Մանուկ Մնացականյան – 80

Մանուկ Մնացականյան – 80

ԲՈԼՈՐԻՍ ՀԱՐԱԶԱՏ
ՄԱՆՈՒԿԸ

Մի սքանչելի երգ ունենք, որի և՛ բառերն են սրտամոտ, և՛ երաժշտությունը՝ «Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը մարդու»: Այսօր էլ ես Մանուկ Մնացականյանին այդպես եմ տեսնում: Այն ցուրտ ու սոված տարիներին երբեմն այցելում էի նրան. նա իր նոր պատմվածքն էր կարդում, ես՝ իմը, մի քանի կում օղի էինք խմում և մեղմ ու բարեհամբույր տանտիրուհի Իռայի մատուցած սուրճը վայելում: Այդ գրվածքները տաքացնում էին մեզ, անհույս աշխարհը լցվում էր հույսով, որին նպաստում էր և նրանց գեղեցիկ դստեր՝ Աննայի ժպտուն ներկայությունը: Ժպիտը մեծ բան է, մեղք են այն մարդիկ, որոնք ժպտալ չգիտեն և մշտապես ապրում են լուրջ դատարկությամբ:
Գրականությունը Մանուկի համար կյանքի «խաղ» էր, ապրելակերպ, ինքնարտահայտման ձև ու միջոց: Արցախյան նորագույն պատմությունը տառապեցնում էր նրան, ստեղծագործում էր ցավը սրտում և հոգու մեջ: Ասված է՝ մարդուն ցավն է հաճախ առաջ մղում: Ավելացնեմ՝ կենարար ցավը, որը բնավ հիվանդություն չէ և ոչ իսկ «մազոխիզմ», ինչպես մեր մասին ասաց մի ազերի գրող, այլ՝ առողջության նշան: Մանուկի շատ գրվածքներին բնորոշ է հենց ցավի առողջությունը՝ զտարյուն հայորդու հոգեղեն շարժումներով: Հիանալի կինոպատումներ արեց, որոնցից լավագույնը ներկայումս էլ շրջանառվող «Երջանկության մեխանիկան» է՝ մեր կինեմատոգրաֆի ինքնատիպ երևույթներից: Թատրոնում ևս Մանուկյանական եղավ՝ ի դեմս «Թաղի զավակի», նա էր այդ զավակը, արդի հայ գրականության հարազատ որդին՝ բարի, գեղեցիկ և առաքինի:
Նրա պատմվածքներն ու վիպակները հարստացրին մեր այս ժանրերի խճանկարը արձակում: Նա չհայտնվեց ո՛չ մոդեռնիզմի և ո՛չ էլ պոստմոդեռնիզմի ճանապարհներին, մնաց ինքը՝ Մանուկ Մնացականյան, նախկին ինժեներ և այսօր ու վաղն էլ սիրելի գրող: Որոշ երիտասարդ մարդիկ մտածում ու գրում են ծերունու նման: Մանուկը հասուն և առավել տարիքում ևս եղավ երիտասարդ, որը նրա գրականության շարունակելիության ծածկագիրն է:

Նորայր ԱԴԱԼՅԱՆ

ՄԱՆՈՒԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
ԹԲԻԼԻՍՅԱՆ ԲԱԺԱԿԱՃԱՌԸ

ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակին նվիրված մոսկովյան միացյալ պլենումում հանկարծ պարզվել էր, որ անդրկովկասյան հանրապետությունների գրողական կազմակերպությունները, մինչև Մոսկվա մեկնելը, մոռացել էին իրենց մայրաքաղաքներում նշել այդ փառապանծ հոբելյանը: Աննախադեպ երևույթ էր, հանցագործության նման մի բան, որ, բնական է, պիտի պատժվեր, եթե պատիժ ասածը, առհասարակ, մեղքը բացահայտելու սովորությունը չունենար: Պատժի այս գեշ սովորության շնորհիվ են, չէ՞, ծածկվում, քողարկվում շատ ու շատ մեղքեր: Պատժի, ահա, այս գեշ սովորության շնորհիվ էլ որոշվեց` անդրկովկասյան հանրապետությունների գրողական կազմակերպություններին պարտադրել միացյալ պլենումից անմիջապես հետո կայացնել իրենց տեղականները և հարցը փակել: Ամեն հանրապետություն թե՛ ինքը պիտի իր մինի միացյալը հրավիրեր և թե՛ երկու պատվիրակություն կազմեր` ուղարկելու հարևան երկրներ: Բայց արի ու տես, որ տարվա վերջն էր, արդեն սկսվել էր նախատոնական հարայ-հրոցը, և նման օրերին խելքը գլխին ո՞ր մեկն է ճամպրուկն առած այլ երկիր գնում: Մեր ավագ ու անվանի գրողներն իսկույն հիվանդացան, կեսավագ ու կեսանվանի գրողներից շատերն էլ նեղացան, որ իրենց հիշում են այն ժամանակ միայն, երբ հիվանդանում են ավագներն ու անվանիները: Մի խոսքով, պատվիրակությունների ցուցակում տեղ բացվեց նաև երիտասարդներիս համար, և Մանուկ Մնացականյանն ու ես հայտնվեցինք Վրաստան մեկնող պատվիրակության մեջ:
Առավոտյան մեր փնթի գնացքը հասավ Թբիլիսի, և մեզ դիմավորող վրացի երիտասարդ գրողները Մանուկին ու ինձ առանձնացրին պատվիրակությունից, նախ մի նկուղ տարան, ուր դուդուկ էին փչում և Գլախոյի ձայնով երգեր երգում, հետո` երկրորդը, որտեղ արդեն քամանչա էր նվագում, բայց Սայաթ – Նովան չկար, հետո` երրորդը, գուցեև` չորրորդը, և երբ խմիչքից, բաժակաճառերից, խաչապուրի-մաչապուրի, խինկալի-մինկալիներից փքված նայեցինք ժամացույցներին, հոբելյանական պլենումն արդեն ավարտված պիտի լիներ: Փոխարենը` բանկետը դեռ չէր սկսվել: Ճիշտ ժամանակին մեզ հասցրին խնջուքի սրահ: Մեր պատվիրակության կեսավագ և կեսանվանի պատվիրակները թեև մեզ նախատինքով էին նայում, բայց զգացվում էր, որ մեծ հաճույքով իրենք մեզ հետ նկուղներում կփքվեին, քան կխեղդվեին պլենումի հեղձուկ դահլիճում:
Պատկառելի էր ադրբեջանական պատվիրակության կազմը. թե՛ բազմաքանակ էր և թե՛ տիտղոսավոր: Ղեկավարը ժողովրդական բանաստեղծ Մամեդ Ռահիմն էր: Ադրբեջանում, ըստ երևույթին, նախատոնական հարայ-հրոց չկար…
Թեև սեղանի այս ու այն մասում բաժակներ էին չխկչխկում և օղու, գինու շշեր դատարկվում, սակայն խնջույքի պաշտոնական բացումը դեռ չէր հռչակվել: Վրացի երիտասարդ գրողներով շրջապատված Մանուկը տարերքի մեջ էր: Իմ հեռավորությունից ոչինչ չէր լսվում, բայց վրացիների անզուսպ ծիծաղից հասկանալի էր, որ Մանուկը բացել էր սրամիտ պատմությունների իր անտակ տոպրակը: Ուր որ է նրան սեղանապետ էին կարգելու, եթե վերջապես չհայտնվեր խնջույքատերը` կուսշրջկոմի առաջին քարտուղարը: Բոլորը սսկվեցին: Լռեց և Մանուկը: Փոքր-ինչ կախ գցած գլուխը աջ ու ձախ էր թեքում, մանուկավարի ժպտում, և ո՞վ գիտե, թե իր փոթորկալից կյանքի որ արկածն էր հիշում: Նա գլուխը բարձրացրեց և անջատվեց հուշերից այն պահին միայն, երբ ոտքի ելավ մի ադրբեջանցի և առաջարկեց խմել կոմունիստական կուսակցության կենացը: Բառացի չեմ հիշում նրա ճառը,- հիշելու բան էլ չէ,- բայց իմաստն այն էր, որ ինչ գրում ենք, կոմունիստական կուսակցության ներշնչանքով ենք գրում, որ առանց այդ ներշնչանքի և կողմնորոշման չի գրվի և ոչ մի տող: Եվ նման բաներ, որ այդ տարիներին ասվում էին բոլոր ժողովներում ու խնջույքներում: Հավուր պատշաճի ասված ճառ էր` ասվեց, պրծավ: Բայց վրացի տղերքից մեկը Մանուկի ականջին փսփսացել էր, թե «բատոնո Մանուկ, մեր քարտուղարն է` մենք պիտի նրան քծնենք, սա՞ ինչու է քծնում»: Մանուկ դու Մանուկ լինես` մեկ էլ տեսնեմ ոտքի ելավ: Մեր պատվիրակության կեսավագ ու կեսանվանի անդամները գույները գցեցին: Անկեղծ ասած, ես էլ անհանգստացա: Ի՞նչ է ասելու…
– Կենաց ունեմ,- փայլուն ռուսերենով հայտարարեց Մանուկը:- Բայց մինչև կենացիս անցնելը մի անեկդոտ եմ ուզում պատմել: Բժշկական ինստիտուտում, քննության ժամանակ պրոֆեսորը հարցնում է ուսանողին, թե ինչ է հարկավոր կլիզմա (հոգնա) անելու համար:
«Կլիզմա» բառը դարձավ ծիծաղի ական: Ուր որ է` պիտի պայթեր: Լարումն ավելի նկատելի էր ադրբեջանական պատվիրակության շարքերում:
– «Ջուր»,- ասում է ուսանողը: «Ապրես»,- ոգևորում է պրոֆեսորը:- Ուրի՞շ: «Օճառ»,- ասում է ուսանողը: «Ապրես, ուրի՞շ»,- ասում է պրոֆեսորը: «Կլիզմա»,- ասում է ուսանողը: «Ուրի՞շ»: Ուսանողը կարկամում է: Ուրիշ էլ ի՞նչ: «Դու ամենակարևորը չասացիր, սիրելի՛ս,- ասում է պրոֆեսորը:- Կլիզմա անելու համար նախևառաջ հետույք է հարկավոր»:
Ծիծաղի ականը պայթեց, խնջույքի սրահը թնդաց քրքիջից: Քրքջում էին բոլորը, նույնիսկ կանայք, նույնիսկ ադրբեջանցի պատվիրակները: Եվ երբ քրքիջը դադարեց, Մանուկը շարունակեց.
– Առակս ի՞նչ ցուցանե. որպեսզի գրողը լավ գրի, նա պիտի նախևառաջ տաղանդ ունենա… Խմենք տաղանդի կենացը:
Մանուկս դեռ չէր հասցրել նստել, երբ ոտքի ելավ ադրբեջանական պատվիրակության ղեկավար, ժողովրդական բանաստեղծ Մամեդ Ռահիմը: Հուզված էր, կարմրատակած:
– Շնորհակալ եմ, բարեկա՛մս,- ասաց ադրբեջանական հնչերանգով համեմված ռուսերենով,- շնորհակալ եմ, որ դու հետույքը համեմատեցիր տաղանդի հետ:
Ակնհայտորեն վիրավորված էր Մամեդ Ռահիմը, և Մանուկ Մնացականյանին, բնականաբար, պիտի հետաքրքրեր ժողովրդական բանաստեղծի վրդովմունքի պատճառը: Իր գալարներից վեր բարձրացող վիշապի նման խոյացավ Մանուկը սեղանակիցների գլխավերևում և ֆշշացրեց.
– Իսկ դուք, հարգելի՛ս, հետույքի՞ համար եք վիրավորվել, թե՞ տաղանդի…
Արդեն չեմ հիշում, թե ինչ կատարվեց սեղանի շուրջ… Կուսշրջկոմի առաջին քարտուղարի ծիծաղն ազատություն էր տվել բոլորին: Միայն հիշում եմ, որ հրաժեշտ տալիս ադրբեջանցի պատվիրակները մեկմեկուց և Մամեդ Ռահիմից ծածուկ մոտենում, հարգանքով սեղմում էին Մանուկի ձեռքը և երկիմաստ ժպիտով ինչ-որ բան էին ցանկանում ասել: Ի՞նչ: Ո՞վ գիտե: Նրանք թերևս գիտեին Մանուկի հարցի պատասխանը…

 

Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։