Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա
31-ը հուլիս, 1951 թվական, հանդիպում հայ գրողների հետ։ Երեկոյան ժամը վեցին ուղղվում ենք դեպի գրողների նորակառույց ակումբ-պալատ՝ Բաղրամյան պողոտա։
Ինչպես մեր մյուս այցելությունների առթիվ, այս անգամ էլ մեր խումբը բաղկացած է արտասահմանից ժամանած հոգևորականներից՝ Երուսաղեմի պատրիարքական փոխանորդ Գեր. Տ. Եղիշե Արքեպս. Տերտերյան, Գեր. Տ. Սուրեն Քեմանճյան, Գեր. Տ. Նորայր Եպիսկոպոս Պողարյան և այս տողերը գրողը՝ ընկերակցությամբ Խորհրդային Հայաստանի դավանությունների խորհրդի նախագահ Հրաչյա Գրիգորյանի, Մայր Աթոռի ընդհանուր քարտուղար Հ. Ագուլյանի և Հոգևոր ճեմարանի տեսուչ պրոֆ. Մինասյանի։ Գրողների պալատը կարմիր տուֆե շենք է՝ բազմահարկ, գեղեցիկ, մեծ շինություն՝ սյունազարդ շքեղ մուտքով։ Շենքը նոր է կառուցվել, և ներքին կահավորումը տակավին ավարտված չէ։ Աշնանը պիտի տեղի ունենա պաշտոնական բացումը։ Մեզ դիմավորում են մի խումբ երիտասարդ գրագետ-գրագիտուհիներ ու մեզ առաջնորդում նախագահի գրասենյակ։ Գրողների միության նախագահ Ավետիք Իսահակյանը բացակա է։ Երկու օր առաջ մեկնել է օդափոխության՝ Հյուսիսային Կովկաս։ Հաշտվում ենք Վարպետի բացակայության գաղափարով, վասնզի մի քանի օր առաջ իր ներկայությունը փառավորապես վայելել էինք «Արարատ» ճաշարանում՝ մտերմական սեղանի շուրջ, ու միասին ճաշակել երևանյան համբավավոր լուլե քեբաբը։
Գրասենյակում մեզ ընդունում է մեր գրական մեծ դեմքերից վաստակավոր վիպասան Դերենիկ Դեմիրճյանը։ Ներկա են գրական քննադատներ Թոփչյանը, Հրաչյա Գրիգորյանը, դրամատուրգ Տեր-Գրիգորյանը և ուրիշներ։
Գրասենյակում ընդհանուր բնույթի ջերմ խոսակցություն։ Ապա այցելում ենք պալատի զանազան հարկաբաժիններ և սրահներ, մեծ ամֆիթատրոն՝ բեմ և ֆիլմի ցուցադրության հարմարություններով, առանձին պարապմունքների համար աշխատանքի սենյակներ, գրասենյակներ և այլն։ Տպավորիչ է մուտքի մարմարապատ սրահը և ամֆիթատրոնը։ Ամեն կողմում առատ լույս, շատ առատ լույս, իսկական լույսի պալատ՝ թե՛ բարոյական, թե՛ նյութական իմաստով։ Դերենիկ Դեմիրճյանի նախագահությամբ նստում ենք երևանյան բարիքներով լեցուն սեղանի շուրջ։
(«Բացիր աչքերդ, հայ ժողովուրդ» (հոդվածներ, քննարկումներ, հուշեր), Երևան, «Վերնատուն մեդիա» ՍՊԸ, 2023 թ., էջ 184)
ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ես՝ Աելիտա Գուրգենի Դոլուխանյանս, 1971-ի փետրվար ամսին իմ գիտական ղեկավար, հայտնի միջնադարագետ Ասատուր Շմավոնի Մնացականյանից (ՀԳՄ անդամ Ասատուր Շեմսից) լսել եմ, որ ներկայիս ՀԳՄ շենքը, որը գտնվում է Բաղրամյան 3 հասցեում, կառուցվելիս Ավետիք Իսահակյանը՝ Վարպետը, մասնակցել է նյութական աջակցությամբ։ Նա շատ խանդավառ է եղել այդ շենքը արագ կառուցելու հարցում։
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
ՀԳՄ անդամ 2000 թվականից
* * *
Ես հավաստում եմ՝ Հայաստանի գրողների միության շենքը 50-ականի սկզբից՝ գործարկման առաջին օրվանից, պատկանել է Հայաստանի գրողների միությանը։ Մենք վկա ենք շենքի կառուցմանը՝ նախապես իմանալով, որ դա դառնալու է Հայաստանի գրողների միության շենքը։
Նորայր ԱԴԱԼՅԱՆ
ՀԳՄ անդամ 1966-ից, արձակագիր, դրամատուրգ, բան. գիտ. դոկտոր,
Մշակույթի վաստակավոր գործիչ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հայաստանի Գրողների միության շենքը սկսել են կառուցել 1950 թվականին՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 75-ամյակի նախօրեին։ Այդ շրջանում Հայաստանի գրողների միության նախագահ Ավետիք Իսահակյանը դիմել էր ՀՀ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին՝ խնդրանքով՝ կառուցել առանձին մի շենք Հայաստանի գրողների միության համար։ Հինը, որ գտնվում էր Շահումյան հրապարակում, շատ փոքր և անհարմար հարկաբաժին էր: Ընդառաջ գնալով Վարպետի խնդրանքին՝ որոշում կայացվեց շենքը կառուցել Իսահակյանի ապրած տնից ոչ հեռու՝ Բաղրամյան 3 հասցեում։ «Վարպետ ջան,- ասել էր Հարությունյանը,- տնից դուրս կգաք, կանցնեք փողոցը և կլինեք Գրողների միության շենքում»։
Միաժամանակ կառուցվում էր նաև Հովհաննես Թումանյանի թանգարանի շենքը՝ նույնպես Իսահակյանի խնդրանքով։
Գրողների միության տան կառուցման նպատակն էր՝ հատկացնել գրողների ստեղծագործական միությանը մի հարվարավետ առանձնատուն, որտեղ պետք է աշխատեին Գրողների միության ստեղծագործական մասնաճյուղերը և գրական բոլոր խմբագրությունները։ Շենքում էին գտնվում նաև միության նախագահի և քարտուղարների աշխատասենյակները։
Առաջին հարկում նախատեսված էր ընդարձակ դահլիճ գրական հավաքների և երեկոների անցկացման համար։ Այստեղ էր գործելու նաև «Հայաստանի գրական ֆոնդը»։ Երբ շինարարությունը մոտենում էր ավարտին, պարզվեց, որ լրացուցիչ գումար է անհրաժեշտ կառուցվող շենքի կտուրը ծածկելու համար, և պահանջվող գումարը Ավետիք Իսահակյանը անհատույց հատկացրեց իր տպագրած գրքերից ստացած հոնորարներից։
Այսպիսով, սկսած գաղափարից` Հայաստանի գրողների միության շենքի կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Ավետիք Իսահակյանը, որը ղեկավարել է միությունը ցմահ՝ մինչև 1957 թ. հոկտեմբերի 17-ը: Շատ լավ եմ հիշում շենքի կառուցման ընթացքը, քանի որ հաճախ էի ուղեկցում պապիկիս շինհրապարակ և կիսում նրա հետ ուրախությունը՝ տեսնելով, թե ինչպիսի սիրով և եռանդով են հայ շինարարները աշխատում կառույցի վրա:
Հարկ է ասել, որ այդ ժամանակաշրջանում ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետություններում կառուցվեցին առանձին շենքեր ստեղծագործական միությունների՝ գրողների, կոմպոզիտորների, նկարիչների, ճարտարապետների համար։ Դրանք ազգային մշակույթների պահպանման և զարգացման յուրահատուկ կենտրոններ են նաև այսօր։ Հայաստանի գրողների միությունը, բացի եռահարկ տուֆե շենք հասկացողությունից, նաև մշակութային ոգով լցված կարևոր պատմահուշային կառույց է, ուր ժամանակին աշխատել և գործել են Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Հովհաննես Շիրազը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Սերո Խանզադյանը, Վահագն Դավթյանը, Հրանտ Մաթևոսյանը՝ հայ գրականության մեծերի մի ամբողջ անդաստան, կառույց, ուր պետք է սրբությամբ պահպանվի յուրաքանչյուր հիշատակ՝ կապված նրանց անունների հետ։
Սա ոչ միայն շենք է, այլև յուրահատուկ հոգևոր տաճար։ Եվ այժմ այդ կառույցին ուրիշ իմաստ տալը և այլ նպատակի ծառայեցնելը սրբապղծություն է։
Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ՀԳՄ անդամ 1977 թվականից, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացու մեդալակիր
27 հունվարի, 2025