ՀՈՒՅՍԻ ՀՈՐԻԶՈՆԸ. Գոնսալո Գուարչ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Գոնսալո--Գուարչ-11Հյուրընկալվելը որքան էլ բարեհաճ լինի, անհատի բնականոն կարգավիճակը, առավել ևս՝ հոգեվիճակը չէ: Հայաստանի գրողների միության հյուրին` Գոնսալո Գուարչին, ում քիչ առաջ Հանրապետության նախագահը անձամբ բարձրագույն պարգև` «Մովսես Խորենացի» պատվանշան է շնորհել, ես փորձում եմ պատկերացնել տանը` Իսպանիայում (նա անպաճույճ, անմիջական նկարագրում ու չի հարցնում, թե ինչո՞ւ են ինձ նման մանրամասներ հետաքրքրում): Սենյոր Գուարչը կարգականոն անձնավորություն է, առավոտ վաղ, միշտ նույն ժամին զարթնում, շտապում է աշխատանքի: Նա ճարտարապետի մասնագիտությունը շատ է սիրում, արվեստանոց ունի, որտեղ անցկացնում է ամբողջ օրը (պիտի գրեի` անցկացնում էր): Երեկոյան, դարձյալ միշտ նույն ժամին, վերադառնում է տուն, եթե տրամադրությունը բարձր է՝ ընթրիքն ինքն է պատրաստում (իսպանական որևէ ազգային կերակուր): Գոնսալո Գուարչը մենամոլություն ունի. մինչև կեսգիշեր կարող է նկարել կամ դստեր հետ գեղա­նկարչության պարապմունքներ անցկացնել: Հայրը ուրախ է, որ տարիների ջանքերը զուր չեն անցել, Պալոման հրաշալի է ձևավորել իր հայկական եռագրության երկրորդ հատորը` «Հայոց կտակը»:
Սենյոր Գուարչը սովորաբար շատ ուշ է անկողին մտնում, բայց քնել չի կարողանում: Մտածում է, թե այդ նույն պահին ինչպիսի կտտանքների են ենթարկվում, դիցուք` խորվաթները, սերբերը, քրդերը: Կամ այն մասին, թե ինչո՞ւ է պատմու­թյունը դարեր շարունակ անարդարացի վարվել Մարոկկոյի բնիկների, ղպտիների, ցավոք, նաև աշխարհի շատ այլ ժողովուրդների հանդեպ, որոնք մինչև հիմա փոխհատուցման չեն հասել: Իր հայկական եռագրության առաջին հատորի` «Հայկական տոհմածառի» նախաբանի հեղինակը` գլխավոր հաշտարար դատավոր Բալթասար Գարսոն Ռեալը, նշում է, որ միայն 20-րդ դարում ցեղասպանություններին, պատերազմներին, զանգվածային սպանդներին մարդկությունը 180 միլիոն զոհ է տվել` այն դեպքում, երբ բնական աղետների ու արհավիրքների, տարանցիկ հիվանդությունների կորուստների թիվը 24 միլիոնից չի անցնում:
Ահա մարդկության անցյալի ու այդ անցյալով պայմանավորված՝ ապագայի տագնապը եղավ պատճառը, որ Գոնսալո Գուարչը կտրվեց սիրած գործից: Մասամբ: Այժմ նա մինչև կեսօր է մնում ճարտարապետի իր արվեստանոցում, ճաշին շտապում է տուն, որ անցնի գրասեղանի առջև ու գրի գրքեր, որոնք տարբեր ժողովուրդների պատմական ճակատագրի մասին լինելով հանդերձ, հեղինակի համոզմամբ, ընդհանրանում են նույն` «Մարդը և հակամարտությունը» գաղափարի շուրջը:
Զգում եմ անհամբերությունդ, ընթերցո՛ղ, տալիս եմ այն հարցը, որը, գիտեմ, ամենից շատ է քեզ հետաքրքրում: Պատասխանը հավակնոտ չի հնչում.

Գոնսալո Գուարչ – Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը Իսպանիայում, գոնե իմ միջավայրում, հայերի հանդիպելու, հայության ճակատագրին առնչվելու հնարավորություն գրեթե չի եղել: Ընդ որում, նկատի ունեցեք, իսպաներենը աշխարհի ամենատարածված լեզուներից է, դժվար է նույնիսկ ասել, թե քանի՞ երկիր, քանի՞ միլիոն մարդ է խոսում, պատկերավոր արտահայտվեմ, Սերվանտեսի լեզվով: Սա ես ուզում եմ առանձնահատուկ նշել, որովհետև, չնայած ներդրված ջանքերին, միամտություն է կարծելը, առավել ևս հավատալը, որ աշխարհը քաջ ծանոթ է Հայ Դատին, ապրում է այդ դատով: Երկար տարիներ անձամբ իմ` հայությանն առնչվելու միակ առիթը եղել է այն, որ մայրս խորհուրդ է տվել ընթերցել Վիլյամ Սարոյանի պատմվածքների ժողովածուն, ընդ որում՝ ոչ թե հայ, այլ հրաշալի գրող լինելու պատճառով: Մայրս իրավացի էր: Սարոյանը մինչև հիմա էլ հիացնում է ինձ:

Գ. Ջ. – Դա բավակա՞ն եղավ, որպես­­զի հետաքրքրվեք հայ ժողովրդի անցյալով, վիպաշար սկսեք:
Գ. Գ. – Ո՛չ, համեմատաբար վերջերս, մոտ տասնհինգ տարի առաջ, ես ու տիկինս` Ամալյան, ում հետ, ինչպես տեսնում եք, անբաժան ենք, հանգստանում էինք Անդալուզիայում: Ամուսնու ուղեկցությամբ մեզ մոտեցավ մի հմայիչ հայուհի` տիկին Թերեզ Հակոբյանը: Կարճ զրույցից հետո, մանավանդ երբ իմացավ իմ գրքերի թեմաները, նա հույս հայտնեց, որ կկարողանամ իսպանախոս աշխարհին ներկայացնել հայ ժողովրդի պատմական ճակատագիրն ու մեզ իրենց տուն` Ժնև հրավիրեց: Առաջին գիրքը, որ ես առիթ ունեցա Ժնևի հայկական եկեղեցու ավանդատանը ձեռքս առնել` Հենրի Մորգենթաուի հուշերն էին, որը և ճակատագրական եղավ, քանի որ ինձ ցնցեց իրողությունների աննախադեպ ահավորությամբ, հետաքրքրությունս բորբոքեց, նորանոր պրպտումների մղեց:
Մինչ զրուցակիցս ոգևորվում, ներկայացնում է մեր դատի նվիրյալը դառնալու շարժառիթը, ես մտքումս արագ հաշվում եմ, որ Մորգենթաուի վկայություններին հասու լինելուց ի վեր, ոչ այնքան երկար ժամանակամիջոցում նա երեք ստվար վեպ է գրել հայկական թեմաներով: Այդ գրքերը, մտացածին կերպարներ ունենալով հանդերձ, ներկայացնում են պատմական իրողություններ: Առաջին վեպը` «Հայկական տոհմածառը», Արևմտահայաստանի ու Թուրքիայի 1915-16 թթ. ողբերգական (այդպես կոչենք) իրադարձությունների մասին է, երկրորդը` «Հայոց կտակը», ավելի ստվար է, ընդգրկում է պատմական անհամեմատ լայն ժամանակաշրջան` 1885-1920 թվականները, երրորդը` «Սպիտակ լեռը», որը նոր է հանձնել տպագրության, հայկական Սփյուռքի` մասնավորապես, Լիբանանի հայ համայնքի մասին է: Իսկ դա նշանակում է, որ իր պատմագեղարվեստական վիպաշարը գրելու համար հեղինակը ահռելի փաստական ու վավերական նյութ է ուսումնասիրել: Ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս` պատշաճ չէ իրեն հարցնելը: Ընդ որում, նկատի ունեցեք, հասկանալի պատճառով նա հայերեն աղբյուրներից չի օգտվել, առաջին վեպը մինչև Հայաստան ժամանելը, հայերի հետ մոտիկից առնչվելը, շփվելն է գրել:

Գ. Ջ. – Հայաստան այցելելուց հետո Ձեր պատկերացումները հայերի մասին փոփոխություններ կրեցի՞ն: Պատրա՞նքն էր նախընտրելի, թե՞ իրականությունը:
Գ. Գ. – Հայերը առաջին իսկ փոխշփումից հիացրին ինձ` նախ և առաջ այն պատճառով, որ բացառիկ տաղանդավոր ժողովուրդ են: Այսքան օժտված գեղանկարիչ, գրող (հատկապես` բանաստեղծ) ես աշխարհի ոչ մի երկրում չեմ տեսել: Սա ամենայն պատասխանատվությամբ` որպես գրող ու նկարիչ եմ ասում, կարծում եմ, իրավիճակը նույնն է նաև արվեստի մյուս ասպարեզներում: Հայերը առանձնահատուկ են նաև անսակարկ հայրենասիրությամբ: Ես գրքեր եմ գրել աշխարհի մեկ տասնյակից ավելի ժողովուրդների մասին, բայց ոչ մի երկրում նման ընդունելության չեն արժանացել: Շատերը ինձ չեն էլ հրավիրել, թերևս չեն իմացել, որ իրենց մասին գիրք եմ գրել, իսկ Հայաստանում ոչ միայն ամեն անգամ հարազատի ջերմությամբ են դիմավորում, գրքերս հրատարակում (առանձնահատուկ շնորհակալություն թարգմանչուհուս` Մերի Սուքիասյանին), այլև շնորհանդեսներ են կազմակերպում, կառավարական բարձրագույն պարգևների արժանացնում: Մինչև անգամ նախաձեռնել են իմ հայապատումի ռուսերեն թարգմանությունն ու տարածումը Մոսկվայում, ռուսախոս երկրներում: Նման վերաբերմունքը ես, առանց ձևական համեստության, հակված եմ վերագրելու հայերի` իրենց երկրի ու պատմության նկատմամբ տածած պաշտամունքի հասնող սիրուն: Անշուշտ, ձեր երկիրն ու պատմությունը արժանի են նման վերաբերմունքի:

Գ. Ջ. – Կարո՞ղ եմ ինձ թույլ տալ ու հարցնել` երեք վեպերով Ձեր հայապատումն ավարտվա՞ծ եք համարում, թե՞ ունեք նոր ծրագրեր:
Գ. Գ. – Անշուշտ, ունեմ, կուզեի վեպ գրել Սևրի դաշնագրի կնքման, հայ ժողովրդի պատմության այդ բախտորոշ իրադարձության մասին:

Գ. Ջ. – Ձեր հայկական վիպաշարը նման տքնանքով ու տառապանքով ստեղծելիս ի՞նչ նպատակ եք դրել Ձեր առջև, գրքերին ի՞նչ առաքելություն եք վերապահել:
Գ. Գ. – Հասկանալի է` ուզում եմ, որ նախ և առաջ Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը, վերջ տա մշակութային եղեռնին, քաղաքակրթվի, ազգերի եվրոպական ընտանիքի լիիրավ, ժողովրդավար անդամ դառնա:

Գ. Ջ. – Այդքա՞նը:
Գ. Գ. – Զգում եմ Ձեր հիասթափությունը, բայց ցավում եմ, որ ավելին խոստանալ չեմ կարող: Նկատի ունեցեք, այս դեպքում ես գրող եմ, քաղաքական գործիչ, առավել ևս՝ գերհզոր տերության ղեկավար չեմ:

Գոնսալո--Գուարչ-1Լռում, հիշում եմ, որ նույնը կամ մոտավորապես նույնն ինձ ասաց մեր դատի ֆրանսիացի պաշտպան Իվ Տերնոնը, իսկ թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամը Գիտությունների ակադեմիայի մեծ դահլիճում երիտթուրքերի ոճրագործությունը դատապարտող փայլուն զեկուցումից հետո, դահլիճից հնչած վեհերոտ հարցին ուղղակի պատասխանեց. «Ինչպե՞ս կարելի է հենց թեկուզ հողային պահանջատիրու­թյան հույս փայփայել, երբ ամբողջ Հայաստանը Ստամբուլի չափ էլ բնակչություն չունի»:
Այո՛, այդ այդպես է, բայց ո՛չ Իվ Տերնոնը, ո՛չ Թաներ Աքչամը, ոչ էլ Դուք, սիրելի սենյոր Գուարչ, ինձ հետ մեր Զեյթունի գերեզմանոցը չեք գալիս, չեք տեսնում, թե բռնագաղթից ի վեր մեռելներն ինչպես են անհանգիստ շարժվում շիրմափոսերում: Մի ժամանակ Զեյթունի գերեզմանոցում հուշաքարերին ճերմակաթև հրեշտակներ ու նետահար սրտեր չէին քանդակում, միակ քարգործը մեր դրացին էր` վարպետ Առաքելը, ով տապանաքարերին հանգուցյալի անուն-ազգանունն ու բնիկ որտեղացի լինելն էր փորագրում:
– Իզուր ես քեզ չարչարում, բնիկ որտեղացի լինելը հիշատակում,- ծեր վարպետին խղճում էի ես:
– Ի՞նչ անեմ,- արդարանում էր նա,- իրենք` հանգուցյալներն են խնդրում:
Ես ավելի էի զարմանում.
– Ինչո՞ւ:
– Որպեսզի, երբ Արևմտահայաստանն ազատագրվի, ջահելը դու ես, նրանց ոսկորները հավաքես, էրգիր տանես:
Արդեն իմ կյանքն էլ է անցնում, բայց մեր թաղի ծերունիների վերջին փափագը իրականացնել չեմ կարողանում, նրանց սփոփելու, ինքս սփոփվելու համար ամեն անգամ Արևմտյան Հայաստանից հող եմ բերում, շիրիմներին սփռում:
Ձեզ հետ ծանոթանալուց, զրուցելուց, հրաժեշտ տալուց հետո այնքան տպավորված էի, սիրելի՛ գրչընկեր, որ ինձ թվում էր՝ Ձեր գրքերը նաև այդ մեռած ծերունիների անմեռ երազների համար են գրվում, ու ինձ այնքան երախտապարտ էի զգում, որ, որպես փոխհատուցում, փորձում էի իսպանական ժողովրդի պատմական ճակատագրի մասին եռավեպ գրող հայ հեղինակ պատկերացնել: Ցավոք, առայժմ դա անհնար է, որքան էլ մենք ուզենանք, մինչև մեր պապերի նշխարքները տուն չվերադարձնենք՝ չենք կարողանա: Ի՞նչ նշխարքների մասին է խոսքը, երբ մինչև հիմա չենք կարողանում հողին հանձնել մեր միլիոն ու կես նահատակների մարմինները:
Արդեն հարյուր տարի:
Այնուամենայնիվ, առավոտները ես ավելի հույսով եմ նայում Արարատին, լեռան թիկունքում տարածվող հորիզոնին: Հորիզոնը հետզհետե մոտենում, որոշակիորեն ուրվագծվում է:
Մենք այլևս մենակ չենք, Գոնսալո Գուարչ:
Ձեզ պես բարեկամներ ունենք:

Լուսանկարները` Բախշի ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։