Շատ է ասվել, որ հայ մանկագրությունն զգում է թարմ հոսանքի անհրաժեշտություն, որ գործող ուժերը (բանաստեղծ թե արձակագիր) մեծ մասամբ արդեն տարեց մարդիկ են, ու թեև այսօր էլ դեռ նրանք աշխատում են չիջեցնել չափանիշը, բայց նույնը չի կարելի պնդել վաղվա և գալիք օրերի մասին: Նրանց փոխարինողներ են պետք և, բնական է, ցանկալի են արժանավոր փոխարինողներ. ստեղծագործողներ, որ աչքի ընկնեն նոր մոտեցումներով, ասելիքով և ամենակարևորը` երեխաներին հոգեհարազատ ասելաձևերով, ինքնաբերաբար կապ ստեղծելով ստեղծագործողի ու երեխաների միջև: Սպասելի ու ցանկալի է նրանց գալուստը: Չեմ ասում` լինեն շատ երիտասարդ: Այդպիսիները, թեև տարիքային առումով ավելի մոտ են մանուկներին, բայց, կարծում եմ, դեռևս ի վիճակի չեն լիովին վերապրելու և արտահայտելու ոչ վաղ անցյալի իրենց հոգեվիճակը, դա անել հոգեհարազատորեն ու բնականորեն և ոչ` ինչ-ինչ պահանջների թելադրանքով ու պարտադրանքով:
Իսկ նման կարող են լինել այն երիտասարդները, ովքեր իրենք արդեն երեխաներ ունեն, իրերին ու երևույթներին նայում են նաև իրենց երեխաների աչքերով ու պատկերներով:
Դժվար է ճիշտ ու ճիշտ միանգամից այդպիսի փոխարինողներ գտնելը, ուստի ողջունելի ենք համարում բարյացակամորեն մանկագրության ասպարեզ մտնել փորձող ամեն մի հեղինակի հայտնությունը, ով իր հետ բերում է մեր մանուկներին ուրախություն պարգևելու կոչված թեկուզև փոքրիկ մի ծաղիկ կամ ծաղկեփունջ: Նրանցից մեկն էլ Արսեն Գլջյանն է, որ իր «Սիրուն ամառ» խորագիրը կրող մանկական ժողովածուի (արդեն երրորդ) ընծայականով հուշում է, որ գրել ու հրատարակել է հարյուր հիսունից ավելի գիտական հոդվածներ, Հակոբ Պարոնյանի ստեղծագործությանը նվիրված մենագրություն, «Մշակութաբանություն» է դասավանդում Հայաստանի պետական ագրարային համալսարանում:
Ասվածն էլ վկայում է, որ Ա. Գլջյանը գրի ու գրականության մարդ լինելով, բավականին ուշ է սկսել գրել նրանց համար:
Եվ դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա, քանզի ա՛յլ բան է գրականագետ ու գիտնական լինելը և բոլորովին ա՛յլ բան` գեղարվեստական գործ ստեղծելը (լինի գողտրիկ մի ոտանավոր թե պատմվածք կամ վեպ): Բայց և չի բացառվում առանձին դեպքերում երկուսի համատեղությունը, թեև ժամանակի ընթացքում սովորաբար նախապատվությունը տրվում է մեկին կամ մյուսին:
Ասացինք, որ «Սիրուն ամառ»-ը Ա. Գլջյանի երրորդ մանկական ժողովածուն է: Այն նմանություններ ունենալով նախորդների հետ (մեծ մասամբ թեմատիկ առումով` գյուղական կյանք, բնություն և մանավանդ` խոսքի հակիրճություն), միաժամանակ տարբեր է նրանցից ասելիքով ու պատկերներով, ինչպես, ահա, «Առաջին սերը», որը մի տեսակ դարձել է Գլջյանի խորհրդանշանը:
Արարատի նման սիրուն
Աշխարհում լեռ չկա,
Հենց մեծացա`
կբարձրանամ
Ես գագաթը նրա:
Եվ այնտեղից քեզ կնայեմ,
Երևան իմ սիրուն,
Ես երկուսիդ, մորս նման,
Անչափ շատ եմ սիրում:
Սակայն, եթե նախորդ ժողովածուներում, ինչպես նշեցինք, կարելի էր հանդիպել նաև այսպիսի հաջողված գործերի, ապա այս գրքում ևս գերակշռում են նման պատկերները, որ ջերմությամբ են համակում ընթերցողին կամ ունկնդրին:
Ծիտը ասաց ծիտիկներին.
Դասից չուշանաք,
Լավ կսերտեք նոտաները,
Որ չմոռանաք:
Շատ քիչ մնաց մեծ համերգին
Եվ մրցույթին մեծ:
– Ջա՜ն,- քրքջացին ծիտիկները,-
Ամառն սկսվեց:
Ընդհանուր առմամբ, ծանոթանալով Արսեն Գլջյանի ոտանավորներին` կարելի է նկատել հակումը դեպի երաժշտությունը, երգն ու պարը, մի բան, որին ճաշակով ու տեղին մոտենալու դեպքում, արդյունքը չի կարող չգոհացնել, ինչպես, ասենք, «Համերգից առաջ» ոտանավորում.
Դեղձանիկը վաղ արթնացել
Ու ձայնն է փորձում,
Համերգին քիչ է մնացել`
Սիրտն է թպրտում:
Շատ է հուզվում.
Այս հանդեսին բոլորն են գալու,
Ամեն մեկն իր հրաշալի
Երգն է երգելու:
Մեծ չեն Ա. Գլջյանի մանկական ժողովածուները. յուրաքանչյուրը մի երեսուն էջ` գրեթե նույնքան գործերով, հիմնականում բաղկացած են 2-3 քառատողերից: Եվ լավ է, որ այդպես է, քանի որ եղած ծավալուն գործերը` դրանց համեմատությամբ, ձգձգված են ու կոնկրետությունից զուրկ: Սակայն այս նոր ժողովածուում զետեղված «Մեր փողոցի մուկը» բանաստեղծությունը թեև երկարաշունչ, այդպիսին չէ: Հեղինակը ներկայացնում է պարծենկոտ ու մեծախոս մի մուկիկի ճառերը այս կամ այն առիթով, որ ծիծաղելի են ու համոզիչ: Համոզիչ է նաև ավարտը.
Ու դեռ էլի մեծ-մեծ բաներ
ուզում էր նա ասել,
Մեկ էլ տեսնեմ` նորից ծլկեց.
կատվի ձայն էր լսել…
Մենք, որ Ա. Գլջյանի համար ավելի բնորոշը համարել ենք կարճ, ոչ սյուժետային գործերը, «Մեր փողոցի մուկը» կարդալուց հետո դժվարանում ենք նույնը պնդել: Չենք բացառում, որ առաջիկայում հեղինակը մեզ կարող է հրամցնել նույնպիսի նոր գործեր: Եվ, իհարկե, նաև հակիրճ ու հաջող նոր բանաստեղծություններ:
Եվ ընդհանրապես, ելնելով նրանից, որ Ա. Գլջյանի ամեն նոր ժողովածու ավելի հաջող ու ներկայանալի է, քան նախորդը, լավատեսությամբ ուզում ենք հուսալ, որ առաջընթացը շարունակվի: