Ջերմուկյան հանդիպում

DSCF2655
Ջերմուկ քաղաքում, ՀԳՄ-ի և ջերմուկցի բանաստեղծ Վարդգես Խանոյանի ջանքերով քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցավ ուսուցիչների և աշակերտության հանդիպումը մի խումբ գրողների հետ: Հանդիպումից մեկ օր առաջ Ջերմուկ ժամանած գրողները` արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանը, բանաստեղծ, արձակագիր, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը, բանաստեղծուհի, հրապարակախոս Նանեն, արձակագիր, թարգմանչուհի Էմմա Բեգիջանյանը, եղան հյուրընկալ տանտերերի` Վարդգես Խանոյանի և ջերմուկցիների հոգատար ուշադրության կենտրոնում:
Ջերմուկի ավագ դպրոցում ուսուցչի օրվան նվիրված հանդիսությունն սկսվեց «աշակերտական» վալսով: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալիսա Ամիջանյանը ներկայացրեց գրողներին, բնութագրեց նրանց ստեղծագործությունները: Աշակերտներ Ռոբերտ Այվազյանը, Մարիամ Համբարձումյանը, Ռիմա և Արմենուհի Սողոմոնյանները, Արմինե Արսենյանը ըն- թերցեցին գրողների և համաքաղաքացի բանաստեղծ Վարդգես Խանոյանի գործերից: Հարցեր-պատասխաններ… և ջերմ բաժանում: «Հաճախ պետք է նման հանդիպումներ լինեն,- ասում է ուսուցչուհիներից մեկը,- թե չէ, մեր երեխաները չգիտեն, որ ալսօր էլ կենդանի գրողներ կան»: Դե, իհարկե, հաճախ է պետք: Ժողովուրդ-ստեղծագործող կապն է, որ կարող է որոշել գրականության և արվեստի ճիշտն ու սխալը, գտնել անհրաժեշտ թրթիռներն ու ելևէջները: Ի վերջո ժողովուրդն է ստեղծագործության հասցեատերը, և մշակույթն է ազգապահպանության ամենամեծ ուժը: Չկա՞ այդ կապը, սխա՞լ է մշակույթ կոչվածի ընթացքն ու կերպը, ուրեմն վտանգված է երկրի գոյատևությունը: Ստեղծագործողին նաև իր երկրում տիրաբար քայլելու, նրա խորքերը հասնելու, վերարտադրելու հնարավորություն է պետք: Ստեղծագործության ընթացքի մեջ գրասեղանի մոտ նստելու պահից շատ ավելի էական է մինչև այդ պահը կուտակածը:
Պետք է… պետք են: Որքան շատ, բայց իրականում որքան քիչ բան է պետք սեփական երկրում երջանիկ ապրելու համար: Մինչդեռ դրանցից շատերն այնքա՛ն հեշտ լուծումներ ունեն: Մի քիչ ուշադրություն մեկմեկու հոգսերի հանդեպ, մի քիչ ոգևորություն և անչափ շատ սեր…
Ինչպես Ջերմուկում:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։