Այս ծանր, սակայն հերոսական օրերին ու շաբաթներին, տեսնելով մեր խիզախ ու անձնվեր զինվորների ոգին ու սխրանքները, ես մտովի վերադառնում եմ Արցախյան ազատամարտի օրերը: Վերադառնում և վերընթերցում եմ հորեղբորս՝ քանդակագործ, նկարիչ, բանաստեղծ, 1994 թվականին իր 13 ընկերների հետ հերոսաբար զոհված Գևորգ Համբարձումյանի՝ Արցախից ուղարկված նամակները.
«Սիրելիս…
Այսօր մարտի 2-ն է։
Զինադադար է հայտարարվել և խոսում են, որ նույնիսկ՝ վերջնական։ Ուրեմն, սիրելիս, անհանգստանալու ոչ մի հարկ չկա։ Խաղաղությունը կարծես հաստատվում է և հաղթանակը մերն է։
Ես արդեն գրել եմ, թե մենք որտեղ ենք գտնվում՝ Աղդամի շրջանի մի կոլեկտիվ ցուցադրական գյուղում, դա մեր հանգստյան տեղն է։ Դիրքերը մի ուրիշ գյուղի ծայրում են։ Տները լքված են ու անտերունչ։ Թուրքերը ինչ ցանեցին, այն էլ հնձեցին և մինչև հիմա էլ իրենց խարդավանքներից չեն ուզում ազատվել և դրա համար կհատուցեն ու հատուցում են։
…Ամեն ինչ խաղաղ է և հանգիստ, պատերազմը կարծես ավարտվել է, հրաման կա, որ ոչ մի կրակոց չլինի։ Դո՛ւ, սիրելի՛ս, մի անհանգստացիր, շուտով կհանդիպենք և այդ հանդիպումը կլինի մեր ամենաերջանիկ օրերից մեկը։
Կարոտել եմ մեր տղաներին և հեռվից ավելի շատ է երևում, թե որքան թանկ է մեր ընկերությունը։ Տղաներին ասա, որ ես համ իմ տեղն եմ կրակում, համ էլ՝ իրենց։ Թուրքերի բոլոր ապարդյուն փորձերը՝ որևէ մի տեղից ճեղքելու, խայտառակ պարտության մատնվեցին, և հիմա իրենց համար նույնիսկ ավելի լավ է, որ ստիպում են զինադադար հայտարարել։ Թշնամու մեջ սարսափելի վախ է մտել, իրենք իրենցից են վախենում և այդքան հնարավորություն ունենալով, ոչ մի թիզ հող չկարողացան ետ վերցնել, մի բան էլ՝ նորովի կորցրեցին։
Հայը ամուր ժողովուրդ է։ Աստված է նրա մեջ քաջություն դրել։ Սակայն Աստված տա, մի քիչ մշակվենք ու հավատք ունենանք, մի քիչ բարիանանք ու միավորվենք, այն ժամանակ ավելին կտեսնենք ու կվայելենք։ Բայց հուսով եմ, որ այդպես էլ կլինի։
Երանի քեզանից նամակ ստանայի ու իմանայի, որ բոլորդ լավ եք… Երանի լիակատար ու հաստատուն հաղթանակ լիներ… Երանի արդարության հաղթանակով խաղաղություն լիներ… Երանի մարդկանց մեջ սեր ու վստահություն լիներ… Երանի մեր ժողովուրդը մշակվեր…»:
Խաղաղության այս տասնամյակների ընթացքում Գևորգ Համբարձումյանի խոսքն ու օրինակը ներշնչել են ինձ, մեր հարազատներին ու բոլոր նրանց, ովքեր ճանաչել են Գևորգին: Մենք հպարտությամբ ենք հիշել Գևորգ Համբարձումյանին ու հաղթանակը բերած մեր մյուս հերոսներին: Ինչպիսի անպարտելի ոգի, հայրենասիրություն ու լավատեսություն ունեին մեր հերոսները այն ժամանակ և նաև այսօր: Եվ այդ ոգու շնորհիվ կերտվեց առաջին հաղթանակը և կլինի նաև երկրորդը: Այդ ոգու հիմքերը ոչ միայն ազգային անպարտելի բնավորության ու հավատքի մեջ են, այլ նաև նրա, որ մեր հերոսները կռվում են իրենց հայրենի հողի համար, մեր գործն արդար է ու աստվածահաճո և անպայման պսակվելու է հաղթանակով ու խաղաղությամբ:
Այսօր մեր զինվորների մեջ է ու նրանց ուժ է տալիս անցյալի հերոսների ոգին, հոգևոր ու գաղափարական այն հիմնասյուները, որոնք մեր ժողովուրդը դարերով ստեղծել է: Մենք ուժեղ ու անպարտելի ենք մեր մշակույթով ու դարավոր պատմությամբ, հոգևոր ու բարոյական բարձր արժեքներով, մեր հավատով, ամեն օր և ոչ միայն մարտադաշտում դրսևորվող միասնությամբ, նվիրումով, միմյանց նկատմամբ հոգատարությամբ: Այն ամենով, ինչը պահել ու պահում է մեր ժողովրդին:
Խոնարհում ու փառք մեր նորօրյա հերոսներին, որոնք իրենց երակներում զգում են անցյալի հերոսների ուժը, կրում են անպարտելի հայի հավերժական ոգին: