Մշակութային կամուրջներ

Germany
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միության հրավերով հոկտեմբերի 13-17-ը ամենամյա Միջազգային գրական ընթերցումներին էին մասնակցում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանը: Այս տարի ընթերցումների թեման էր՝ «Քաղաքակրթության ընդհատում-100 տարի հետո»:
Գրական ընթերցումների բացումը տեղի ունեցավ Մագդեբուրգում: Ներկայացվեցին հայ գրողները և կամբոջացի Սոննի Թետը, որ երաժիշտ էր և Յուրգեն Յանկովսկու հետ «Աննա և Սովաննի» գերմաներեն-քմերեն գրքի համահեղինակը: Է. Միլիտոնյանը խոսեց ՀԳՄ-ի և «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միության համագործակցության մասին: Նա նշեց, որ համագործակցության շնորհիվ տպագրվել են հայ և գերմանացի գործընկերների ստեղծագործությունների անթոլոգիաներ հայերեն ու գերմաներեն լեզուներով, նախատեսվում է երկու գրքերի տպագրություն ևս՝ հայ և գերմանացի դպրոցականների «Այլևս երբեք ցեղասպանություն» թեմայով գրած շարադրությունների և ցեղասպանության ընթացքում զոհված հայ գրողների ստեղծագործությունների: «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միության նախագահ Յ. Յանկովսկին կարդաց հայ և գերմանացի դպրոցականների՝ ցեղասպանության թեմայով գրած տեքստերը, ինչին անդրադարձավ «Միթլդոյչե ցայթունգ» թերթը:
Հոկտեմբերի 14-ին գրական ընթերցումը Բեռլինում էր՝ Սաքսոնիա-Անհալթի երկրամասային ներկայացուցչությունում: Հայ գրողների հետ մասնակցում էին սիրիացի գրողներ Ֆարաջ Բայրաքդարն ու Վահիդ Նադերը և կամբոջացի Սոննի Թետը: Ներկաները մեծ հետաքրքրությամբ լսեցին գրողների ստեղծագործությունները: Հոկտեմբերի 15-ին Մագդեբուրգի Գրականության տանը տեղի ունեցավ «Առաջին համաշխարհային պատերազմից 100 տարի հետո» թեմայով ընթերցում և քննարկում: Յ. Յանկովսկին ներկայացրեց հայ գրողներին՝ պատմելով համագործակցության արդյունքների և հետագա ծրագրերի մասին: Է. Միլիտոնյանը կարդաց զեկուցում՝ «100 տարի հետո» թեմայով: Նա ասաց. «Առաջին համաշխարհային պատերազմը այսօր դասի է վերածվել պատմության մասին դասագրքերում, հանգիստ ապրում է շատ երկրների ու մարդկանց հիշողության մեջ, անգամ ստվերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ահեղ մսաղացի ետևում, սակայն մի ժողովուրդ կա, որի համար դառն ու սարսափելի և շարունակական ներկայություն է պարտադրել այդ Առաջինը… 1915 թ. տարբեր երկրների շահերի ու խարդավանքների թատերաբեմում ողբերգության արարի վերածվեց Օսմանյան Թուրքիայի՝ հազարավոր տարիներ հայաբնակ, մեզ համար՝ պատմական Արևմտյան Հայաստան կոչվող հատվածը, Թուրքական յաթաղանի ու հրացանազարկերի տարափից տեղահանվեցին և ապա կոտորվեցին 1.5 միլիոն հայեր»: Այնուհետև նա կարդաց Եղեռնին նվիրված իր բանաստեղծությունները, որոնք գերմաներեն ներկայացրեց «ՕԴԱ» ամսագրի խմբագիր Անդրե Շինքելը: Հ. Նավասարդյանը կարևորեց ճշմարիտ խոսքը՝ իբրև խաղաղության ակունք: Սիրիացի բանաստեղծ Ֆարաջ Բայրաքդարը խոսեց սիրիական պատերազմի մասին՝ անդրադառնալով տարբեր երկրների ունեցած քաղաքական շահերին:
Մասնակցում էին նաև բանաստեղծուհի Լիազա Մայերը՝ Ավստրիայից, Միտե Շտեֆոսկին՝ Մակեդոնիայից և Ջենտիան Կոկոլին՝ Ալբանիայից:
Հոկտեմբերի 16-ին Մագդեբուրգում տեղի ունեցավ Սաքսոնիա-Անհալթի գրողների միության հավաքը, որտեղ իրենց գործերն ընթերցեցին Լիազա Մայերը և Հերմինե Նավասարդյանը: Գրադարանային միությունների երեկույթում հայ գրողները հանդիպեցին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգելոհի հետ: Նա ողջունեց համագործակցությունը երկու երկրների գրողների միությունների միջև և հայտնեց հաջորդ շաբաթ իր Հայաստան այցելության մասին:
Հոկտեմբերի 18-ին հայ գրողները մասնակցեցին Զալցկրայս երկրամասի դպրոցականների ստեղծագործությունների «Իմ երազանքների երկիրը» գրքի շնորհանդեսին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գրքերի տպագրության և 2015 թ. մայիսին Գերմանիայում կայանալիք ցեղասպանությանը նվիրված գիտաժողովին ներկայացման մասին:
Վերադարձի ճանապարհին՝ Վիեննայում հայ գրողները հյուրընկալվեցին հայկական համայնքում, հանդիպեցին Ավստրիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանին, ծանոթացան դեսպանատանը կից մշակութային կենտրոնի գործունեությանը: Է. Միլիտոնյանը հանդիպեց Սբ. Հռիփսիմե եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի աշակերտների հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։