Ձյուն
Ձյա՛ն փաթիլներ, իջեք ցած,
Իջեք նազով ու դանդաղ,
Ձեզ ենք նայում հիացած,
Թեև շատ եք սառն ու պաղ։
Տաթևիկը և Միլան
Դուրս են նայում ու ժպտում,
Մեղմիկ երգում երգ մի լավ՝
Իջի՜ր, իջի՜ր, ճերմա՜կ ձյուն։
Մորին
(Հեքիաթ)
Ես գնեցի
Մի զամբյուղ
Ու գնացի
Պապոնց գյուղ:
Գնացի հանդ
Ես ապա,
Այնտեղ, ուր շատ
Մորի կա։
Հավաքեցի
Ես մորի
Ու երգելով
Տուն բերի։
Տատս եփեց
Մուրաբա,
Արջը եկավ
Հյուր ապա։
Ասաց՝ բարի
Ախորժակ,
Ի՞նչ կլինի՝
Ինձ էլ տաք:
– Կտանք, ա՛յ արջ,
Համբերիր,-
Տատիկն ասաց
Իմ բարի։ –
Եփը գա, որ
Համ բերի
Անուշ բույրով
Հանդերի։
Տաք-տաք չուտես,
Թե չէ՝ տես,
Դու Բերանդ
Կվառես։
Տվեց, արջը
Համտեսեց,
Լիզեց դունչը,
Չպպացրեց։
– Ի՜նչ համով է,-
Ասաց,- տա՜տ,
Ախր քաղցր եմ
Սիրում շատ։
Որ հավաքեմ,
Բերեմ քեզ,
Տա՛տ, մուրաբա
Դու կեփե՞ս։
Ես շատ մորու
Տեղ գիտեմ,
Մոտ անտառում,
Գյուղի դեմ։
– Կեփե՜մ, կեփե՜մ,
Որ բերես,
Կեսը մե՜զ, ա՛րջ,
Կեսը քեզ։
– Դե ինձ տվեք
Մի զամբյուղ,
Շուտ հավաքեմ,
Բերեմ գյուղ։
Ես զամբյուղս
Տվեցի,
Արջին մորու
Ճամփեցի։
-Դե,- ասացի,-
Ա՛րջ ապեր,
Սպասում ենք
Անհամբեր։
Արևը մայր
Չմտած՝
Արջը եկավ,
Մրթմրթաց.
– Ի՜նչ մորի եմ
Բերել, տես,
Կարմիր հրաշք
Պարզապես։
– Հա՜, շատ լավն է,
Ա՛րջ ապեր,
Վաղը կեփեմ,
Կտամ քեզ։
Ինչպես ասաց՝
Տատն արեց,
Արջը խնդաց
Ու պարեց։
Ուրախացա
Ես էլ շատ…
Ա՛յ, այսպիսի
Մի հեքիաթ։
Ուլիկ
Իմ սևուլիկ,
Սիրուն ուլիկ,
Տոտիկ-տոտիկ
Արի մոտիկ,
Քեզ տամ համով,
Կանաչ խոտիկ։
Ա՛յ սիրունիկ,
Ա՛յ խորոտիկ։
Գնանք անտառ
Պապի՛կ, գնանք անտառ,
Անտառ շատ եմ սիրում,
Սիրուն են թուփ ու ծառ՝
Ձմեռ է թե գարուն։
Այն բացատը գնանք,
Որտեղ եղնիկ տեսանք,
Ուր կար մի ջինջ գետակ,
Ու մենք հանգստացանք։
Անցյալ անգամ, պապի՛կ,
Շա՜տ ծաղիկներ կային,
Գարուն էր ու արև,
Հաճելի էր քամին։
Հիմա աշուն է, պա՛պ,
Անտառները՝ նախշուն,
Ե՛վ մշուշ կա, և՛ ամպ,
Ե՛վ խաշամներ խշշուն։
Դե շուտ, արի գնանք,
Կարոտել եմ, պապի՛կ,
Տեսնենք կարմիր կրակ
Սկյուռներին ճարպիկ։
Հավաքում են նրանք
Անուշ ընկույզ, կաղին,
Տանում իրենց փչակ,
Երբ աշուն է դեղին։
Մենք էլ պաշար առնենք,
Գնանք անտառ, պապի՛կ,
Գիտեմ պիտի հաստատ
Սովածանանք ճամփին։
Հետո ես քաղաքում
Կգրեմ մեր դասին
Աշնանային սիրո՜ւն
Անտառների մասին։
Ուշ աշուն
Ցուրտ քամի փչեց,
Տերևներն ընկան,
Սար ու ձորերը
Մեգ-մշուշ հագան։
Հավքերը թախծոտ
Հրաժեշտ տվել
Ու երամներով
Հարավ են չվել։
Անտառում լուռ է,
Էլ երգեր չկան,
Ձմռան օրերն էլ,
Ուր որ է, կգան։
Լուսինեն
Նայիր հապա, Լուսինե՛,
Տես՝ երկնքում Լուսին է,
Նրանից էլ դեն՝ աստղեր,
Ինչպես ոսկե ծաղիկներ։
Գեղեցիկ են աստղերը,
Տիեզերքի աչքերը,
Բայց նրանցից սիրուն են
Իմ մայրիկի աչքերը։
Պարաշյուտը նկարում
Շիրա՛կ, դե շուտ արա, շուտ,
Նկարիր մի պարաշյուտ։
Մի չար փորձանք է հասել,
Ինքնաթիռը վնասել։
Պարաշյուտին հիմա դու
Նկարիր մի օդաչու։
Նա թռել է ստիպված,
Որ անվտանգ իջնի ցած։
Նկարեցի՞ր, շատ ապրես,
Մեծ պարգև է հասնում քեզ։
Ինքնաթիռը կպայթի,
Բայց հո մարդուն կփրկես։
Դեպի Մարս
Մի օր մենք էլ Մարս կգնանք,
Գուցեև տուն շինենք, մնանք։
Ով էլ գնա, հասնի Մարսին,
Կհոգա նոր կյանքի մասին։
Կտանի սերմ ծառ ու ծաղկի,
Նախ և առաջ՝ ցորնահասկի։
Ցորենն է այն անգին ոսկին,
Որ սուրբ գանձն է ամեն ազգի։
Օ՜, Մա՛րս,
դու մեր կարմիր Հրատ,
Ցորենի բերք կտաս առատ,
Որ հաց թխենք հայավարի,
Անուշ լավաշ թխենք բարի։
Եվ հարսանիք
անենք Մարսում,
Առաջ գնանք սիրո մարզում։
Եվ որ օ՛րն էլ կարմիր Մարսի
Տեսնի ժպիտ նորահարսի։
Կյանքը ժպտա, կյանքը ծաղկի,
Եվ պտուղ տա սերմը կյանքի։
Կապույտ լճակում
Ձկնիկներն են լողում անվերջ
Կապո՜ւյտ, կապո՜ւյտ լճակի մեջ։
Շողշողում է արևը տաք
Ալիքների մեջ կապուտակ,
Կարծես ինքն էլ ձուկ է ոսկե
Ու լողում է ջրում հստակ։
Գիշեր
Լուսինն է փայլում
Երկնքում էլի,
Ուռին է ձորում
Նիրհում նազելի։
Աստղեր է վառել
Տիեզերքն անհուն,
Առուն ցոլք առել
Լուսնից արծաթուն։
Գիշերը այնպես
Սիրուն է կրկին,
Ուզում ես փարվել
Ողջ տիեզերքին։
ՏաթԵՎիկն ու թիթեռները
Տաթևիկը
Խաղում, վազում
Ու թռչել է
Անվերջ ուզում։
Թիթեռնիկը
Տա թևիկը,
Թռչի, ճախրի
Տաթևիկը։
Փոքրիկ Սոնան
Սոնան փոքրիկ,
Ինչպես գարուն,
Ժպտում է շատ
Նուրբ ու սիրուն։
Գարնանային
Արևի պես
Ժպիտն է մեզ
Հյուրասիրում։
Մոլորակը
(Երգ)
Կա մի կապույտ մոլորակ
Իր գեղեցիկ լուսնյակով,
Իր օրերով ցուրտ ու տաք
Եվ գիշեր ու ցերեկով։
Մոլորա՛կ, մոլորա՛կ,
Սիրուն, կապուտակ,
Արևի շուրջ պտտվիր
Հար ու շարունակ։
Մոլորակում այս սիրուն,
Կան բազում ազգեր,
Աչքեր ունեն վառվռուն,
Ինչպես վառ աստղեր։
Դու, Երկիր մոլորակ,
Շարժվիր շարունակ,
Տիեզերքում անսահման
Դու մեր տուն միակ։
Երեխաներն աշխարհի
Ի՞նչ են երազում՝
Խաղաղություն ու բարի
Արև են ուզում։
Մոլորա՛կ, մոլորա՛կ,
Սիրուն, կապուտակ,
Արևի շուրջ պտտվիր
Հար ու շարունակ։
Զատիկը
Դասարանում,
գիտե՞ս, տատի՛կ,
Այսօր կար մի
կարմիր զատիկ։
Ախր հիմա ձյուն է, ձմեռ,
Բայց եկել էր զատիկը մեր։
Երբ նայեցինք,
տեսանք իրեն,
Կարծես խոսեց զատիկերեն՝
Դուրսը ցուրտ է,
ձմեռ է խիստ,
Թողեք՝ այստեղ մնամ
հանգիստ։
Շատ լավն է
ձեր դասարանը,
Տաքացնում է վառարանը։
Մնամ, մինչև
գարուն բացվի,
Ծաղիկներով շուրջը լցվի։
Հետո էլ ի՞նչ, որ լավ լինի,
Քնեց գոգին պատուհանի։
Իմ տատիկը ժպտաց բարի,
Փաղաքուշ ու տատավարի։
Ասաց՝ ապրեք,
իմ լա՛վ բալիկ,
Միշտ էլ կյանքում
արեք բարիք։
Մատիտները
Դեղի՛ն մատիտ,
քեզ շատ բարև,
Եկ, նկարենք մի մեծ արև։
Կարմի՛ր մատիտ,
վառ ես ու քաջ,
Դու նկարիր կարմիր կակաչ։
Կապո՛ւյտ մատիտ,
քո ջինջ գույնով
Բեր նկարենք
երկինք ու ծով։
Դու էլ, կանա՛չ նուրբ,
երազկոտ,
Եկ, նկարիր տերև ու խոտ։
Դու, վարդագո՛ւյն,
վարդ նկարիր,
Պարտեզների
զարդ նկարիր։
Նարնջագո՛ւյն,
դու ինձ համար,
Եկ, նկարիր նարինջ մի վառ։
Դու, որ գույնն ես
մանուշակի,
Ի՞նչ նկարես, դե գուշակիր։
Գա՜յլ նկարիր,
դու մոխրագո՜ւյն,
Դու, սպիտա՜կ, ձմեռ ու ձյուն։
Դու էլ, սևո՜ւկ, աչքեր սիրուն՝
Կակաչներին այն հուրհրուն։
Ճպուռը
Բնասեր եմ, բնապաշտ
Ու քայլելով հասա դաշտ։
Հենց բացեցի իմ բուռը,
Թռավ, եկավ ճպուռը։
Ասաց՝ մի բան ասեմ քեզ՝
Հանկարծ բուռդ չփակես։
Թող քեզ համար քիչ բզզամ,
Հետո թռչեմ ու գնամ։
Թիթեռը
Փոքրի՛կ թիթեռ,
Ճախրող ծաղիկ,
Ծաղկանց ընկեր,
Վառ ծիծաղիկ։
Վառվռում ես,
Թռվռում ես,
Ոսկու շողշող
Փոշի ունես։
Թռչենք, խաղանք,
Սիրո՛ւն թիթեռ,
Քանի մութը
Չի ընկել դեռ։
Կախարդ լինեմ
Ու ես հանկարծ
Երկարացնեմ
Քո կյանքը կարճ։
Որ միասին
Խաղանք երկար
Այս աշխարհում
Ծաղկուն ու վառ։