ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ
ԱՎԻԿ
ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐ
1998 թ. դեկտեմբերի 1-ին Մոսկվայում, Կրեմլի մեծ համերգասրահում աշխարհում ամենահայտնի հայորդու` Շարլ Ազնավուրի մենահամերգն էր: Ես ու կինս թեմի առաջնորդից հրավիրատոմս էինք ստացել: Չափազանց երջանիկ պահեր ապրեցինք. 75-ամյա Ազնավուրը երիտասարդական ավյունով, իր աննման ձայնով, անսահման հմայքով հազարավոր հանդիսատեսով սրահը մոտ երեք ժամ քարացրած, շշմեցրած, հիպնոսացրած պահեց իր ձեռքում: Ես առաջին անգամ էի լսում Ազնավուրի կենդանի կատարումը: Հեռավոր 1966 թ. Հայաստանում ո՛չ ինձ, ո՛չ մանավանդ հորս` Վիգեն Իսահակյանին, որը շատ լավ էր ճանաչում Շարլին Փարիզից` 1926-1936 թվականներից, գեթ մեկ տոմս բաժին չհասավ, որպեսզի խորհրդային կուսակցական առաջնորդների և նրանց ընտանիքի անդամների կողքին լսեինք մեր պաշտելի Շարլին: 32 տարի անց Մոսկվայում մենք հասանք մեր երազանքին:
Համերգի ավարտին ես և կինս` Ռուզանը, թեմի առաջնորդը, հայտնի ակնաբույժ, պրոֆեսոր Անժելովը «Յունիստրիմ» բանկի ղեկավարի և էլի մի քանի մեր հայրենակիցների հետ շտապում ենք բեմի ետնամասում գտնվող փոքրիկ սրահը` շնորհավորելու մեծ վարպետին:
Շարլը շատ սիրով մեզ ընդունեց, մուգ շագանակագույն կոստյում էր հագած, փողկապը հանած, ձեռքին մի գավաթ գարեջուր, որ երբեմն մի-մի կում էր անում:
Երբ սեղմեցի մեծ վարպետի ձեռքը, համարձակություն առա և ասացի. «Վարպետ, դուք կարծեմ շատ երիտասարդ տարիքում ճանաչել եք իմ մեծ հորը` Ավետիք Իսահակյանին»:
Շարլը շատ աշխույժ ընկալեց ասածս` ինչպե՞ս թե չէ, պապդ իմ հոր` Միշոյի մոտ ընկերն էր Փարիզում: Հայրս Փարիզում ուներ հայկական ու վրացական խոհանոցի մի փոքր ռեստորան, ուր և կովկասյան նվագախումբ կար: Պապիկդ ասանկ սուր միրուք ուներ, բեղեր, ես գիտեի պարոն Ավետիքը, հայտնի դեմք էր հայկական շրջաններում, հայրս, պապդ, ընկերներով հաճախ սուրճ էին խմում, ծխում, իսկ ես պարի հրապարակում տարբեր ակրոբատիկ թռիչքներ, շարժումներ էի անում,- և բառը հայերեն գտնելով` Շարլն ուրախացած ասաց` գլուխկոնծի էի տալիս: Եվ ձեռքի շարժումով ցույց տվեց գլուխկոնծին:
– Ձեզ լավ հիշում է նաև հայրս` Վիգենը, որը Ձեզ հետ մի քանի անգամ հանդիպել է Երևանում` 1966 թվին, «Արմենիա» հյուրանոցում:
– Հիշում եմ, հիշում…
– Իսկ Ձեր հայրը` Միշոն, եղել է մեր տանը Երևանում 1962 թվին, հանդիպել տատիկիս` Սոֆիայի հետ և նվիրել Ձեր առաջին ձայնասկավառակներից մեկը, Ձեր մեծ լուսանկարով, երկնագույն ֆոնի վրա: Վարպետ, կուզենայի Ձեզ ծանոթացնել կնոջս` Ռուզանի հետ, որը հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի թոռն է, ունենք նաև երկու երեխա:
Ազնավուրը սիրով սեղմեց Ռուզանի ձեռքը` ի՜նչ լավ կամուրջ եք ստեղծել երկու մեծ հայերի միջև: Ուրախ եմ անկեղծ:
Ռուզանը շնորհակալություն հայտնեց ֆրանսերեն լեզվով:
Եվ Շարլն ասաց. «Սպասեք, ես ձեզ ծաղիկներ պիտի նվիրեմ»: Սենյակում մի քանի գեղեցիկ ծաղկեփունջ կար: Շարլն ընտրեց երևի ամենագեղեցիկը, մեծ սպիտակ վարդերով ծաղկեփունջ և բարի ժպիտը աչքերում` նվիրեց Ռուզանին. սա ձեզ մի փոքրիկ հուշ: Հենց այդ պահին մեզ լուսանկարեցին, հետո երեքով մեկ անգամ ևս լուսանկարվեցինք` Շարլը մեջտեղում, Ռուզանը սրտին սեղմած Շարլի նվիրած սպիտակ վարդերով ծաղկեփունջը:
Հրաժեշտ տալու պահին թեմի առաջնորդը համբուրեց Շարլի ձեռքը: Հրաժեշտ տալիս Վարպետին, սրբազանից օրինակ առա և համբուրեցի Շարլի ձեռքը: Սա աշխատավոր մարդու, ջլուտ, ասես ամեն օր բահի հետ գործ ունեցող մարդու ձեռք էր:
Համբուրեցի, հստակ գիտակցելով, որ բախտ ունեցա մի պահ հպվելու աշխարհի ամենաարժանավոր հայ մարդու սուրբ ձեռքին…
* * *
2005 թ. քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանին նվիրել էի Իսահակյանի «Աֆորիզմներ» գիրքը: Որոշ ժամանակ անց նրա արվեստանոցում մենք կրկին հանդիպեցինք, բուխարիի կողքին տեսա «Աֆորիզմները»:
– Կարդում եմ օրը մի տասը-տասնհինգ էջ, քիչ եմ կարդում, որ իմաստությունները լավ ընկալեմ, ոչ թե կքվեմ նրանց ծանրության տակ: Ամեն ինչ Վարպետի հանճարին վայել է, բայց «Սիրո և կանանց» մասին աֆորիզմները հանճարեղ են, մեկն ուղղակի անընդհատ մտքիս մեջ է. «Ծեր տղամարդը հին գինի է, ծեր կինը` հին ջուր»: Ի՜նչ հիանալի է:
– Թույլ տուր, Նիկոլայ Բագրատովիչ, մասամբ չհամաձայնվել թե՛ Վարպետի, թե՛ Ձեզ հետ. ծեր կին էլ կա, որ հին կոնյակ է,- և հայացքս ուղղեցի արվեստանոցի մեջտեղում տեղադրված աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայայի դիմաքանդակին: – Այո՛, հին կոնյակ, իսկ Սոֆի Լորենը, Ջինա Լոլոբրիջիդան, Կատրին Դենյովը, Ժակլին Քենեդին, Մարիա Կալասը, Ելենա Օբրազցովան,- վրա տվի ես:
– Սպասի՛ր, սպասի՛ր, թող մենք էլ հիշենք` նկարչուհի Վավա Խաչատրյանը, Արուս Ոսկանյանը, Զառա Դոլուխանովան, Շերը, իսկ Մետաքսյա Սիմոնյա՞նը:
– Այո՛, հին կոնյակ, այն էլ` հայկական:
* * *
Մի բանկետի ժամանակ, որ տրվում էր 1980-ական թթ. «Հրազդան» հյուրանոցային սրահում, ներս է մտնում Անաստաս Միկոյանի կրտսեր որդին` Սերգոն, մի շատ բարեկիրթ անձնավորություն: Նա նայում է շուրջբոլորը, որոնում, թե ուր կախի լայնեզր գլխարկը:
Այդ պահին լսվում է Սերո Խանզադյանի ձայնը.
– Ա՛յ, եթե հայրդ այս երկրում մի մեխ խփած լիներ, դու հիմա կիմանայիր, թե ուր կախես շլյապադ…
* * *
Օպերայի կառուցվող շենքի առաջ, կողքին կանգնած Ավետիք Իսահակյանին Թամանյանը դիմում է.
– Լռի՛ր մի պահ, Ավո՛, և լսի՛ր, թե ի՜նչ լեզվով են խոսում այս քարերը. նրանք խոսում են հայերեն…
Համարյա նույն այդ շրջանում (1930 հունիսին) Իսահակյանը «Հիշատակարանում» գրառում է թողնում. «Երևանում <… ականջդ միալար հայության մեջն է, հայերենի մեջ: Պառկում ես և լսում ես – ծառերը հայերեն են սոսափում, թռչունները հայերեն են ծլվլում, առվակները հայերեն են խոխոջում: Ամեն քար, իր, աստղ ու երկինք հայերեն, հայկական, հայաշունչ»:
Հիշենք տարիներ անց նույն թեմայով գրված Համո Սահյանի բանաստեղծությունը:
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԸ
Ամեն թոռ չէ, որ կրելով մեծանուն պապի անուն-ազգանունը, չի ճկվում հանրահռչակ փառքի ծանրության տակ և դեռ ավելին, խորագույնս ուսումնասիրում, տպագրում և տարածում է տպագիր և անտիպ ստեղծագործությունները, հասնում է գիտական բարձր կոչման, ղեկավարում գրական, մշակութային հիմնարկներ, ինստիտուտ և, էլի հավելենք` գրում արձակ տաղանդավոր պատումներ, հիշողություններ պապի և իր կյանքի մասին: Նրա պապը թոռանը ձոնված «Կտակ» բանաստեղծությամբ հաստատապես գծել էր այն ուղին, որով ճշմարտապես անցնում է Ավիկ Իսահակյանը:
Ահա այսպես, մինչև 75-ամյա վաստակած տարիք` ջինջ, նպատակային, մարդկային ու անվերջ ստեղծարար տոհմիկ հայ:
Սպասենք նոր անակնկալների, չէ՞ որ հայրդ` երջանկահիշատակ Վիգեն Իսահակյանը, հրաշալի երկու գիրք գրեց 78 տարեկանից սկսյալ, մինչև 95-ամյակը:
Ցանկանում եմ քեզ իսահակյանական երկարակեցություն և ժպիտ ապագա տարիների բարձունքից:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Յուրաքանչյուր մարդ, ինչպես գիտենք, աշխարհ է գալիս մի որոշակի «ներքին ծրագրով», որ նա գիտակցաբար կամ անգիտակցաբար աշխատում է իրագործել իր կյանքի ընթացքում: Եվ հիմա, երբ հիսունհինգ տարիների հեռավորությունից նայում եմ իմ հին ընկերոջ ապրած տարիներին, կարող եմ ասել, որ նա կատարել է և շարունակում է կատարել իրեն վստահված առաքելությունը, այն առաքելության «բեռը», որ նրան կտակել է նրա և մեր բոլորի սիրելի «պապը»՝ Ավետիք Իսահակյանը՝ լինել բարի, մարդասեր, հոգով ու մտքով հարուստ, լինել արժանի մեծ բանաստեղծի պատկերացրած «մարդու կոչմանը»: Մի անգամ ես ասել եմ և ուզում եմ կրկնել, որ Ավիկ Իսահակյանի «բախտը բերել է» (անշուշտ, դա բախտի բան չէ, այլ մի ուրիշ, ներքին իրականության խորհուրդ), որ նա ունի այդպիսի «պապիկ», բայց նաև Ավետիք Իսահակյանի բախտն է բերել, որ ունի այդպիսի արժանավոր ժառանգորդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է իր մեծ նախորդի գրական-հոգևոր ժառանգության ուսումնասիրությանը (բոլոր մեծ գրողները չէ, որ ունեն այդպիսի ժառանգներ): Նրա բազմաթիվ մենագրությունների և հոդվածների մեջ ես կառանձնացնեի «Ավետիք Իսահակյանի գրական կենսագրությունը» ծավալուն ուսումնասիրությունը, որը նա դեռևս պետք է հասցնի ավարտին, ինչպես նաև մեծ բանաստեղծի և մտածողի ստեղծագործական ժառանգության տասնչորսհատորյակը, որի հրատարակության ծանր գործին իր գլխավորած կոլեկտիվի հետ նվիրված է Ավիկ Իսահակյանը:
Մյուս կողմից ես պետք է նշեմ փաստագրական արձակի նրա զարմանալի ձիրքը. կարդացեք Երևանի ոչ վաղ անցյալի (գոնե մեր սերնդի համար) նրա կենդանի, կյանքով և հումորով լցված, քանդակային սկզբունքներով կերտած կերպարների պատկերասրահը, և ձեր աչքերի առջև կհառնեն մեր քաղաքի հուզիչ, գեղեցիկ, պոետական նրբագեղությամբ ստեղծված այդ դեմքերը, անունները, այդ «խենթ ու խելառ», բայց չափազանց բարի, մեծահոգի և անկրկնելի բնավորությունները, որոնք հետզհետե ընկղմվում են մոռացության մեջ և ժամանակի ծանր փորձությունը իջնում է նրանց վրա, և Ավիկի գրիչն է, որ ոգեկոչում է նրանց, կենդանացնում նոր կյանքի համար, հարություն տալիս նրանց: «Երևանը երազում և արթմնի» գիրքը վերջին տարիների մեր գրականության լավագույն էջերից է. Երևանը, որ արթուն է իր երազի մեջ և իր արթնության մեջ նման է երազի: Դրանց սահմանները վերջնականապես սահմանված չեն, իրականը և անիրականը նույն պահին փոխում են իրենց իրավիճակները՝ իրականը դառնում է անիրական, անիրականը՝ իրական: Մի՞թե դա գրականության ամենամեծ հրաշքներից չէ, որն այնքան թեթևությամբ և բոլորովին անբռնազբոս կերպով, կարծես «ինքն իրեն», անհավակնոտ կեցվածքով հայտնվում է Ավիկ Իսահակյանի գրքում՝ նրան տեղ բացելով մեր լավագույն արձակագիրների շարքում, և նրա 75-ամյա հոբելյանը դարձնում կարևոր իրադարձություն մեր գրական-հոգևոր կյանքի համար:
Հենրիկ ԷԴՈՅԱՆ
ԱՌՋԵՎՈՒՄ ԸՆԿԱԾ 75 ՏԱՐԻ
Մեծ մարդու շառավիղը լինելը երկակի խնդիր է. ծանրաձողի տակ մնալու և ծանրաձողը բարձրացնելու: Սա` մարզական բառապաշարով: Բայց կա նաև, եկեք օգտվենք այսօրվա «ազատ տնտեսական հարաբերությունների» խոսվածքից, քեզ ժառանգված դրամագլուխը մսխելու կամ, ընդհակառակը, այն պահպանելու, կիրառությամբ հարստացնելու և շրջանառության մեջ դնելու տարբերակը: Այսինքն` սոսկական ժառանգից զատ` դրա պատվախնդիր ու պատվավոր ժառանգորդը լինելու,- այլ ոչ թե նրա շուքուփայլով լիուլի ապրելու: Ավիկ Իսահակյանը ոչ միայն մեծ բանաստեղծի շառավիղը եղավ, այլև նրա հսկայական ժառանգության ուսումնասիրողն ու հետազոտողը, արխիվարիուսը, տեքստաբանն ու ձեռագրագետը, մատենագետն ու հրատարակիչը, մի խոսքով` ոչ միայն Իսահակյան, այլև – և առաջին հեթին – իսահակյանագետ: Մենք այսօր Ավիկ Իսահակյանի` ժառանգորդի իր այդ պատվախնդրության շնորհիվ է, որ ունենք Վարպետի գրական ժառանգությանը նվիրված արժեքավոր մենագրությունները, նրա գիտական կենսագրությունը և տակավին հրատարակչական ընթացքում գտնվող նրա երկերի ակադեմիական-քննական հրատարակությունը, որը լույս է տեսնում նրա ղեկավարությամբ և, հուսանք, հայ դասականի` ժամանակների և ժամանակաշրջանների տարբեր ու իրարամերժ փուլերով անցած (կամ դրանցից թաքնված ու փրկված) հսկայածավալ գրական, ազգային, հասարակական ու քաղաքական ժառանգության վերջնական տեսքն է ամփոփելու:
Ավիկ Իսահակյանի մասին խոսելիս, այս ամենի կողքին, ուզում ես նրա հիշյալ բարձր առաքինության կողքին հանկարծ ու հանկարծ չմոռանալ նրա «մարդկային, չափազանց մարդկային» որակները, որոնք եթե անգամ տոհմական են և դարձյալ գալիս են իր ազգուտոհմից, բայց այնքան անձնավորված են, որ դրանք ես պատկերացնում եմ տվյալ դեպքում միայն իր անձով: Դրանց մեջ ինձ միշտ հրապուրել է նրա մեղմ, մի տեսակ աննկատ, մի տեսակ իրեն չպարտադրելով ու առաջին պլան չմղելով ապրելու եզակի շնորհը. դա մի մարդ է, որից, նրա պարագայում անգամ անհարմար եմ զգում ասելու ստոր, բայց նվաստության ու անարժանության «լայն» հնարավորությունների մեր օրերում թե՛ իր սերմանը և թե՛ իր անձին անհարիր ոչ մի նվաստ ու անարժան բան չես սպասի: Եվ այստեղ կրկին ու կրկին անդրադառնամ. ոչ թե իր ծագմամբ ու սերմամբ, այլ հենց այդ անձնական հատկանիշներով է, որ մենք` նրա ընկերներն ու բարեկամները, չենք կորցնում զգացողությունն ու հուշը, թե նա ով է, միայն թե այս անգամ էլ իր կեցվածքի ազնվականության առմամբ: Այո՛, նրա զուսպ ու հանդարտ պահվածքի տակ երևին է տալիս մի ազնվություն ու ազնվականություն, որը նրա նկատմամբ հարգանք է ներշնչում այս անգամ հենց նրա անձի տեսակետից: Այդ ազնվականությունն է, որ մտավորականին դիմանալու հնարավորություն է տալիս մտքից զուրկ ու անմիտ այս ժամանակներում, իսկ շատերին` նաև կյանքի հարվածների տակ, նրանց մղելով թաքցնել նաև իրենց բաժին հասած դառը վշտերը, այն պահել իրենց խորքերում և չփաթաթել ուրիշների վզերին ու դրանք չդարձնել ցուցադրություն…
…75 տարին, թեկուզ 100 տարին ու 1000 տարին շա՞տ է, թե՞ քիչ: Ոչ ոք չի կարող ասել, քանի որ այստեղ թվերը ոչ թե մաթեմատիկայի, այլ կյանքի թովչանքի տակ են, այսինքն` նայած այդ տարիները թողնված են հետևո՞ւմ, թե՞ ընկած են առջևում: Ավիկ Իսահակյանի դեպքում դրանք իբրև տարիքի քանակական նշագրում ոչինչ չեն կարող նշանակել: Կարևորը` որ նա լի է դեռ ապրելու և ստեղծագործելու նպատակներով. վերջին բառը օգտագործում եմ առաջին հերթին նկատի ունենալով, որ դեմը Վարպետի ժառանգության ակադեմիական ամբողջական հրատարակության հերթական հատորներն են, որոնք դեռևս պատմա-բանասիրական հսկայածավալ մշակություն ու աշխատանք են պահանջում: Իր կողքին են իր գործընկերները, որոնք վստահում են մեր գրականության համար հույժ կարևոր այդ գործը ավարտին հասցնելու բանասերի ու գիտնականի նրա նվիրվածությանն ու հմտություններին: Իր ընկերները, որոնք փողոցում նրան հանդիպելիս, նրա հետ թեկուզև մի երկու բառ փոխանակելիս ու նրա հետ ժամանակ անցկացնելիս բերկրանք են ապրում… Քի՞չ բան է: Եվ քանի դեռ ապրելու և աշխատելու այս առիթները կան, 75 տարին ոչ մի բան էլ չէ. քանի որ այն ոչ թե հետևում է թողնված, այլ ընկած է առջևում:
Հակոբ ՄՈՎՍԵՍ
ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ
ՀԱՋՈՐԴԱՅՆՈՒԹՅԱՄԲ
Այսօրվա ճանաչված մտավորական և մեր ինստիտուտի երկարամյա տնօրեններից Ավետիք Իսահակյանի մասին երբ խոսելու կամ գրելու առիթ է լինում, միշտ հիշում եմ Հայրս բառը եռաստիճան արձագանքմամբ հետևյալ պատճառով: Վիգեն Իսահակյանի հուշերի գրքի համար Ավ. Իսահակյանը մի օր ինձ ասաց. «Հայրս «Հայրս» գիրքը վստահեց խմբագրելու Հորդ»:
Այս խոսքերում սերունդների Վարպետից սկզբնավորվող եռաստիճան ընթացք կա: Այսօր ես երջանիկ եմ, որ որպես Վարպետի թոռան կրտսեր գործընկեր և ինչ-որ տեղ հարազատ դարձած անձնավորություն, իմ միջոցով եռաստիճան այդ ընթացքը դարձել է քառաստիճան:
Այս բարեկամությունը մարդկային, գիտական և ստեղծագործական մեծ փորձ է հաղորդել ինձ:
Աշխատանքի բերումով, թեև արդեն տասը տարի է, գրեթե ամեն օր շփվում ենք իրար հետ, բայց ամեն անգամ թվում է, որ մեզ հետ ներկա է նաև Վարպետը:
Վարպետի կենդանի հիշողությունը Իր համար դարձել է Իսահակյանի ստեղծագործությունների աշխարհը տանող բանալին: Այսօր Ավ. Իսահակյանի աշխատասիրությամբ հրատարակության պատրաստվող Վարպետի հատորների ծանոթագրություններն ընթերցելիս զգում ես, որ դրանք ոչ միայն բնագրագիտության և աղբյուրագիտության վրա են հիմնված, այլև` իրենց ընտանեկան կյանքի մի մասն են:
Նույնը վերաբերում է նաև նրա հետազոտական աշխատանքներին: Լինեն դրանք Իսահակյանի պոեմներին, թե գեղարվեստական արձակին վերաբերող, գիտական վերլուծությունը նաև կենդանի խոսքի թրթիռներն է կրում:
«Վերնատան» մասին տարբեր տեսանկյուններից շատ է գրվել և դեռ գրվելու է: Ավ. Իսահակյանի «Վերնատան զավակները» իր գիտական խորազնին վերլուծությանը զուգահեռ, մեզ տանում է Վերնատուն կարծես Վարպետի առաջնորդությամբ, և մենք հայտնվում ենք անցյալ դարասկզբի հայ հավաքական հանճարի ստեղծագործական որոնումների և ազատագրական մտքի ոգորումների կիզակետում:
Այսօր 75 տարեկան դարձող Իսահակյանի համար, սակայն, ժամանակը «սառած» և որոշակի ժամանակահատվածով պարփակված ժամանակ չէ: Այն շարունակվում է Վիգեն Իսահակյանի կյանքի փարիզյան շրջանով, երբ «Փարիզ, Քոչար» հուշագրության ընթերցմամբ հիացմունքից ուղղակի շնչահեղձ ես լինում, գիտակցելով, որ ընթերցվող տողերով հաղորդակից ես դառնում ժամանակի համաշխարհային գրականության և արվեստի առաջին կարգի մեծությունների հետ:
Ժամանակն այնուհետև Վիգեն Իսահակյանին զուգահեռ առաջ է շարժվում նաև մեր հոբելյարով, և մեր աչքի առջև հառնում է 1960-80-ական թթ. Երևանը` իր ստեղծագործական կյանքով և ժամանակի մեծերով: Երևանում ենք արդեն շփվում Երվանդ Քոչարի հետ, ժամանակի սրճարանային միջավայրում զգում գրական, մշակութային և ազգային մտահոգությունների հետ կապված խմորումները:
Եվ վերջապես, անցյալի կենսափորձով բեռնավորված կյանքը շարունակվում է մեր օրերով, երբ Իսահակյանի հետ ամեն հանդիպումից` անկախ նրանից, թե դա որքանով է աշխատանքային, փորձում ես մի նոր բան քաղել:
Վերջերս Իսահակյանի խմբագրությամբ լույս տեսան Վարպետի աֆորիզմները ռուսերեն թարգմանությամբ: Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում երբ համատեղ հավաք անցկացրեցինք մեր ինստիտուտի հետ միասին, Գորկու անվան ինստիտուտի երկարամյա տնօրեն, ՌԴ ակադեմիկոս Կուդելինը կատակով հետևյալ դեպքը պատմեց. «Իսահակյանը երբ ասպիրանտ էր Գորկու անվան ինստիտուտում, գրել էր. «Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները» խորագրով մի հոդված: Մենք կատակով ասացինք, որ մի՞թե Դու քո մասին ես գրել»:
Շարունակելով Կուդելինի խոսքը` ասացի, որ այդ պատմությունը Հայաստանում հաճախ է կրկնվում և հանձնեցի «Աֆորիզմների» հատորը, որի տիտղոսաթերթին գրված էր, որ այն կազմել, խմբագրել և առաջաբանը գրել է Ավիկ Իսահակյանը:
Ի սրտե շնորհավորելով մեր շատ սիրելի և հարազատ Ավ. Իսահակյանին ծննդյան 75-ամյակի առիթով` մաղթում ենք, որ անվանական բարեբախտ նման կրկնությունների առիթը դեռ շատ ժամանակ և շատ առիթներով ունենանք:
Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան
գրականության ինստիտուտի տնօրեն
Սրտանց շնորհավորում եմ անվանի գրականագետ, իմ ավագ գործընկեր և լավ բարեկամ Ավիկին՝ 75-ամյակի առթիվ։ Մաղթում եմ քաջ առողջություն, արևշատություն, ստեղծագործական եռանդ։