Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Հողաչափի փայտե հին գործիքը առած՝

Անցնում եմ բզկտված սահմաններով՝

Ճշգրտորեն՝ արշին առ արշին, բռաչափ առ բռաչափ

Տեղեկություն առնելու ունեցածիս ու կորցրածիս մասին.

Անցնում եմ հողակտորից հողակտոր,

Տարին մի քանի բերք տվող նրա արգանդի չարչարանքով,

Չպայթած ականները՝ որպես չարորակ ուռուցք ունեցող ակոսներով,

Ուր հիմա մացառներ են կամ վայրի հացաբույսեր,

Լքված գյուղատեղերի նշմարելի սահմանագծերով,

Խոտ ու ծաղկով առատորեն պատված արտատեղերով՝

Վայրենացած…

 

Հողաչափի փայտե մարդաբոյ գործիքով շրջանագծում եմ

Ամեն օր գնդակոծվող շեների տարածքները,

Որոնցում մանկանց սովորեցնում են

Ռմբապաստարաններում պահմտոցի խաղալ,

Եվ մանուկներ են ծնվում ու աճում ի հեճուկս նրանց,

Ովքեր ծննդատներ են քանդում… և ապագայի տեսլական:

 

Հողաչափի փայտե գործիքը՝ իբրև սուրբ գավազան, ձեռքս առած,

Որպես ուխտավոր ու զավակ, պատարագում եմ գիշերուզօր ռմբահարվող վանքի մատույցներում՝

Ամեն թզաչափը համահավասար անելով հազար մղոնի,

Այդ թիզը պահողի արյան և նվիրմանը ալելուիա կանչելով՝

Ձայնակից անելով ինձ անմատչելի դարձած անտառների թռչուններին:

 

Հողաչափի փայտե հին գործիքով

Ես չափում եմ դեպի սարերի գագաթները տանող արահետների երկարությունը,

Հեռավորությունը լեռնալանջերից մինչև երկինք,

Անդունդների խորությունը՝ մեր համբերությանն ու համառությանը համահավասար,

Եվ մեր կորցրածի անչափությանը մտովի բախվելով՝

Պահ մի դանդաղում եմ հոգնաբեկ:

 

Հողաչափի անսպառ ջանադրությամբ ծայրեիծայր անցնում եմ

Մեզնից խլյակներով և նախնյաց հետքերով՝

Աղբրեաղբյուր, կամրջեկամուրջ, ավերակ առ ավերակ, խորանեխորան՝

Արյամբ սահմանագծված հողերի եզրաշերտով:

 

Գործիս ավարտին հողաչափի արդարամտությամբ

Իմ ձեռքի փայտե հին գործիքով

Կչափեմ Մարդուց դեպի Արարիչ հեռավորությունը

Եվ կթողնեմ չափուձև արածս՝

Բաշխելու մարդկանց…

 

***

Հա՛յր մեր,

Որ ականատես ես

Արդարության խրթին լեռնանցքներով ընթացող

Զավակներիդ անընդմեջ երթին,

Ընդվզմանը միամորիկ զավակներիդ,

Որոնց զոռով կտրել իրենց հերկուհորովելից,

Անհաշիվ անգամ տանում են կյանքի ու մահվան կռվի,

Եվ իրենց ամեն անկման խաչվում է զավակդ անօրենների ձեռքով՝

Անտարբեր և արյունռուշտ հանդիսականի աչքի առջև

Եվ կամ դրդմամբ,

Դու՝ ամենատես և ամենընկալ,

Իջիր քո ստեղծած հող ու ջրին,

Կրծքովդ զրահավորիր իմ երգեցիկ մանկանց մարմինը,

Հղացրու եղեգները գետեզրերի, կնքումդ արա,

Որ ծնանան Վահագնակերպ և լուսաչվի պատանյակները,

Եվ ամոքվեն հող ու խաղաղության համար նահատակված

Քաջազունների այրիների և որբերի հոգիները.

 

Հա՛յր մեր,

Թունաբեր արկերից այրվող անտառների փոխարեն,

Հողը մահամուղ երկաթով հերկված հողերում

Զինվորդ մատաղ ծառ է տնկում

Եվ իր ջրամանով անում նորատունկի անդրանիկ ջրտուքը.

Խնայիր նրա ջանքը,

Իջիր քո արարած եդեմական երկիրը՝

Արարատի լանջերից մինչև Մռավա լեռնածփանքը,

Քո ողորմության առատությամբ բացիր խաղաղությամբ արշալույսները

Եվ գիշերները լցրու անսասանելի հույսով.

 

Դու, որ արարողի ոգին ես դրել մանկանցդ մարմնում,

Օժտիր հողագործիդ իր պապենական հողակտորը մշակելու իրավունքով,

Ընծայիր ձայնիկ քաղցր՝ մշակի երգն ասելու

Եվ փառաբանություն երկնքին՝

Հողի, Հայրենիքի, Սիրո, Հավատի և Քաջազնության համար…

 

***

Ծանակվածները պիտի մեկտեղվեն, անարգվածները կկառավարեն,

Սրբերի շարքում կդասվեն որբեր, որ մտրակվել են իրենց աջ ոտքից,

Դավվածները, որ տները իրենց այրեցին ողբով մինչև վտարվել,

Մանկունք զինվորյալ և գտնվածներ վանք կկառուցեն գերության դարձից,

Եվ նրանք, որոնց ձեռքը չգնաց արդար վաստակը հրով ճարակել.

 

Անդաստաններում, ուր ցորյանները հասուն էին, բայց չհավաքվեցին,

Հողին են փռված նույն անփութությամբ, ինչպես ոսկերքը զինվորյալների.

Պատարագեք, օ՜, երկինքնե՜ր, նրանց, խնկարկում արեք, ծաղկունքներ բուրյան,

Երդվյալների շարքեր կըելնեն. և սերունդները կկանգնեն հունձքի,

Մինչ այստեղ թաղված վայրի հասկերից արևադարձին բերք հասունանալ.

 

Իսկ մինչ այդ, որդի՛ք, թվեք անդադրում, տեղանունները, որ չմոռանաք,

Որ ուրացություն և խարդավանքներ երբեք չներվեն, և դատվեն նրանք,

Ովքեր մսխեցին հավատը մանուկ, չերկնչեցին ուխտը դրժելիս,

Ովքեր ծիրանին ուսերին առած՝ առաջնորդեցին անկամ, անուղի,

Ովքեր դառնահամ քացախ մոտեցրին ծարաված շուրթին նոր խաչվողների.

 

Ուսուցանեք՝ հարթ ավազուտներին, թե հարկ է նորից՝ Այբ-ը գրելով,

Եվ առասպելներ պատմեք իրական, թե ոնց եղեգից Վահագն էր ծնում,

Կուրացյալների ակունք ամոքեք, անհավատությամբ որ չդեգերեն,

Սերմանողները որ այն տեղերում, ուր կխնկարկվեն անթաղ տղեկներ,

Բուռ առ բուռ ցանեն զննությամբ մաղված, ընձախոտից զերծ ընտի՛ր հատիկներ:

 

ՌԵՔՎԻԵՄ

Օրորիկ ասեմ, մանո՛ւկս անպիղծ, քա՛ր դրեք սրտիս,

Օրորիկ ասեմ, ժեռ-այրերի մեջ ննջումդ եղավ,

Արկերով հերկված հողը մայրորեն քեզնով կամփոփվի

Եվ կխնկարկի շնչով կենդանի հյուսիս և հարավ:

 

Օրորիկ ասեմ, որ արիներից դու չզատվեցիր,

Ծունկս խփելով պատանքված մարմնիդ օրոցքի առաջ,

Եղերամայրե՜ր, գովերգեք նրան ձայնով երգեցիկ՝

Ինչպես չընկրկեց ու անպարտ մնաց…. ոնց անմահացավ:

 

Օրորիկ ասեմ. զորությունը տուր ինքնազոհումի,

Օ՜, Աստվածամա՛յր, խաչյալների մեջ որդուդ էր՝ տեսար,

Ընդունիր նրան՝ հանուն Հայրենյաց սուրբ նահատակին,

Քա՛ր դրեք սրտիս, օրոցքի առաջ անծուխ կմխամ:

 

ՀՈՐՈՎԵԼ

(Ձոն մեր զինվորյալ որդկերանց)

 

Ե՜լ, ե՛լ, վերևում արևը հատավ,

Վարը կիսատվեց, ցանքը կուշանա,

Ժամը հարմար չէ հոգնության համար,

Թե ցուրտը ընկավ, հաց չենք ունենա:

 

Ե՜լ ու ակոսե, ուժդ հերիքե՝

Առը շուռ տալով հողը կշնչե,

Այս տարվա բերքից մի բուռ սերմ մնաց,

Մինչև հունձք լիներ, արտս կրակվեց:

 

Մանուկս գրկով հատիկ կշաղեր՝

Կհիշե՞ս, արդյոք, և չուներ դադրել,

Աշնան ցանքսի տեղ իր կյանքը բաշխեց,

Որ խաղաղորեն նոր հասկեր հասնեն:

 

Ե՜լ, արևմուտքում լույսը չի շիջել,

Գոգիս բուռ հացը ակոսում շաղեմ,

Թող քնի մինչև հազարապատկվել՝

Որպես զինվորյալ, ոնց որդիքը մեր:

 

Նրանց ոսկերքը ջերմությամբ նորեն

Նոր հասկերի հետ ծիլ կտան, կելնեն,

Իրենց բազուկներ սահմանից սահման

Մեր իրավունքը կշրջագծեն:

 

Ե՜լ, սև հողերից գոլեր կհոսեն,

Վերը Աստված է, ներքևը՝ ցելեր,

Մի՛ թող ցրտերից կոնդանան հողեր,

Հոգնության համար ժամը հարմար չէ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։