Սուտ երդումներով Աստվածաշունչն եք քանիցս պղծում՝ գիրը անարգանքին այդ չի դիմանում, աջ ու ձախ ձեր պարիսպներն եք բարձրացնում՝ մինչև երկինք հասնող ձեր անբորայականությունը չի կոծկվում, երկիրը լիքը աղքատներին թալանում՝ աշխարհի բանկերում ձեր գումարներն եք բազմապատկում, հայրենի հողերը օտարի ոչխարների համար արոտավայր դարձնում՝ դաշտ ու անտառներն եք անապատացնում, երկրի երեսի ու ընդերքի եղածը ծախում կամ ի շահ ձեզ օգտագործում՝ երկիրը հիվանդածին սերունդներով եք լցնում: 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի գլխատումից սկսած՝ խորհրդարանն ու երկիրը ամեն տեսակի ու կենդանակերպի մականունավորներով, լսված ու չլսված գողերով ու հանցագործներով եք լցնում, 2008 թ. մարտի 1-ի ժողովրդական սպանդից հետո երկիրը օրեցօր դաժանացող արյունահեղություններով եք ծածկում: Դուք ինքներդ ձեր ժողովրդին սպանում, աշխարհի փողոցներն ընկած՝ թուրքերի ցեղասպանության ճանաչման փաստաթղթեր եք ուրիշներից հարյուր տարի է մուրում:
Որքան էլ ժողովրդին թալանելով հարստություն դիզեք ու բարեգործ ձևանաք, եկեղեցիներ կառուցեք՝ ձեր մեղքերի աշտարակն ավելի արագ է երկինք հասնելու, որքան էլ բարեկիրթ ձևանաք՝ ձեր խորհրդականների հուշածը ձեր անգրագիտությունը չի կոծկելու, որքան էլ բարեգութ ձևանաք, գառան մորթու տակ թաքնված գայլը մի օր ձեր դիմակն է պատռելու, ձեր մարդակեր առյուծների մռնչոցը սարսուռ է ձեր պարիսպներից դուրս սփռելու: Ծովից ծով հայրենիքը մսխել, «ճամպրուկի մեջ տեղավորվող» մի փոքրիկ Հայաստան եք թողել: Աղոթքներն էլ են այս երկրից առ երկինք ուղղված անզորանում… Արագածոտնից մինչև Գեղարքունիք, Տավուշից մինչև Արարատ, Շիրակից մինչև Վայոց Ձոր, Լոռիից մինչև Սյունիք՝ երկիրը ձեր անօրինություններն են ավերել: Կեղծիքներով ինքներդ ձեզ ընտրում, իշխանավոր եք երկրին կարգվում: Ձեր վարքով գաղթական ու վտարանդի եք ազգը դարձրել: Ձեր անբարոյականության ճահիճներում մեր բարոյականությունն է խեղդվում, ձեր չարագործությունների ճիրաններում մեր բարին է աղճատվում, ձեր ապազգային գործունեությամբ մեր ազգային արժեքներն եք փոշիացնում:
Ազատե՛ք մեր Հայրենիքը ձեր հանցավոր ներկայությունից:
Մի՛ շնչահեղձեք մեզ, պարոնա՛յք:
One thought on “ՄԻ՛ ՇՆՉԱՀԵՂՁԵՔ ՄԵԶ / Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ”