Հրապարակախոսական մտորումներ. / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ / Գնալ հոգեղենացման ճանապարհով

Տիեզերական նյութի բարելավման ու հոգեղենացման լավագույն օրինակը մարդկության գոյությունն է: Այն փաստը, որ հողագնդի բնակչությունը օրեցօր աճում է, որ մարդկային մտքի ու գործունեության շրջանակները նորանոր ոլորտներ են բացում գիտակցության համար, կասկածից վեր է: Բարեկրթվող ու քաղաքակրթվող մարդկությունը Ադամի և Եվայի կերած առաջին պտուղների և վայելած առաջին հաճույքների հետ առնչվել են մեղքին: Մեղքը արարչական, ասել է թե՝ տիեզերական պատվիրանների ու օրենքների չկատարումն է. արգելվածի համտեսումը, թույլատրելի սահմանի ոտնահարումը: Մարդկային մարմինների մեջ շրջապտույտ տվող արյան ընթացքը, մարդկային ուղեղներում ծնվող վերընթաց մտքերը, մարդկային հայացքի անընդգրկելի խորություններն ու բարձրությունները, մարդկային խոսքի ու լռության երկնահաս շրջապտույտները, մարդկային աղոթքների, խոկումների աստվածամետ մղումները ողջ երկրագունդը լցրել են նյութից պոկված զգայությունների լուսապսակով: Հողագնդից շատ հեռու, միլիարդավոր լուսատարիներից այն կողմ մոլորված կամ ճշգրտորեն կողմնորոշված ինչքան կենդանի էակներ կան, որոնք չգիտեն, չեն իմացել և չեն էլ ուզում իմանալ երկրային մրջնանոցների, մեղվափեթակների, վաղուց վերացած կուսանոցների ու շարունակաբար ծլող ու ծաղկող պոռնկատների մասին:
Հարափոփոխ շարժումների պարտադրանքով երիտասարդանում, իմաստնանում ու հզորանում է աշխարհը, թեև նույն գործընթացներից խենթացող, հիվանդացող ու մահվան ուղին բռնող ընչաքաղցությունը, նյութապաշտությունը հետընթաց են ապրում:
Պերճությունն ու թշվառությունը, իրատես ռոմանտիկան ու խաբուսիկ երազապաշտությունը հակադրվում են իրար:
Իրար ձգող ու վանող իրերի, կենդանիների իրական ու կենդանական փոխազդեցությունների, մշտահոլով օրերի ու տարիների ժամանակային ու տարածական շփումները, բախումները, համադրումները դառնում են մարդկանց, ազգերի ու ժողովուրդների պատմական կենսագրական գործընթացների շարժիչ ուժերը…

Աշխարհի հակասական կերպարը
Բոլոր դարաշրջանների մարդկանց ընդհանրական կերպարների մեջ, անշուշտ, առանձնանում են նրանք, ովքեր իրենց պահվածքով, արարքներով, անձնական ու հասարակական գործելակերպով ներկայացնում են դարակազմիկ ձեռքբերումների, հաջողությունների, առաջընթացի համար ունեցած ներդրումները: Նրանք լինում են լուսավոր, առաջադիմական գաղափարների կրողներ: Պատմությունը մտապահում է նաև չարիքի պատճառ դարձած մարդկանց մութ ու հրեշավոր կերպարները: Բարության կուտակումները մի կողմից, և չարության ու դաժանության դրսևորումները մյուս կողմից, ամբողջացնում են բարի ու չարակամ ուժերի պատճառով, լուսամիտ ու խավարամիտ առճակատումներով ամբողջացող աշխարհի հակասական կերպարը:

Կյանքի առանցքի շուրջը
Ամեն ինչ սկիզբ ունի ու վերջ: Ամեն սկիզբ մի վերջի նախահիմքն է ստեղծում, ամեն վերջ սկիզբն է մի նոր նախահիմքի: Թռիչքի ու վայրէջքի, ճախրանքի ու անկման վերուվարումների մեջ թրթռում է Համայնի՝ Ամեն ինչի ու Ոչինչի հարատև շունչը: Մենք բոլորս խտացումն ու թանձրացումն ենք կենտրոնաձիգ ուժի, որ շրջապտույտ է տալիս կյանքի առանցքի շուրջը: Մահվան հզոր շնչից թռիչք են առնում կենտրոնախույս ուժերը: Նրանք ծովի ջրերը ամպ են դարձնում, անձրև ու ձյուն, նրանք կարկտահար են անում երկրի դաշտերը: Նրանք արյունը հանում են մարդկանց երակների միջից, նորից խառնում են հողի կենտրոնաձիգ ուժին, որ նոր սրտեր ու սերեր ծլարձակեն կյանքի հերկերից՝ գալիքի շրջապտույտների համար:

Երբ փնտրածի փոխարեն կորցնում ենք գտածը
Մարդու բարեփոխման բնական գործընթացները ստացել են արագորեն փոխակերպվող ու նորացող որակական այլ հատկանիշներ: Ինքնաբացահայտման ու ինքնադրսևորման ավանդական եղանակները չեն բավարարում բարեփոխման ընթացքին, նորի ու լավի ձեռքբերմանը: Հաճախ փորձը դառնում է փորձանք:
Կոլումբոսը Հնդկաստան տանող ծովային ճանապարհն էր փնտրում, անուղղակիորեն, իր կամքից անկախ, հայտնաբերեց Ամերիկան: Մի նոր ճանապարհ բացվեց արկածախնդիր տեղաշարժերի, ակնկալիքներով հարուստ մարդկային որոնումների, նյութապաշտական ձգտումների, բարոյական հատկանիշների որակափոխման համար: Իրար խառնվեցին բնածին ու արարչածին ռասաների արյունն ու ժառանգական բնազդները: Սերը վերամարմնավորվեց այլազան կրոնների ու հավատալիքների հետ: Ազատությունը դուրս եկավ արդարության դեմ, ուժը քանդեց բարոյականության պատսպարանները: Չարիքը արմատախիլ արեց բարության երազանքները: Մարդը նոր աշխարհ էր փնտրում, կորցրեց գտածը: Հինը, հավերժականը, բարեշրջվողը մնաց գալիքից հառնող անցյալի մեջ:

Փոքրամասնության դավադրությունները մեծամասնության դեմ
Մարդկության մի քանի միլիարդանոց զանգվածը չի կարողանում իր միջից ընտրի այն բանիմաց, խելացի, արդարամիտ, բարոյական ու հոգեղեն բարձր հատկանիշներ ունեցող առաջնորդին, կամ առաջնորդներին, որոնք կարողանան ապահովել ազգերի ու ժողովուրդների առաջընթացը: Բնականոն բարեշրջման ճանապարհով գնալու փոխարեն, օրեցօր խորանում են այն հակասությունները, խոչընդոտները, կասկածանքները, անվստահությունները, որոնք անելանելի փակուղու առաջ են կանգնեցնում անկառավարելի փառասիրությամբ ու բնազդներով ընթացող մարդկությանը: Կեղծ ընտրություններով, բռնություններով, հալածանքներով, հարստանալու մոլուցքով, ընչաքաղցությամբ տարված արտոնյալների փոքրամասնությունը տիրացել է համընդհանուրի հարստությանը՝ վերածվելով ազատության, արդարության, հավասարության ու բարոյականության չափանիշները ոտնահարող ավազակախմբերի: Ժողովրդավարության, բարեգործության, առաջընթացի ծխածածկույթի տակ մարդկանց պատճառելով ցավ ու տառապանք: Չարակամորեն օգտագործելով զանգվածային լրատվության, հեռուստատեսության, ռադիոյի և համացանցի հուժկու ուժը, նրանք ջնջում են բարության և չարության միջև եղած տարբերությունը, համահարթեցնում են լավի և վատի միջնապատերը՝ զենքով, զինամթերքով, թիկնապահներով, սեփական ու պետական միջոցներով անջրպետներ ստեղծելով իրենց բարեկեցիկ կյանքի և թշվառության ճիրաններում հայտնված բարոյական մեծամասնության միջև:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։