Պատերազմից կամ քաղաքականությունից հասկանալու մեջ ես շատ դանդաղամիտ եմ եղել ու հենց վերջերս եմ իմացել, որ դրանք ոչ մի կապ չունեն արդարության, խղճի, կյանքի ու երջանկության իրավունքի հետ: Արդյունքում՝ աշխարհը ինչպես որ կա: Նայում եմ ՆՈՐ ՎԱՅՐԵՆՈՒ աչքերի մեջ ու տեսնում քարանձավի արյունատենչ նույն վայրենուն, ում հայացքին քաղաքակրթությունը միայն լկտիություն է հավելել և անպատիժ մնալու հիշողություն: Լկտիության նոր չափ, որի հիմքում սուտը որպես օրինական գործիք օգտագործելու նոր իրավունքն է, գլոբալ վերահսկող աչքի հաշվենկատ կուրության փորձը, դաշնակիցներին ու թշնամիներին միաբանող նույն ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀ կոչվող նոր աստծո պաշտամունքը՝ օրհնանքի ու անեծքի սեփական ձևակերպումներով և հատկապես հաշվարկով, ըստ որի, ամեն օր ջահել տղաների որոշակի քանակ պետք է դրվի մոլորակի այս կամ այն կոնկրետ զոհասեղանի վրա:
Արդյունքում՝ սա է:
Նայում եմ վերջին չորս զոհերի փայլուն աչքերի մեջ… ու ամաչում:
Նայում եմ նրանց մայրերի՝ այսուհետ հավերժորեն մոլորված և թաց աչքերի մեջ… ու ամաչում:
Նայում եմ նկուղում թաքնված և վախից իր տիկնիկը կրծքին սեղմած աղջնակի աչքերի մեջ… ու ամաչում:
Նայում եմ նրա տիկնիկի զարմացած աչքերի մեջ և տեսնում մարդկությունը որպես պարտեզ՝ իր պտղատու ծառերով ու մոլախոտով:
Կենտրոնից մի փոքր դուրս, քամու թելադրանքով, օրորվում է ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ԽՐՏՎԻԼԱԿԸ, որը մի ձեռքով զենք է կախում վայրենու ուսից, մյուսով՝ մատ թափ տալիս նրա վրա: Նայում եմ ու սարսափում:
Աստված իմ-սա՞ է պաշտպանելու ՏՂԱՆԵՐԻՆ:
Սա՞ է սրբելու արցունքը ՄԱՅՐԵՐԻ աչքերից:
Սա՞ է քշելու վախը թաքնված այն ԱՂՋՆԱԿԻ աչքերից… ու այն տիկնիկի: Այս ծիծաղելի խրտվիլա՞կը:
Մինչ այդ – պատին մի նոր հրացան է կախվում: Կախվում է, ուրեմն պիտի կրակի: Սա՛ է թատրոնի օրենքը, և ո՞վ չգիտի, որ պատերազմը ամենահին ու ամենաշահավետ թատրոնն է: Քաղաքակրթության ամենամեծ ամոթը, որի հարատևության մեջ ԻՄ ՈՒՆԵՑԱԾ ՄԵՂՔԻ ՉԱՓՈՎ ուզում եմ ներողամտությունը հայցել այն չորս տղաների, այն չորս հանճարեղ մայրերի, վախով թաքնված այն աղջնակի ու այն տիկնիկի, որն այդպես էլ… երբևէ ոչինչ չի հասկանալու այս ամենից: