Վերջերս «Հրապարակ» օրաթերթում հոդված տպագրեցինք «Պղծում» վերնագրով, որտեղ խոսվում էր այն մասին, թե ոմանք ինչպիսի անպատասխանատվություն են ցուցաբերում Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին: Տխմարության և սնափառության սահմանագծում գտնվող որոշ նախաձեռնություններ մեզ թվում էին նույնիսկ սրբապիղծ: Սակայն ներկայացվող լուսանկարներն ուշադիր զննելով, պիտի խոստովանենք, որ մեր հոդվածում թվարկված փաստերը պարզապես մանկական խաղեր էին սրա համեմատ:
Լոս Անջելեսում գտնվող «Կարպուշյան» գալերին» ցուցադրություն է կազմակերպել Ցեղասպանության 100-ամյակի առիթով, որտեղ, ի թիվս մի շարք հայ կամ, առնվազն, հայկական ազգանուն կրող կերպարվեստագետների, մասնակցել է նաև մի ամբողջ պատ գրավող՝ պարզունակ և գռեհկաճաշակ ուղղանկյունների սույն հեղինակը: Փորձագիտական ներողամիտ սանդղակով գնահատելու դեպքում այս պատը բացասականի ամենաստորին մասում կհայտնվեր, և շատ-շատ հարուցեր մեր զարմանքը, թե աղբանոցին վայել այս «արտադրանքն» ինչո՞ւ է հայտնվել պրոֆեսիոնալ ցուցասրահում: Այնուհանդերձ, տարելիցի հանգամանքը մեզ ստիպում է ամենայն ուշադրությամբ նայել յուրաքանչյուր ցուցադրանքը՝ հասկանալու համար, թե ինչ առնչություն ունեն դրանք ազգային և համամարդկային ողբերգության հետ:
Սակայն հարկ չկա ժամանակ ծախսելու, միևնույն է՝ ոչինչ չեք գտնի, փոխարենը աջից, ամենավերևում կտեսնեք հայերեն երեք տառանոց մի բառ, որը հաճախ է գործածվում՝ ամենևին ոչ դրական հույզեր արտահայտելիս: Ի դեպ, այդ բառն ամենասազականը կլիներ՝ ներկայացված «գեղարվեստը» որակելու համար:
Այժմ մի հայացք նետենք ձախակողմյան «գլուխգործոցներին»: Այստեղ էլ խիստ գործածական մի բառ կգտնենք, ավելի շուտ՝ եզակի, առաջին դեմքով խոնարհված մի բայ, որը դարձյալ նախորդ՝ երեք տառանիի պես սկսվում է մեսրոպյան այբուբենի երեսունվեցերորդ տառով: Բարձր գնահատելով «կերպարվեստագետի» բացառիկ նրբանկատությունը, չմոռանանք նշել, որ նա միանգամից մեզ չի հրամցնում այդ՝ երբեմն հաճելի, երբեմն ցավալի գործողությունն արտահայտող բայը, այլ հոգեբանորեն մեզ նախապատրաստում է՝ ներկայացնելով նախ անգլերեն համարժեքը. «fuck»: Կարծում ենք՝ բոլորդ հասկացաք, քանի որ անգլերենը, ներողություն, «ամերիկերենն» այսօր, դե ֆակտո, դարձել է պետական երկրորդ լեզու և պայծառ հեռանկարներ կան, որ շատ շուտով կդառնա առաջինը: (Ականջդ կանչի՛, Կիսելյով):
Այժմ հաջորդում է անխուսափելի հարցը. ո՞վ է այս հանճարը, ի՞նչ անուն և ազգանուն ունի նա: Չգիտենք, և չենք էլ ուզում իմանալ: Սակայն հիշենք, թե Վերածննդի մեծ վարպետներն ինչպես էին իրենց ինքնանկարը, համեստորեն, զետեղում բազմամարդ տեսարաններ ներկայացնող լայնակտավ գործերի անկյունում: Ուստի, առաջնորդվելով հնօրյա ավանդույթով, մեր «վարպետի» ինքնանկարը, հավանաբար, գտնենք իր ուղղանկյուններից մեկում: Ազատ եք, որը կուզեք՝ ընտրե՛ք:
Վերջում, չենք կարող չխոսել մի երևույթի մասին:
Սկատոլոգիան (կղկղաբանությունը) համրաքայլ, բայց կարծես վճռականորեն մուտք է գործում հայկական իրականություն: Տասներկու տարի առաջ, Ֆրանսիայում, հայազգի ֆրանսագիր մի հեղինակ, ուղեգրությունների մի գիրք տպագրեց, որտեղ բուռն ցանկություն էր հայտնում բարձրանալ Մասիս լեռը և այնտեղ անել այն «մեծ գործը», ինչը պատշաճ է անել պետքարանում: Չգիտենք, կարոտաբաղձ հեղինակի մուրազը կատարվե՞ց, թե՞ ոչ, բայց ստույգ գիտենք, որ այդ գիրքը, վեց տարի անց հաջողությամբ թարգմանվեց հայերեն և լույս տեսավ Երևանում: Երկու տարի առաջ էլ, արևմտյան տարօրինակ ծածկանուն կրող սկսնակ մի արձակագրուհի, իր առաջին գրքում ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր Գյումրի-Երևան ավտոբուսով ուղևորվող երիտասարդ աղջկա անմարդկային չարչարանքները: Խեղճ հերոսուհին, ավտոբուսը շարժվելուն պես, բնական անդիմադրելի պահանջ է ունենում, խի՜ստ, սաստի՜կ մի պահանջ՝ հենց տեղում, անհապաղ անելու այն, ինչը մեր կարոտաբաղձ ֆրանսահայը տենչում էր անել Մասիսի լանջին: Եվ այսպես, տող առ տող, էջ առ էջ մենք ծանոթանում ենք հերոսուհու տվայտանքներին… Ահավոր վիճակ, թշնամի՜ս չունենա… Երիտասարդ Վերթերի տառապանքները խաղուպար են սրա համեմատ: Իսկ թե ինչով է վերջանում բնական անզուսպ ցանկության և բավարարելու անկարելիության շեքսպիրյան այս կոնֆլիկտը, չենք ասի, վերցրեք և կարդացեք: Ընթերցողներին՝ բարի վայելում, և չմոռանաք նախապես պետքարանի թղթով զինվել, զի հայտնի չէ, թե այդ բացառիկ էջերն ինչ հույզեր, ավելի շուտ՝ բնական ինչ պահանջներ կարող են հարուցել:
Հ.Գ. – Մի քանի ամիս առաջ, հայաստանյան մամուլում մի հոդված կարդացի, որտեղ հեղինակը տագնապ էր հնչեցնում առ այն, որ թուրքերը պատրաստվում են Ցեղասպանության 100-ամյակը ֆարսի վերածել: Նախ, ճշտենք, «ֆարսի», ասել է թե զավեշտի վերածում ենք առայժմ մենք, և բավական հաջող: Ինչ վերաբերում է թուրքերին, իսկ ավելի ճիշտ՝ Օսմանյան կայսրությանը և նրա իրավահաջորդ Թյուրք Ջումհուրիեթին, ապա նրանք այդ խնդրին շատ ավելի լուրջ են մոտենում: Օրեր առաջ մի հոդված հրապարակեցինք («Առաջին թարգմանությունը Ռուբեն Սևակից», «Իրատես դե ֆակտո», 12.06.2015), որտեղ նորահայտ փաստերով ապացուցում էինք, որ Ցեղասպանության ժխտումը պետական մակարդակով սկսվել է Ցեղասպանության հետ միաժամանակ, հնարավոր է՝ նույնիսկ նախորդել է: Այլ խոսքով, ի տարբերություն ավետարանական ավազակների, թուրքերը հրաշալի գիտակցում էին, թե ինչ են անում, ուստի վաղօրոք զինվում էին հակափաստերով:
Այսպիսով, ավելի քան հարյուր տարի, ժխտումը դարձել է Թուրքիայի պետական քաղաքականության կարևոր խնդիրներից մեկը, և դեռ երկար կմնա որպես այդպիսին:
Իսկ ի՞նչ քաղաքականություն է որդեգրել հայկական անուն ազգանուն կրող տաղանդազուրկ այս թյուրիմացությունը, որին նույնիսկ ներկարարի հասարակ գործ չէինք վստահի: Կարող ենք պարզ ասել. ո՛չ մի: Պարզապես առիթից օգտվել է մեջտեղ ընկնելու, էպատաժ անելու, սակայն ոչ այնպիսին, ինչպիսին իմպրեսիոնիստներն արեցին «Անկախների» սալոնում, այլ՝ լակոտական, խուլիգանական: Հետաքրքիր է, կհանդգնե՞ր արդյոք հրեական Ողջակիզումին նվիրված ցուցահանդեսում ներկայացնել նման «գլուխգործոցներ»…
Թուրքական պետությունը դեռ երկար կշարունակի ժխտումի իր քաղաքականությունը, սակայն հազիվ թե նման ստորություն թույլ տա: