ՎԵՐՋԻՆ ՏԵՏՐԱԿՆԵՐԻՑ
ԼՈԿ ՈՒՍԵՐՍ ՉԵՆ ՃԿՎԵԼ
Լոկ ուսերս չեն ճկվել,
Սիրտս լալիս է անձայն,
Կյանքիս թելը բարակել,
Թրթռում է նվաղած…
Քայլքով ուժատ ու մոլոր,
Դեռ տենչերով վերևի,
Լուռ իջնում եմ մեղքի ձոր`
Կարոտ մի թեժ արևի…
ՉԱՐԸ ԲԱՐՈՒՑ ՉԵՄ ԶԱՏՈՒՄ
Չարը բարուց չեմ զատում.
Լավ է թվում ամեն ինչ,
Էլ ոչ ոքի չեմ ատում,
Ատում եմ, սոսկ, ինքս ինձ:
***
Ես լեռնածին մի պոետ,
Հեռվում թողած տուն ու տեղ,
Հուշերի տաք ճամփեքով
Այս պաղ օրվան եմ հասել…
Ի՞նչ եմ բերել անցյալից.
Երկու բուռ հող սրբասուրբ
Եվ մի տոպրակ թախծալի`
Առավոտ ու մայրամուտ…
Էլ չեմ ճախրում լեռներում,
Էլ չեմ ըմպում սառցաջուր,
Կորուստներով իմ անհուն`
Տվայտում եմ, դեգերում…
ԻՆՉՈ՞Ւ, ԻՆՉՈ՞Ւ ԵՏ ԵԿԱ
Ինչո՞ւ, ինչո՞ւ ետ եկա,
Երբ հեռվում էի,
Երազներիս թևերին`
Սավառնում էի…
Հիմա, իբր, նոր բնում,
Ձայնազուրկ մի հավք,
Ո՛չ խոսում եմ, ո՛չ երգում,
Մենակ – միայնակ:
Ո՞ՒՐ ԿՈՐԱՆ
Որքա՜ն տարեկից գնացին անդարձ,
Իմ հե՞րթն է հասել, չեմ ուզում գնալ,
Ուշ է, ինչ արած, իմանամ, գոնե,
Ո՞վ է հերկելու հողս որբացած…
***
Սարերը բարձրիկ`
Կանչում են, դյութում,
Չեմ կարող, ավաղ,
Տեղիցս ելնել…
Բլրակը, անգամ,
Էլ ինձ համար չէ,
Ա՜խ, իմ փոխարեն`
Սիրտս է թռչում…
***
Տարիքի դեմ չըմբոստացա.
Մեկ է` չէի հաղթելու,
Խոնարհվեցի, հլու դարձա`
Վիճակս հաստատելու…
Իմաստնացա՞, թե՞ խեղճացա,
Հոգիս ե՞րբ է խաղաղվելու…
***
«Կուզեի՞ վերջին պոետը լինել»:
(Իմ տողը)
Կուզեի՞ վերջին պոետը լինել,
Մնալ միշտ գերի քո հմայքներին,
Լույսի, հավատի հիմներ հորինել,
Սանձել հողմակոծ սեգ նժույգներին…
Կուզեի՞ հավերժ իմ տանը լինել,
Հեքիաթը հյուսել օրվա լեգենդին,
Քողտիկում անգամ` պալատներ հիմնել
Ու սանդուղք դառնալ անսանձ վերելքին:
ՀԱՍԿԱՆԱՅԻ
Հասկանայի, հասկանայի`
Ոնց է ծաղկում խնձորենին,
Ոնց` ցորենը հասկակալում…
Հասկանայի, հասկանայի`
Ոնց է ժայռից աղբյուր բխում,
Ոնց է ամպը անձրև տեղում…
Հասկանայի, հասկանայի`
Ավետիսը ձնծաղիկի,
Թովիչ երգը մանուշակի…
Հասկանայի, հասկանայի`
Վերջում, որպես աղոթք բախտիս,
Մեղքիս գինը հասկանայի…
***
Փշրտել եմ փակ ու փականք,
Չեմ հանդուրժել դավին, չարին,
Չեմ խնայել Հույս ու Հավատ`
Սերմանելով լավն ու բարին…
Հավատալով գալիք օրվան`
Ընծայել եմ մաքուր անուն,
Պոետի պես անանձնական`
Երգս թողած հեռուներում…
ԲԱՌԻ ԿՐԱԿԸ
Բառի կրակն իմ հոգում
Հայրս է վառել,
Մայրս տվել է խոկում,
Ցավել ու լռել…
***
Կրակ եմ ես` խղճի կրակ,
Ու բառերս` բոց ու հուր,
Ի՞նչ եմ շրջում, ո՞ւմ փնտըրում`
Փողոցներում այս թափուր…
***
Հնարքներով հազար ու մի
Դու իմ սիրտը գրավեցիր,
Ինձ տվեցիր երգ ու գինի
Եվ վայելքը… տառապանքի…
ՄԻ՛ ԽՐԱՏԵՔ, ՄԻ՛ ՑԱՎԵՔ
Մի՛ խրատեք, մի՛ ցավեք,
Սուտ խոստումով մի՛ խաբեք,
Թե ճամփա եմ գնալու,
Հոգուս լույսը մի՛ մարեք…
***
Այնքան, այնքան
իմ լավերը ո՞ւր կորան,
Ինձ ապրելու
ո՛չ հույս թողին, ո՛չ երամ…
Օրս այսպես`
մթնում է գորշ ու խավար,
Այնքան, այնքան
իմ լավերը ո՞ւր կորան…
***
Ես իմ ձեռքով
բախտս մի օր
խաթարեցի…
ուժեղ էի`
ոչ մի ներում
չհայցեցի…
***
Ոչ մի դափնի
ես չստացա,
իմ թևերով
լոկ բարձրացա,
Բարձրյալին
արժանացա…