ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Շանթ ՄկրտչյանՀԳՄ վար­չու­թյու­նը շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, թարգմանիչ ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ

Ի ՍՐՏԵ

Շնորհավորական տարբեր խոհա­գրեր մտմտացի, շնորհավորանքի զանազան տարբերակներ` քնարական և ոչ քնարական զեղումներով, միայն ի՛ր` իմ գրչեղբայր Շանթ Մկրտչյանի անձին ու ստեղծագործությանը բնորոշ, իր լուսավոր ու շռայլ տեսակին արժանի, և հերթական անգամ պարզվեց, որ երբեմն բառերն ի զորու չեն գոնե նվազ ճշգրտությամբ արտահայտել այն, ինչն առավել սրտամոտ է ու հոգեհարազատ…
Միաժամանակ պարզվեց նաև, որ իր ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ՏԱԳՈՐ վերնագրով եռատողն է իմ ասելիքի նախաբանը.
Ի սկզբանե
Երազն էր –
Ափերն էր փնտրում:

Սիրելի՛ Շանթ, քեզ ճանաչող-չճանաչողները լավ գիտեն, որ ավելի քան 40 տարի քո Երազը պոեզիան է, որի ափերի փնտրտուքում բանաստեղծական սքանչելի հղացումներ ու գյուտեր ունեցար, անդավաճան մնալով ընկերներիդ ու հայրենիքիդ, ամեն բառի հետ ան­մնացորդ նվիրվելով անզուգական քո Լեզվին: Ուստի հումորախառն ուզում եմ հավելել նաև, որ շատերն են կամա թե ակամա շանթահարվել ու մկրտվել բանա­ստեղծ և թարգմանիչ Շանթ Մկրտչյանի ծանրաբարբառ փայլատակումներով…
Հին ու նոր կարոտների շնչակից ընկե՛ր, դու իսկական Հայի այն կերպն ես, որ աշխարհի ուզածդ երկրում արժանապատիվ ու նվիրյալ քաղաքացի կլիներ, երևելի հեղինակություն, սակայն Երազիդ փնտրած ափերը, փա՜ռք Աստծու, քրիստոնյա քո կամքին ու բնույթին հավատարիմ, այսուհետ ևս կսահմանափակվեն բազմաչարչար Հայաստանով` ի շահ մեր գրականության հավատամքի…
Համբերություն ու կորով քե՛զ, 60-ամյա հայորդի՛, ի սրտե շնորհավորում եմ հոբելյանդ:

Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ 

ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Շանթ Մկրտչյանի ո՛չ դասընկերը, ո՛չ էլ թասընկերն եմ եղել: Ինքը մի քիչ շուտ ծնված լիներ, կամ ես դույզն ինչ ուշ, թերևս այդպես էլ լիներ: Չեղավ, և պատճառը մեր տարիքների փոքր տարբերությունը չէ միայն: Այլևայլ հանգամանքների բերումով ուշ, շատ ուշ եմ ճանաչել նրան և անկեղծորեն ափսոսացել դրա համար: Եվ հիմա, իրեն ճանաչող շատերի նման, ես էլ եմ զարմացած,– ինչպե՞ս թե Շանթը 60 տարեկան է:
Եվ, այնուամենայնիվ, այդպես է, ուզենք թե չուզենք, հավատանք թե չհավատանք:
Շանթը մի հանգրվանում է, որ բազում այլ բաների հետ հետադարձ հայացք է պարտադրում թեկուզ հպանցիկ, արած-չարածը գույքագրելու, գրած-չգրածը իմաստավորելու առումով (այո՛, նաև չարած-չգրածը, քանի որ առանց դրա առաջ գնալ պարզապես անհնար է):
Իր ստեղծածն իրենից ավելի լավ ոչ ոք չի կարող արժևորել:
Եվ, ուրեմն, ավելորդ դատողությունների չտրվելով, ասեմ միայն, որ մեր արդի պոեզիայում փարթամորեն բարգավաճող «ոչնչագրության» համապատկերում Շանթ բանաստեղծն այն սակավներից է, ով առանձնանում է «քչագրությամբ», և, անձամբ ես դա իր ստեղծագործության գնահատելի կողմերից մեկն եմ համարում: Ավելի լավ է ոչ միայն քիչ գրել, այլև ընդհանրապես ոչինչ չգրել, քան գրել ոչինչ, խորացնելով այն անդունդը, որ վերջին երկու տասնամյակում առաջացել է գրականության և ընթերցողի միջև:
Իմ տպավորությամբ, ահա, այս սկզբունքի դավանավորն է բանաստեղծը` գրիչ վերցնել այն ժամանակ միայն, երբ չես կարող չվերցնել, երբ ասելիքը օղաթոկի պես սպառնում է խեղդել:
Այս սկզբունքի նվիրյալն է նաև թարգմանիչ Շանթը: Ոչ ոք չի պատվիրել նրան, զորօրինակ, Բրոդսկի, Միլոշ կամ Շեյմաս Հինի ու Օկտավիո Պաս թարգմանել: Սրտի պատվերներ են դրանք, սիրո պտուղներ և ոչ թե հաշվարկով կայացած ամուսնություն, որից դժվար է առողջ ծնունդներ երևակայել:
Շնորհավորելով գրչակից ընկերոջս՝ ցանկանում եմ նրան բեղմնավոր քչա­գրության և սիրո պտուղների առատու­թյան երկար տարիներ:

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

***
Ծովազվա՜րթ է, տերևաթա՜փ է
Տիեզերքի ափում,-
Ձեզ կարոտել եմ, հեռացածներս,
Օ՜դն եմ շոշափում:

Արձակագիր Վահան Թամարյանին

Սուրբ Սարգիսի տոնն է, իմ արբեմոլ ախպեր,
Եկեղեցու դիմաց՝ կուտակ-կուտակ թուխպեր,
Ասես ԱՄՆ մեկնած շարքը Սև Հենդոյի –
Դո-ից սևն հասնում է մինչև վերին դո-ին:

Օ՛, տիկիններ սիրուն, օ՛, ուրվական Վահան,
Ղողանջում եք մեկտեղ, և սերն ահա-ահա
Դուրս կհորդի քաղաք ու երկի՛նք կհորդի,
Օրորելու մակույկն անդարձ քո ակորդի,

Ուր էջեր են աճել վիհի աղբանոցից,
Որպես ծաղիկները մահվան պարանոցին,
Որ նա շնչի՛ բույրը, զարթի՜, անմահանա՜,
Աչքերը լայն բանա ու գինեբույր գնա:…

Օ՛, տիկիններ սիրուն, օ՛, ուրվահան Վահան,
Ամպաշողի միջով ձեզ եմ տեսնում հիմա,-
Դու՝ բաժակդ ես պարզում անել այս դրվագում,
Ու ես ի՜նչ սիրով եմ գինին մատռվակում:

Ձկնորս Լի Թայ Պոն

Ձուկ էի որսում իմ կարթով,-
Ձկան հետ ալի՜քը բարձրացավ:

Ալի՛քը որսացի իմ կարթով,-
Կարթի հետ քամի՜ն բարձրացավ:

Եվ քամո՛ւն կարթի հետ պահեցի,-
Քամու հետ երկի՜նքը բարձրացավ:

Ես ձուկ էի որսում ծովափին,-
Այդ ձուկը- երկնքո՜ւմ որսացի:

Արքիմեդիա

-Տվեք ինձ հենման կետ,
և ես շուռ կտամ Երկրագունդը,-
ասաց Արքիմեդն
ու կորավ աշնանացանի ճառագող հունդում:

Միլիոնավոր սերմեր –
ողջակիզման ջերմում, ձայնակցում էին հերկին,
պղպջում խմորի պես, ճևում էին դեպ վեր,
ասես ընդերքո՜ւմ է ջրերեսին զարկում
անձրևը երկնի:

Մեր ճամփեքը բոլոր
շարժվում են դեպ կետն այդ խուսափուկ,-
անցնում ամպերով – ցրիվ ու մոլոր,
մեռյալ ժայռերով – կամային կապուկ,

և օրն է մոտենում – ամենաերկար,-
լույսով` անարև, շուքերով` սևքար,
մթարը` մթարներից, ողջը` պատառ – պատառ,
ու միջից տեսնես ով է ելնելու`
սատանա՞ն դալկադեմ, թե՞ սուրբը շվար:…

Ընդգրկուն այդ նյութի զանգվածը զգայուն
նուրբ է, քանց աղվամազը նորելուկ կրքի,
չգիտես, թե ուր, որ կողմ է նայում,
ու բիրտ է, քանց գետաձին Սուրբ Գրքի:

Եվ իբրև պտուղ ծառի – զառանցական՝
նրա թիկունքից երևում է մոտեցող մի գունդ,-
պարզ է, ո՜չ զինական:- Թող լինի արցունք, մոլորակ, ական,
սակայն – աշնանացանի՛ ուղեղնային հունդ:

Անցվորն ի՜նքն է ճկում իր կամքի լի՜նգն արդեն,
շրջում յուր կրծքին ընկած մա՜հն օբսիդիանե,-
ու բազմաբյուր սերմեր, ընդմեջ ակնթարթի,
հերկերից երկինք ծիլե՛ր են հանում,

ասես հետադարձ ասուպների գետն է,
հայացքներ՜ն են ասես դրախտ միտում,
և հերկերից հոգնած ծլում է Արքիմեդը,
գլխին` մահվան պսակ, որ ճամփին է գտել,

և աստ` բազմակետեր…

Ոգեկոչ

Մեռած ձկներ էր վտակը բերում:
Խմեցինք ջուրն այդ ու… ծարավեցինք.
Մեկը դեղ էր գցել,
Տեսանք՝ գողացած ճերմակ թիկնոցով
Չոքած երկնքի ակունքին – վերում:

Ու եղբայրներով մեկնեցինք ջրի,
Բերաններիս մեջ՝ ոսկու հուրը չոր,
Տոչորվո՛ւմ էինք,
Մինչդեռ վտառն էր անշունչ երերում
Միրաժների մեջ մեր, սրտերում արթմնի:

Քնի որովայնում ծակ կար քաթանե,-
Հա գայթում էինք, աստղերն ափլփում,
Եվ ջանում էինք իրարու տանել,
Եվ օ՛դն էր լողում դուրս,
Որպես տողը խեղյալ – սմքած թաղանթով:

Շա՛նթ, գուցե եռքում քո մսխե՞լ ես քո տաղանդը,
Շո՜ւնչ առ անշնչության մեջ,
Հոգնացավ ուղղի՛ր ողնաշարդ,
Ասես գագաթի՛ն ես նվիրական սարի,
Հետո՝ հերն անիծած, վայրէջք է, թե չար է:

Ու բե՛ր շուրթերդ մոտ, մի՛ սարսափիր,-
Ի՛նչ անենք – ամա է,
Կարծես հարազատ տունն անտերունչ,
Ուր որ մարել են շշուկ ու շշունջ:-
Խմի՜ր հավերժի դատարկ ձեռնափից:

Չա՛փը ժամանակի՝ շնչակտուր երամ, անշնչավոր վտառ,
Բայց դու՝ ծարավ ես դեռ,
Ուրեմն՝ կա’ս, ե’ռք ես, թեկուզ՝ հևասպառ
Եվ հավերժի բուռը
Բացե’ս պիտի բառ – բառ:
Shakira
Մի լուսանկարի առթիվ

Կրծքի պտուկներով նորաբողբոջ

Իբրև Դելֆինե մտած
Աշխարհի ոսկե ուռկանի մեջ,

Ճոճվում է թևից թև, ժիր
Հրապարակներում մարդակուտակ
Դեպի մեղքերի մաժորը:

Կուզեն զուգավորվել իր հետ
Բազում պատանիներ, հայրեր,
Անդամալույծ ու զորապետ:-

Ջրահարսնե՛ր թող բազմանան
Լճերում, ծովերում, օվկիանոսներում,-
Նա՝ խլող ալիք, ծովամայրը՝ նա:

Երբ շարժում է ազդրերը, տուտուզը
Ու փորը՝ խմորե ոգեդուռ,
Բախտին շրըխկում է
ագռավի տուզը,

Հարսնահանդեսի ամիսն է ասես,-
Շող ու ադամանդ է տեղում,
Տեղում՝ բազմության երեսին:

Տո ի՛նչ թզատերև – թո՜ւզն է՝
Նվաճած ամբոխին անընտել-
Իշխանությանն ու խանությանը՝ կուզ,

Այն՝ երգի մեջ է մտնում, իսկը՝ ախտավոր,
Ակամա-քավարանից դրախտ,
Եվ բացում է Շակիրան որձերի բախտը:

Ապա կյանք, զավթումը կիսամեռ լայնության,
Իբրև պատանի մակեդոնացի,
Բայց Մակոնդոյի՛ց
«Հարյուր տարվա մենության»:

Ու լողում է ի վեր լանջով Օլիմպոսի,
Ի վար դեպ փողոցները հոծ և մեղքերը մաժոր,
Եվ ոտից չեն բռնում ո՛չ արքան,
ո՛չ բոսը:…

Եվ աչքերն են տեսնվում գիշերակեսին,
Կիրքը զմռսած ու ձեռքն, ասես թևը կարապի,
Թե որ երկնքից իջած ուսին հայր Մարկեսի:

***
Ուշ աշնան վերջին
Թնդած շատրվանից բաղեղի
Քամին կարմի՜րը թռցըրեց աղեղով,
Ինչպես հեծյալը՝ նշանված մի աղջիկ:

Չգիտեմ, արևի
Լո՞ւյսն էր աչքերիս այդքան մոտ,
Թե՞ Ակսել Բակունցի ձեռքն էր խնկահոտ
Տխրանուշ հուշը սփռում միրհավի:

Հրաշք

Երազում մի փետուր ես գտա,-
Նոյի աղավնին էր նետել,…
Եվ նկարեցի՝ Արարա՜տը:

One thought on “ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

  1. շնոհավորում եմ իմ տաղանդավոր ընկերոջ հասուն տարիքը,և մաղթում նոր պատանեկություն ; շանթ ին

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։