Մուշեղ Մամիկոնյանը ոչ միայն մեր հին ու նոր գրականության, այլև պատմության ամենաանսպասելի, ամենաասպետական կերպարն է: Նրա առաքինությունների մասին խոսող պատմական նյութը բազմապատիկ շատ է, քան Սամվելինը, որ մի քանի տող է ընդամենը, այնպես որ, Րաֆֆին ոչ թե շռայլություն է թույլ տվել նրա բացառիկ էությունը ներկայացնելիս, այլ կերպարի պատմականությանը հավատարիմ մնալով՝ գտել է այն ամբողջացնելու, իր քաղաքացիական, հայրենասիրական մեծ առաքելությանը ծառայեցնելու բանալին:
Հետաքրքիր է, որ Մամիկոնյաններից ոչ մեկը, նույնիսկ Վահանը, երբեք սպարապետությունից բարձր պաշտոնի՝ թագավորության չի ձգտել, երբ դրա հնարավորությունները եղել են: Վարդանի ժամանակ թագավոր չկար, Մանվելի ժամանակ կար մի թուլակամ, անհայտ ծագումով արքա՝ Վարազդատը, որին նա հեշտությամբ ջախջախեց, դուրս քշեց Հայաստանից: Բայց թագավորելու մասին մտածելու փոխարեն թագուհու կարգավիճակում պահեց նենգորեն սպանված Պապի կնոջը՝ Զարմանդուխտին և խնամեց Արշակ, Վաղարշակ թագաժառանգներին: Որպես սպարապետ` մինչև վերջին շունչը կատարեց իր խնդիրը:
Որ Մամիկոնյանները Ճենաց աշխարհից էին եկել մեր երկիրը, դրա դեմ առարկություններ փնտրելու գուցե կարիք էլ չկա: Ըստ որոշ աղբյուրների՝ նրանք թագավորներ են եղել իրենց երկրում, հալածվել են, պարտվել, հեռացել՝ Հնդկաստանով, Պարսկաստանով հասել են Հայաստան, և հայկական ամենաազնիվ տոհմերի հետ նրանց խաչասերումից մեր ազգը միայն շահել է: (Չհաշված Վահանին, ում գուցե ամենադաժան մահն էր վիճակված Մամիկոնյաններից, ավելի դաժան, քան Վասակի նման խոտով լցված պաճուճապատանք դառնալը, ավելի, քան ռազմի դաշտում մահկանացուն կնքելու փոխարեն Մանվելի նման մահճին գամված մեռնելը, ավելի, քան Մուշեղի պես յուրայինի դավադրության զոհ դառնալը. նա պետք է ընկներ հարազատ որդու՝ Սամվելի սրով խոշտանգված):
Հետաքրքիր է, թե ինչո՞ւ դարաշրջանի համար այնքան անհրաժեշտ տիրասիրությունը, որ կենտրոնաձիգ, ամուր պետականության երաշխիքն էր, հատկապես այս տոհմի մեջ էր այսքան արտահայտված: Նրանց մասին քծնանքի, շողոքորթելու, անձնական շահի որևէ ակնարկ չի երևում պատմիչների մոտ: (Վահանին մոռանանք): Նրանք երկրի շահով առաջնորդվող ռազմիկներ են, նաև՝ հանուն Քրիստոսի, քրիստոնեական արժեքների, հանուն ազգի իրենց անձն ուրացած քաղաքական գործիչներ: Հիշենք, թե հանուն ինչի՞ էր կռվում Վարդանն Ավարայրում:
Չխորանալով Մամիկոնյանների չինական ծագման մասին վեճերի մեջ, և թե ո՞րն է ազգաշահության առումով նախընտրելի՝ որ նրանք բուն հայկական ծագումով ազնվականնե՞ր են եղել, թե՞ Չինաստանից վտարված, տարագրված թագավորներ, ուշադրության առնենք, որ աղբյուրներից մեկում նշվում է, որ նրանք հեռացել են իրենց երկրում ավելորդ արյուն չհեղելու համար: Ըստ որոշ աղբյուրների՝ նրանք Հայաստանում հայտնվել են 3-րդ դարի վերջում, Տրդատի օրոք, նրա կողմից այնքան շնորհ են գտել, որ նրանց նվիրել է Հայաստանի լավագույն վայրերից Տարոնը և Տայքը: Գուցե այս աստիճան տիրասիրությունը, ասպետականությունը, թշնամու հետ առերեսվելուց և մեծահոգի գտնվելուց երբեք ահ չունենալը մի այլ մշակույթի՞ց է գալիս: Որոշ վերլուծողներ ասում են, որ ոչ մի տեղ չի ակնարկվում Մամիկոնյանների շեղաչք լինելու մասին: Նույնիսկ Սամվելը նման էր քեռուն՝ Մերուժան Արծրունուն:
Րաֆֆին Մուշեղին առաջին անգամ ներկայացնում է «Երեք երիտասարդ ուժեր» գլխում, որտեղ նա դեռ չգիտի իր հոր՝ Վասակի ողբերգական վախճանի մասին: Այստեղ էլ Սամվելի առաջարկով Սահակ Պարթևը նրան օծում է հայոց սպարապետ: Հաջորդ անգամ Մուշեղին տեսնում ենք իր տանը՝ Ողականում, որտեղ իր զեխ կյանքով ապրում էր նաև Տաճատուհին: Գլուխը Րաֆֆին վերնագրել է «Կնոջ խորհուրդը»: Հետաքրքիր է Մուշեղը նաև այս կացության մեջ, երբ արդեն տեղյակ է, որ իր հորեղբայրն ու Մերուժանը նպատակ ունեն գերեվարել անհնազանդ նախարարների ընտանիքների կանանց ու երեխաներին: Այստեղ Րաֆֆու ուշադիր աչքը նկատում է, որ Մուշեղի կինը չի սպասում մինչև այրն անի ելքի իր առաջարկը, ասում է, որ ճիշտ կլիներ, եթե նախարարների կանայք միանային բանակին և կռվի դաշտում խնամեին վիրավորներին: Նաև առաջարկում է Ողականից փախչելու իր ծրագիրը, որի հետ անմիջապես համաձայնում է այրը: Այս ամուսնական զույգը սովոր է ընտանեկան խնդիրները համատեղ լուծելուն: Նրանք համախոհներ են:
«Սամվելում» էլի կան ամուսնական զույգեր՝ Ռշտունիքի տերը՝ Գարեգինը և դժբախտ Համազասպուհին, Վահանը և Տաճատուհին (Վահանն ուներ նաև երկրորդ կին), Մերուժանը և Վահանադուխտը: Սրանցից Գարեգին իշխանին Րաֆֆին դուրս է բերել քաջարի մեկը, որ որսատեղում լինելով՝ չի կարողացել իր ամրոցն ու կնոջը պաշտպանել: Հետո նա լուծում է վրեժը Նախճավանի կռվում: Նույնիսկ մեծահոգություն ցուցաբերելով՝ հրաժարվում է վիրավոր Մերուժանի հետ մենամարտից: Իսկ պատմությունը չի լռում այն մասին, որ Ռշտունյաց Գարեգին իշխանը, նույն ինքը՝ Սամվելի նշանած Աշխենի հայրը («Սամվելում»), Համազասպուհու ամուսինը, իր ընտանիքը թողնելով բախտի քմահաճույքին, փախել էր: Համազասպուհու սոսկալի մահը հենց նրա վախկոտության հետևանք էր:
Մուշեղին իր ամբողջ փայլով ներկայացնող հատվածը մնում է «Սամվելի» «Մուշեղ. Խոտորնակին խոտորնակ» գլուխը: Այս դեպքում արդեն փախչողը պարսից Շապուհ թագավորն է, որ ռազմի դաշտում է թողել իր ամբողջ կանանոցը: Եվ այստեղ է, որ Մուշեղը մեզ ներկայանում է իր բոլոր առաքինություններով: Նա տրամաբանական բացատրություն է տալիս, թե ինչո՞ւ գոնե գերության մեջ չպահեց կանանոցը, այլ պատվով ճանապարհեց Պարսկաստան: Նրան նախատում է Սահակ Պարթևը, ասում է, որ նա դեմ է գնում պատերազմական օրենքներին, նույնիսկ ձեռքը տանում է դեպի դաշույնը: Բայց Մուշեղի ձեռքը նույնպես գնում է դեպի դաշույնը: Կարծես ողջամտության, սթափ մնալու և տաքարյունության միջև մի կարճատև վեճ է ընթանում: Մուշեղը բացատրում է, որ ինքը շատ լավ գիտի Փառանձեմ թագուհուն, թե նա որքան դաժան կվարվի գերված կանանց հետ: Մանավանդ որ արդեն տեղի էր ունեցել Զարեհավանի մոտ Շապուհի սոսկալի արարքը. «…նրա հրամանով կատարվեցան այնպիսի գործողություններ, որ վայել չէին ոչ արքայի և մարդու»: Նա ազնվական գերեվարված կանանց անարգել էր ամենազարհուրելի կերպով… Դրա փոխարեն Մուշեղը պատրաստել է տալիս 600 ազնվական պարսիկների պաճուճապատանքները և ուղարկում Փառանձեմին: Հետաքրքիր է նաև պարսից թագուհու հետ այս իրավիճակում Մուշեղի զրույցը, և թե ինչպես է նա հրաժարվում վերցնել գոնե թագուհու նվերը՝ արքայական մատանին: Մի՞թե սա էլ հենց թագուհուն ու նրա նվերը անարգելու՝ Մուշեղի գեղեցիկ ժեստը չէր: Այս դեպքը, որ դարերով պետք է որպես պատվիրան դիտվի հայկական բանակներում, չի՞ վկայում այն քաղաքակրթության մասին, որից սերում էին Մամիկոնյանները:
Ահա և Բուզանդի Պատմության մեջ պահպանված մի փաստ, որտեղ Պապի օրերում Մուշեղի վարած կռվում կրած պարտությունից հետո Շապուհը վերադառնում է «իր իշխանության երկիրը» և զարմանք հայտնում «Հայկական գնդի միասիրտ հավատարմության և տիրասիրության վրա. որովհետև այսքան տարի է, որ նրանց տերը՝ Արշակը, կորած է նրանց համար, բայց նրանք նրանով էին քաջալերվում պատերազմի ժամանակ: (Արշակ Երկրորդին դեռ չէր այցելել մի ուրիշ զարմանալի տիրասեր՝ Դրաստամատ Ներքինին, և նրանք երկուսն էլ դեռ իրենց կյանքին վերջ չէին տվել խնձոր, վարունգ և ամիճ կտրելու դանակով Ա. Հ.): Երբ իրենց ախոյաններին գլորում էին, միշտ ասում էին. «Արշակի համար», իսկ նա նրանց մեջ չէր, բայց նրանք իրենց սիրուց և տիրասիրությունից, որ ունեին իրենց բնիկ տիրոջ նկատմամբ, ամեն մի ախոյանի, որին սպանում էին, նրան էին նվիրում: Կամ Մուշեղի այն մոլեգնած գունդը. ինձ այնպես էր թվում, թե այդ գնդից բոց ու կրակ են թափում, և նշաններն այնպես էին փայլում գնդի մեջ, կարծես հրդեհի բոց է անցնում եղեգների միջով: Այսքան ժամանակ է, որ նրանց տերը՝ Արշակը, կորած է նրանց համար, գտնվում է Անդմըշն բերդում՝ Խուժեստան երկրում, բայց նրանք իրենց սիրուց այնպես էին համարում, թե նա իրենց գլուխ է կանգնած և իրենք նրա առաջ նրան են ծառայում: «Այո՛,-ասում էր նա,- երանի՜ նրան, որ Հայոց գնդի տերն է, այնպիսի տիրասեր, միաբան և հավատարիմ զորքի»:
Ահա թե ինչու են դարերի ընթացքում մեզ զրկել թագավոր ունենալու ուժից: Հենց շողացել է մեզ ծաղկունքի, հզորության տանող աստղը, նենգորեն թե դավադրաբար կանչել, աքսորել կամ սպանել են մեր թագավորին ու վերջ: (Կամ էլ ոչնչացրել են ազգի երևելիներին, ինչպես արեցին 1915-ին կամ 1999 թ. հոկտեմբերի 27-ին): Մի հետաքրքիր փաստ էլ կա Բուզանդի մոտ, որ ժամանակից առաջ ընկնելով, գործածում է Րաֆֆին: Հիշենք, որ Մուշեղն իր տարած հաղթանակից հետո, երբ Շապուհը փախել էր Հայաստանից, Փառանձեմին է հանձնում Մանվել Մամիկոնյանի նամակը: Այստեղ Րաֆֆու մեջ արդեն քանիերորդ անգամ խոսում է արկածախնդրության ոգին: Թագուհու համար և մեզ համար էլ պարզ է դառնում, որ Մանվել և Կոմս եղբայրները, որ իրականում գերի էին Շապուհի երկրում, հանդես են գալիս որպես մի այնպիսի զորեղ ուժ, որ կարող էին քուշանների Ուռնայր թագավորին համոզել, որ Շապուհի վրա հարձակվի: Մնալով պարսից բանակում՝ Մանվելը Մուշեղին խոստանում է երկարաձգել քուշանների հետ պատերազմը՝ ընթացքում լրտեսելու միջոցով Ուռնայրին հաղթանակներ ապահովելով (սա Րաֆֆու վարկածն է): Բուզանդի մոտ քուշաններից պարտություն կրած բանակում միայն երկու եղբայրներն են կենդանի մնում, որոնք էլ բնականաբար պետք է հալածվեին Շապուհի կողմից, մի կերպ հասնեին Հայաստան: Բուզանդը նկարագրում է նրանց անսովոր հաղթ կազմվածքը: Մինչև Հայաստան հասնելու այդ դաժան ճանապարհին եղբայրներից Կոմսը, օրական 52,5 կմ քայլելով, շալակած է բերում ոտքի ահավոր ցավ ունեցող եղբորը: Հետաքրքիր է և այն, որ Վաչեն՝ Մամիկոնյանների տան նահապետը, անմիջապես նրան է փոխանցում իր իշխանությունը: Այնուհետև Մանվելը փրկում է սպարապետության պատիվը, Մուշեղի նենգ սպանության համար վրեժ է առնում Վարազդատ թագավորից: Վարազդատի և Մանվելի մենամարտի տեսարանում կա էպիկական մի այսպիսի պատկեր. «Երբ Վարազդատ թագավորը, գալու ժամանակ, աչքերը վեր բարձրացրեց ու Մանուել սպարապետին տեսավ ու նկատեց նրա հասակի մեծությունը, անձի շքեղությունը, նրա ոտքից մինչև գլուխ երկաթապատ ամրակուռ և անխոցելի զինվածությունը, պինդ կազմվածքը, ուժեղ երիվարը, երիվարի անդրդվելի սպառազինությունը՝ իր մտքով նրան համեմատեց մի բարձր, անմատույց լեռան հետ: Բայց մահը աչքն առնելով՝ հարձակվեց, որովհետև փրկության ուրիշ հույս չուներ… Նիզակով հարվածեց նրա բերանին: Մանուելը բռնեց նիզակից, նրանից տեգը պոկելով իր թշովն անցկացրեց, որի ժամանակ շատ ատամներ կորցրեց և նիզակը թագավորի ձեռքից խլեց»: Եվ այստեղ էլի մի անգամ Մամիկոնյանի տիրասպան չլինելու հորդորն է որդիներին, որ թագավորին փրկում է անխուսափելի մահից. «Իսկույն Մանուելի որդիքը՝ Հմայակն ու Արտաշեսը վրա հասան, որ թագավորին սպանեն: Իսկ ինքը՝ Մանուելը որդոց ետևից աղաղակում էր. «Ա՜յ, տիրասպան մի՛ լինեք»: Նրանք էլ իրենց հոր ձայնը լսելով՝ իսկույն արագ հեռացան թագավորից»: Բայց մինչև այդ «Մանուելը նիզակի տեգը ձեռքին բռնած՝ նիզակի կոթովը ծեծում էր Վարազդատ թագավորի կառափը, և այսպես քշում էր չորս ասպարեզ» (մոտ 230 մ): Ի՜նչ հրաշալի նյութ. չինացի կինեմատոգրաֆիստները ո՜նց կնկարահանեին սա: Եվ ինչպե՜ս կօգտագործեր Րաֆֆին իր 4-րդ գրքում: Մանավանդ որ Բուզանդը մի անգամ էլ է հիշում Սամվելին՝ իր պատմության գրեթե վերջերում: «Իսկ Մանուելը գնում, հասնում էր տիկնոջ (Զարմանդուխտի) բանակը, իրենց հետ տանում էին նաև Մերուժանի գլուխը: Բայց Սամուելը՝ Վահանի որդին, Մանուելի հետ չպատահեց, որովհետև նա բանակն էր դարձել: (Այսինքն՝ նա Մանուելի բանակում էր ծառայում Ա. Հ.): Մանուելի բանակում եղած կանայք, երբ Մերուժանի գլուխը տեսան, մեծ ճիչ ու աղաղակ բարձրացրին, որովհետև կարծեցին, թե այս գլուխը Սամուելինն էր՝ Վահանի որդու, որովհետև այն երկուսը՝ Մերուժանն ու Սամուելը իրար նման էին: Բայց հետո տեսան Մերուժանի գլուխը, որից ծամը կախված էր, իմացան, որ Սամուելինը չէ… բայց ասացին. «Այնուամենայնիվ դա էլ մեր եղբայրն էր»: Այստեղ բերվեց նաև Մերուժանի նշանը կրող մարդու դին (Մերուժանն իր զորքում բազմաթիվ մարդկանց հանդերձավորել էր իր նման): Սրան սպանել էր պատանի Արտավազդը: Արտավազդի նետը այնպես էր խոցել սրան, որ անցել էր նրա ամբողջ մարմնի միջով: Եվ սա էր, որ ապշեցրել էր հավաքվածներին: Հենց սա էլ նրան փրկեց մահապատժից, քանի որ չէր ենթարկվել Մանուելի հրամանին, գաղտնի միացել էր բանակին, գնացել էր Եփրատի ափը, այնտեղ Մերուժանի գնդից անթիվ սպառազինված մարդ էր կոտորել: Չմոռանանք, որ Արտավազդը նույնպես Մամիկոնյան էր: Րաֆֆին այս դեպքը ձևափոխված փոխադրել է դեպի ավելի վաղ շրջան, երբ Սամվելը սպանել էր հորը, և տեղի էր ունենում Նախճավանի մոտ ծավալվող կռիվը իշխանուհի մոր և դավաճան որդու զորքերի միջև:
Ի՜նչ կրքեր էին ծավալվելու Րաֆֆու «Սամվելի» 4-րդ գրքում… և ի՜նչ կրքեր են ծավալվում Բուզանդի ընդամենը մի քանի տողանոց պատկերի մեջ:
Հիշենք, որ Րաֆֆու ներկայացրած Մուշեղը Պապ թագավորի ժամանակներում (արդեն ըստ Բուզանդի) աչքի է ընկնում նաև դաժանությամբ: Արտագերսի անկման, Փառանձեմի գերի ընկնելու պատճառ դարձած Հայր Մարդպետի դատաստանը սահմռկեցնող է: Մուշեղը «նենգությամբ մարդ է ուղարկում Հայր Մարդպետի մոտ» (սա նույն նենգություն չսիրող Մուշեղն է Ա. Հ.), նրան իր մոտ՝ Ողական ամրոցն է հրավիրում «մեծարանքի համար»: Ձմեռվա ցուրտ օրերից մի օր, երբ Եփրատը սառել էր, Մուշեղը հրամայում է Հայր Մարդպետին «մորից մերկ մերկացնել, ձեռները ծնկների ներքև կապել, գետն իջեցնել և դնել գետի վրա: Այնտեղ էլ սատկեց: Մյուս օրը գնացին, տեսան, որ ցրտից գլխի ուղեղը քթից դուրս է թափվել»: (Խորհրդանշական չէ՞, որ իր «խելքի» պատճառով կատարած դավաճանությունն այսպես քթից եկավ Ա. Հ.): Ժամանակակից «ադրենալինային» կինոյի ի՜նչ նյութ: Եվ սա ինչպես կնկարագրեր Րաֆֆին իր 4-րդ գրքում, որ գուցե հենց «Մուշեղ» էլ կկոչեր:
Հայր Մարդպետին ու Մամիկոնյաններին վերաբերող մի ուրիշ հետաքրքիր փաստ է պահպանվել Բուզանդի մոտ, որ ավելի վաղ՝ Տիրանի ժամանակներին է վերաբերում: Հայր Մարդպետը գրգռում էր Տիրանին նախարարական ազնիվ տոհմերի դեմ չարախոսություններով և կոտորել էր տալիս նրանց «նույնիսկ էգերին»: Ռշտունիներից և Արծրունիներից մնացած երկու ծծկեր տղա երեխաների բերում են Տիրանի մոտ: Նա հրամայում է երեխաների վզերը կտրել: Այստեղ «առաջ են գալիս Արտավազդ և Վասակ Մամիկոնյանները՝ Հայոց բոլոր զորքերի զորավարները»: «Նրանք վեր կացան, ընկան երեխաների վրա, ամեն մեկը մի երեխա անութի տակ առնելով, դուրս եկան, զենքերը հանած, երեխաների համար մեռնելու պատրաստ: Որովհետև, թեպետ նրանք սնուցում էին թագավորի որդուն՝ Արշակին, բայց այդ ժամանակվա գործերից զզվելով՝ թողին իրենց Արշակ սանին և արքունական բանակից հեռացան: Նրանք գնացին իրենց աշխարհը՝ Տայքի ամուր տեղերը, և այնտեղ մնացին ընտանիքների հետ բավական տարիներ, իրենց մյուս կալվածները թողնելով: Այնտեղ նրանք սնուցանում էին այն երկու երեխաներին՝ Շավասպին և Տաճատին, և հետո նրանց կնության տվեցին իրենց աղջիկները, որից այդ տոհմերը նորից սերվեցին»: Հետագայում այս եղբայրներից Վասակին էր վիճակված՝ թեկուզ որպես պաճուճապատանք, մինչև վերջ իր թագավորի հետ լինելը:
Պատմությունը դեռ չի որոշել՝ ո՞րն է մեր ազգի արժանապատվության համար ավելի շահեկան՝ ասե՞լը, թե Մամիկոնյանները եկվոր են եղել, թե՞ որ բնիկ հայաստանցիներ էին: Բայց ըստ իս շատ ավելի շահեկան է, եթե ճշմարիտը նրանց եկվոր լինելը լիներ: Նրանք իրենց երկրից եկել, արմատներ էին ձգել Հայաստանում և մարտնչում էին երկրի ազատության համար: Իրենց հետ բերել էին զորավարական, բարոյահոգեբանական, մարդասիրական շատ բարձր որակներ և ոչինչ չէին տարել Հայաստանից, մի՞թե սա շատ ավելին չի ասում մեր ազգի, մեր անսահման չքնաղ երկրի մասին, որտեղ արժե ապրել, որի համար առանց վարանելու արժե մեռնել:
Րաֆֆին իր 4-րդ գրքում դեռ ինչե՜ր ուներ մեզ բացատրելու:
ՄՈՒՇԵՂ ԵՎ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
