Ծովային հետազոտությունների «Այաս» ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը դիմել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի ծովային թանգարան ստեղծելու հարցով: Այդ մասին տեղեկանալով վարչապետի աշխատակազմից, ես իմ պարտքը համարեցի արտահայտել վերաբերմունքս այդ արդիական թեմայի հանդեպ: Առաջին հերթին հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից «Այաս» ակումբին առաջարկվել է մոտ 4000 քառակուսի մետր մակերեսով տարածք՝ Երևանյան լճի հյուսիս-արևելյան ափին: Հաշվի առնելով թանգարանի պետական նշանակությունը, նամակում շարադրվել էր խնդրանք՝ նշված տարածքը հանձնել «Այաս» ակումբին պայմանագրով, որպես սեփականության անհատույց նվիրաբերում (նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով նշված տարածքը տրամադրել «Այաս» ակումբին): Նամակում նշվում է և այն, որ կան մարդիկ, ովքեր կզբաղվեն թանգարանի նախագծմամբ և շինարարությամբ:
Դա նշանակում է, որ շոշափելիորեն մոտ է երազանքի իրագործումը, որի մասին մեր ժողովրդին պատմել էինք դեռևս տասը տարի առաջ, գտնվելով «Կիլիկիա» առագաստանավում, յոթ ծովերով ճամփորդելով Եվրոպայի շուրջ: Այն ժամանակ, եռափուլ նավարկության ավարտին մենք երազում էինք նաև մեր ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկությունը կատարելու մի առագաստանավով, որն անպայման պետք է կրեր «Արմենիա» անվանումը, ինչպես և Հայաստանի Ծովային թանգարան ստեղծելու մասին: Թանգարան ստեղծելու գաղափարը, ինչպես և դրանից առաջ «Կիլիկիա» նավը կառուցելու գաղափարը, պատկանում էր Կարենին: Առագաստանավը՝ XI-XIV դարերի կիլիկյան նավերի կրկնօրինակը, որ կառուցեցին նա և իր ընկերները, անցավ յոթ ծովերով առաջին անգամ, բացի ամենայնից, Հայաստանի պետական դրոշի ներքո: Այդ ամենի մասին և, մասնավորապես, թանգարան ստեղծելու մասին ես պատմել եմ մեր ոդիսականին նվիրված եռհատորյակի երրորդ գրքում: Առաջարկում եմ հատվածներ «Կիլիկիա». վերադարձ» գրքից՝ թանգարան ստեղծելու մեր երազանքի մասին:
* * *
Անցյալ տարի տղաներից մեկը մի բան ասաց. «Կարենը հոբի ունի: Նա հավաքում է աշխարհի ծովային թանգարանների տնօրեններ» և գտնվում է նրանց հետ նամակագրական կապի մեջ: Չեմ հիշում՝ ով էր: Երևի Հայկ Բադալյանն էր, որի խոսքի մարգարիտները ժամանակի հետ նավի վրա դառնում էին ժողստեղծագործություն: Բայց ճշգրիտ էր ասված: Այդ առումով բացառություն չկազմեց նաև Ստոկհոլմը: Կարենի հերթական ընկերը Ֆրեդ Հոկերն էր՝ խորտակված «Վազա» (որոշ տեղերում՝ «Վասա») նավի թանգարանի տնօրենը: Իհարկե, ինքնատիպ թանգարան է, որտեղ ներկայացված է ընդամենը մեկ ցուցանմուշ: Դա խորտակվելուց 330 տարի անց ծովի հատակից վեր բարձրացված «Վազա» ռազմանավն է: Մնացյալը վերցված է բուն նավից՝ մարդկային գանգեր, մետաղադրամներ, մուշկետ հրացանի գնդակներ, խոհանոցային պիտույքներ:
1625 թվականին Շվեդիայի ամենահռչակավոր թագավոր Գուստավ-Ադոլֆ Երկրորդը որոշեց զարմացնել բոլորին: Եվ զարմացրեց: «Վազան» կառուցելու համար հատվեց 1000 դարավոր կաղնի, ավելի ճիշտ՝ ընտրվեց 100 «սիգար» հատված ծառերի անհամար քանակից: Մինչ այդ աշխարհում նման բան չէր եղել:
Այն ժամանակներում ընդունված չէր նավի վրա դրոշմել դրա անունը: Ի դեպ, հենց այդ պատճառով «Կիլիկիայի» վրա ոչինչ չկա գրված: Այն ճանաչելի է Հայաստանի և Արցախի, պատմական Կիլիկիայի դրոշներով: Բայց դա չի նշանակում, թե հնադարում և միջնադարում միայն կտավե խորհրդանիշներ էին օգտագործվում:
…Կցանկանայի համեմատել «Վազայի» և «Կիլիկիայի» հիմնական բնութագրերը: Թող այդ համեմատությունը ոչ մեկի մոտ չնույնանա փղի և շնիկի առակային կերպարների հետ: Բանն այն է, որ երկու նավերն էլ պատրաստված են կաղնուց: «Կիլիկիայի» երկարությունը 20 մետր է, «Վազայինը»՝ երեք անգամ ավելի: Մեր նավի լայնությունը հինգ մետր է, «Վազայինը»՝ երկու անգամ ավելի: Մեր մեկուկես մետր նստվածքի համեմատ էլ երեք անգամ է շատ: Եվ ամենակարևորը՝ ջրատարողությունը, որ «Կիլիկիայի» հիսուն տոննայի համեմատ (ընդամենը մաքուր 20 տոննա քաշի դեպքում) մեծ է 24 անգամ: «Կիլիկիայի» մեծ առագաստի մակերեսը մոտ 120 մ2 է, իսկ «Վազայի» երեք կայմերի բոլոր բաց առագաստներինը՝ 1274 մ2: Ուժգին ծովահողմի ժամանակ մենք մի քանի րոպեում իջեցնում ենք և բացում երկու ստակսելները (միջին չափի): Հակառակ դեպքում քամուց փքված մեծ առագաստը կա՛մ կպատռվի, ինչպես եղավ Փոթիի փոթորկի ժամանակ, կա՛մ կշրջի նավը, կա՛մ էլ արմատահան կանի կայմը: Դրանք բոլորը ֆիզիկայի օրենքներ են: «Վազայի» վրա, բացի սեփական ահռելի քաշից, կային նաև 64 ծանրագույն թնդանոթներ, չհաշված անձնակազմի մոտ հարյուր անդամներին և դեռ մի այդքան էլ պատվավոր ուղևորների՝ երեխաների հետ:
1628 թ. օգոստոսի 10-ին «Վազան» պոկվեց նավամատույցից: Ինչպես նշված է տասնյակ փաստաթղթերում (այդ թվում՝ նաև դատական), քամին թույլ էր, բայց պոռթկուն: Ես հասցնում էի միայն մանրազնին գրի առնել թանգարանի տնօրեն Ֆրեդ Հոկերի պատմածը: Նա դարձել էր Կարեն Բալայանի մտերիմ ընկերը: Նավն անցավ ընդամենը 1300 մետր: Մեկ մղոնից էլ պակաս: Շվեդիայի պետական խորհրդի (կառավարության) կողմից թագավորին ուղղված նամակում նշված է, որ հենց ծովախորշում նավի բոլոր առագաստները փքվեցին ուժգին և պոռթկուն քամուց, նավն սկսեց ընկնել կողքի, և հազարավոր ու հազարավոր ստոկհոլմցիների աչքի առաջ մի քանի րոպեի ընթացքում սուզվեց իր բոլոր բաց առագաստներով ու դրոշներով: Դա տեղի ունեցավ ցերեկվա ժամը հինգին:
Այդ աղետի և անմեղ զոհերի համար Շվեդիան սգացել է սերնդեսերունդ, 333 տարի անընդհատ: Սգացել են թագավորները, սկսած Գուստավ Երկրորդից, որին պատկանում է այն հայտնի միտքը, թե՝ «Շվեդիայի թագավորության բարգավաճումը կախված է Աստծուց և մեր նավատորմից», վերջացրած Կարլ-Գուստավ 16-րդով, որն էլ 1990 թվականի հունիսի 15-ին հիմնեց թանգարանը:
«Վազան» ծովի հատակից բարձրացվեց 1961 թվականի ապրիլի 24-ին: Եվ տեղնուտեղն էլ սկսվեց նրա բժշկական հետազոտումն ու բուժումը (բառիս բուն իմաստով): Եղածի ավելի քան ութսուն տոկոսը պահպանված էր: Անկրկնելի ցուցանմուշն արդեն դիտել է մոտ 25 միլիոն այցելու: Շվեդիան կարողացավ ազգային երբեմնի ողբերգությունը հաղթահարել, այն վերածելով ազգային հպարտության խորհրդանիշի:
Եվ Ֆրեդ Հոկերը, Կարենի ձեռքը բռնած, սկսեց խոսել այնպիսի պատրաստակամությամբ, ասես սպասել էր այդ խոսակցությանը. «Այդ գաղափարն ամրապնդված է շվեդների գլխում: Ի դեպ, ես ուշադիր նայում էի «Կիլիկիայի» նավաստիների արևախանձ դեմքերին, որոնք մի ամբողջ ժամ ուշադիր լսում էին պատմածս և ինքս էլ այդ մասին էի մտածում: Չէ՞ որ դուք կարողացաք կառուցել ձեր նախնիների նավի կրկնօրինակը: Եվ այստեղ խոսքը 800, նույնիսկ 900 տարվա վաղեմության նավի մասին է: Բայց ստացվե՛ց: Երեկ, երբ իմ ընկեր Կարենը ծանոթացնում էր ինձ «Կիլիկիային», մտածեցի, որ դա պարզապես պատմական ռեպլիկ չէ: Դա ձեր ազգային պարծանքն է: Շատերն են փորձում ստեղծել իրենց նախնիների նավերի կրկնօրինակները, բայց հազվադեպ է հաջողվում նման նավարկություն իրագործել: Չէ՞ որ ամենագլխավորը դա է: Այնպես որ, կգա ժամանակը, կամ ինչպես դուք ասացիք, կգա մի նոր Ալֆրեդ Նոբել, և մենք կհետևենք ձեր օրինակին, կառուցելով նոր «Վազա»:
Այդ բարի մարդը չգիտեր, որ չկանխամտածված կերպով խփեց հենց թիրախին: Անձնակազմի անդամների հետ իմ ավանդական զրույցների ընթացքում ես բազմիցս խոսքն ուղղել եմ մեր «Կիլիկիայի» հետագա ճակատագրի վրա: Տղաներն առաջարկում էին բազմազան տարբերակներ, ավելի շատ խոսում էին Սևանի մասին, բայց էական վերապահությամբ. «Ճիշտ է, Սևանի քաղցրահամ ջրում դժվար կլինի պահպանել փայտաշեն նավը: Ամեն օր, 24 ժամ անընդմեջ մշտական խնամք կպահանջվի, հակառակ դեպքում մի տխուր օր նավը կարող է սուզվել»:
Ես այլ գաղափար ունեմ. «Կիլիկիան» տեղադրել մի ոչ բարձր պատվանդանի վրա, ինչպես արեց Թուր Հեյերդալը՝ հեռավոր Չիլիից իր լեգենդար «Կոն-Թիկին» Օսլո տեղափոխելուց հետո: Եվ այսօր նորվեգացիները խելահեղ հպարտությամբ են վերաբերվում իրենց անօրինակ թանգարանին: Ես չեմ ցանկանում «Կիլիկիան» համեմատել ո՛չ «Վազայի», ո՛չ «Կոն-Թիկիի» հետ (թեև ինչո՞ւ ոչ), բայց համոզված եմ, որ մեզ վաղուց էր պետք Հայաստանում ունենալ մի թանգարան՝ «Հայերը և ծովը» պայմանական անվանումով: Նմանօրինակ թանգարանի համար անգին ցուցանմուշների պակաս բոլորովին չունենք, այստեղ արդեն Կարենն է ջանացել: Ի՛նչ արժեն հենց միայն այնպիսի պատմական փաստաթղթեր, ինչպիսիք են դեռևս Կիլիկյան թագավորության ժամանակներում ընդունված ծովային օրենքների տեքստերը: Այնպես որ, կարելի է Երևանում, ըստ էության, վտանգավոր մի բարձրահարկ պակաս կառուցել, այդ տեղը հատկացնելով «Կիլիկիային», որն իր վրա յոթ ծովերով ծածանեց Հայաստանի և Արցախի պետական դրոշները, պատմական Կիլիկիայի, Երևանի, Էջմիածնի դրոշները, ինչպես և Եվրոպայի, Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի քսանվեց երկրների խորհրդանիշներ, երբ մտնում էինք նրանց տարածքային ջրեր: Ահա այդպիսին է իմ և բոլորիս երազանքը: Իսկ մենք գիտենք, որ եթե այն իրագործվում է, ապա երազանքից վերածվում է ծրագրերի: Գուցե այն կիրագործեն ուրիշները, մեր ժառանգները: Միևնույն է, ինչ-որ ժամանակ մենք նման թանգարան կունենանք:
Եվ սակայն հավատում եմ, որ ինքներս ենք իրագործելու մեր երազանքը: Պետք չէ այդ բեռը դնել սերունդների ուսերին, որոնք իրենց ծրագրերն ու երազանքները կունենան: Ընդհանրապես չկա ավելի քաղցր բան, քան իրագործված երազանքը: Այդ զգացումն ինձ ծանոթ է: Երազում էի Ծայր Հյուսիսում շնասահնակներով իմ դժվարին և վտանգավոր արշավանքներից մեկն անվանել «Ղարաբաղ»: Եվ հասա ուզածիս: Այդ մասին կարելի է կարդալ իմ «Սպիտակ մարաթոն» գրքում, որը հրատարակվել է Մոսկվայում: Երազում էի «Վուլկան» և «Հեյզեր» նավակների վրա գրել «Ստեփանակերտ»: Գրեցի և այդ սիրտ ջերմացնող անունով տասնյակ հազարավոր կիլոմետրեր անցա գետերով ու ծովերով…Չէ՞ որ, բացի ամենայնից, կա նաև սքանչացնող մի գիտակցություն, թե բուն երազանքն ավելի վեհ է, քան իրականությունը: Անատոլ Ֆրանսն ասում էր, որ երազանքն ինքնին արդեն բարձրագույն իրողություն է, այն գոյի հոգին է: Եվ ես մեկ անգամ չէ, որ համոզվել եմ դրանում. երազելով բոլորովին էլ չես հեռանում իրականությունից, այլ, ընդհակառակը, մոտենում ես: Ահա թե ինչու եմ սիրում «գործուն» բառը: Պետք է սիրել գործուն կերպով, հայրենիքին ծառայել գործուն կերպով, երազել գործուն կերպով: Եվ կուզենայի ընթերցողներիս հետ միասին գործուն կերպով երազել Երևանում (հենց Երևանում) «Կիլիկիա» առագաստանավի հիմքի վրա ծովային թանգարան ստեղծելու մասին:
…Բայց դեռ հազարավոր ու հազարավոր մղոններ ունենք անցնելու…
* * *
Հ.Գ. Ցանկանում եմ հավատալ, որ մեզ մոտ, Հայաստանում, որն աշխարհագրորեն (բառացի իմաստով) ծովից ծով էր ձգվում, անպայման կստեղծենք Ծովային թանգարան, որով կհպարտանան ներկայիս և գալիք սերունդները: Մնում է հիշեցնել, որ «Այաս» ակումբը հպարտությամբ է կրում հայկական հզոր տորմիղի (ավելի քան քսան նավից բաղկացած) ամենաամուր նավահանգստի անունը, որ ստեղծել է Կիլիկիայի առաջին թագավոր Լևոն Երկրորդը, որի հուշարձանը մենք ապագայում կկանգնեցնենք Հայաստանի Ծովային թանգարանի կողքին: