Նորիկ ԼԵՎՈՆՅԱՆ

ՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, թարգմանիչ
Նորիկ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամ­յա­կի
առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

ՄՏՔԻ ԽՄՈՐՈՒՄ
Մտքի խմորում, ըմբոստության սերմ
Եփվում են խոսքի թեժ խառնարանում,
Իրական կյանքն ու ժամանակը սեղմ
Մեռած տեսության դիակն են տանում։
Տխուր հեգնանքով նայում եմ իմ շուրջ
Կուռքերի վրա բիրտ ու հեղհեղուկ,
Եվ իմ խոհերի արձագանքից լուրջ
Վախ ու քաջություն իրար են խեղում։
Բայց մակդիրները շնչահեղձ եղած
Փախչում են մեզնից հակառակ կողմով,
Եվ բառերը մեղկ՝ վեհության տեղակ
Շերտավորվել են կեղծիքի տիղմով։
Եվ ճշմարտության կրակը անթեղ
Սպասում է դեռ իր բորբոքողին.
Եվ տարածքը սուրբ պարգևում է թև
Այս գաղափարով առաջնորդվողին։

ՄԱՅՐԱՄՈՒՏԻՑ ԱՌԱՋ
Ցրտի դեմ հիմա կծկվել եմ ես
Եվ կուչ եմ եկել ինչպես մի խխունջ,
Տարերքի ուժը մարել է իմ մեջ,
Մի մարդ եմ դարձել ներփակ, լուռումունջ։
Ժամանակից շուտ զառամածի պես,
Մտաբերում եմ ջերմացնող հուշեր…
Ինչ թույլեր էին ինձ հաղթողները,
Տանուլ տվին ինձ ինչպիսի ուժեր։
Զայրույթս ասես դաշույն է փայլուն,
Ձյունը հալվում է ձեռքիս հպումից,
Ամենքին անդավ ընկեր էի ես,
Դավաճանվեցի՝ չգիտեմ ումից։
Սակայն պատրաստ եմ դիմավորելու
Բազում ձմեռներ դեռ խիստ ավելի,
Թե մեղավոր եմ իմ ԱՍՏԾՈ առաջ,
Գոնե մեղքերս դարձնեմ քավելի։

ԿԱԽՄԱՆ ԿԵՏԵՐ
Երազի սկիզբը չեմ մտաբերում,
Հիշում եմ, գիրք կար Սիմոնի ձեռքին,
Իսկ սաղավարտով մարդու աչքերում
Պարզ երևում էր տագնապը ներքին։
Վիճում էի ես աղջկա հետ մերկ,
Վայրը Արսենի սենյակն էր խոնավ,
Հպվեցի՝ չկար, ժայռաքար էր լերկ,
Այդպիսի խաբկանք չէր եղել բնավ։
Հետո մշուշից կանայք դուրս եկան,
Մեկի զգեստին թափված էր գինի,
Գույներից հառնեց մի դեմք կուսական՝
Մղձավանջի մեջ խաթարված քնի։
Դեմքն այդ հիշելիս ասացի՝ մեղա,
Մեղա՝ կրկնեց արձագանքն էլ ինձ,
Եվ նմանակս՝ հոգնած մի տղա,
Մեղադրում էր ինձ հենց իմ անունից։
Եվ ոչ մի գուշակ այս օղակից դուրս
Չմեկնաբանեց երազն այս թերի,
Հազի, ջերմության ցավերը մինչ լույս
Ուղեկցեցին ինձ… կախման կետերի…

ԷԴԳԱՐ ՊՈ
Իրական պատրանք ու մեռած հավատ…
Ի՜նչ անբուժելի ցավ է, Էդգա՛ր Պո,
Հոլիվուդում մեծ է ամեն մի կավատ,
Իսկ բանաստեղծը՝ բառերի թափոն։
Եվ ճշմարտության կորիզը մեռյալ
Վախի սահմանից շորթել է մի խև
Եվ նկարել է մտքով իր շեղյալ
Ելքի հանգույցը բարդ ու նորաձև։
Քննախույզ միտքդ սիրտ է մտրակում,
Բացում է մեկ-մեկ ծալքերը մթի,
Հանգույցի դուռը հանգույցն է թակում,
Սակայն գաղտնիքը բարդ է ու խրթին։
Ոճդ կասկածի քողն է ծվատում.
Եվ ուղենիշ են ճյուղը ու դեզը…
Եթե «Ագռավը» հնչում է հատու,
Հրաշք է նաև «Ոսկե բզեզը»։
ՊԱՐ
Շարժումներով գեղեցիկ
Աղջիկները պարում են,
Օրորվում են նազանքով՝
Կրքի լույսը վառում են…
Ճկուն ու նուրբ ձևերով
Թռչկոտում են ձախ ու աջ,
Տրորում են հազար տենչ
Եվ քամում են բյուր հառաչ։
Պարն առաջին. արդյոք երբ
Եվ սկսվել է ինչից.
Գուցե քաղցր մի պահի
Էգ ու արվի հուր շնչից,
Որոնց պարը առաջին
Սեր է եղել գալարուն,
Թփրտացել է էգը,
Եվ հևացել է արուն։
Երկու մարմին ներդաշնակ
Պատերազմել են կարծես,
Եվ այդ օրից սկսած՝
Պարն է դարձել սիրո ծես։
.
ԹՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿ
Ինչ գեղեցիկ եք այսօր Դուք, տիկի՛ն,
Մետաքսի պես է Ձեր դեմքը փայլում,
Հայելու առջև Ձեզնով հմայված՝
Ձեր իսկ պատկերն է Ձեզ սիրահարվում։
Աստծո Ձեռքն է այսպես քանդակել
Ձեր մարմինը նուրբ և քնքուշ հոգին։
Ա՜խ, Դուք այնպիսի բույր եք տարածում,
Որ ցանկանում եմ մեռնել Ձեր գոգին։
Դուք բարեկազմ եք, ճկուն, սլացիկ,
Բարակիրան եք ու տենչահարույց,
Հաշվենկատ եք ու զգույշ այնքան,
Որ սարսափում եք սեր խոստանալուց։
Գուցե ինձ ներեք, որպես մի գժի,
Թող մեղքերի մեջ թաղվի իմ հոգին,
Ջերմություն տվեք ձմռանն ինձ մի քիչ՝
Հովացրեք սիրտս ամռան տապ շոգին։

Թարգմանություններ արաբերենից

Նիկոլա ՂՈՒՐԲԱՆ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՎԵՏԱՐԱՆ
Քո ավետարանով իմ ձայնապնակն ես մերժում
Նայիր թե ինչպես են գրում մատներս
Ես վիժում եմ սերմը թռչունների
Եվ հավաքում եմ էլեկտրական բառեր
Այնպիսի մի ավետարանում որ չի լսում
Լացը մանկան
Ոռնոցը ծառերի
Ողբը արդարության
Մահը պիտի այցելի ցնորված ձիով
Ուրեմն սպանենք այբուբենը
Վերջ տանք այս սև գնդի մեջ սիրտ քամելուն:

ՁԵՌՆԱԾՈՒԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Հանգցրեք լույսերը աղմկոտ սրահում
Առանց մերկ մարմինների գալու է ձեռնածուն
Առանց կիթառի
Առանց ծառերի
Առանց հասկերի
Եվ առանց սոխակների
Իսկ սայլի հենակը
Փշրվել է նրա աչքերում
Հանդիսատեսներ
Ձեռնածուն սկսել է նողկալ աչքերից
Նա իր կարմիր կնգուղը նետել է
Խաչի վրա
Եվ վերցրել է իր օտարոտի սիրտը
Ինչպես սյուն
Այո հանգցրեք լույսերը
Անդունդի մեջ
Ձեռնածուն փոշի է հավաքում
Որպեսզի փրկի անդունդը
Ոչնչացումից:

Ադոնիս
ԱԳՌԱՎԻ ՓԵՏՈՒՐ
Էլ չեմ բերի ծաղիկ,
Էլ չեմ բերի հանդեր,
Քամին և ավազը
Չունեն լույսի զարդեր։
Ոչ մի առույգ քամի
Չի սուրում երկնքում,
Ճակատն իմ մարգարե՝
Թռչուն է մի անքուն,
Եվ ոչ մի եղանակ,
Առանց ծաղկի կգամ,
Փոշու աղբյուր եմ ես,
Աչքս՝ սնունդ անկար…
Եվ վարում եմ կյանքիս
Նավը մշտահոլով,
Որ նա ողջագուրվի
Հատակում ապահով,
Թող նավն զգա կորուստ,
Երազով մոլորվի,
Ինչպես անդարձ ճամփորդ
Եզերքներով ցավի:
Քաղցկեղ լռության մեջ
Եվ պաշարման պահին,
Ագռավի փետուրով
Ես գրում եմ հողին,
Եվ գիտեմ, որ չկա
Կոպիս լույսի նշույլ,
Մի խորհուրդ կա փոշոտ
Եվ այս տարածքը կույր:
Եվ ցերեկվա հետ ես
Սրճարան եմ նստում՝
Գլանակն ինձ ընկեր,
Փայտե աթոռն ինձ տուն,
Եվ սպասում եմ ես
Այդ աթոռին նստած՝
Ժամադրությունը իմ
Մի դեպք է մոռացված:
Հանուն հատված թևով
Այս բվի համար էլ,
Ծունր եմ իջնում նորից,
Ուզում եմ աղոթել,
Ուզում եմ աղոթել
Քամուն ու կրակին,
Որ ագուցվեն իրար
Ներհակը ներհակին:
Խնկարկումի բոցում
Վառեմ օրեր ճերմակ,
Վառեմ թանաք, իրեր
Եվ երգերի տետրակ,
Ուզում եմ աղոթել
Բառերով իմ աղոտ,
Նրանց, ում ծանոթ չէ
Զառանցանք ու աղոթք:

Մուհամեդ ԱԼ-ՄԱՂՈՒՏ
ՄԻ ԱՄՊԱՄԱԾ ՕՐ
Դու մերժեցիր շնորհակալությունը
Եվ ժպիտը մերժեցիր,
Հարվածեցիր սեղանին՝ մտրակով,
Եվ դռները, դուրս գալիս,
Խենթի ուժգնությամբ փակեցիր:
Եթե երգել ես ուզում, երգիր,
Կեր և պոռթկա,
Դա քո իրավունքն է…
Դու ազատածին ես նրանց պես՝
Կատարյալ մատներով
Եվ բազուկներով ես կատարյալ:
Դու չես մեռնելու առանց հեղեղելու
Աշխարհը քո արցունքներով,
Առանց ոտքերովդ նավերին հարվածելու,
Ինչպես հարվածում են զայրույթից
Փոքր քարերին:
Դու մերկ ես ծնվել, գիտեմ,
Եվ աճել ես նախնադարյան
Մարդու պես մերկ:
Դու մերկությունից՝ ծվատված
Դրոշակներ, ամպերի մաշկեր
Եվ ծաղիկներ ես հագել.-
Պատսպարվել ես ցավից ու մուժից:
Եթե նա չի ուզում քեզ կշտացնել,
Ինչո՞ւ է քեզ ստեղծել հապա…
Դու նրան քո բղավոցով արթնացրել էիր
Քնից,
Որպեսզի քեզ ստեղծեր:
Փողոցի բոլոր իրերը եթե ցանկանաս,
Քոնն են,
Այն ամենը, ինչ տեսնում ես փողոցում,
Քոնն է, և քո ընտանիքը և քո սովյալ
Ընկերներինն է…
Քանի որ նրանց պես՝ մատներ,
Շուրթեր և եռուն արյուն ունես:
Բավ է, որ նա չղջիկի պես քեզ տանջի,
Թող հետ վերցնի ողորմությունը քո ուսերից,
Ինչպես հետ են վերցնում շքանշանները
Դավաճանից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։