Դիմում եմ բոլորիդ՝ մեզ նոր ցնցում, նոր պատերազմ պետք չէ՛.
1. Հող հանձնող վարչապետին.
2. Զոհված հերոսների ողբի տակ իշխանություն որոնողներին.
3. Կյանքում մի գիրք չկարդացած միամիտ ըմբոստներին.
4. Հայրենիքի համար կորյուններ ծնած հայոց մայրերին.
5. Իմաստուն ճառեր ճամարտակողներին.
6. Արցախում սելֆի անող փախստականներին.
7. Օտար տերությունների լրտեսներին…
8. Նախորդ պատերազմի ժամանակ բենզին ու տուշոնկա գողացողներին…
Բոլորին…
Մեր զավակներին այլևս «սպանդանոց» չքշեք, պատերազմը հակացուցված է մեզ, մեր ուժերը՝ ջլատված, կանգնած ենք Հայաստանը կորցնելու մեծ վտանգի առաջ, սերունդ տվող գենը ջարդված է: Ռուս խաղաղապահների մուտքը մեզ վերամարմնավորվելու, սխալները շտկելու հնարավորություն է տալու, ողջամիտ լինենք, պահենք մեր պետականությունը, կա՛նգ առեք, բավական է էմոցիաներին տրվեք, կանխվեց ազգի գենոցիդն ամբողջությամբ՝ ժողովրդագրական 100 տոկոս խարխլված կենսակերպով շնչահեղձ ապրող Հայաստանում:
Չափազանց զայրացած եմ և դաժան եմ ասելու. սեփական շահը չճանաչող ազգ, ինչպիսին հայերս ենք, աշխարհում երևի դեռ չի ծնվել: Անգլուխ իրար եք խառնվել… Մեր զավակներին սպանող դրոնները Իսրայելը տարիներ առաջ Հայաստանին էր առաջարկել, ինչո՞ւ չգնեցիք, որովհետև լրբանոցները, կազինոներն ու շքեղաշուք հյուրանոցների բիզնեսը ձեր գրպաններն էին հոսում, և պատերազմի դեպքում էլ ձեր կուշտ կերած ժառանգները արտերկրի ապահով անկյուններում քեֆ կքաշեին՝ ծաղրելով ու պղծելով Եռաբլուրում ննջող առյուծների հիշատակը… Հող հայրենիի մի ծվեն հողակտոր ազատագրելուց հետո, երկիրը շենացնելու փոխարեն, սկսվեց բզկտված երկրի թալանը, և երեկվա մուրացկանները դարձան «բիրդանաղաներ»՝ պատերազմը կարծես իրենց համար էր: Հայրենիքն արյունաքամ եղավ պայքարի դաշտում, և նույնը կրկնվեց թիկունքում, որի պատճառով 2016 թ. տղերքը բահով ինքնաթիռ էին խփում՝ գոմեշի միսը սրտխառնոցով ուտելուց ու թքելուց հետո… Մի ծվեն անկեղծություն ձեր մայրերի կաթի հետ եթե դեռ չի արտագաղթել ձեր ընչաքաղց հոգիներից, խոստովանեք, որ ստորագրել էիք սկզբում 5, ապա 7 տարածքների հանձնումը… Չէ՜, չեք անի՝ պատմության վրիժառուներին ձեր ետևից չգցելու համար: Իսկ Ալիևը 30 տարի զենք էր կուտակում, չասեք՝ փող չկար. կամք չկար, ազգային արժանապատվություն ու հայեցիություն չկար, այդ արժանապատվությունը զմռսել էիք ձեր գրպաններում և արտերկրի բանկերում: Հիմա ումի՞ց ի՛նչ եք պահանջում, այդ զոհվածների ծնողները ձեզնից պիտի անպայման պահանջեն իրենց անմեղ զոհերի արյան գինը…
Դառնամ պատերազմը դադարեցնող ներկայիս վարչապետին: Ձեր թավիշը երկիրը հասցրեց անելանելի վիճակների, ժամանակին ձեզ համեմատել եմ Չե Գևարայի ու Մահաթմա Գանդիի հետ. անարյուն հեղափոխություններ պատմությունը չի ունեցել, հույսերը մեծ էին՝ երկրի հզորացման հետ կապված, ափսո՜ս… Եթե պետք է հող հանձնվեր, հնարավոր չէ՞ր սեպտեմբերի 28-ին արվեր, ոչ թե հազարավոր զոհերից հետո, միևնույն է, դժգոհություն էլի կլիներ, բայց ոչ այսքան անուղղելի կորուստներ: Մի լավություն արեք ազգին, օգտագործեք ինքնազոհողության գնացող ազգի ներկա հոգեբանական ծանր վիճակը և ՌԴ նախագահի հետ խոսեք մարտ ամսին լրացող Ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի մասին՝ Նախիջևանով Հայաստանը միշտ վտանգի տակ է լինելու: Ազգը երկատվել է, խաղաղություն տարածեք ազգի մեջ՝ շահադիտական կրքերի կողքին շատ ազնիվ մարդիկ կան, նրանք մեր հայրենակիցներն են, երկիրը հզորացնելու կենսական պահանջ կա, ազգն արյունաքամ է և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես: Այլապես ես չեմ կարող արդարացնել ինձ համար այնքան թանկ Հայաստանի պետական գահին «դավաճանի» կոչումով նստած առաջնորդին: Ցասումն ու վիրավորանքն է այսօր առաջնորդում աննկարագրելի հերոսությամբ կռվող ազգիդ, մտածե՛ք, Վարչապե՛տ, պառակտումը ազգի մահն է: Թուրքը ազգի ցավոտ տեղին է հարվածել, և այսօր հայը հայի դեմ է ելել… Սթափվենք ազգովի: