Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀՐԱՇԱԳՈՐԾ ՓԵՐԻՆ

Լինում է, չի լինում՝ մի թագավորություն է լինում: Թագուհին և թագավորն անչափ շատ են սիրում գեղեցիկ հագնվել: Նրանք իրենց պալատում առանձնացված սենյակ ունեին, որտեղ ապրում էր հրաշագործ Փերին:  Նա զգեստ էր կարում՝ ծաղկաթերթերից: Պալատի դիմաց տարբեր ծաղիկներով ու վարդերով զարդարված այգի կար, որտեղից էլ Փերին ընտրում էր ծաղկաթերթերը: Նա այգում աճող մանուշակների թերթերից էլ զգեստներ էր կարում: Եվ ամեն օր մի նոր զգեստ էր հնարում: Ոչ մեկը մյուսին նման չէր:

Պալատից ոչ շատ հեռու մի մեծ ճահիճ կար, որտեղ ապրում էին հսկա դոդոշները: Այնպես պատահեց,  որ հրաշագործ Փերու մասին իմացավ հսկա դոդոշը՝ նրանց առաջնորդը: Վերջինս որոշեց ինքն էլ պճնվել ծաղկաթերթերով:

Ճահճի եզրին հավաքվեցին բոլոր դոդոշները: Մեծ դոդոշը կռկռաց, իսկ նրան ձայնակցեցին մյուս բոլոր դոդոշները:  Մեծ դոդոշը կռկռաց.

– Ինչ-որ կերպ հարկավոր է մեզ մոտ բերել այդ Փերուն:

– Կը՜ռռռ… կը՜ռռռ,- ձայնակցեցին բոլոր դոդոշները:

– Դուք կփակեք այն ճանապարհը, որով Փերին շուկա է գնում, և այդ ժամանակ էլ նրան կփախցնեք ու կբերեք այստեղ:

Իսկ Փերին իսկապես ամեն առավոտ գնում էր շուկա գնումների: Տարբեր թելեր, կոճակներ, գույն- գույն հուլունքներ էին վաճառում շուկայում: Փերին դրանցից ընտրում էր զգեստների համար: Եվ ահա, այդ առավոտյան Փերին ճանապարհ ընկավ դեպի շուկա:  Դոդոշները գիտեին շուկա տանող ճանապարհը: Հրաշագործ Փերին ճանապարհ ընկավ, իսկ ահա հենց այդ ժամանակ էլ դոդոշները շարվեցին ճանապարհին: Երբ Փերին հասավ թաքնված դոդոշներին, նրանք դուրս թռան և միանգամից ցանցը գցեցին Փերու գլխին: Զամբյուղը ձեռքից մի կողմ ընկավ: Դոդոշները Փերուն տարան իրենց տուն՝ ճահիճ:

Երեկոյան, թագուհին փնտրեց Փերուն պալատի այգում, սենյակներում և, իհարկե, չգտավ:

Այո՛, չէ՞ որ Փերին բանտարկված էր ցեխոտ ու գարշահոտ ճահճում:

Դոդոշները գեղեցկուհուն բերեցին իրենց գլխավոր դոդոշի մոտ:

– Կը՜ռռ, կը՜ռռ, կը՜ռռ… ի՜նչ գեղեցիկ ես,- կռկռաց դոդոշն ու պահանջեց, որ Փերին իր համար գեղեցիկ զգեստ կարի ծաղկաթերթերից:

– Բայց, այստեղ ծաղիկներ չկան,- բողոքեց Փերին:

– Իսկ դու մամուռից կարիր, այն ավելի գեղեցիկ կլինի: Հետո, ո՞վ չգիտի, որ դոդոշները սիրում են կանաչ գույնը:

Բոլոր դոդոշները ճահճից ցեխոտ մամուռ հավաքեցին ու բերեցին: Խեղճ Փերին ամբողջովին ցեխոտվել էր,  նրանից ճահճի նեխած հոտ էր գալիս:

– Իսկ երբ ես կարեմ ձեր զգեստը, դուք ինձ կտանե՞ք պալատ,- հարցրեց Փերին:

– Կը՜ռ, կը՜ռ… կը՜տանե՜նք…

Փերին սկսեց մամուռից զգեստ կարել: Զզվելի էր, ցեխոտ էր ու նեխահոտով, բայց հույսը, որ երբ ավարտի, տուն է վերադառնալու, նրան ուժ էր տալիս:

– Համբերել է հարկավոր,- մտածում էր Փերին,- իսկ ծաղիկներն իրենք կբացվեն:

Թագավորն ու թագուհին պալատում իրենց հրաշագործ Փերուն չգտնելով՝ որոշեցին որևէ մեկին ուղարկել նրան փնտրելու:

Հրամայեցին.

– Ով գտնի և պալատ բերի հրաշագործ Փերուն, նա կամուսնանա Փերու հետ և հարուստ օժիտ կստանա:

Տարբեր երկրներից երիտասարդներ եկան: Կապեցին զենք ու զրահ և ձիերը հեծած՝ շրջեցին աշխարհով մեկ:  Ոչ մի երկրում նրանք Փերուն չգտան:

Այդ երկրում, իր ծեր մոր հետ մի որսորդ տղա էր ապրում: Մայրը շուկայում լսում է պատահածի մասին,  գալիս է տուն և որդուն ասում.

– Այն, ինչ հեռու ես փնտրում, գուցե գտնես քթիդ տակ: Դու էլ գնա-փնտրի՛ր, որդի՛ս:

Տղան մի լավ ծիծաղեց, իսկ առավոտյան վաղ գնաց բադերի որսի:

Ամբողջ օրը որս արեց, մի քանի բադ խփեց, երեկոյան կողմ, այնպես պատահեց, որ մի բադի խփեց,  բադը վիրավորվեց ու թռավ դեպի ճահիճի խորքերը: Տղայի շունը վազեց բադի հետքով: Նա այդպես սովորել էր որս բռնել: Տղան ևս հետևում էր շանը:

Ահա, այնպես եղավ, որ բադը թռա՜վ, թռավ ու ընկավ ուղիղ Փերու դիմաց:  Նրա թևը վիրավոր էր և այլևս չէր կարող շարունակել փախչել հետապնդողներից: Բարի Փերին բարձրացրեց վիրավոր թռչունին, մաքրեց ու կապեց վիրավոր թևը: Նոր էր վիրակապել, վերջացրել, երբ երևաց շունը, իսկ նրանից քիչ անց՝ հևիհև վազող որսորդը:

Շունը, տեսնելով աղջկան, կանգ առավ: Բադը նստած էր Փերու գրկին: Շունը հետ վազեց դեպի իր տերն ու հնազանդ կանգնեց: Որսորդը զարմացավ՝ տեսնելով այդ գեղեցկուհուն անտառի խորքում, ճահճի ամենաանանցանելի մասում:

– Ո՞վ ես դու և ինչո՞ւ ես այստեղ,- հարցրեց որսորդը:

Աղջիկը պատմեց ողջ պատմությունը, որն արդեն մենք գիտենք, իսկ տղան հիշեց, թե ինչ ասաց իր մայրն իրեն երեկոյան.

– Հեռու կփնտրես, մոտ կգտնես:

Այնքան գեղեցիկ էր Փերին, որ տղան մոռացավ բադի մասին: Իսկ բադը, ինչպես բոլոր հեքիաթներում,  կախարդական էր և աղջկա բարության դիմաց որոշեց օգնել: Նա կախարդեց, և հսկա դոդոշները փոքրացան, փոքրացան և դարձան փոքրիկ գորտեր:

Տղան Փերուն դուրս բերեց ճահճից, տարավ տուն: Աղջիկը լողացավ, հարդարվեց ու ավելի գեղեցկացավ:

Առավոտյան նրանք միասին գնացին պալատ:

Թագավորն ու թագուհին ուրախացան: Թագավորն իր խոստման տերը եղավ: Ամուսնացրեց որսորդ տղային ու Փերուն:

Հրաշք հարսանիք եղավ: Տղան նվեր ստացավ գեղեցիկ տուն ու մեծ պարտեզ,  որ Փերին կարողանա ծաղիկների թերթիկներից զգեստներ կարել թագուհու համար:

Իսկ մեր վիրավոր բադի թևը ժամանակի ընթացքում բուժվեց, և բադը հպարտ-հպարտ շրջում էր պարտեզում,  լողում ջրավազանում և բոլոր թռչուններին ու ծաղիկներին պատմում այս հեքիաթը:

Երկնքում երեք հրաշագեղ, ոսկեհուր փետուրներով բադեր պտտվեցին և երեք փետուր բաց թողեցին, մեկը՝ պատմողի համար, երկրորդը՝ լսողի, իսկ երրորդը՝ բոլոր հեքիաթասերների համար։

 

ԱՐԵՎԱԼՈՒՅՍԻ ՀԵՔԻԱԹԸ

Մի մարդ մի աղջիկ ուներ: Այս աղջիկը մի հիվանդություն ուներ, ամեն օր մեկ բարձ էր կարում, եթե չկարեր, այդ օրը օր չէր լինի: Նա կարում էր բարձերն ու շարում տանիքում: Եվ չէր թողնում, որ ծնողները դրանք վաճառեն: Երբ մարդիկ հարցնում էին, նա պատասխանում էր, որ դրանք վաճառքի համար չեն: Թռչունները գալիս էին, թառում բարձերին,  բարձերի վրա ձագեր էին հանում, կերակրում, թռչել սովորեցնում և չվում այլ երկրներ: Ամեն գարուն նորերն էին գալիս, հետո կրկին հեռանում և հեքիաթային բարձերի պատմությունը պատմում էին աշխարհով մեկ: Տանիքին, անձրևի ու քամու, արևի տակ՝ բարձերը չէին փչանում. նրանք ավելի էին գեղեցկանում, արևի ճառագայթներից փայլ էին ստանում և փափո՜ւկ-փափուկ էին:

Լուրը հասավ հեռավոր երկրի թագավորի աղջկան: Աղջիկը պահանջեց,  որ գտնեն այդ երկիրն ու այդ բարձերի տիրոջը ու դրացից մեկն անպայման իրեն բերեն:

Վեզիրը ճանապարհ ընկավ: Ճանապարհին հոգնեց ու քնեց մի ծառի տակ, թռչունները, որ նստած էին ծառի ճյուղին, սկսեցին խոսել.

– Այս մարդը փնտրում է այն աղջկա տունը, ուր մենք գնում ենք, եթե հետևի մեզ, ապա ավելի արագ կգտնի տունը, որը փնտրում է:

Թռչունները կտցահարեցին քնած վեզիրին, բայց նա ոչինչ չհասկացավ: Բարկացավ թռչունների վրա,  վեր կացավ ու շարունակեց ճանապարհը: Երկար հարցուփորձից հետո գտավ քաղաքը, որտեղ ապրում էր աղջիկը: Դեռ հեռվից երևում էր լուսարձակող տունը: Վեզիրը մոտեցավ տանը, բարևեց հորը, մորը, աղջկան և ապա խնդրեց.

– Թագավորի աղջիկը լսել է ձեր կախարդական բարձերի մասին և հրամայել է, որ դրանցից մեկն իր համար գնեմ:  Դու չքնաղ ու գեղեցիկ ես,- շարունակեց վեզիրը,- եթե չվաճառես բարձերից մեկը, ապա թագավորի աղջիկն ինձ կզրկի կյանքից: Խղճա ինձ,- խնդրեց վեզիրը:

Աղջիկը խղճաց նրան, թե ուղղակի իր համար միևնույնն էր, թե բարձերից քանիսը կպակասեն՝ ասաց.

– Բարձրացի՛ր տանիք, ընտրիր որը կցանկանաս և տար քեզ հետ: Վճարել հարկավոր չէ:

Վեզիրը դռան մոտ կանգնած հոր ձեռքերում մի քսակ ոսկի թողեց և բարձրացավ տանիք: Մոտեցավ իր ընտրած բարձին, բռնեց այն, որ բարձրացնի, բայց նույն պահին բարձը թռչուն դարձավ, թռավ ու հեռացավ: Վեզիրը գրկեց մյուս բարձը, բայց կրկնվեց նույնը, այս բարձն էլ թռչուն դարձավ ու թևին տալով հեռացավ: Խեղճ վեզիրը որ բարձին մոտենում էր,  այն թռչուն էր դառնում ու հեռանում տանիքից: Շուտով բոլոր թռչունները պտտվում էին տան վերևում: Նրանք երամ դարձած հեռացան՝ թողնելով վեզիրին ձեռնունայն:

Վեզիրն իր երկիր վերադարձավ դատարկաձեռն: Թագավորի աղջիկը հրամայեց պատժել վեզիրին: Երեկոյան,  երբ հուսահատ վեզիրն այդ մասին պատմեց որդուն ու կնոջը, որդին ասաց.

– Հա՛յր, ես կգնա՛մ և կբերեմ այդ հրաշք բարձերից մեկը:

Ինչ ասեմ, որքան հայրը համոզեց որդուն, որ չանի այդպիսի բան, որդին չհամաձայնեց: Առավոտյան հոր հետ գնաց պալատ, խոնարհվեց արքայադստեր առջև ու ասաց.

– Ձերդ մեծություն, հորս կյանքն իրեն տվեք, և ես կբերեմ ձեր խնդրանքը: Երբ դատարկաձեռն կգամ՝ քեզ լինի և՛ հորս, և՛ իմ կյանքը:

Թագավորի աղջիկը համաձայնեց տղայի հետ: Իմաստունները նրան բացատրեցին, որ ավելի լավ է սպասել, քան զրկվել և՛ վեզիրից, և՛ ցանկացածից:

Երիտասարդը ճանապարհ ընկավ: Ճանապարհին հոգնած քնեց ծառի տակ: Ծառի ճյուղին նստած թռչունները սկսեցին խոսել.

– Այս երիտասարդը գնում է բարձ բերի իր թագավորի աղջկա համար: Այդ բարձերը լցված են աղջկա երազանքներով,  և միայն նա կկարողանա դրանք վերցնել, ով կսիրի աղջկան, ով իր սերը կտա երազանքների փոխարեն: Բարձերը կդառնան իրական, և նա կկարողանա տանել թագավորի աղջկա համար: Եթե այս երիտասարդը հետևի մեզ, ապա արագ կգտնի աղջկա տունը:

Իսկ այդ նույն պահին երիտասարդը քնի մեջ լսում էր թռչունների խոսակցությունն ու մտածում,  որ ինքն անպայման պետք է փրկի իր հոր կյանքը:

Երիտասարդը արթնացավ, նայեց ծառի ճյուղերին, տեսավ այն երկու թռչուններին, որոնք խոսում էին, և հասկացավ,  որ իր տեսածը երազ չէր: Սպասեց այնքան, մինչև թռչունները հանգստացան և թռան: Ճանապարհին էլ հաց ու ցորեն լցրեց, որ նրանք երբեմն- երբեմն ուտեն և իրենից շատ չհեռանան: Այդպես միասին հասան այն քաղաքը, որտեղ ապրում էր աղջիկը: Դեռ հեռվից երևում էր տների մեջ ցոլցլացող տունը: Այն ասես հրդեհի մեջ լիներ: Տանիքը փայլատակում էր արևի ճառագայթներից ու սեփական ճառագայթներով միանում երկնքին: Երիտասարդը մոտեցավ լույսերի մեջ ողողված տանը: Տանիքը շողշողում էր ու լուսավորում շրջապատը: Թռչունները թռան ու նստեցին բարձերին: Նրանք արդեն իրենց համար բույն էին ընտրում: Երիտասարդն անզուսպ հիացմունքով բարձրացավ տանիք ու գրկեց բարձերից մեկը: Բարձը կորցրեց փայլն ու իրական դարձավ: Նա գրկեց մյուսը, այն նույնպես կորցրեց փայլն ու իրական դարձավ: Թռչունները խառնվեցին իրար, նրանք ճռվողելով պտտվեցին տանիքի շուրջ, և այդ աղմուկից աղջիկը դուրս եկավ տանից: Լույսի փայլն աչքերում և հոգում, նա այնքան չքնաղ էր, որ երիտասարդը ցած դրեց բարձն ու մոտեցավ աղջկան:

– Դու կամուսնանա՞ս ինձ հետ,- ասաց աղջկան:

Աղջիկը ժպտաց: Դրանից նրա աչքերի ցոլանքն ավելի շատացավ, իսկ ժպիտը հմայեց երիտասարդին:

– Ես այս իրերից մեկը պետք է տանեմ իմ թագավորի աղջկա համար, պետք է փրկեմ հորս կյանքը, հետո կվերադառնամ քո հետևից, դու համաձա՞յն ես:

Աղջիկը կրկին ժպտաց ու լուռ խոնարհվեց:

– Կարող ես բոլորը տանել:

Կարծում եմ, որ արդեն հեքիաթն ավարտվեց: Երիտասարդն այդ բարձերից մի քանիսը տարավ իր թագավորի աղջկա համար: Իհարկե մի մասն էլ մնաց թռչունների համար, չէ՞ որ նրանց ձագուկներն իրենց լավ էին զգում այդտեղ:

Արքայադուստրը երջանիկ էր, աշխարհում ոչ ոք չուներ նման փափուկ ու փայլկտացող բարձեր: Տղան իր հոր հետ վերադարձավ աղջկա մոտ: Ամուսնացավ աղջկա հետ, և նրանք այնքան երջանիկ էին, որ դարձել էին արևալույս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։