ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է ճարտարապետ, հրապարակախոս
ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆԻՆ
80-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ԲԱՐԵԿԱՄԻՍ՝ ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆԻՆ
(Ծննդյան 80-ամյակի առթիվ)
Պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը վաղուց արդեն հայտնի անուն է հայ հասարակության մեջ. ճարտարապետ, որի նախագծերով կառուցված շենքեր կան հանրապետության տարբեր վայրերում, ճարտարապետության պատմաբան, որ բազում սերունդների է դաստիարակել հայ ճարտարապետության ազգային նկարագրով ու ոգով, ճշմարիտ մտավորական, ում հանգիստ չեն թողնում մայրաքաղաքում օր-օրի ծավալվող նոր ճարտարապետության ու հնի համադրման առանձին լուծումներ, և կամ հասարակության տարիներ շարունակ լճացած կյանքը, որը մարդուն զրկում է ազատ մտածելու և ստեղծագործելու հնարավորությունից: Թվարկածս բոլոր որակներն ու մարդկային նկարագրի ծալքերն այս պարագայում անշուշտ առանձին-առանձին կարելի է բացել ու վերլուծել շերտ առ շերտ: Բայց առանձնացնենք Շախկյանի մտահոգություններից ընդամենը մեկը՝ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս կառուցվող եկեղեցիների ճարտարապետական նկարագրի նորացման խնդիրը. նա համոզված է, որ այսօրվա եկեղեցիները չպիտի նույնությամբ կրկնեն միջնադարյան եկեղեցաշինության ավանդույթները՝ ինչպես ընդհանուր տեսքով, այնպես էլ առանձին ճարտարապետական տարրերի լուծումներով: Մանավանդ, երբ նախատեսվում է եկեղեցի կառուցել նաև Հայ մեծերի պանթեոնում:
Վերջերս, ինձ հաճելիորեն զարմացրեց նաև Շախկյանի մտահոգությունը՝ ՀՀ նոր Սահմանադրության և ընտրական օրենսգրքի առանձին դրույթների հետ կապված, որն այլ կերպ, քան հասարակական ակտիվ կեցվածք չես անվանի: Նա չի ընդունում անհամաձայնության այն տեսակը, որը չի արտահայտվում, չի միանում հանրության մեջ շրջանառվող կարծիքին ու հանրության սեփականություն չի դառնում: Այդ առումով, նա ճիշտ Հովհաննես Թումանյանի հետևորդն է, որին տասնամյակներ շարունակ ոչ միայն ուսումնասիրել, այլև բազմաթիվ գրքեր է նվիրել, որոնք այսօր, անշուշտ, ամբողջացնում են Թումանյանի մեծ աշխարհը:
Ինձ, որպես Հայկական հանրագիտարանի խմբագրի, հատկապես ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ պրոֆեսորն աշխատում է մեր հրատարակչությունում և իր կարելվույն նպաստն է բերում հայ հանրագիտական հրատարակություններին, և առանձնապես կարևոր է, որ նա «Հովհաննես Թումանյան. հանրագիտարանի» նախաձեռնողներից է, որի պատրաստությունն սկսվել է մեր հրատարակչությունում, և նախատեսված է ավարտել ու հրատարակել գրողի 150-ամյակին՝ 2019-ին:
Ուրեմն, շնորհավորենք մեր լավ բարեկամ, ընկեր, հարազատ, ճշմարտախոս մտավորական Գառնիկ Շախկյանի ծննդյան 80-ամյակը, մաղթենք նրան երկար-երկար տարիների առողջ ստեղծագործական կյանք, նոր գրքեր, նոր մտահղացումներ, նոր ուրախություններ:
Ծնունդդ շնորհավոր, սիրելի Գառնիկ Շախկյան:
Մեր այս շնորհավորանքին սիրով միանում է նաև Հայկական հանրագիտարան. հրատարակչության ողջ անձնակազմը:
Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ
Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն
ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԼՈՌՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆՎԻՐՅԱԼԸ
Գառնիկ Շախկյանին ճանաչում եմ շուրջ երկու տասնամյակ, իսկ առաջին գիրքը, որը ձեռք եմ բերել և կարդացել, 1986 թվականին լույս տեսած «Լոռի, պատմության քարակերտ էջերը» մենագրությունն է, որում տեղ է հատկացված նաև իմ ծննդավայր Խոժոռնի գյուղի եկեղեցիներին ու պատմական մյուս հուշարձաններին: Գ. Շախկյանի հրատարակած շուրջ երկու տասնյակ գրքերի մեծ մասն իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում իմ անձնական գրադարանում:
Աներևակայելի աշխատասիրությամբ ու բծախնդրությամբ օժտված գիտնականի գրքերի ճնշող մեծամասնությունը նվիրված են Լոռու ճարտարապետությանն ու մշակույթին, որը հավաստում է նրա անսահման սիրո և ակնածանքի մասին՝ հայրենի բնաշխարհի նկատմամբ: Այդ մասին են վկայում նաև նրա գիտական աշխատանքների ու մենագրությունների վերնագրերը՝ «Օձունի եկեղեցին», «Կայծոն-Շնող հայրենագիտարան», «Հովհաննես Թումանյան. հայրենագիտական համանվագներ», «Հաղպատավանք», «Թումանյանի ընտանեկան աշխարհը», «Թումանյանական աշխարհ. մշակութային գիտարան» և այլն:
Ականատես եմ եղել նրա վերջին գրքերի նյութերի հավաքման, կազմման աշխատանքներին, որոնց ժամանակ ամենայն հոգատարությամբ նա ձգտել է, որ արժանավոր որևէ լոռեցի դուրս չմնա հանրագիտարանային արժեք ունեցող գրքերից:
Սիրով շնորհավորելով 80-ամյա հոբելյանի առթիվ, Գառնիկ Շախկյանին մաղթում եմ երկարակեցություն և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:
Մանվել ՄԻԿՈՅԱՆ
ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԻ
ԵԶԵՐՔԻ ՆՎԻՐՅԱԼԸ
Գառնիկ Շախկյանը հայ մշակույթի երախտավորներից է, մասնագիտությամբ ճարտարապետ, արվեստի, թումանյանագիտական մի շարք աշխատությունների, բազմաթիվ ճարտարապետական նախագծերի հեղինակ: Նրա բազմամյա տքնաջան աշխատանքի ու վաստակի յուրօրինակ գնահատականն են այն կոչումներն ու պարգևները, որոնք չեն շրջանցել շնորհաշատ լոռեցուն և պերճախոս վկայությունն են մի բեղուն ու արգասաբեր կյանքի: ԲՈւՀ-ն ավարտելուց անմիջապես հետո առաջին իսկ քայլերից զգացվեց երիտասարդ ճարտարապետի եռանդը, ամենուր օգտակար լինելու, ամենքի հետ ապրելու, ամենուր իր հետքը թողնելու մղումը:
Զբաղեցրած պաշտոնները երբեք չհեռացրին նրան սիրելի մասնագիտությունից և նվիրական երազները իրականություն դարձնելու մղումից: Ճարտարապետ Շախկյանը բազմաթիվ շինություններ է նախագծել հանրապետության ողջ տարածքում՝ Արմավիրում, Սպիտակում և Մարտունիում՝ հյուրանոցներ, Ծաղկաձորում՝ Գրողների ստեղծագործական տուն, Շնողում, Ալավերդում, Լճկաձորում, Նեղոց գյուղում՝ հուշակոթողներ և հուշահամալիրներ, ՀՀ տարբեր վայրերում՝ կոմունալ-բնակարանային մեծ թվով օբյեկտներ:
Գառնիկ Շախկյանը ակտիվորեն զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով: Նա երկու տասնյակից ավելի մենագրությունների և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է: Նրա աշխատությունները ունեն անուրանալի գիտական արժեք: Լոռին իր պատմական սրբասուրբ հուշարձաններով դարձավ ճարտարապետի ուսումնասիրության մշտական առարկան, ներշնչանքի աղբյուրը, ողջ կյանքի գործն ու նպատակը: Հայրենի եզերքի մշտարթուն կարոտն ու հպարտությունը իր փոքր հայրենիքի նախնիների հիշատակների հանդեպ, նրանց արյան կանչը հեղինակին բազմիցս տարել են Լոռու պատմության ու մշակույթի, ամենամեծ լոռեցու՝ Թումանյանի կյանքի ուսումնասիրության ոլորտ: «Հովհաննես Թումանյան, հայրենագիտական համանվագներ», «Թումանյանի ընտանեկան աշխարհը», «Մեր Թումանյանը՝ Ժպտադեմ, զվարճախոս ու զարմանահրաշ» աշխատություններում բացահայտվում է բանաստեղծի դերը՝ իբրև Լոռվա բնաշխարհի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրող, իբրև հայրենագետ: Գրողի երգիծական տաղանդի բացահայտումը առավել ամբողջական է դարձնում մեծ պոետի կերպարը: Զարմանում ես, թե ինչպե՞ս կարող է ճարտարապետն այդքան քաջ ծանոթ լինել և այդպիսի ճիշտ ու դիպուկ ընտրություն կատարել թումանյանագիտական վիթխարածավալ գրականությունից: Իսկ ճարտարապետ- գիտնականի կենսամատենագիտությունը, իբրև այդ ժանրի գործ, չունի իր նախօրինակը: Այն Շախկյանի աշխատանքների չոր ու ցամաք թվարկումը չէ: Գրքում հառնում է արվեստագետի, գիտնականի, մտավորականի կերպարը:
Իր 80-ամյա կյանքի ողջ ընթացքում նա ապրել է Լոռու շռայլ բնության, նրա արժանավոր զավակների նկատմամբ մեծ սիրով և իր երախտագիտության տուրքն է մատուցել հայրենի եզերքին՝ առանց ստեղծագործական դադարների, կոնկրետ գործերով, մեր պատմության դարավոր քարեղեն վկաների, պատմաճարտարապետական կոթողների մասին իր գիտական ու գեղարվեստական մատուցմամբ, ճաշակավոր ուսումնասիրություններով, գիտարաններուվ ու հանրագիտարաններով, ապահովել է իր մշտական ներկայությունը թումանյանական աշխարհում: Գառնիկ Շախկյանը եղել է, կա ու կմնա Լոռու արժանավոր զավակներից մեկը, ով իր անուրանալի նպաստը բերեց հայ ճարտարապետությանն ու հայ մշակույթին:
Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ – 80
Յուրաքանչյուր թռչուն թռիչքի իր բարձրությունն ունի և իր տեղը սեփական երամում:
Կայծող-Շնողի գարնանաշունչ ու նորածիլ բնության մեջ թևաբախումների երազանքով իջած մի փոքրիկ թռչուն է ահա պտտվում գյուղի Մեծ քարի գլխին: Այդպես ընկալեցի Գառնիկ Շախկյանի կյանքի ու գործունեության տարեգրության սկիզբը, երբ սկսեցի թերթել նրա կենսամատենագիտությունը: Հետո հասկացա, որ թռչունը չի շտապում լքել հայրենի եզերքը, որովհետև նրան թևավորողը հայրենի հողի ուժն է:
Ահա այդպես, թևածում է թռչունը՝ կյանքի յուրաքանչյուր կանգառի հետ հարստանալով իր երամը կազմող նորանոր թռչուններով: Ահա նա՝ պտտվում է հայրենի եզերքների արևահած գլխին, հեռանում ու կրկին մոտենում նրան, վայելելով համադրությունների, համաչափությունների և խորագիտության արվեստի՝ ճարտարապետության պարգևած գիտելիքն ու հմայքը:
Ահա և նրա երամը՝ հետադարձ հայացքից ծնված լուսեղեն հիշողությունների մեջ. հարազատներ, դպրոց, ուսուցիչներ, ընկերներ, միջավայր, և, անպայման, խաչագմբեթ սրբավայրեր ու հուշարձաններ, որոնք ապահովել են հողի ոգեղեն ուժը՝ տարբեր բարձրության վրա ընթացող նրա թևաբախումների ընթացքում:
Երկնասլաց թռիչք ունեցող քո երամը թող շարունակի համալրվել նորանոր անուններով, և թող շարունակվեն թումանյանական քո խոհագրությունները՝ մարդկային կյանքի իմաստի խորքային չափումներում:
Եվ, քանի որ, յուրաքանչյուր թռչուն թռիչքի իր բարձրությունն ունի, թող շարունակվի քո առջև ընդարձակվել ու գեղեցկանալ թռիչքի քո բարձրությունից երևացող հայրենաշունչ համայնապատկերը:
Ֆելիքս Բախչինյան
ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՍԱԳԻՐԸ
Գառնիկ Շախկյանի հեղինակած «Թումանյանական աշխարհ» խորագրով ծավալուն հայրենագիտարանն իր տեսակի մեջ եզակի, իսկապես կոթողային աշխատանք է: Այն իր մեջ ներառում է պատմական Լոռվա կամ Տաշիր- Ձորագետի թագավորության գրեթե ողջ տարածքը, ներկայիս Լոռու, Տավուշի մարզերը, Վրաստանի Մառնեուլիի, Բոլնիսի շրջանի հայաբնակ վայրերը: Զարմանալ կարելի է միայն, թե մտավոր ինչ ներուժ պիտի ունենա մեկ անձը, նման մեծարժեք գործ լույս աշխարհ բերելու համար:
Այս ծավալուն հանրագիտարանը երկարատև և քրտնաջան աշխատանքի արդյունք է՝ իր մեջ ներառած անգնահատելի մի հարստություն: Գրքում ինքնատիպ մեկնաբանություններով ու արժևորումներով ներկայացված են Գուգարաց աշխարհի տարբեր բնակավայրերի վանքերն ու եկեղեցիները, պատմական արժեք ունեցող այլ շինություններ ու կառույցներ, քաղաքների ու գյուղերի մշակութային օջախները և նրանց շունչ ու ոգի հաղորդած նշանավոր մարդիկ: Քննությունները և բացահայտումները կատարված են լայնամասշտաբ ընդգրկմամբ, խորացել է բազմաթիվ և բազմաբնույթ հարցերի մեջ, կատարելով հսկայածավալ բանասիրական-հետազոտական աշխատանք: Շարադրանքը բնութագրվում է հիմնավորվածությամբ, գործնականությամբ և կիրառական առումով կարևորությամբ: Քննվում են և շրջանառության մեջ դրվում բազմաբնույթ և բազմաքանակ մշակութաբանական նորույթներ և իմացություններ: Գիտարանում համակողմանի ներկայացված են Լոռվա հռչակավոր տոհմերի նշանավոր ներկայացուցիչները՝ Հովհաննես Թումանյան, Ստեփան Զորյան, Հրանտ Մաթևոսյան, Միքայել Լոռիս- Մելիքով, Անաստաս և Արտեմ Միկոյաններ և այլն: Որքան էլ ընթերցողը այս կամ այն չափով ճանաչում է նրանց, սակայն հեղինակը այնպիսի նոր նրբագծերով ու բնութագրումներով, փաստերով ու լուսանկարներով է լրացնում նրանց կերպարները, որ ընթերցողը նորովի, ուրիշ գույներով է տեսնում իր ճանաչած մարդկանց, նորովի ընկալում ու գնահատում նրանց կատարածը, ծառայությունը սեփական ժողովրդին ու նրա մշակույթին: Գ. Շախկյանը ցույց է տալիս, թե ինչպիսի նվիրումով են նրանք ողջ ուժերն ու կարողությունները ներդրել ընդհանուր շահին, իրենց արվեստով հարստացրել մեր մշակույթն ու հոգևոր աշխարհը: Մշակութային այս գիտարանը իր մեջ ընդգրկած մարդկանց մասին ներկայացված հետաքրքիր տեղեկություններով շարունակում է կատարել նույն դերը, ծառայել նույն նպատակին, ինչ նպատակի ծառայել են գրքի հերոսները: Ասել է թե՝ այս գիրքը մեր մշակութային արժեքները լուսաբանելու, հասարակության լայն խավերին հասանելի դարձնելու առաքելություն ունի:
Մշակութային գիտարանի հարյուրավոր բառահոդվածների մեջ ուշագրավ է նաև շուրջ 80 տեղանունների մասին տեղեկատվությունը: Հայաստանի մեծ հանրագիտարանի և տեղանունների բառարանների համեմատ հիշյալ բնակավայրերը նորովի են ներկայացված, լրացումներով և ճշգրտումներով: Գրքի դիզայնը գերազանց է՝ հեղինակի ճաշակավոր մտահղացմամբ: Պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի «Թումանյանական աշխարհ» հանրագիտարանը արժանիորեն արժանացել է ՀՀ գրողների միության Հովհաննես Թումանյանի անվան մրցանակի:
Մեր խոսքը ուզում ենք ավարտել անվանի մտավորական Լևոն Անանյանի մի նկատումով. «Արդեն կես դար ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը բնատուր պարկեշտությամբ, առանց ծնծղայի ու շեփորի իր բազմաշնորհ տաղանդն է ցոլացնում՝ ամենուր ցանելով լույսի ու բարության սերմեր»:
Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ
Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ