Յուրաքանչյուր հասարակության և պետության զարգացման մակարդակը որոշվում է այդ նույն հասարակության և պետության ընդերքում ձևավորված գիտության զարգացման մակարդակով, որ դրսևորվում է ամենատարբեր բնագավառներում: Գիտություններն ունեն հասարակական գործառույթներ, որոնք ապահովում են այդ նույն հասարակության կամ պետության կենսագործունեությունը ազգային և միջազգային տարածքներում: Բնականաբար, գիտությունն իր ամենատարբեր ոլորտներով ու դրսևորումներով պետք է գտնվի պետության հովանու ներքո և դառնա նրա հոգածության առարկան:
Աթենական պետության աննախընթաց զարգացումը պայմանավորված էր նրանով, որ Պերիկլեսը ուշադրության կենտրոնում էր պահում գիտության խնդիրները և պետության կառավարման տարբեր բնագավառների ղեկը վստահում էր գիտնականներին: Գեներալ Բոնապարտը եգիպտական արշավանքների ժամանակ իր հետ տանում էր գիտնականների մի փաղանգ, որ պետք է աշխարհին ցույց տար գեներալի ռազմական հաջողությունները և ուսումնասիրություններ կատարելով հին աշխարհի խորհրդավոր տարածքներում՝ բացահայտեր բուրգերում անթեղված գաղտնիքները:
Գիտությունը բոլոր ժամանակներում եղել է հասարակության շարժիչ ուժը:
Անհատի գիտական և ինտելեկտուալ իմացության պաշարն ազդում է նրա գիտակցության վրա և որոշում նրա վարքականոնը: Լայն առումով՝ նույնը վերաբերում է նաև հասարակությանը. հասարակական գիտակցության այնպիսի ձևերը, ինչպիսին են լեզուն, կրոնը, մշակույթը, գաղափարախոսությունը, բարոյականությունը և այլն, պահանջում են խոր և համակողմանի ուսումնասիրություն՝ այդ համակարգերից յուրաքանչյուրի ներքին բաղադրիչների պատճառակցական կապերը բացահայտելու համար: Այդ ինստիտուտների, ինչպես նաև բնական գիտությունների օգտակար գործողության գործակիցների ուսումնասիրությունը հետապնդում է ազգային անվտանգության խնդիրներ. ատոմային զենքը հայտնաբերել են ոչ թե օլիգարխների մոնումենտալ դղյակներում, այլ գիտական լաբորատորիաներում: Ի՞նչ են ստեղծում Հայաստանի գիտական լաբորատորիաներում, եթե չհաշվենք ռոբոտային մանկական խաղերը, մինչդեռ Իսրայելի լաբորատորիաները անօդաչու թռչող ռազմական սարքավորումներ են մատակարարում մեր թշնամիներին:
Այս առումով ովքե՞ր և ինչպե՞ս են կազմակերպում գիտության ընթացքը մեզանում, ի՞նչ պայմաններում են աշխատում մեր գիտնականները, արդյոք նրանք արարո՞ւմ են այն, ինչ ի վերուստ սահմանված է նրանց, և կամ նրանց գիտական երկունքը նպաստո՞ւմ է մեր երկրի հասարակական-քաղաքական և ռազմական արդյունաբերության առաջընթացին:
Հայտնի է, որ գիտությամբ զբաղվում են ակադեմիական ինստիտուտներում և բուհական հաստատություններում: Ակադեմիական ինստիտուտներն ունեն որոշակի ֆինանսավորում և կարողանում են ապահովել իրենց ոլորտի գիտնականների աշխատանքների հրատարակման գործը, բացի դրանից կա նաև Գիտության պետական կոմիտե, որ միայն իրեն հասկանալի սցենարով աջակցում է «մրցույթով անցած» գրքերի տպագրությանը:
Ինչպիսի՞ն է վիճակը բուհական համակարգի գիտնականների պարագայում:
Իհարկե, բուհերի բոլոր մասնագետները չեն զբաղվում գիտությամբ. նրանց մի զգալի մասը թեկնածուական թեզի պաշտպանությունից հետո իսպառ մոռանում է գիտության «քաղցրությունը» և առավելագույնը, որ անում է, փոքր տրամաչափի հոդվածներ հրապարակելն է: Բայց և այնպես կան մասնագետներ, որոնք, անկախ գիտական աստիճանից և շրջապատի վերաբերմունքից, շարունակում են զբաղվել նախասիրած աշխատանքով, քանի որ լավ են գիտակցում լատինական թևավոր արտահայտության բուն իմաստը. «Գիտության արմատները դառն են, պտուղները՝ քաղցր»:
Այդ աշխատանքի արդյունքը լինում է պատրաստի մենագրությունը, որ պետք է հանձնել տպագրության: Գիտնականը (մեղմ ասած) շուրջ երկու տարի աշխատել և ավարտին է հասցրել իր գիտական հետազոտությունը: Հարց է առաջանում. ո՞վ պետք է ֆինանսավորի աշխատանքի տպագրությունը:
Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը ԵՊՀ-ին հովանավորում էր (է՞) գրքերի հրատարակության գործում, այդ բուհի մասնագետները հնարավորություն ունեին (թեև ոչ բոլորը) գրքեր հրատարակելու հիմնադրամի միջոցներով: Ոմանք կարողանում են գտնել ռուսաստանաբնակ հայազգի գործարարներ և իրենց հարցերը լուծել նրանց մեկենասությամբ: Բայց մի՞թե դա հարցի լուծում է:
Այս հարցում պետությունը ձեռքերը լվացել, մի կողմ է քաշվել: Դա ենք սովորել Պիղատոսից: Իսկ Քրիստոսի՞ց:
Ինչո՞ւ մի անգամ հեռուստամարաթոն չեն կազմակերպում գրքեր հրատարակելու համար, ի՞նչ է, ազգին միայն ասֆալտապատ ճանապարհնե՞ր են հարկավոր, թե՞ գիրքը ճանապարհի չափ էլ արժեք չունի:
– Չունի՛, էլի՛,- կասի շինարարական տենդերը «ազնվորեն» շահած կազմակերպությունը:
Մասնագետը գիրք է գրել, մասնագետը հնչեցնում է զանգերը, իսկ ո՞վ է լսում զանգերի ղողանջը: Այս պայմաններում գիտնականի հոգում մարում է գրելու ջիղը, ինքը գրում է, ինքը հրատարակում, սակայն իրացման դաշտ չկա: Մնում է մի ելք. ինքն էլ կարդա իր գրած գիրքը:
Այստեղ արդեն գիտնականները տրվում են այլ գայթակղության. սկսում են զբաղվել դպրոցական թեսթեր կազմելու թեթև աշխատանքով, որ հրատարակվում է պետական միջոցներով, հազարավոր տպաքանակներով, որ մասամբ եկամտաբեր է:
Թեսթերով զբաղվում են գիտության դոկտորները, պրոֆեսորները, թեկնածուները, դոցենտները, կայացած և չկայացած մասնագետները: Եվ այստեղ մեռնում է գիտությունը՝ բախվելով անտարբերության դարպասներին:
Չխորանալով այլ մասնագետների գիտական կենսագրության մեջ՝ ուզում եմ հարցնել՝ ինչո՞վ են զբաղվում հանրապետության լեզվաբանները տարբեր բուհերում:
Հայաստանում կան զանազան միություններ՝ գրողների, ճարտարապետների, նկարիչների, ժուռնալիստների, կոմպոզիտորների և այլն, և այլն, սակայն չկա լեզվաբանների միություն: Լեզվաբանները չեն առնչվում նույնիսկ Լեզվի պետական տեսչության հետ: Նոր-նոր ծլարձակում է Լեզվի բարձրագույն խորհուրդը, թեև նրա նպատակը բնավ էլ չի լինելու լեզվաբաններին միավորելը կամ նրանց գիտական հոգսերը դարմանելը:
Հանրապետության լեզվաբանները անհույս խարիսխներ են նետում՝ կայուն հանգրվան գտնելու ակնկալիքով, լուսատու փարոսներ են որոնում՝ հույսի ափ հասնելու համար: Այդ որոնումների լաբիրինթոսում, այնուամենայնիվ, նրանց մեջ կան հատուկենտ նվիրյալներ, որոնք զբաղվում են գիտական գործունեությամբ: Բուհերում, բացառությամբ մեկ-երկու մասնագետների, մյուսները գրեթե ոչինչ չեն անում՝ չհաշված պարբերականներում հրապարակած որոշ հոդվածներ, որոնք առանձնապես եղանակ չեն ստեղծում:
Չե՞ն կարող գրել: Անշո՛ւշտ, կարող են, և նրանցից շատերը գիտական աշխատանքները շարունակելու մեծ ներուժ ունեն:
Ի՞նչ հեռանկարով գրել, եթե այն մնալու է թղթի վրա, ինչպես մնում են հարյուրավոր (ես կասեի՝ հազարավոր) թեկնածուական ատենախոսությունները՝ պաշտպանելուց հետո: Հայաստանում գիտությունը չի ծառայում իր առաքելությանը, քանի որ ոլորտը մատնված է անտերության, ոչ ոք ուշադրություն չի դարձնում թե՛ գիտությանը, թե՛ գիտության մշակին:
Չէ՞ որ դա մտնում է պետության առաջնահերթությունների մեջ: Սնանկանո՞ւմ է պետությունը, դա՞ է պատճառը, որ Գրողների միությունը զրկվեց գրքեր հրատարակելու ֆինանսական միջոցներից: Մամուլում զանազան բաց և փակ նամակներ հայտնվեցին՝ ուղղված պաշտոնատար անձանց: Գրում էին վաստակաշատ գրողները, ճանաչված բանաստեղծներն ու մտավորականները, անգամ սկսնակները, մտահոգվում էին, որ իրենց մտավոր երկունքը մնալու է թղթի վրա և չի հասնելու ընթերցասեր սերնդին:
Հետաքրքիր է, միայն Գրողների միության անդամնե՞րն են գրքեր գրում, որ իրավացի դժգոհում են ստեղծված իրավիճակից: Իսկ, ասենք, լեզվաբանները գիրք չե՞ն գրում, երբևէ նրանց գրքերը (անկախության շրջանում) պետությունը հովանավորե՞լ է: Ինչո՞ւ նրանք չեն միանում Գրողների միության անդամների անկեղծ դժգոհությանը և իրենց ձայնը չեն բարձրացնում թե՛ իրենց և թե՛ հանրության շահերի համար:
Պատկան մարմինները պետք է պատշաճ ուշադրություն դարձնեն գրին ու գրականությանը նվիրված անհատներին, մանավանդ որ նրանք անհատներ են. լավ է, որ ազգովի չենք գրում: Այդ խնդիրը լուծում ունի: Օրինակ, հաշվե՞լ եք, թե քանի անուն գիրք կարելի է հրատարակել այն գումարով, որ ծախսվում է անձնական մի դղյակ կառուցելու համար, ինչո՞ւ գիտության մարդը հնարավորություն չունի գիրք հրատարակելու, իսկ մի գաղտնի միլիոնատեր դարերին է հանձնում իր ճոխ ապարանքի վեհությունը (ականջդ կանչի Օստապ Բենդեր, կեցցե՛ս դու՝ քաղաքացի Կորեյկո): Արդյոք գիտակցո՞ւմ է ծպտյալ միլիոնատերը, որ ժամանակի մեջ այդ ապարանքը փոշիանալու է, մինչդեռ գիրքը հոգևոր հարստություն է, վեր է նյութական արժեքից և չի վախենում ժամանակի ամենակուլ երախից, որից սարսափում են անգամ եգիպտական բուրգերը:
Ազգի բարոյականության չափանիշ պետք է դառնան գիտական նվաճումները, որոնք գրքերի ձևով զարդարում են գրադարաններն ու գրախանութները, ներկայացվում են միջազգային զանազան ցուցահանդեսներում: Մենք հպարտանում ենք արտերկրի ցուցահանդեսներում մեր գրքերի հաղթանակով, սակայն չենք հիշում, որ այդ ցուցահանդեսներում ներկայացված լինեն հայոց առանձնատների համալիրները, որոնք երևանյան գորգի վրա հնչում են իբրև եվրոպական կարկատաններ:
Զանգերը հնչում են անարձագանք, իսկ այդ դեպքում՝
Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ՂՈՂԱՆՋՈՒՄ ԶԱՆԳԵՐԸ . . .