Հայ գրականությունը և ընդհանրապես հայությունը կորցրեց իր լավագույն բարեկամներից մեկին՝ Լիտվայի անվանի բանաստեղծ, թարգմանիչ, հայագետ ու հասարակական գործիչ Մարիտե Կոնտրիմայտեին:
Մ. Կոնտրիմայտեի մանկությունն անցել է սիբիրյան աքսորում, իսկ 1971-ին, արդեն Լիտվա վերադարձած և իր առաջին գիրքը հրատարակած երիտասարդ բանաստեղծուհի, նա Լիտվայի գրողների միությունից առաջարկ է ստանում թարգմանությամբ զբաղվելու համար որևէ օտար լեզու ընտրել: Ի զարմանս շատերի, առանց երկմտելու միանգամից ընտրում է հայերենը և երկու տարով գործուղվում Երևանի պետական համալսարան: Այդ երկու տարին կանխորոշում են նրա ողջ հետագա կյանքը: Երևանից նա վերադառնում է ոչ միայն հայոց լեզուն գերազանց սովորած, ոչ միայն ընտանիք կազմած, այլև մեկընդմիշտ կապված հայ մշակույթին ու Հայաստանին:
70-ականների կեսից սկսած՝ Մ. Կոնտրիմայտեի թարգմանությամբ մամուլում և առանձին գրքերով լույս են տեսնում հայ դասականների ու ժամանակակից գրողների բազմաթիվ գործեր, այդ թվում «Քար և լույս» խորագրով 20-րդ դարի հայ բանաստեղծության անթոլոգիան, «Հայ պատմվածքը» ժողովածուն, Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր», Գևորգ Էմինի «Յոթ երգ Հայաստանի մասին» գրքերը: Վիլնյուսի նրա բնակարանը կամաց-կամաց ուխտատեղի է դառնում Հայաստանից ժամանած մշակույթի գործիչների համար:
1988-ի փետրվարից Մ. Կոնտրիմայտեի գործունեությունը վերաճում է նաև հասարակական-քաղաքականի: Նա գալիս է Երևան, հանդիպում ՀՀՇ-ի ղեկավարությանը, նաև ելույթներ ունենում հանրահավաքներում: Իսկ Վիլնյուսում, արդեն անվանի բանաստեղծ և «Սյաուդիս» շարժման ակտիվ անդամ՝ իր ելույթներում հետևողականորեն բարձրացնում է Ղարաբաղյան շարժման, Սումգայիթի և Բաքվի կոտորածների հարցերը, ըստ էության դառնալով, ինչպես այն ժամանակ էին ասում, Հայաստանի ոչ պաշտոնական դեսպանը Լիտվայում:
Նույն թվականի դեկտեմբերին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, և Մ. Կոնտրիմայտեն արդեն երրորդ օրը նորից Հայաստանում է: Նրա ջանքերով հազարից ավելի տուժածներ ապաստան են գտնում Լիտվայի առողջարաններում:
1991-ի սեպտեմբեր: Մ. Կոնտրիմայտեն Անկախության հանրաքվեի դիտորդ է սահմանամերձ, Ադրբեջանից գնդակոծվող Իջևանում:
Ղարաբաղի համար հատկապես ծանր 1992-ին Մ. Կոնտրիմայտեն ստեղծում է «Լիտվա-Հայաստան» ընկերությունը, նախաձեռնում «Օգնություն Ղարաբաղին» շարժում, անձամբ ուղեկցում ավելի քան 20 տոննա բեռը՝ դեղորայք, այդ թվում արյան փոխարկիչներ վիրավորների բուժման համար, մանկական սնունդ ու հագուստ, տեղում հսկում, որ ամեն ինչ բաշխվի ըստ նշանակության: Նույն 1992-ին ամուսնու՝ Ռուսլան Հարությունյանի հետ սկսում է հրատարակել «Արմենա» թերթը՝ լուսաբանելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, հայ ժողովրդի պատմությունն ու ներկան, նրանց առաջ ծառացած խնդիրները:
Նշանակալից է Մ. Կոնտրիմայտեի դերը նաև Հայոց ցեղասպանությունը Լիտվայի խորհրդարանի կողմից 2005 թվականին ճանաչելու գործում: Քայլ առ քայլ, սկսած 1985-ից, նա շոշափում էր այդ խնդիրն իր հոդվածներում, ելույթներում, լինելով Լիտվայի լրագրողների ընկերակցության նախագահ և Քրիստոնյա-դեմոկրատների կուսակցության վարչության անդամ՝ ակտիվ աշխատանք տանում քաղաքական գործիչների շրջանում:
Մ. Կոնտրիմայտեի վաստակն աննկատ չի մնացել: Նա Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր է, նրան շնորհվել է «Գյումրիի երախտավոր» տիտղոս, պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» և ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալներով, Հայաստանի գրողների միության «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է: Չնայած առողջական խնդիրներին՝ Մ. Կոնտրիմայտեն մինչև վերջ էլ հավատարիմ էր իր հայանպաստ գործունեությանն ինչպես հայ գրականության արժեքները լիտվացի ընթերցողին ներկայացնելու, այնպես էլ հասարակական-քաղաքական հարցերում:
Գնահատանքի ու հրաժեշտի այս համառոտ խոսքի ավարտին Մարիտե Կոնտրիմայտեի պոեզիայի մասին, որը գիտակցաբար թողեցի վերջում, քանզի նա մարդու և պոետի բացառիկ ներդաշնակության օրինակ է, ինչի վկայությունն է նրան շնորհված Լիտվայի թերևս ամենապատվավոր «Հույսի նախագահ» մրցանակը՝ ակտիվ, խիզախ, սկզբունքային գրական և հասարակական գործունեության համար: Եվ պատահական չէ, որ նրա վերջին՝ «Կյանքի հետ» ժողովածուն, գրաքննադատության և ընթերցողների կողմից իրավամբ ընդունվեց որպես նոր դարի լիտվական պոեզիայի լավագույն դրսևորումներից մեկը: Խորն ու խոհուն, կյանքի տրոփ արթնացնող պոեզիա, ինչպես և նրա պատասխանը Լիտվայում բազմիցս հնչած լրագրողական հարցին՝ ինչո՞ւ նա, երիտասարդ շնորհալի բանաստեղծուհի, որպես մասնագիտություն նախընտրեց հայոց լեզուն. «Ես սիրահարվեցի «Սասունցի Դավթին»:
Սեր, որը Մարիտե Կոնտրիմայտե բանաստեղծի ու հասարակական գործչի արգասավոր կյանքի անբաժան ուղեկիցը եղավ: