդքան չէի հուզվել նրա տեսքից, որքան, երբ տեսա Սիսը փոքրիկ մի գագաթի պես ծվարած Մասսի աջ լանջին… Չքնաղ էր, շքեղ էր, վեհաշո՜ւք էր…
Ավտոբուսներն ուղղվում են դեպի Բայազետի բերդ` Դարոյնք, որն անվանվել է նաև Պայազատաց բերդ: Այն ժայռերին ձուլված և նրանց հետ մեկ ամբողջություն կազմող ամրակուռ շինություն է: Միայն դավաճան գործարքները կարող էին նման անառիկ բերդերը թշնամուն հանձնել: Ամեն տեղ պատմությունը նույնն է` կնքված պայմանագրերով ձեռքից ձեռք անցած, իսկ 1915-ից հետո, երբեմն փոքր-ինչ ուշ, թուրքական յաթաղանի` ամեն պայմանագրից ավելի հատու հարվածը: «Մնացյալը լռություն է», ինչպես ասում է Շեքսպիրը իր Համլետի շուրթերով: Արդեն մեկ դար ձգվող լռություն…
Եվ անցյալի դասը մեկն է` օտար երկրների և նրանց` սեփական շահերից բխող պայմանագրերի հանդեպ պաշտամունքի հասնող հավատը մեկընդմիշտ պետք է փոխարինենք միայն սեփական ուժերին ապավինելով: Իհարկե, ճկուն, աչալուրջ դիվանագիտությամբ որսալով օտարի և սեփական շահի համընկնումը և այն օգտագործելով, ընդամե՛նը օգտագործելով, այլ ոչ թե ոտքով – գլխով, զգոնությունը կորցրած ընկնելով օտարի խարդախ և ծուղակներով սպասող գիրկը:
Անցնում ենք զբոսաշրջիկների համար բարեկարգված ճանապարհով: Լեռները փոխարինվում են դաշտերով, դաշտերը` բլուրներով: Աչքերս չեն հագենում հողիս վայրուվեր գծագրության կախարդանքը կլանելուց: Շուտով ալիքվում է դեղինը` մեկ խունացած ու թափանցիկ, մեկ էլ խտանում է, հրդեհվում ու բոցերը տարածում աջ ու ահյակ: Եվ սայթաքում են ժամանակներն ու անցյալ-ներկա խառնում իրար. «Մանուկները իրար ետևից ոչ միայն ապառաժներին զարնվելով ջախջախվում էին, այլ նաև բարբարոսները, զարկելով իրենց ծնկներին, կոտրատում էին նրանց մեջքը և նետում ծով… Եվ սա նույնպես դահիճների համար զվարճալի խաղ է դառնում: Նրանք արդեն հարբել են դաժանությունից… Նրանք հիմա հեգ մանուկներին կենդանի-կենդանի անդամահատում են, կտրատում, կտորները չորս կողմ նետում: Երեխաների հետ հաշիվները մաքրելուց հետո նրանք նետվում են կանանց վրա, բռնաբարում, հետո թափում նրանց փորոտիքը:
Սարսափի այս տեսարաններից հույն բժիշկ Մեդաքսան խելագարվեց: Ես տեսա նրան»: Անրի Բարբի. «Սարսափի երկրում» գրքից:
Ներիր, բարեկամ, որ չեմ ուզում քեզ խնայել: Որովհետև հանկարծ` հայի հոգու անչար գենը (և բնավ էլ` ոչ քրիստոնեական հավատի, ինչպես փորձում են ոմանք` ազգը նորից պառակտելու գնով, հավաստիացնել) քեզ էլ բարեկամության ու անտեղի ներումի մտքեր կարող է շշնջալ:
«Ներել կարելի է զղջացողին,- ասում է տեր Զենոնը,- եթե մեղավորը չի զղջում իր արածի համար, ի՞նչ ներելու մասին է խոսքը: Այս ժամանակներում էլ, և հատկապես այս ժամանակներում, պետք է զգոն լինել: Քրիստոնեությունը բնավ էլ չի կոչում խեղճության: Քրիստոնեությունը պայքարի կրոն է»:
Այո՛, միայն այդպես, որովհետև այդ անհագուրդ դահիճը դեռ արյուն է տենչում. Մեծ թուրանը այսօր էլ նրանց տենչի գագաթն է: Դա ռազմական ծրագիր է և իրականացվող ոչ թե անցյալում, այլ հենց այսօր և մեր դեմ ուղղված, ինչո՞ւ չէ` արդեն նաև ողջ քրիստոնյա ազգերի:
Իսկ ի՞նչ ենք մե՛նք անում: Մեր իշխանությունը ջանք չի խնայում այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որ մեկ երեխա մեծացնելն անգամ անլուծելի խնդիր դառնա ընտանիքին: Որովհետև հիմնականում իշխանավորների գրպաններ հոսող վարկերը տրամադրողները հենց այդ են դնում որպես պայմաններից առաջնայինը, որովհետև իրենց զվարճանքներն ու էլիտա կոչված երազանքի գեթ շուքին հպվելն ավելին արժեն, քան երկրի լինել-չլինելը, որովհետև… բայց արժե՞ ամեն բան ասել, դուք ինձնից լավ գիտեք: Ավելի լավ է ձեզ էլ մասնակից անեմ երկրիս` ավտոբուսի պատուհանից դուրս տեսաֆիլմի պես սահող հմայքոտ տեսարաններին: Բայց մահմեդական գյուղը նորից աղճատում է հմայքը` անճոռնի, կեղտագույն: Կրակագույն ձիերն են միայն ազնվացնում հեռանկարն իրենց ներկայությամբ:
Անձրև է սկսվել, հատուկենտ կաթիլները խփվում են ապակուն: Հոգուս պես է երկինքը…

(շարունակելի)

One thought on “ՎԵՐԱԴԱՐՁ ԱՅՍՕՐ ԵՎ… ԸՆԴՄԻՇՏ / ՆԱՆԵ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։